ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 9.35-10.1
35 Եւ Յիսուս շրջում էր բոլոր քաղաքներում եւ գիւղերում, ուսուցանում նրանց ժողովարաններում, քարոզում արքայութեան աւետարանը եւ բժշկում էր ժողովրդի բոլոր ախտերն ու հիւանդութիւնները: 36 Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ Յիսուս գթաց նրանց, որովհետեւ յոգնած էին եւ ցրուած, ինչպէս ոչխարներ, որոնք հովիւ չունեն: 37 Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ: 38 Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար»:
10 1 Եւ նա, իր մօտ կանչելով իր տասներկու աշակերտներին, նրանց իշխանութիւն տուեց պիղծ դեւերի վրայ՝ հանելու դրանք եւ բժշկելու ամէն ցաւ եւ ամէն հիւանդութիւն:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հայրենակիցներ. Գոհություն Աստծուն, որ մենք դարձյալ միասին ենք, և բոլորս միասին Աստծու խոսքի շուրջ ենք համախմբված: Այնպես, ինչպես ժողովուրդն էր հավաքվում, երբ Տէր Հիսուսն իր աշակերտների հետ դուր էր գալիս շրջագայության: Իններորդ գլխի առաջին համարներում ավետարանիչը նկարագրում է, թե ինչպես Հիսուս ճանապարհով անցնելիս տեսավ Մատթևոս անունով մի մաքսավորի՝ իր աշխատավայրում, և ասաց,- արի իմ հետևից: Նա վեր կացավ անմիջապես և հետևեց նրան և նրանք բոլորը միասին հայտնվեցին Մատթևոս մաքսավորի տանը՝ ճաշի սեղանի շուրջ: Այս երևույթը չվրիպեց փարիսեցիների աչքից և Հիսուսի աշակերտների միջոցով լուր հասցրին, որ իրենց Վարդապետը մեղավորների հետ է նստել ճաշի: Տեր Հիսուսի կատարած ամեն արարք մեկին խրատ ուներ տալու: Նրան ճաշկերույթը հետաքրքիր չէր, բայց դրանով շահեց մաքսավորին և դարցրեց Մատթևոս ավետարանիչ: Ինքը գիտեր, որ փարիսեցիների համար այդ արարքը գայթակղություն է, բայց փարիսեցիներին էլ իրենց հասանելիք դասը տվեց, ասելով, - ես ձեզ համար չեմ եկել, որ մեղավոր եք, բայց արդար եք կարծում ձեզ, ես եկել եմ այն մեղավորների համար, որոնք մեղավոր են և հանձն են առնում, որ մեղավոր են: Եթե դուք առողջ եք, ապա ինչո՞ւ եք բժշկին հետապնդում, թող հիվանդները գան և բժշկվեն: Սա մեծ հարված էր փարիսեցիների համար, քանի որ հանրության աչքի առջև մերկացնում էր նրանց ամենուր: Հիսուս Քրիստոս ամեն անգամ քաղաքներն ու գյուղերը շրջելուց տեսնում էր ժողովրդին, որը կարիք ուներ հոգևոր և մարմնավոր բժշկության: ժողովուրդը անխնամ էր ամեն առումով, հոգնած էին, ցրված էին, և ինչպես Ինքն է նկարագրում, ժողովուրդը նման էր ոչխարների, որոնք հովիվ չունեին: Այս վիճակը տեսնելուց հետո աշակերտներին ասաց,- Հունձն առատ է, իսկ մշակները սակավ: Ասում է աղաչեք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի Իր հնձի համար:
Կարծես Տէր Հիսուս ուզում էր աշակերտներին ասել, որ ժամանակը կարճ է, անելիքը շատ է, գործ անողները շատ քիչ են, պարգևը շատ մեծ է լինելու և Տէրը շտապում է, որ այս բոլոր շուտ կատարվի: Առանց Տիրոջ կամքի մշակներ չեն լինում: Առանց աղոթքի ու խնդրանքի մշակներ չեն հանվում հնձի համար: Աստված Մովսեսին ընտրեց որպես հովիվ, նրա մեջ նկատելով հովվին հատուկ մի կարևոր հատկություն՝ հոտին պաշտպանելու նախանձախնդրությունը: Ժողովրդի համար նույնիսկ սակարկում էր Աստծու հետ, ասելով եթե չես ներում նրանց, իմ անունն էլ ջնջի կենաց գրքից:
Տէր Հիսուս ողջ Իսրայելից ընտրեց տասներկուսին, այնուհետև յոթանասուներկուսին, մի՞թե Իսրայելում չկար բավարար քանակությամբ արժանավորներ, որ Տէրը չընտրեց: Հովիվը հատուկ առաքելություն ունի, պատահական մարդ չի կարող հովիվ լինել: Երբեմն զարմանալի է, որ մեր օրերում այդքան հեշտությամբ են դառնում հովիվ:
Ավետարանիչը ասում է, Հիսուս կանչեց իր աշակերտներին և նրանց իշխանություն տվեց բժշկելու ամեն ցավ ու հիվանդություն, և պատվիրեց հեթանոսների շրջաններով չանցնել և առաջին հերթին այցելել Իսրայելի կորուսյալ ոչխարների մոտ: Մենք Տէր Հիսուսի նկարագրությունից կարող ենք հասկանալ, որ առանց հովիվ հոտը համարվում է կորուսյալ ոչխար, որովհետև տեղյակ չեն Աստծո խոսքից, և տեղյակ չեն նաև Երկնքի արքայությունից, որ մոտեցել է իրենց: Մարդկանց իրազեկելու այս ծանր պարտականությունը դրված է հովիվների ուսին: Ինչպես այն ժամանակ շատերը չեն կամեցել լսել Աստծու խոսքը, կռապաշտության պատճառով, նույնպես և հիմա է, մեր օրերում հետաքրքրությունը սառած Աստծո խոսքի նկատմամբ: Սա առանձին թեմա է, որի մասին կարելի է հանգամանորեն խոսել, վերլուծելով՝ գտնել պատճառները: Միայն հովիվները չեն, որ մեղավոր են, և միայն հոտը չէ, որ անտարբեր է: Այս բացը երկկողմանի է, որի լուծումը կախված է օդում առայժմ: Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է. «...սերմը, ընկնելով միևնոյն հողի մէջ, մի տարի հարուստ բերք է տալիս, յաջորդ տարին` պատժւում կարկուտով, անձրեւով եւ մորեխով, եւ աղէտները շատանում են, բայց մենք չենք արթնանում. եւ չենք գիտակցում, որ եթէ մարդը կարող է պահանջել իր պարտքը, ապա առաւել եւս Աստուած կարող է իր պարտքը չթողնել մեզ։ Քանզի, երբ մենք կամովին չյանձնենք, ապա տասանորդի Իր բաժինը մեզնից ակամայ կը վերցնի դժբախտութիւնների միջոցով` երաշտով, կարկուտով, կամ էլ` աւազակների ու թալանչիների միջոցով»:
Առաքյալները կանչվեցին մարդկանց ապաշխարության հրավիրելու, և հետագայում հովիվները կանչվեցին նույն նպատակով:
Բայց մենք շատ հաճախ ենք լսում, որ մարդիկ բողոքում են մեղքի մասին քարոզներից, պատճառաբանելով, որ դա մարդկանց մեջ թերարժեքության բարդույթ է առաջացնում, ավելի լավ է դուք խոսեք Քրիստոսի սիրո և ողորմության մասին: Սովորաբար մարդիկ չեն ուզում լսել և խոսել իրենց սեփական մեղքի մասին, մոռանալով, որ Հիսուս Քրիստոս ինքը առաջինը ապաշխարություն քարոզեց, աշակերտներին պատվիրեց նույնը անել: Սա ավետարանական պատգամ է: Նույնիսկ Ավետարանի շատ առակներ են այդ մասին ակնարկում; Անառակ որդու առակի մեջ երկու եղբայրներից ո՞րը ուրախությամբ դիմավորվեց հոր կողմից: Նա՞, որ հագել էր ինքնաբարեպաշտության հագուստ, թե՞ նա, որը ցնցոտիներով էր, բայց ընդունեց իր հանցանքն ու մեղքերը:
Իհարկե դժվար է և ցավոտ տեսնել ու շտկել սեփական մեղքը, բայց այդ ճանապարհի վրա է որ մենք կարող ենք տեսնել մեզ բուժելու ընդունակ Աստծո սերը:
Տէր Հիսուս տասներկուսին իշխանություն տալուց հետո, պայման դրեց նրանց առջև՝ քարոզություից առաջ, ասելով,- ձրի առաք, ձրի էլ տվեք: Այսինքն Աստծու խոսքը անգին է, և դուք չեք կարող այն մարդկանց դրամով տալ: Բայց նույն պահին էլ ասում է, մշակը արժանի է իր վարձին: Եթե առաջին պատգամը բացառապես վերաբերում է մշակին, երկրորդ պատգամը անպայմանորեն վերաբերվում է հոտին: Հոտը պետք է հոգա իր հովվի մարմնավոր կարիքները, որովհետև հովիվը պետք է հոգա հոտի հոգևոր կարիքները: Այս կապը այնքան սերտ և նվիրական պետք է լինի, որ կողմերից ոչ մեկը մյուսին չհիշեցնի իր պարտականության մասին: Հովիվը չի կարող անվարձ մնալ այնպես, ինչպես հոտը չի կարող մնալ առանց Աստծու խոսքի մեկնաբանության:
