ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 7.6-12
Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն: 7 Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կտայ ձեզ, փնտրեցէ՛ք եւ կգտնէք, բախեցէ՛ք, եւ կբացուի ձեր առաջ. 8 որովհետեւ ով որ ուզի, ստանում է, ով որ փնտրի, գտնում է, եւ ով որ բախի, նրա առաջ կբացուի: 9 Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթէ հաց ուզի, մի՞թէ քար կտայ նրան. 10 եւ կամ եթէ ձուկ ուզի, մի՞թէ օձ կտայ նրան: 11 Արդ, եթէ դուք, որ չար էք, գիտէք ձեր որդիներին բարի պարգեւներ տալ, որքա՜ն եւս առաւել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտայ նրանց, որ ուզում են իրենից: 12 Այն ամէնը, ինչ կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց, որովհետեւ այդ իսկ են օրէնքն ու մարգարէները:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջունում եմ ձեզ սիրելի ունկնդիրեր: Ամեն բացվող լուսաբացի համար պարտավոր ենք փառվորել մեր Տէր Աստծու Սուրբ անունը: Գոհություն պետք է հայտնենք այն ամենի համար, որ ստեղծել է մեզ համար և մենք այսօր վայելում ենք: Այսօր առանձնահատուկ շնորհակալություն հայտնենք մեր Տիրոջը, որ փոքրիկ Հայաստանին այսքան Մեծեր է շնորհել: Մենք այսօր գրում, կարդում ենք նրանց շնորհիվ, մեր անցած պատմությանը տեղեկանում ենք նրանց շնորհիվ, և որ ամենակարևորն է Աստծու հետ խոսում և աղոթում ենք մեր լեզվով՝ միայն նրանց շնորհիվ: Փառք Աստծուն՝ մեր պատմության հիմնասյուներ՝ Սուրբ թարգմանիչներ և Վարդապետներ՝ Մեսրոպ Մաշտոցի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և ներսես Կլայեցու ազգանվեր ծառայության համար: Գրերի Գյուտը ազգային և եկեղեցական տոն է, և այսօր մեր եկեղեցին հիշատակում է նրանց սուրբ անուններն ու գործը: Այս Մեծ մարդիկ ճանաչել են Ճշմարտությունը և Ճշմարտությունը նրանց ազատել նրանց մեղքին ծառայելու անգիտությունից: Մեր սուրբ Հայրերը սիրել են արդարությունը, իրենց արդարության վաստակի արդյունքը առաքինություն է եղել, և այդ առաքինությունը ամբողջությամբ ներդրել են Աստծու ծառայության դաշտում, ստեղծելով հարուստ ժառանգություն հետագա սերունդների համար: Ավելի պիտանի բան չկա մարդու կյանքում, քան արդարամտությունն ու արիությունը, խոհեմությունն ու գիտությունը: Մեր մեծերը ունեցել են այս բոլոր շնորհները՝ որպես մեծագույն պարգև Աստծուց:
Մենք շատ հաճախ մոռանում ենք, թե Աստված մեր ազգի համար ինչ պարգևներ է արել, որպեսզի մենք մեր լեզվով փառաբանենք Աստծուն: Նրանց թողած գիրն ու գրականությունը դարերով կրթել ու դաստիարակել է մեր ազգաբնակչությանը որակյալ կրթությամբ: Շնորհակալ ենք Աստծուն, այս մեծագույն ողորմության և պարգևի համար: Մեր սուրբ Հայրերի բարեխոսությունն ու աղոթքն ենք հայցում Տիրոջ առջև՝ այսօր Հայաստան աշխարհի համար, որ միջնադարի ոսկեղենիկ արժեքները փորձում են փոխանակել օտար փայլփյուն մետաղների հետ: Մինչդեռ մեր Հայրերը արյան գնով են պահել ու պահպանել դրանք:
Այսօրվա Ավետարանի ընթերցվածքն էլ մի ձևով կապվում է օրվա խորհրդի հետ: Մատթևոսի Ավետարանի Յոթներորդ գլուխը սկսվում է պատվիրանների շարքով, որոնցից առաջինը բոլորիս հայտնի և ամենքի կողմից շատ օգտագործվող՝ «Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք» պատվիրանն է, որը հիմնականում ասվում է առանց երկրորդ մասին անդրադառնալուն, որն ասում է,-
