ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 10.21-24
Նոյն ժամին Յիսուս ցնծաց Սուրբ Հոգով եւ ասաց. «Գոհութի՜ւն քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից ու գիտուններից եւ յայտնեցիր մանուկներին. այո՛, Հա՛յր, որովհետեւ այսպէս հաճելի եղաւ քեզ: 22 Ամէն ինչ ինձ տրուեց իմ Հօրից. եւ ոչ ոք չգիտէ, թէ ով է Որդին, եթէ ոչ՝ Հայրը, եւ թէ՝ ով է Հայրը, եթէ ոչ՝ Որդին, եւ նա, ում կկամենայ Որդին յայտնել»: 23 Եւ դառնալով աշակերտներին՝ առանձին ասաց. «Երանի՜ այն աչքերին, որ կտեսնեն այն, ինչ դուք տեսնում էք: 24 Ասում եմ ձեզ, որ բազում մարգարէներ եւ թագաւորներ կամեցան տեսնել այն, ինչ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ լսել՝ ինչ դուք լսում էք, բայց չլսեցին»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջունում եմ այս պահին մեր ուղիղ եթերին միացած իմ բոլոր հայրենակիցներին՝ աշխարհի բոլոր ծայրերում. Թող բարի լինի բացված առավոտը բոլորիս համար: Թող խաղաղություն տիրի բոլոր պատերազմող երկրների սահմաններին միայն Տիրոջ կամքի համաձայն, որովհետև միայն Տիրոջ կամքն է բարի, միայն Տիրոջ խոսքն է հաստատ ու անփոփոխ: Սիրելիներ, մեր կյանքը ամեն օր հետևում է մեր արտաբերած բառերին, նայած թե ինչ բառեր ենք արտաբերում մենք վաղ առավոտից: Երբ մենք վաղ առավոտը սկսում ենք աղոթքով, ապա շարունակում ենք օրը աղոթքի տրամաբանությամբ: Իսկ երբ սկսում ենք չարությամբ և կեղծիքով, ապա օրը շարունակվում է այդ տրամաբանությամբ: Փառք Աստծուն բոլոր այն մարդկանց համար, որոնք իրենց օրը սկսում են աղոթքով, Աստծու խոսքով, և Աստծու ներկայության մեջ է նրանց ամեն խոսքն ու գործը:
Այսօրվա ընթերցվածքը շարունակությունն է այն իրադարձության, երբ Հիսուս Քրիստոս ընտրեց ևս 72 աշակերտ և նրանց իշխանություն տվեց մարդկանց վրա բժշկելու և քարոզելու: Ահա վերադառնում են աշակերտները շրջագայությունից՝ մեծ ուրախությամբ և խանդավառությամբ այն բանից հետո, երբ իրենց բուժումների ժամանակ դևերը հնազանդվել են իրենց՝ Հիսուսի անունով. Այստեղ Տէր Հիսուս դարձյալ տալիս է մի պատասխան, որը բացարձակ չի առնչվում նրանց բերած ուրախ լուրի հետ, և ասում է,- Տեսնում էի սատանային երկնքից ընկնելիս, ինչպես փայլակը: Ի՞նչ կապ կար այս հարց ու պատասխանի մեջ:
Պարզվում է ուղիղ կապ կար: Հիսուս Քրիստոս իշխանություն և զորություն տվեց իր նորընտիր աշակերտներին և նրանց ուղարկեց մարդկանց մեջ՝ հալածելու պիղծ դևերին: Աշակերտները եկան ուրախացած և հայտնեցին որ դևերը ենթարկվում են իրենց՝ Հիսուսի անունով: Իսկ սա ևս մեկ պարտություն և անկում էր սատանայի համար, որի տեսել էր Հիսուս երկնքից ընկնելիս, այսինքն յուրաքանչյուր դիվահարի բժշկություն պարտություն էր սատանայի համար, այնպես, ինչպես անապատում Հիսուս Քրիստոսի փորձության ժամանակ պարտվեց և հեռացավ Իրենից: Բայց