ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 9.1-6
Եւ նա, կանչելով տասներկու առաքեալներին, նրանց զօրութիւն եւ իշխանութիւն տուեց բոլոր դեւերի վրայ, նաեւ՝ բժշկելու հիւանդութիւնները: 2 Եւ ուղարկեց նրանց քարոզելու Աստծոյ արքայութիւնը եւ բժշկելու ախտերով վարակուածներին: 3 Եւ ասաց նրանց. «Ճանապարհի համար ոչինչ մի՛ վերցրէք՝ ո՛չ գաւազան եւ ո՛չ մախաղ, ո՛չ հաց եւ ո՛չ արծաթ դրամ. երկու հագուստ մի՛ ունեցէք. 4 որ տունն էլ մտնէք, այնտեղ գիշերեցէք եւ ապա այնտեղից գնացէ՛ք: 5 Եւ նրանք, որ ձեզ չեն ընդունի, որպէս վկայութիւն նրանց դէմ՝ ձեր ոտքերի փոշին թօթափեցէ՛ք, երբ այդ քաղաքից դուրս ելնէք»: 6 Եւ նրանք ելան եւ շրջում էին քաղաքներում ու գիւղերում, աւետարանում էին եւ բժշկում ամէն տեղ:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հավատացյալներ. Այսօր ուզում եմ մեր եթերը սկսենք Դավթի սաղմոսներից մեկի բառերով, որը ձեզ հայտնի է Սուրբ Պատարագից: Աղաղակեցէ՛ք Տիրոջ առջեւ, երկրի բոլո՛ր բնակիչներ, ծառայեցէ՛ք Տիրոջն ուրախութեամբ։
Նրա առջեւ ելէ՛ք ցնծութեամբ. իմացէ՛ք, որ Նա է Տէր Աստուածը մեր. նա ստեղծեց մեզ, եւ ոչ թէ մենք եղանք.
նրա ժողովուրդն ենք մենք ու ոչխարները նրա արօտի։ Սաղմոս 99.
Այս մի քանի նախադասությամբ կարծես թե ամեն ինչ ասված է մեր մասին, մեր ծագման մասին, մեր պարտականության մասին, մեր պատկանելիության մասին և մեր վախճանի մասին: Հենց այս պահին, այս տողերը լսելուց հետո, վերհիշեք, թե ի՞նչ արեցիք դուք, այս առավոտ ձեր աչքերը բացելուց հետո: Որն էր ձեր առաջին գործը, ինչ ծրագրեր պտտվեցին ձեր մտքում, դրանք կապվա՞ծ էին արդյոք Աստծու կամքի հետ, կամ Աստծուն ծառայելու և բարիք գործելու ծրագի՞ր էր դա:
Այսօրվա Ավետարանի ընթերցվածքը պատմում է այն մասին, որ Հիսուս Քրիստոս Իր աշակերտներին պատրաստելուց հետո ուղարկում է մարդկան մեջ՝ նրանց քարոզելու, տեղեկացնելու, բուժելու, մխիթարելու, օգնելու և ամենատարբեր առաքելություններ կատարելու համար, գլխավոր նպատակ ունենալով՝ մարդկանց ապաշխարհությունն ու զղջումը իրենց մեղքերից: Աշակերտների գլխավոր պարտականությունը Հիսուս Քրիստոսին քարոզելն էր, Նրա վարդապետությունը ժողովրդին մատչելի ձևով բացատրելն էր, այդ ամենը ուրախությամբ անելն էր, քանի որ Տէր Հիսուս Քրիստոսն էր իրենց ընտրել, ոչ թե իրենք էին Նրան հետևել: Աշակերտները խանդավառությամբ կատարում էին իրենց հանձնարարությունները Տէր Հիսուսի անունով: Իսկ թե ինչպե՞ս էին մարդիկ աշակերտներին ընդունում, ո՞ր մասն էր նրանց հավատում, կամ ո՞ր մասն էր նրանց մերժում, այդ մասին շատ մանրամասն գրված չէ սուրբ Գրքում: Բայց կար մի փաստ, որը բացասական ազդեցություն էր ունենում ժողովրդի վրա: Դա կրոնական առաջնորդների և Հիսուս Քրիստոսի միջև ծագած տարաձայնություններն էին, որոնք գրեթե միշտ պատահում էին Տէր Հիսուսի հետևից քայլող ժողովրդի և աշակերտների ներկայությամբ:
Ժողովրդի մեջ վախ կար՝ բացահայտ հետևելու Հիսուս Քրիստոսին: Այս մասին տեղեկանում ենք նաև Քրիստոսի Հարությունից ու համբարձումից հետո՝ քրիստոնյաներին հալածելու փաստերից: Վախենում էին ոչ միայն պարզ մարդիկ, այլ նաև հեղինակավոր անձեր, որոնցից մեկը Նիկոդեմոսն էր՝ փարիսեցի և հարգված հրեական ղեկավար: Չնայած, որ նա Հիսուսի մոտ եկավ գիշերը՝ վախենալով իր դիրքից, նա այն փարիսեցիներից չէր, ում Հիսուս նախատեց, ասելով,- Վայ ձեզ, կեղծավորներ, դպիրներ ու փարիսեցիներ, Ով հիմարներ ու կույրեր: Նիկոդեմոսը չէր հասկացել, որ իր դիմաց Աստծո Որդին էր կանգնած, բայց ինքը ազնիվ ու ճշմարիտ մարդ էր: Նիկոդեմոսը դատարկ և անհուսալի մարդ չէր, ընդհակառակը՝ նա հարգված էր հասարակության մեջ: Բայց Հիսուս Քրիստոս ասում է նրան,- պետք է վերստին ծնվել: Նույնիսկ ամենահարգված և ճշմարիտ մարդիկ Աստծո աչքերում մեղավորներ են հանդիսանում: Նիկոդեմոսը այն երջանիկներից էր, որ փնտրեց, և գտավ: Բախեց և բացվեց իր համար: Խնդրեց և ստացավ իր խնդրանքը: Չնայած, որ հետո հանդիմանվեց իր փարիսեցի ընկերների կողմից, Հիսուսին գնահատելու համար, բայց Տէր Հիսուսի ցանած սերմը արդեն ամուր է կպել հողին: Ավետարանը մեզ հետո մի այլ տեղեկություն է տալիս Նիկոդեմոսի քաջության մասին, որը ևս բխում էր նրա՝ Քրիստոսի հանդեպ ունեցած ամուր հավատից, երբ համարձակվեց Պիղատոսի մոտ գնալ և խնդրել Քրիստոսի մարմինը խաչից իջեցնելու թույլտվությունը, և ստացավ:
Աշակերտներին ուղարկելուց առաջ Քրիստոս նրանց վրա խիստ պարտականություններ դրեց, կարևոր պայմաններ առաջարկեց քարոզությունը սկսելիս: Ժուժկալության բոլոր կանոնները պետք է պահվեր, և խորագիտությամբ պետք է վարվեին իրենց մերժողների հետ: Աշակերտների պարտականությունների մասին իմացանք ավետարանիչներ նկարագրություններից, իսկ որո՞նք են Աստծու խոսքը լսողների պարտականությունները: Չէ որ միայն քարոզողը չունի պարտականություն, այլ՝ առավել նա, ում համար քարոզվում է: Հավատացյալ հոտը չի կարող միայն լսող լինել, եթե միայն լսեն որպես պարտականություն, նրանց վերստին ծնունդը՝ կամ նոր մարդ դառնալը չի իրականանա: Անբարո կնոջը նետեցին Հիսուսի ոտքերի առջև, և պատրաստ էին նրան քարկոծելով սպանել, եթե միայն Քրիստոս տար իր համաձայնությունը, բայց Քրիստոսի մեկ նախադասությունը հեղաշրջում կատարեց անբարո կնոջ սրտում: Մի ակնթարթում նա պատկերացրեց իր դաժան մահը հանրության առջև և նույն ակնթարթում տեսավ իր փրկությունը Հիսուս Քրիստոսի միջոցով: Միայն մեկ նախադասությունը, թե՝ գնա, ես էլ քեզ չեմ մեղադրում, և այլևս մի մեղանչիր...հեղաշրջեց կնոջ խորտակված կյանքը և նոր կյանք պարգևեց նրան; Կինը նոր մարդ դարձավ և հետևեց Քրիստոսին և շրջում էր Նրան հետևող կանանց հետ: Ավետարանն ասում է, որ Քրիստոսի հարությունից հետո առաջին լուրը այս կինը ստացավ: Ահա, թե ինչ է նշանակում լսել և հասկանալ: Հասկանալ ու հրաժարվել մեղքից: Հրաժարվել ու հետևել Հիսուս Քրիստոսի վարդապետությանը և գնալ դեպի փրկություն:
Ոչ շատ կարդալու մեջ է փրկությունը, ոչ շատ քարոզներ լսելու մեջ է, ոչ շատ եկեղեցի գնալու մեջ է: Այլ՝ լսածը սեփական անձին վերագրելու կարողություն է պետք: Կամք է պետք ազատվել մեղքի ծառայությունից և Աստծուն ծառայել: Այդ ծառայության միջոցով դավանել Հիսուս Քրիստոսին, որպեսզի այլոց համար Քրիստոս դառնա սիրելի:
Որևէ քարոզ, որ դու լսում ես, եթե քեզ չի մղում ինքնաքննության, ուրեմն քո սրտում ազատ տեղ չկա Աստծու խոսքի համար: Դու պետք է անհանգստանաս դրա համար: Եթե գոնե մեկ նախադասություն չի չի տպավորվել քո մեջ և չի դարձել քեզ համար մտածելու թեմա, ուրեմն սխալ կա և այդ սխալը պետք է գտնել: Կամ ուշադրությամբ չեք լսել, կամ նյութը ծանոթ չէ, կամ անտեսում եք, որովհետև չեք ուզում ազատվել տվյալ մեզքից կամ սխալից: Սովորաբար բոլոր քարոզների բնաբանը աստվածաշնչյան է, իսկ Աստվածաշնչի ամեն խոսք գրված է մեզ համար: Այս եթերը ավարտվելուց հետո ինքնդ ստուգիր քեզ, փորձիր առանց նայելու հիշել, թե ինչ էր ասում սաղմոսի բառերը, որով սկսեցինք մեր այսօրվա եթերը: Եթե հիշես, ուրեմն ուշադիր ես լսել, եթե ոչ, ուրեմն աշխատիր դրա վրա, որ կարողանաս հիշել լսածդ:
Պատմում են, որ մի քահանա զգում է, որ իր քարոզներից իր համայնքի մեջ ոչ մի դրական տեղաշարժ չի նկատվում:
Մի օր որոշում է արթնացնել իր հոտին՝ իր անտարբեր վիճակից և քարոզի ավարտին հայտարարում է, որ հաջոր կիրակի քարոզ է խոսելու է ստի մասին: Որպեսզի ձեզ համար ավելի հեշտ լինի հասկանալ, թե խոսքն ինչի մասին է լինելու, - ասում է քահանան,- դրանից առաջ տանը կկարդաք Մարկոսի Ավետարանի տասնյոթերորդ գլուխը: Հաջորդ կիրակի իր քարոզն սկսելուց առաջ քահանան ասաց. -Խնդրում եմ բոլոր նրանք, ովքեր կարդացել են Մարկոսի Ավետարանի տասնյոթերորդ գլուխը, ձեռք բարձրացնեն: Գրեթե բոլոր ներկաները ձեռք բարձրացրեցին - - Այ հենց ձեզ հետ էլ ցանկանում էի խոսել դրա մասին,- ասաց քահանան: - - Մարկոսի Ավետարանը տասնյոթերորդ գլուխ չունի: Այն ընդամենը 16 գլխից է կազմված:
Հավանաբար ասելիքը պարզ է, թե ինչո՞ւ քահանան այդպես վարվեց: Ես ձեզ մի գաղտնիք ասեմ, ինչքան դուք պահանջկոտ լինեք ձեր հոգևորականի հանդեպ, այնքան ձեր հոգևորականը արթուն կմնա իր ծառայության մեջ: Ձեզնից շատ բան է կախված: Հոգևորականին ձեր հարցերով պետք է միշտ զբաղված պահեք: Ինչքան դուք ձեր հոգևորականին հարցեր տաք, այնքան ինքը ստիպված կլինի շատ կարդալու, որպեսզի ձեր հարցերին պատասխանի: Արթուն կլինեք նաև դուք, որը շատ կարևոր հանգամանք է հոգևորականի համար: Ահա այսքանը մեր պարտականությունների մասին: Մնացեք սիրով՝ օգուտ քաղելով ամեն եթերից ու ամեն լսած քարոզից: Իմաստություն խնդրեք լսածը հասկանալու և մտապահելու համար: Կհանդիպենք վաղը նույն ժամին:
Այսօրվա հարցը այս է. Դու գիտե՞ս քո քրիստոնեական պարտականությունների մասին.
Աղօթենք միասին
Տե՛ր, բերանս հեռացրո՛ւ, բամբասելուց և լեզուս` չար խոսելուց, ականջներս` չար լուրերից, ձեռքերս` հափշտակելուց և ոտքերս` անառակ ընթացքից. և զգաստացրո՛ւ բոլոր անդամներս, որ միշտ Քո կամքը կատարեմ: Մեղա՜ Քեզ, Տե՛ր, մեղա՜ որ խախտեցի Քո պատվիրանները, ելա կենաց լույսից և մտա մեղքի խավարի մեջ` աղտեղություն ցանկանալով: Հեռացա Քո սիրուց, բռնվեցի չարի կողմից և կորստյան որդի եղա. ողորմի՛ր ինձ`բազմամեղիս, քանզի միայն Դու ես մարդասեր: Քեզ եմ ապավինում, Տե՛ր, որ քավարան ես մեղավորների և դարան` հալածվածիս համար: Փախուստի՛ մատնիր իմ թշնամուն: Չունեմ այլ օգնական, Դու ես միայն անձիս պահապանը: Փրկի՛ր ինձ վտանգից, ազատի՛ր որոգայթներից և արժանացրո՛ւ լինել հավերժի որդի:
Ողորմի՛ր ինձ, Տե՛ր կենաց և քավի՛չ մեղքերի, կատարի՛չ խնդրվածքների և արձակի՛չ կապվածների, պարգևաբա՛շխ և շնորհատու:
Տե՛ր, լսի՛ր, աղաչանքներս և ընդունի՛ր իմ պաղատանքները, քավի՛ր հանցանքներս ու կատարի՛ր խնդրվածքներս, արձակի՛ր կապանքներս և բժշկի՛ր հոգիս, առողջացրո՛ւ մարմինս, ուղղի՛ր իմ ընթացքը,
և թող արագորեն ժամանեմ օթևանը Քո սրբերի:
Եփրեմ խուրի Ասորի