որովհետեւ ինչ դատաստանով, որ դատէք, նրանով էք դատուելու. եւ ինչ չափով, որ չափում էք, նրանով պիտի չափուի ձեզ համար։ Այս պատվիրանը մեր իրականության մեջ սխալ ընկալում է ունեցել և նույն սխալով էլ շարունակվում է: Ավելի շուտ այս պատվիրանը գործածվում է որպես ինքնապաշտպանության լավագույն միջոց՝ Աստվածաշնչից: Այս պատվիրանը շատ մանրամասն մեկնաբանության կարիք ունի, և կարծում եմ, որ ամեն տեղ այս պատգամի աննպատակ գործածումը չի կարող իր արդյունքը տալ: Դատել, իրավաբանական իմաստով նշանակում է բացահայտել հանցանքը, վերլուծել արարքը, գտնել պատճառը և կայացնել որոշում՝ կամ ազատազրկում, կամ արձակում: Իսկ հոգևոր իմաստով այս պատվիրանը առայժմ իր տեղը չի գտել հավատացյալների շրջանում: Գնահատել, վերլուծել, քննել, պարզաբանել, պահանջել, դեռ չի նշանակում դատել:
Իմաստուն հայրերն ասում են, մի դատիր քո մերձավորին այնքան ժամանակ, քանի դեռ չես հայտնվել նրա այն վիճակում, որի համար որ դատում ես իրեն: Եվ եթե մեկին դատում ես, ապա դատիր արդարության դատով: Նաև ասում են, որ արդարությամբ դատելը այն սերմն է, որը ցանում ես աշխարհում և միայն հանդերձյալում ես բերքը հավաքում: Այսինքն պատվիրանի երկրորդ մասը գալիս է օգնելու՝ դատելու պահին, թե՝ ինչ չափով, որ չափում էք, նրանով պիտի չափուի ձեզ համար։ Լավ կլինի որ պատվիրանը գործածելիս միտքը գործածվի ամբողջությամբ, առանց կտրելու: Պետք չէ նաև այս պատվիրանը մեկնաբանել ինչպես որ ձեռնտու է, այլ՝ արդարությամբ:
Տեր Հիսուս աշակերտներին դրանով բացատրում էր, որ մեկին մեղադրելուց առաջ նայեք ձեզ, չլինի հանկարծ նույն մեղքի մեջ լինելով մեղադրեք մյուսին: Խասիդները մի ասույթ ունեն, որն ասում,- Ոչ մի մարդու տեսանելի չի լինի մեկ այլ մարդու մեղք, եթե նախ՝ ինքը չունենա այդ մեղքից: Գողին թվում է, թե բոլորը գող են շրջապատում: Ստախոսը կարծում է, թե բոլորը սուտ են խոսում:
Հաջորդ պատվիրանը նույնպես մեզ ծանոթ է նախորդ սերտողություններից. Մի՛ տուէք սրբութիւնը շներին. Աստվածաշնչի մեկնաբանները, որոնք ուսումնացիրել են ազգերի պատմություններն ու ավանդությունները, ասում են, որ Տէր Հիսուսին ծանոթ էին այս մեջբերումները օրենքի գրքերից, քանի որ ասվում է, այն կենդանին, որը նախասահմանված էր զոհաբերության համար, եթե հանկարծ արոտավայրում մի դիպվածով հիվանդանա և սատկի, նրա միսը շներին տալ չի կարելի, որպես սրբություն:
Մենք մի ուրիշ դրվագում էլ հանդիպում ենք նմանատիպ մի արտահայտության, երբ Հիսուս Քրիստոս քանանացի կնոջն ասում է,- օրինավոր չէ մանուկների հացն առնել և շներին տալ: Շները խորհրդանշում են հեթանոս ազգերին, որոնք իրենց բազմաստվածության պատճառով դարձի չեկան: Իսկ երբ ասում է, ձեր մարգարիտները խոզերի առջև մի գցեք, սա ևս մի ավանդության հետ է անչվում: Մարգարիտ ասելով միշտ հասկացել են Աստծո խոսքը՝ Սուրբ Գրքից, և թե ինչպես հռոմեացի զինվորները հալածելով Քրիստոսին քարոզող մի հրեա թարգմանիչ վարդապետի, կտրել են նրա լեզուն և տվել են, որ խոզը ուտի: Ներկաների համար դա մեծ գայթակղություն և եղել և պատճառ է հանդիսացել, որ շատերը հրաժարվեն իրենց հավատքից, տեսնելով մարդու լեզուն խոզի ատամների տակ; Մեր օրերում էլ երբեմն պատահում է մի միջավայր, մի հավաքույթ, մի միջոցառում, որտեղ արտաբերվում են խոսքեր Աստվածաշնչից, որը՝ ոչ տեղին է, ոչ նպատակային, ոչ էլ ոմանց համար հաճելի: Այսպիսի դեպքերի համար կարելի է ասել, որ մարգարիտները խոզերի առջև են ընկնում և նրանք քանի որ չեն գնահատում, կարող են ոտքի կոխան դարձնել և ծաղրելով հակադարձել այն ասողին; Դրա համար սրբությունը պետք է զգուշ գործածել տեղին ու ժամանակին;
Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեր առաջ. որովհետեւ, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է, եւ ով որ բախի, նրա առաջ կը բացուի։ Չկա մի քրիստոնյա, որն իր կյանքով չփաստի ու չվկայի այս պատվիրանի զորության ու գոյության մասին: Երբ աղոթքը զղջումով է, անպայման բացվում է ողորմության դուռը, և պարգևը առատ է: Երբ աղոթքը պատասխան չի ունենում, վստահ եղեք, որ դրանից առաջ զղջում չի եղել: Անկարելի է, որ զղջացող մարդը խնդրի Աստծուց և Աստված նրան չհայտնվի մեկի միջոցով, և չբացվի նրա համար մի դուռ: Հետաքրքիր համեմատություն է անում Տէր Հիսուս ծնող- երեխա հարաբերության մեջ: Եթե քո երեխան հաց ուզի, իհարկե քար չես տա, հաց կտաս: Իսկ եթե անգիտակցաբար քար ուզի, միթե դու որպես հայր կտաս նրան այդ քարը, անշուշտ չես տա, և կասես, թե ինչի համար չես տալիս; Մենք մեր աղոթքներում շատ ու շատ անգամներ քար ենք խնդրում մեր երկնավոր Հորից, առանց հասկանալու, իսկ մեր Հայրը, որ նախապես գիտե որ ուզածը մեզ վնաս է բերելու, չի տալիս; Իսկ մենք տրտնջում ենք, ասելով՝ մեր աղոթքը չի լսվում: Լսվում է, այն էլ ինչպես է լսվում: Եթե այդ պահին ամեն ինչ հասկանայինք և խորագիտություն ունենայինք, կասեինք,- փառք Քեզ Աստված, որ դու չլսեցիր իմ խնդրանքը, և չտվեցիր իմ ուզած քարը: Իսկ որպեսզի մենք կարողանանք Աստվածաշնչի պատգամները խորությամբ հասկանանք, պետք է փնտրենք իմաստություն, որը ճանաչում է անցյալն ու ներկան, կռահում է գալիքը, հասկանում է խոսքի իմաստները և առակների մեկնությունները: Եթե քեզ հետ լինի Իմաստությունը, քեզ հետ կլինի Աստծու խոսքը, քո ճանապարհը միշտ լուսավոր կլինի, և դու պատիվ կվաստակես ժողովրդի մեջ: Մարգարեն ասում է. Ահա թէ ինչու նա, ով իմաստուն է, հարմար ժամանակ կլռի, քանի որ ժամանակը չար է: Բարի՛ն փնտրեցէք եւ ոչ թէ՝ չարը, որպէսզի ապրէք, եւ ձեզ հետ կլինի Ամենակալ Տէր Աստուած.
Եթե ամթոփելու լինենք այսօրվա պատգամի ասելիքը, ապա կունենանք մի գեղեցիկ պատվիրան՝ օգտակար բովանդակությամբ՝ երբ ինքդ ես մեղավոր, մի մեղադրիր քո մերձավորին, որպեսզի քո աղոթքի խնդրանքի ժամին Ամենակալն Աստված լսի քո աղոթքը, քանի որ դու ամեն դատաստան թողել ես Տիրոջ կամքին և քո մեղքերի համար ես խնդրում: Մնացեք սիրով՝ և խաղաղությամբ, եթե սխալ եք տեսնում, սիրով զգուշացրեք, որպեսզի մարդուն չկորցնեք մեղքի պատճառով:
Աղօթենք միասին
Թագաւոր յաւիտեան:
Զճգնութիւն սրբոց Թարգմանչաց վարդապետացն մերոց Մեսրովբայ, Եղիշէի, Մովսիսի Քերթողին, Դաւթի Անյաղթ փիլիսոփային, Գրիգորի Նարեկացւոյն եւ Ներսիսի Կլայեցւոյն բարեխօս ունիմք առ Քեզ, Քրիստո՛ս: Եւ աղաչեմք սոքօք. շնորհեա՛ զթողութիւն յանցանաց մերոց եւ ի կեանսդ յաւիտենից նորոգեա՛ եւ կեցո՛:
Լոյս ծագեաց արդարոց, ուղղոց սրտից եղեւ ուրախութիւն: Ուրա՛խ եղերուք, արդա՛րք, ի Տէր. եւ խոստովա՛ն եղերուք յիշատակի սրբութեան Նորա: Եւ աղաչեմք սոքօք. շնորհեա՛ զթողութիւն յանցանաց մերոց եւ ի կեանսդ յաւիտենից նորոգեա՛ եւ կեցո՛:
Պատուական է առաջի Տեառն մահ սրբոց Իւրոց: Ո՛ Տէր, ես ծառայ Քո եմ, ծառայ եւ որդի աղախնոյ Քո: Հատեր զկապանս իմ, Քեզ մատուցից պատարագ օրհնութեան եւ զանուն Տեառն կարդացից: Եւ աղաչեմք սոքօք. շնորհեա՛ զթողութիւն յանցանաց մերոց եւ ի կեանսդ յաւիտենից նորոգեա՛ եւ կեցո՛:
Հանդիսացեալք ի մարտս պատերազմի՝ յաղթող գտայք, սո՛ւրբ վկայք, քանզի ճանապարհ հորդեցիք մեզ յերկնային քաղաքն յԵրուսաղէմ՝ ընդ անմարմնոցն դասս փառաւորելով Սուրբ զԵրրորդութիւնն: Ամեն.