Տէր Հիսուս աշակերտների ուշադրությունը սևեռեց մի շատ կարևոր հանգամանքի վրա, ինչի պատճառով շատ հաճախ ընկնում են ինչպես հոգևորականներ, այնպես էլ աշխարհականներ: Ես ձեզ իշխանություն եմ տվել,- ասում է Տէրը,- թշնամու ամբողջ զորության վրա, և ձեզ բոլորովին չեն վնասելու: Սակայն եթե դուք այդ իշխանությունը ձեզ վերագրեք, և պարծենաք այդ իշխանությամբ, ոչ դևերը ձեզ կհնազանդվեն, ոչ էլ ձեր անունները կգրվեն երկնքում: Քանի որ բազմիցս աշակերտների ներկայությամբ Հիսուս մերկացրել էր քահանայապետների այդ հատկությունը, որ իրենց վերապահված իշխանությամբ շրջում են մարդկանց մեջ, պատիվ են փնտրում, նախապատիվ աթոռներ են փնտրում, առանց մարդկանց բժշկելու, առանց օգնելու, առանց որևէ մեկից՝ իր ծանրույթյունը վերցնելու: Առավել ևս առանց Աստծուց երկյուղ կրելու: Պողոս Առաքյալն ասում է,- Արդ, մի՛ կորցրէք ձեր վստահութիւնը, որի մէջ մեծ վարձատրութեան հատուցում կայ:
Ձեզ համբերութիւն է պէտք, որպէսզի Աստծոյ կամքը կատարելով՝ հասնէք նրա խոստմանը: Հետևաբար աշակերտները պետք է ուրախանային ոչ թե նրա համար, որ դրևերը ենթարկվում էին իրենց, այլ նրա համար, որ իրենց անունները գրվելու է երկնքում:
Սիրելիներ, Աստվածաշնունչը պետք է ընկալել իր ամբողջականության մեջ, որպեսզի մեր մեջ անկեղծությունը չվերանա: Մենք ամեն օր ասում ենք Աստված Սէր է և կրկնում ենք; Բայց միմյանց չենք սիրում: Եթե մենք Աստծուն մի պահ հանենք մեր մտքից ու սրտից, մոռանանք Քրիստոսի Հարության մասին, մենք ոչ մեկին էլ չենք սիրի, որովհետև մեր հավատքը տկար է այդքան: Մենք ինչո՞վ կարող ենք զարմացնել կամ ուրախացնել Հիսուս Քրիստոսին, եթե ոչ մեր հավատքով: Քանանացի կնոջ հավատքի վրա զարմացավ Տէրը, հարյուրապետի հավատի վրա ուրախացավ Հիսուս, երբ լսեց նրանից, թե՝ Քո խոսքով ասա միայն և իմ ծառան կբժշկվի: Այսպիսի հավատ էր փնտրում և ակնկալում Տէր Հիսուս Իր աշակերտներից, որոնց կրթում և ուսուցանում էր երեք տարի շարունակ: Այնկալում է նաև այսօրվա հոգևոր սպասավորներից, որոնց տվել է նույն իշխանությունը՝ մարդկանց ուսուցանելու, բժշկելու, կապելու և արձակելու իրենց մեղքեից:
Տէր Հիսուս ցնծությամբ գոհություն հայտնեց Հորը, իր աշակերտների ձեռքբերումների համար, քանի որ օրվա կրոնական առաջնորդներից ծածկված էր այդ բանը և իր աշակերտներին էր տվել այդ շնորհը Հայրը: Եվ դառնալով աշակերտներին առանձին ասաց,- «Երանի՜ այն աչքերին, որ կտեսնեն այն, ինչ դուք տեսնում էք: Ասում եմ ձեզ, որ բազում մարգարէներ եւ թագաւորներ կամեցան տեսնել այն, ինչ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ լսել՝ ինչ դուք լսում էք, բայց չլսեցին»: Ինչպե՞ս ընկալեցին այս խոսքերը Իր առջև կանգնած աշակերտները, որոնք դեռ չէին հասկացել, թե ինչպես էր Դավիթ թագավորը իրեն Տէր անվանում: Կամ ինչպե՞ս էին օրենքի ուսուցիչները Նրան ասում Դավթի Որդի: Հիմա լսում են, որ շատ մարգարեներ ու թագավորներ, որոնք վաղուց մահացել են, և իրենք գիտեն այդ մասին, կամեցան տեսնել Քրիստոսին և չտեսան:
Մենք արդեն գիտենք, որ Հին Կտակարանի բոլոր մարգարեությունները խոսում էին Հիսուս Քրիստոսի՝ Մեսիայի գալստյան մասին: Այս մարգարեությունները Հիսուսի ծննդյան մասին կատարվեց մարգարեների և թագավորների մահից հետո, բայց նրանց աչքը և ականջ մնաց սպասելով այդ լուրին՝ մինչև իրենց մահը: Միակն էր Սիմեոն Ծերունին, որը մահ չճաշակեց, մինչև իր գիրկն առավ աշխարհի Փրկչին՝ դարձյալ Աստծու նախախնամությամբ: Հիմա պատկերացնենք մարգարեների ժամանակաշրջանը, որոնք սպասում էին Մեսիային, և տարիքն առնելով հերթով մահանում էին: Մարգարեները հավատում էին հոգու անմահությանը և ամեն մահացողից երևի հարցնում էին,- ի՞նչ լուր ես բերել, տեսա՞ր Մեսիային: Այսպես ամեն մահացող ասում էր, որ չտեսավ Մեսիային: Իսկ աշակերտները, որ պարզ մարդիկ էին, ոչ մի մարգարեություն չէին արել Քրիստոսի գալստյան մասին, արժանացան տեսնել Նրան, խոսել Նրա հետ, քայլել Նրա հետ և որ ամենակարևորն է ուսանել Նրա մոտ:
Մենք էլ պակաս երջանիկներից չենք, քանի որ ունենք և Հին Կտակարանի օրենքն ու մարգարեությունները, և Նոր Կտակարանի Հիսուս Քրիստոսի կյանքն ու գործունեությունը, առաքյալների կյանքն ու գործերը: Մեզ միայն մի բան է պակասում, որ մեր հավատը զորացնենք, դա մեր համատարած ծուլությունն է Աստվածաշնչի ընթերցանության նկատմամբ:
Սուրբ Գրքի նկատմամբ սեր դրսևորելու սովորությունը պետք է ձևավորվի ընտանիքներում, ընթացք ստանա եկեղեցում, կիրառվի կենցաղում: Գեղեցիկ սովորություն կար ժամանակին, երբ ընտանիքը ճաշում էր միասին: Առավել խորհրդավոր էր, երբ ընտանիքի գլուխը՝ որը տղամարդն էր, կամ մեծ հայրը, աղոթքով էր բացում սեղանը: Ինչպե՞ս կարող էր այս ընտանիքում երեխան վատ սովորություն ձեռք բերեր: Ժամանակակից մարդու համար սա արդեն ծաղրի ժանրից է այն առումով, որ ընտանիքում համարյա միմյանց չեն հանդիպում՝ իրենց կարծեցյալ զբաղվածության պատճառով, ուր մնաց, թե միասին ճաշեն, այն էլ աղոթքով:
Ինչպես որ փոքր ընտանիքում չեն հավաքվում ընթրիքի սեղանի շուրջ՝ աղոթքով, այնպես էլ մեծ ընտանիքում, որ եկեղեցին է, չեն հավաքվում զավակները կիրակի օրը՝ Պատարագի խորհրդավոր Ընթրիքի սեղանի շուրջ:
Ինչպե՞ս մենք՝ քրիստոնյաներս մեզ կհամարենք այն երանելիների շարքում, որոնց մասին Տէր Հիսուս Քրիստոս ասաց,- Երանի նրանց, որոնք չեն տեսնի, բայց կհավատան: Եթե մենք ամեն կիրակի հանդիպում չունենանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ, մեր հավատքը տկար կլինի, մենք մեր մեղքերի պատճառով ընկճված կլինենք, և չարի զորությունը կհաղթի մեզ այդ պատճառով:
Սիրելիներ, Հիսուս Քրիստոսի բոլոր առակները հավատքի հետ են առնչվում, որ մեկը ուզում եք ուսումնասիրեք: Հիսուս Քրիստոսի բոլոր հրաշքներն ու բժշկությունները հավատ են պահանջում: Ամեն մեկին բժշկելուց առաջ հարցնում էր,- հավատո՞ւմ ես, որ Ես կարող եմ այս բանն անել: Աստծու խոսքն անփոփոխ է: Մենք պետք է փոխենք մեզ: Աստված Երեմիա Մարգարեի բերանով ասում է. «Եթէ կարողանաք խափանել ցերեկվա և գիշերվա իմ ուխտը այնպէս, որ ցերեկն ու գիշերը իրենց ժամանակին չլինեն, ապա կխափանուի նաեւ իմ ուխտը, որ կնքել եմ իմ ծառայ Դաւթի հետ, նաեւ՝ իմ պաշտօնեաների՝ ղեւտացի քահանաների հետ»: Մեր միակ առաքելությունը այս երկրի վրա մեր հավատքը զորացնելն է, այդ հավատքով բարիք գործելն է, այդ հավատքով հուսալն է, և այդ հավատքով Տիրոջ Երկրորդ Գալուստը սպասելն է: Մնացածը երկրորդական են, և բխում են միայն հավատքի գործերից: Մնացեք սիրով, Աստծուն ապավինելով՝ մարդ կոչման մեջ հարատևելով:
Այսօրվա հարցը այսպիսին է. Քո հավատքով կարո՞ղ ես ուրախացնել կամ զարմացնել Հիսուս Քրիստոսին:
Աղօթենք միասին
Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, հպարտությունից և ամբարտավանությունից, սնափառությունից, մարդահաճությունից և ոխակալությունից, նախանձից և ատելությունից և բոլոր չարիքներից:
Բխեցրո՛ւ, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը և ոռոգի՛ր իմ մտքերի անդաստանը, լվա՛ իմ հանցանքների աղտերն ու սրբի՛ր վերքերիս թարախը, հանի՛ր իմ մեղքերի փուշը և տնկի՛ր կենաց բույսը: Աճեցրո՛ւ, Տե՛ր, արդարությունը և նվաստացրո՛ւ անօրենությունը, մեռցրո՛ւ մարմնի ցանկությունը և նորոգի՛ր հոգուս կենդանությունը:
Կանչի՛ր, Տե՛ր, իմ մեղանչած անձը Քեզ մոտ, քանզի չեմ համարձակվում մերձենալ Քեզ, պատկառում եմ ամոթից և զարհուրում եմ իմ գործերից, չունեմ համարձակություն Քո առջև, քանզի ես ինքս եմ ինձ կորստյան մատնել: Հեռացա Քո սուրբ պատվիրաններից և մերկացա Քո փառքից, բայց Դո՛ւ, Տե՛ր, գթա՛ ինձ, ողորմի՛ր, քանզի Քո անարատ ձեռքերի ստեղծածն եմ:
Փնտրի՛ր, Տե՛ր, Քո եղծյալ ու կորուսյալ պատկերիս, որ մեղքերի աղբի և տիղմի մեջ եմ ծածկվել, դո՛ւրս բեր Քո շնորհի ավելով և դի՛ր նախկին գանձանակի մեջ, որից ընկա:
Ապրեցրո՛ւ ինձ, Տե՛ր, երկյուղով և հառաչանքներով, սիրով և սրբությամբ, շնորհներով և ճշմարտությամբ, գիտությամբ և բոլոր առաքինություններով:
Փրկի՛ր ինձ, Տե՛ր, մարդկային գովեստից, փառքից ու մեծարումներից, քանզի լույս կարծելով խավարիս՝ բարին են համբավում իմ՝ եղկելիիս ու ողորմելիիս մասին: Ինձ առաքինի են համբավում, մինչդեռ ես ողբալի եմ և անթիվ մեղքերով լի: Ծածկի՛ր ինձ, Տե՛ր, սուտ գովեստների և երանիների լույսից, քանզի չգիտեն իմ մեղքերը: Ինձ սուրբ եմ ցույց տալիս և լի եմ աղտեղությամբ, կերպարանվում եմ առաքինությամբ և անառակությամբ ապրում, փայլում եմ երկյուղածությամբ և ընթանում արդահաճությամբ, ճանաչում եմ ճշմարտությունը և սուտ խոսում, գիտեմ արդարությունը և անօրենություն եմ գործում: Եփրեմ Ասորի