ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 12.18-34
Նրա մօտ եկան սադուկեցիները, որոնք ասում են, թէ յարութիւն չկայ. հարց էին տալիս եւ ասում. 19 «Վարդապե՛տ, Մովսէսը մեզ համար գրել է. “Եթէ մէկի եղբայրը մեռնի եւ կին թողնի, բայց որդի չթողնի, թող նրա եղբայրն առնի նրա կնոջը եւ իր եղբօր համար զաւակ հասցնի”: 20 Արդ, մեզ մօտ եօթ եղբայրներ կային. առաջինը կին առաւ եւ մեռաւ ու զաւակ չթողեց. 21 եւ երկրորդը նոյն կնոջն առաւ ու մեռաւ. եւ նա էլ զաւակ չթողեց: Նոյն ձեւով նաեւ երրորդն առաւ նոյն կնոջը: 22 Եւ եօթն էլ զաւակ չթողեցին. ամէնքից յետոյ մեռաւ նաեւ կինը: 23 Արդ, յարութեան ժամանակ, երբ յարութիւն առնեն, նրանցից ո՞ւմ կինը կլինի. քանի որ եօթն էլ նրան կին առան»: 24 Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Հէնց դրա համար չէ՞, որ մոլորուած էք. քանի որ չգիտէք Գրքերը եւ ոչ էլ՝ Աստծոյ զօրութիւնը. 25 որովհետեւ երբ մեռելներից յարութիւն առնեն, ո՛չ տղամարդիկ կին կառնեն, եւ ո՛չ էլ կանայք մարդու կգնան, այլ կլինեն հրեշտակների նման, որ երկնքում են: 26 Իսկ գալով մեռելներին, թէ յարութիւն են առնում, դուք չէ՞ք կարդացել Մովսէսի գրքում, թէ ինչպէս Աստուած մորենու մօտ ասաց նրան. “Ես եմ,– ասում է,– Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը”: 27 Իսկ Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի. ուստի դուք խիստ մոլորուած էք»: 28 Օրէնսգէտներից մէկը մօտենալով լսում էր նրանց, մինչ վիճում էին. երբ նա տեսաւ, որ Յիսուս նրանց պատասխանը լաւ տուեց, հարցրեց նրան եւ ասաց. «Ո՞ր պատուիրանն է առաջինը»: 29 Եւ Յիսուս ասաց նրան. «Ամէնից առաջինն է. “Լսի՛ր, Իսրայէ՛լ, մեր Տէր Աստուածը միակ Տէրն է. 30 եւ դու պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով եւ քո ամբողջ զօրութեամբ”. սա է առաջին պատուիրանը: 31 Եւ երկրորդը նման է սրան. “Դու պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պէս”. չկայ ուրիշ պատուիրան աւելի մեծ, քան սրանք»: 32 Եւ օրէնսգէտը նրան ասաց. «Լաւ է, Վարդապե՛տ, ճշմարտութեամբ ասացիր, թէ Աստուած մէկ է, եւ բացի նրանից ուրիշ Աստուած չկայ. 33 եւ նրան ամբողջ սրտով, ամբողջ զօրութեամբ, ամբողջ մտքով սիրելը, ինչպէս եւ ընկերոջն իր անձի պէս սիրելը առաւել է, քան ողջակէզները եւ զոհերը»: 34 Եւ Յիսուս, տեսնելով, որ նա իմաստութեամբ պատասխան տուեց, նրան ասաց. «Հեռու չես Աստծոյ արքայութիւնից»: Եւ այլեւս ոչ ոք չէր համարձակւում նրան բան հարցնել:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջունում եմ ձեզ, մեր էջի սիրելի հետևորդներ, և Հանապազօրյա Հաց հաղորդաշարի մշտական ունկնդիրներ: Մեր ամենօրյա հանդիպումները ուղիղ եթերում ջերմություն և անմիջական կապ են ստեղծում մեր միջև՝ մոտենալով Ավետարանի այն պատգամին, որն ասում է,- եթե դուք միմյանց սիրեք, մարդիկ կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք: Մեզնից յուրաքանչյուրը սիրով կկամենա դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտ:
Այս սիրո կապը մեր Տէրը հաստատեց իր աշակերտների միջև և շատեր մեջ, սակայն այդ սիրո գաղափարը երբեք ըմբռնելի չեղավ սադուկեցիների համար, որոնք բացահայտ մերժում էին Հարության գաղափարը: Մարկոսի 11րդ գլխում մենք տեսանք, Հիսուսի ժամանակակիցների մեջ կար մի սերունդ, որը բաղկացած էր տարբեր քրոնաքաղաքական խավերից, որոնք միաբանված հետապնդում և պայքարում էին Հիսուս Քրիստոսի դեմ, իսկ հետագայում Նրա աշակերտների դեմ: Մեկնաբանները այս սերնդին են վերագրում Չար մշակների առակը, որոնք սպանեցին ուղարկված ծառաներին և վերջում՝ Որդուն:
Այս խմբավորումը մեզ հանդիպում է բոլոր Ավետարաններում իրեց սադրիչ հարցերով, նենգ դավադրություններով, և անակնկալ ծուղակներով: Հերթական անգամ մոտենում են Քրիստոսին այն բանից հետո, երբ ամոթով էին մնացել ժողովրդի առջև իրեն տված քաղաքական հարցի պատճառով, թե՝ օրինավո՞ր է հարկ տալ կայսրին: Իսկ Տէր Հիսուս նրանց ուղղակի ամաչեցրեց, ասելով, գնացեք դուք ձեր գործով զբաղվեք, ինչում որ կոչված եք, և կայսրի տուրքն էլ տվեք կայսրին, քանի որ նրա պատկերն է դրամի վրա: Սադուկեցիները, որոնց մոտեցել էին Հիսուս Քրիստոսին, իրենց տարօրինակ հարցով, հիմնականում քահանաներ էին, որոնք Հնգամատյանից բացի ուրիշ բան չէին ընդունում, հատկապես մեռելների հարությունը և հետմահու կյանքի գոյութոյունը: Հավատում էին, որ իրեց կատարած զոհերի շնորհիվ կազատվեն իրենց մեղքերից և որևէ խոստում չկա մահից հետո: Տէր Հիսուս Քրիստոս գիտեր նրանց միտումը և առավել գիտեր նրանց խստասրտությունը, և պատրաստ էր պատասխանել նրանց ամեն մի ծաղրական և անմիտ հարցի: Հարցն այն մասին էր, որ Մովսեսի օրենքում գրված է, որ եթե եղբայրներից մեկը մեռնի, կին թողնի և ժառանգ չթողնի, մյուս եղբայրը կարող է ամուսնանալ այս այրու հետ, որպեսզի եղբոր ժառանգությունը չկորի: Սադուկեցիները իրականում ծաղրի էին վերածել այդ օրենքը՝ հատկապես հարության գաղափարը ծաղրելու համար: Չէին հավատում Հարությանը, և հարցնում են, թե եղբայրներից ո՞ւմ կինը կլինի հարության ժամանակ:
Սիրելիներ մի կարևոր հանգամանք կա, որի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել: Հիսուս Քրիստոս երբ տեսնում էր, որ իրեն մոտեցողը, կամ հարց տվողը կեղծավորությամբ է դա անում, և նպատակն ազնիվ չէ, այլևս հաշվի չէր առնում, թե ո՞վ է իր դիմաց կանգնած, Պիղատո՞սն է, քահանայապե՞տն, թե՞ Հերովդեսն է: Տալիս էր շիտակ պատասխան, կոշտ ու առանց երկմտության: Իսկ իրեն դիմող՝ ազնիվ հարցերին տալիս էր բացատրական պատասխաններ, որոնցից մարդիկ հիացած էին մնում: Տեսեք, թե ի՞նչ է ասում սադուկեցիներին, որոնք իրենց Հնգամատյանի գիտակ էին համարում. «Հէնց դրա համար չէ՞,- ասում է տերը, որ մոլորուած էք. քանի որ չգիտէք Գրքերը եւ ոչ էլ՝ Աստծոյ զօրութիւնը». Որովհետև Աստված Տերն է Տիեզերքի և դուք չե՞ք կարդացել, որ գրված է.- Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստավածը: Իսկ Աստված մեռելների Աստվածը չէ այլ՝ ողջերի: Դրա համար դուք մոլորության մեջ եք, և չեք ուզում դուրս գալ ձեր անմիտ հարցեր և կասկածների պատճառով: Այս պատասխանը շատ դուր եկավ ներկա գտնվող մի օրենսգետի, որը հիացած լինելով Հիսուս Քրիստոսի հստակ պատասխաններից, ոգևորված մի հարց էլ ինքը տվեց,թե՝ «Ո՞ր պատուիրանն է առաջինը»:
Եւ Յիսուս ասաց նրան. «Ամէնից առաջինն է. “Լսի՛ր, Իսրայէ՛լ, մեր Տէր Աստուածը միակ Տէրն է. եւ դու պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով եւ քո ամբողջ զօրութեամբ”. սա է առաջին պատուիրանը:
Եւ երկրորդը նման է սրան. “Դու պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պէս”. չկայ ուրիշ պատուիրան աւելի մեծ, քան սրանք»:
Եւ օրէնսգէտը նրան ասաց. «Լաւ է, Վարդապե՛տ, ճշմարտութեամբ ասացիր, թէ Աստուած մէկ է, եւ բացի նրանից ուրիշ Աստուած չկայ. եւ նրան ամբողջ սրտով, ամբողջ զօրութեամբ, ամբողջ մտքով սիրելը, ինչպէս եւ ընկերոջն իր անձի պէս սիրելը առաւել է, քան ողջակէզները եւ զոհերը»: Եւ Յիսուս, տեսնելով, որ նա իմաստութեամբ պատասխան տուեց, նրան ասաց. «Հեռու չես Աստծոյ արքայութիւնից»: Եւ այլեւս ոչ ոք չէր համարձակւում նրան բան հարցնել:
Սադուկեցիները ամոթահար եղան այդտեղ, օրենսգետը հիացավ Հիսուսի պատասխանից, աշակերտները լուռ դասեր էին սովորում տեղի ունեցող հանդիպումներից, իսկ ժողովուրդը, որ նման էր ոչխարների, որոնք հովիվ չունեն, ուրախանում էին իրենց Վարդապետի իմաստությամբ, զորությամբ և քաջությամբ: Իրականում Մովսեսը Աստծուց երկու քարե տախտակների վրա գրված պատվիրաններ էր ստացել: Առաջինը՝ մարդ- Աստված հարաբերություններին էր վերաբերում, իսկ երկրորդը՝ մարդ- մարդ հարաբերություններին: Արդեն հստակ է, որ երբ մարդը Աստծու հետ շիտակ հարաբերությունների մեջ է, մարդու հետ էլ կլինի շիտակ հարաբերությունններում: Դրա համար գլխավորը առաջին երկու պատվիրաններն են: Այսինքն՝ շատ բարդ չէ հարցը, ընդամենը երեքն են ուղղությունները՝ մենք, Աստված և մեր մերձավորը:
Իսկ մենք ի՞նչ հարց կտայինք Տէր Հիսւոս Քրիստոսի, երբ այս բոլոր բաների մասին արդեն երկու հազար տարի է լուր ունենք:
Ո՞րն է մեզ համար այսօր գլխավոր պատվիրանը, մեր կյանքը ուրախ և խաղաղ ապրելու համար:
Ինչպիսի՞ն են մեր հարաբերությունները Աստծու և մեր մերձավորի հետ: Այս և նմանատիպ հարցեր կարող եք դուք տալ ձեզ ողջ օրվա ընթացքում, որպեսզի և ձեր միտքը մաքուր մնա և պատասխանի վրա մտածեք: Մեր մտքի վրա մենք իշխանություն չունենք, ամեն լավ ու վատ բան կարող է մեր մտքում ծագել, սակայն դրանց ընթացք տալու բացարձակ իշխանությունը մեր ձեռքում է:
Մնացեք սիրով և խաղաղությամբ: Այս երկու անկողոպտելի գանձերի կրողը եղեք ձեր կյանքում Տիրոջ ողորմությամբ, օրհնությամբ և օգնությամբ: Կհանդիպենք վաղը՝ Հանապազօրյա Հաց Հաղորդաշարի ուղիղ եթերում:
Աղօթենք միասին
Աղոթք հոգևոր հովիվների.
Տե՛ր Աստված մեր, մեր հոգեւոր հովիվներին եւ առաջնորդներին քոյաշունչ իմաստությունը եւ քոյապատվեր հեզությունն ու խոնարհությունը տո՛ւր, որպեսզի կամքիդ համաձայն Քո հոտը հովվելով, Հովվապետիդ երեւալու ժամանակ համարձակությամբ կարողանան ասել՝ ահա ես եւ իմ հավատացյալները, եւ Քեզանից փառքի պսակը ընդունել: Նրանց զորությամբ եւ արիությամբ սպառազինի՛ր, որպեսզի կարողանան դիմակայել ոչխարամորթ գայլերին եւ մեր եկեղեցիների ու հավատքի ապականիչներին: Մեր քահանաներին զգաստություն եւ մաքրություն տո՛ւր, որպեսզի կարողանան արժանապես ծառայել Քո սուրբ խորհրդին եւ լինել համարձակ միջնորդ Աստծուդ եւ ժողովրդի՝ նրանց աղոթքը մատուցելու Քեզ եւ Քո ողորմությունն իջեցնելու նրանց մոտ, որոնք էլ Քո կամքի համաձայն շահելով Քո տված մնասը՝ Քեզանից բազմապատիկն առնեն:
Տե՛ր, սարկավագներին, դպիրներին, մեր եկեղեցիների ողջ հավատացյալներին պարկեշտություն եւ ուսման սեր պարգեւի՛ր, որպեսզի յուրաքանչյուրը, ինչ կոչման կանչված է, նրանում անարատ մնա, արժանապես ծառայի Քո Սուրբ Եկեղեցուն եւ Քո կողմից կոչվի բարի, ազնիվ եւ հավատարիմ ծառա:
Տե՛ր, Քո փառքի եւ հաճույքի համար ընդունի՛ր աշխատավորների արդյունքը եւ Քո Սուրբ Եկեղեցուն տրվող նվերները, եւ նրանց փոխարենը ըստ հոգու եւ ըստ մարմնի բազմապատիկը տո՛ւր եւ արժանի՛ արա այն երանությանը, որ ողորմածներն են ժառանգում:
Սիմեոն Երեվանցի կաթողիկոս.