Հրեական տաճարում ակնառու անկարգություններ տեսնելուց հետո, Տիրոջ աչքին հաճելի թվաց այրի կնոջ լուման, որ գցեց գանձանակի մեջ: Տէրը դրանում սեր տեսավ և օգտագործեց նրա օրինակը, որ սովորեցնի լսողներին զոհաբերության գաղտնիքը:
Հին ուխտում քահանան ժողովրդի կողմից Աստծուն զոհեր մատուցող սպասավորն էր: Քահանայության հիմնական խորհուրդը զոհաբերությամբ կատարվող քավությունն էր և Աստծո ու մարդկանց միջև հաստատվող հաշտությունը: Սակայն հին ուխտի բոլոր զոհաբերությունները քավություն էին շնորհում միայն այն պատճառով, որ նախօրինակն էին Քրիստոսի ինքնազոհաբերման: Ուստի քահանայության իսկությունը կայացրեց Քրիստոս, որ գալով աշխարհ՝ մեկընդմիշտ իբրև պատարագ մատուցվեց մեր մեղքերի քավության համար՝ կատարելով Իր մասին ասված մարգարեությունը. «Դու հավիտյան քահանա ես՝ ըստ Մելքիսեդեկի կարգի»:
Քրիստոս Իր քահանայությունն իրագործում է Եկեղեցու նվիրապետության միջոցով, որի հիմնական պաշտոնյան քահանան է: Ի տարբերություն հին ուխտի քահանայի՝ նոր ուխտի քահանան ոչ թե Փրկչի խորհրդանիշը հանդիսացող զոհեր է մատուցում, այլ շնորհով ներկայացնում է հենց Իրեն՝ Քրիստոսին, որ հանապազ պատարագվում է մեզ համար:
Քահանան պարտավոր է հովվել իրեն վստահված ծուխը, այսինքն՝ հոգալ հավատացյալների հոգևոր կրթության և դաստիարակության համար, ծանուցել աստվածպաշտության կարգերը, իրականացնել մկրտության, դրոշմի, ապաշխարության, հաղորդության, պսակի և հիվանդաց կարգի խորհուրդները, կատարել ժամերգություններ և պատարագ մատուցել:
Հավատացյալ հոտը պարտավոր է ակտիվորեն մասնակցել եկեղեցում կատարվող ընդհանրական աղոթքներին, և իր աղոթքով համալրել եկեղեցու անդամների շարքը: Մեր եկեղեցում յուրաքանչյուրն իր պարտականությունն ունի իր առաքելության մեջ՝ ինչպես հոգևորականը, այնպես էլ հավատացյալը: Մնացեք սիրով՝ յուրաքանչյուրս մեր պարտականության մեջ լինենք հոգատար, մեր կոչման մեջ՝ նվիրված, մեր առաքելության մեջ՝ ջանասեր: Կհանդիպենք վաղը՝ ուղիղ եթերում.
Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով: Աստծու խաղաղությունը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը և մտածումները Քրիստոս Հիսուսով։
Աղօթենք միասին
Խաղաղական ժամերգությունից
Տէ՛ր բարերար, որ մեծաւ գթութեամբ Քով պատրաստեցեր զյաւիտենական հանգիստն առաքինութեամբ աշխատելոցն եւ կոչեցեր առ Քեզ քաղցր ձայնիւ զծանրաբեռնեալսն եւ զտաժանեալսն մեղօք՝ հանգիստ նոցա խոստանալով, շնորհեա՛ եւ մեզ, Տէ՛ր, անխռով խաղաղութեամբ զգիշերս անցուցանել եւ ի ծանրութենէ մեղաց զաշխատեալքս ապահովեա՛ ողորմութեամբ Քով. եւ արժանաւորեա՛ մշտնջենաւոր հանգստեանն ընդ ամենայն սուրբս Քո: Եւ գոհանալով փառաւորեսցուք զՔեզ ընդ Հօր եւ Ամենասուրբ Հոգւոյդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Պարգեւատո՛ւ բարեաց եւ աղբի՛ւր խաղաղութեան, Տէր Աստուա՛ծ մեր, յամենայն սատանայական խռովութեանց խաղաղացո՛ զմիտս մեր եւ զխորհուրդս ի գիշերիս յայսմիկ եւ յամենայն ժամանակի. որպէս զի առաջնորդեալք յանցաւոր կենցաղոյս՝ ժամանեսցուք յաւիտենական երկնից արքայութեան Քո, զոր պատրաստեցեր ի սկզբանէ աշխարհի սրբոց Քոց: Եւ ընդ նոսին գոհանալով՝ փառաւորեսցուք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: