ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 12.35-44
Մինչ Յիսուս ուսուցանում էր տաճարում, հարց տուեց ժողովրդին ու ասաց. «Ինչպէ՞ս են ասում օրէնսգէտները, թէ Քրիստոս Դաւթի Որդի է, 36 մինչ Դաւիթն ինքը Սուրբ Հոգով ասում է. “Տէրն իմ Տիրոջն ասաց. նստի՛ր իմ աջում, մինչեւ որ քո թշնամիներին քո ոտքերի համար պատուանդան դնեմ”: 37 Արդ, եթէ Դաւիթն ինքը նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա Որդին կլինի»: Եւ շատ ժողովուրդ նրան լսում էր սիրով: 38 Եւ սովորեցնելով նա իր ուսուցման ընթացքում ասում էր. «Զգո՛յշ եղէք այդ օրէնսգէտներից, որ ուզում են աչքի զարնող զգեստներով ման գալ, հրապարակներում յարգանքի ողջոյններ որոնել, 39 ժողովարաններում՝ առաջին աթոռները եւ ընթրիքների ժամանակ՝ պատուոյ տեղերը: 40 Նրանք ուտում են այրիների տները, ցուցադրաբար երկարացնում են աղօթքները, որպէսզի աւելի խիստ դատաստան ընդունեն»: 41 Յիսուս կանգնած էր գանձանակի դիմաց. դիտում էր, թէ ինչպէս ժողովուրդը պղինձ դրամ է գցում գանձանակի մէջ: Եւ շատ մեծահարուստներ շատ բան գցեցին: 42 Մի այրի կին եկաւ եւ երկու լումայ գցեց, որը մի գրոշ է: 43 Եւ Յիսուս, իր մօտ կանչելով իր աշակերտներին, նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքաւոր այրին աւելի շատ գցեց, քան գանձանակի մէջ միւս բոլոր դրամ գցողները, 44 քանի որ ամէնքը իրենց աւելորդից գցեցին, իսկ նա իր չքաւորութիւնից գցեց ամէն ինչ, որ ունէր՝ իր ամբողջ ապրուստը»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ամենքիդ, սիրելիներ, որ սպասում եք առավոտյան ձեր հոգևոր հացին: Աստված թող ձեզ հաստատ պահի հավատքի մեջ, քանի որ Աստվածաշունը, որին հետևում ենք ամեն օր, ծովի է նման, պետք է այդ ծովի մեջ լողալ սովորել:
Հիշո՞ւմ եք նախորդ գլխի մեջ Հիսուս օրենսգետներից մեկին ասաց,- հեռու չես Աստծո արքայությունից, որովհետև հավանեց նրա գիտելիքը և տրամաբանական պատասխանները: Բոլոր ուսուցիչներին չասաց այդպես, ոմանց հանդիմանեց, ոմանց նախատեց, իսկ այս մեկին գովեց; Իսկ այս ասածը մեծ խոսք էր գովասանքի: Հիսուս Քրիստոս իր բոլոր խոսքերը ասում էր իշխանությամբ, համարձակությամբ, երբեմն նրբանկատ գովեստի խոսքով, երբեմն հանդիմանական ու կոշտ խոսքով:
Սակայն Տէր Հիսուս կամենում էր, որ ներկաները՝ փարիսեցի թե օրենսգետ, աշակերտ, թե՝ պարզ ժողովուրդ, հավատա Իրեն, որ Աստծուց է եկած: Այս հարցն էլ, որ տալիս է օրենքի ուսուցիչներին, թե ինչպե՞ս եք ասում, թե Քրիստոս Դավթի Որդին է, երբ Դավիթը Սուրբ հոգով Նրան Տէր է անվանում, նույն նպատակն էր հետապնդում, լուսավորել նրանց մտքերը:: Ժողովուրդը այնքան մեծ սիրով էր լսում Նրան, քանի որ սովորում էր Նրանից ամեն օր: Իրապես ինչպե՞ս կարող է Հայրը ժառանգին տեր անվանել, ինչը հասկանալի չէր պարզ մարդկանց համար: Բայց Տէր Հիսուս շատ էր ցանկանում, որ նրանք մի քիչ ավելի խորը մտածեն այսպիսի հարցերի շուրջ, գուցե իրենց հավատքը զորանա, կամ գուցե շղարշը վերցվի իրենց աչքերից և տեսնեն Իրեն՝ Իրական Լույսին:
Եթե Դավիթը սուրբ հոգով Քրիստոսին Տէր է անվանում, նշանակում է, որ Հիսուս Քրիստոս կար նաև Դավթից առաջ և մարդկանց համար Նա ծնվելու էր Դավթի սերնդից: Աստծու նախախնամության մասին էր ուզում նրանց հասկացնել, որ օրենքի ուսուցիչ լինելով միայն չեք կարող շրջել մարդկանց մեջ, ցուցադրել ձեր հագուստները, հարգանքի որջույններ առնել, կամ առաջին աթոռները զբաղեցնել և պատվո տեղերը նստելով: Օրենսգետները ի տարբերություն քահանաների ավելի շատ էին հայտնվում մարդկանց մեջ, և ցույց տալիս, որ իբրև իրենք մտահոգ են ժողովրդի համար, միտումնավոր երկարացնելով իրենց ցուցադրական աղոթքները : Ժողովուրդը հավատում էր նրանց, և հնարավորին փորձում էին օգտակար լինել իրենց ճոխ հյուրասիրությամբ, նրանց կատարած աղոթքների կամ հնգամատյանի բացատրության համար: Հիսուս Քրիստոս այս բոլորը բացատրում էր, ոչ թե նրա համար, որ աշակերտները վախենային օրենքի ուսուցիչներից, ինչպես որ ասաց,- զգույշ եղեք, այլ ասում էր, որ դուք էլ շուտով իշխանություն եք ստանալու քարոզելու մարդկանց մեջ, չլինի որ հանկարծ դուք էլ այսպես ցուցադրական աղոթքներ անեք, կամ ձեր ուսուցման դիմաց պարգև ակնկալեք: Երբ ասում էր զգույշ եղեք օրենսգետներից, դա նկատի ուներ, որ որևէ գործ պետք չէ ցուցադրական անել, այլ օգնելու նպատակով, բացատրելու նպատակով: Կեղծավորությունը ամենավտագավոր մեղքն է, որ արտաքինից խաբուսիկ է և մարդկանց համար գայթակղություն է դառնում՝ բացահայտվելուց հետո:
Ահա կանգնած նայում է Տեր Հիսուս տաճարի մեջ՝ գանձանակի դիմաց, թե ինչպես են մարդիկ դրամ գցում գանձանակի մեջ;
Շատ մեծահարուստներ մեծ գումարներ գցեցին գանձակնակի մեջ, սակայն Հիսուս Քրիստոսի ուշադրությանը արժանացավ այն այրի կինը, որը իր ունեցած երկու լուման գցեց: Այստեղ կարևորը ոչ թե գցած գումարի չափն է, այն այն ջանքը, որ գործադրում ես մեկին օգնելու կամ օգտակար լինելու համար: Դա չէր վերաբերվում միայն գանձանակում դրամ գցելուն, այլ նաև աղոթքին, որի մասին խոսեցինք, որ միտումնավոր երկար էին աղոթում մարդկանց աչքին հաճելի թվալու համար՝ ցուցադրաբար:
Մեր օրերում էլ այս հարցը իր բարձր մակարդակի վրա չէ, նույն պատճառով: Մարդիկ նվիրատվությունները կատարում են ցուցադրաբար, աղոթքները կատարում են ցուցադրաբար: Այս բոլորը գալիս է հավատացյալի չիմացությունից, Աստվածաշնչի անտեղյակությունից: Մենք մեր բնաբանի մեջ ասացինք, որ Աստվածաշունչը ծով է և այդ ծովում լողալ սովորել է պետք, այլապես ամեն գրված պատգամ կարող է ենթական փոխեր և հարմար դարձնել իր արտաքին դրսևորումներին: Կարծում եք փարեսեցիները Սուրբ Գիրք չգիտեի՞ն, բայց ժողովրդի մեջ ներկայանում էին իրենց ձևակերպած կարգ ու կանոնով և իրենց իմացած ձևով:
Աստվածաշունչը մարդու կյանքի պատմությունն է, ընթացքն է և ավարտն է: Չնայած մարդիկ տարբեր են, բայց Աստվածաշունչը բոլորի կյանքի ճշմարիտ նկարագրության պատկերն է: Սուրբ Գիրքը պատմում է, թե ինչպես Աստված արարեց Տիեզերքը, կահավորեց ամեն ինչով, ապա ստեղծեց մարդուն, որպեսզի այդ տիեզերքի մեջ ապրի, վայելի, կրթվի, դաստիարակվի, կարդա Իր օրենքները, մաքրի իր սիրտը նենգությունից, ձեռքերը՝ մեղքից, լեզուն՝ անեծքից, ոտքերը չար ճանապարհից և սիրի իր կողքի մարդուն, որին ևս Աստված է ստեղծել նույն նպատակով;
Աստված Ուղարկել է աշխարհ Իր Միածին, Կատարյալ Որդուն որպես օրինակ, որպեսզի մարդիկ հավատան Նրան և հետևեն:
Այս ամեն անելու համար Աստված մարդուն տվել է առավելագույնը ութսունից- ինսուն տարի կյանք, որպեսզի մարդը նախապատրաստվի՝ ապրելու հավիտենական կյաքով: Բոլոր մանրամասները տրված են, անհասկանալի ոչինչ չի թողել մարդու համար: Ուղղակի գտնվում են մարդիկ, որոնք ժամանակավորը ավելի են սիրում, քան հավիտենականը: Մարմինը ավելի են սիրում քան հոգին: Աշխարհի վայելքները ավելի են սիրում, քան Ատսծու կարգն ու կանոնը: Սուրբ Գիրքը նրա համար է, որպեսզի մենք այս բաների մասին իմանանք ժամանակին: Որովհետև ժամանակների ավարտի մասին էլ է գրված, թե ինչ է լինելու: Ամբողջ Սուրբ Գիրքը որպես կարմիր գիծ մեր աչքի առջևով տանում է մի ուղղություն, որի միջոցով միայն կարելի հասնել կատարելության: Դա սերն է: Բայց ոչ մեր իմացած սերը, որը ակնկալիքով է, այլ Աստծու առաջարկած սերը, որը զոհաբերություն է ենթադրում: Պատկերացրեք նոր սիրահարված երիտասարդը ինչեր է պատրաստ անել իր սիրելիի աղջկա համար:
Առաջինը ինքնամոռաց ջանում է նրա համար ապրել, գործել, հաճելի լինել: Բայց այս երևույթը երկար չի տևում, ինչպես որ տեսնում ենք, քանի որ հիմքը աստվածաշնչյան չէ: Արտաքին երևույթները ուղեկցվում են ցուցադրական արարքներով, հաճոյանալու համար, ոչ թե ծառայելու, ինչպես որ վերևում խոսեցինք այդ մասին, ինչը դատապարտեց Տէր Հիսուս Քրիստոս: Մեր կյանքը ինչպես որ կինոժապավեն պտտվում է Աստծո Ամենատես աչքի առջև և Աստված Իր Հայրական նախանձախնդրությամբ սպասում է Իր զավակների դարձին, ոչ թե կործանմանը:
Սիրելիներ, հավանաբար բոլորդ էլ լուր ունեք Աստվածաշնչի վերջին Գրքից, որը Հայտնությամբ տրվել է Հովհաննես Առաքյալին՝ Պատմոս կղզում: Աստված Հովհաննես Առաքյալի միջոցով յոթ նամակ է հղում եկեղեցիներին՝ ինչպես այն ժամանակվա, նույնպես և մեր ժամանակների համար: Աստծու խոսքն ու պատգամը բոլոր ժամանակների համար է, և բոլոր ազգերի համար, որևէ մեկի մենաշնորհը չէ դառնալ Աստծու սիրելի, կամ Աստծուն ծառայող: Ուշագրավ մի տող կա բոլոր յոթ նամակներում էլ գրված՝ «Գիտեմ ձեր գործերը»: Ուրեմն մեր բոլոր գործերը Աստծու աչքքի առջև են: Դարձյալ մի զգուշացում կա բոլոր եկեղեցիներին՝ իրենց թերությունների վերաբերյալ: Հիշիր, ասում է Տէրը, որտեղից ընկար և ապաշխարիր ու քո նախկին գործերն արա, ապա թե ոչ, կգամ և կշարժեմ քո աշտանակներն իրենց տեղերից, եթե չապաշխարես: Իսկ ով հաղթի, նրան կտամ ուտելու կյանքի ծառից, որը գտնվում է Աստծու դրախտի մեջ: Հետևաբար սիրելիներ, նայելով մեր ներկա ժամանակների իրադարձությունների արագ զարգացմանը, մեր պատրաստվելու միակ միջոցը Աստվածաշունչն է: Աստված է ստեղծել մարդուն, Աստված էլ կրում է Իր ստեղծածի հանդեպ պատասխանատվությունը: Գոհանանք Աստծուց, որ մեզնից յուրաքանչյուրին մասնակից դարձրեց տեսնելու Իր արարչագործության հրաշքները, այս կյանքը և գիտելիքը՝ հանդերձյալի մասին: Աստվածաշունչ մեզ է հասել Աստծու Սուրբ Հոգով, Իր Գլխավոր հորոսների միջոցով և Իր բացարձակ կամքով: Մենք ևս ազատ ենք՝ ընդունելու և մերժելու մեջ:
Մնացեք սիրով՝ Աստվածաշնչի գիտությամբ, պատվիրանապահության խոնարհությամբ, և կյանքի համար հաշվետվության տալու համարձակությամբ: Եթե Աստված կամենա, հանդիպենք առավոտյան նույն ժամին:
Աղօթենք միասին
Երկրպագեմք Քեզ, Տէր Աստուա՛ծ մեր, անցեալքս ընդ երկարութիւն գիշերիս. եւ կանխեալքս ի տեղւոջ խոստովանութեան մատուցանեմք զառաւօտու աղօթս մեր: ԶՔեզ, Տէ՛ր, օրհնեմք եւ փառաւորեմք. եւ զՔէն, Տէ՛ր, գոհանամք, որ արժանի արարեր զգիշերս խաղաղութեամբ անցուցանել եւ հասանիլ ի ժամ առաւօտուս: Արժանաւորեա՛ զմեզ, Տէ՛ր, անճառ խոստմանց Քոց, զոր խոստացար սիրելեաց Քոց, ճշմարի՛տդ Աստուած Յիսուս Քրիստոս, Տէ՛ր մեր. կեցո՛ եւ ողորմեա՛: Ողորմեա՛ց մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, ըստ մեծի ողորմութեան Քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ: Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:
Փա՜ռք, պատի՜ւ եւ երկրպագութի՜ւն ի բարձունս Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: