ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 12.1-12
1 Եւ սկսեց նրանց հետ առակներով խօսել ու ասել. «Մի մարդ այգի տնկեց եւ նրա շուրջը ցանկապատ քաշեց, հնձանի փոս փորեց եւ աշտարակ շինեց. եւ այն յանձնեց մշակներին ու գնաց ուրիշ երկիր: 2 Երբ ժամանակը հասաւ, մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որ այդ մշակներից վերցնի այգու պտղից: 3 Եւ մշակները, նրան բռնելով, ծեծեցին ու ձեռնունայն արձակեցին: 4 Դարձեալ նա մի ուրիշ ծառայ ուղարկեց, եւ նրա էլ գլխին հարուածեցին եւ անարգելով արձակեցին: 5 Եւ վերստին մէկ ուրիշին ուղարկեց. սրան էլ սպանեցին. եւ ուրիշ շատերին ուղարկեց. ոմանց ծեծում էին, ոմանց՝ սպանում: 6 Դեռեւս նա մի սիրելի որդի ունէր. վերջում նրան ուղարկեց նրանց մօտ՝ ասելով. «Թերեւս իմ այս որդուց ամաչեն»: 7 Իսկ մշակները, երբ տեսան, որ նա գալիս է, իրար ասացին. «Ժառանգը սա է. եկէք սպանենք սրան, եւ ժառանգութիւնը մերը թող լինի»: 8 Եւ բռնելով նրան՝ սպանեցին ու հանեցին գցեցին այգուց դուրս: 9 Արդ, այգու տէրն ի՞նչ կանի. կգայ եւ կսպանի մշակներին ու այգին ուրիշների ձեռքը կյանձնի: 10 Դուք չէ՞ք կարդացել Գրքի այն խօսքը, թէ՝ «Այն քարը, որ կառուցողներն անարգեցին, նա եղաւ անկիւնաքար»: 11 Տիրոջ կողմից եղաւ այս, եւ մեր աչքին սքանչելի է»: 12 Եւ նրանք միջոց էին փնտրում նրան ձերբակալելու, բայց ժողովրդից վախեցան, որովհետեւ հասկացան, որ նա առակը իրենց մասին ասաց: Եւ թողեցին նրան ու գնացին:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, մեր մեծ ընտանիքի սիրելի հավատացյալներ. Փորձության ժամին մենք առավել միաբան պետք է լինենք աղոթքով, որպեսզի կարողանանք մխիթարել միմյանց: Այս պատերազմական ծանր օրերին մեծ մխիթարություն էր, երբ համայն հայությունը ոտքի կանգնեց աշխարհի տարբեր ծայրերից և իր զորակցությունը հայտնեց մեզ: Աստված կամենա, որ միշտ այսպես լինի:
Մեծ առումով մենք բոլորս Աստծու այգու մշակներն ենք, իրավունք չունենք չար լինելու, ինչպես որ այսօրվա առակի մշակները:
Առակը սկսվում է այգու մանրամասն նկարագրությամբ, թե՝ ինչպես մի մարդ իր այգին ցանկապատում է, հնձանի փոս է փորում, (հնձանը այս փոսն է, որի մեջ լցվում է պատրաստի գինին): Իսկ աշտարակը, որի մասին կարդում ենք, մեր իմացած աշտարակը չէ, այլ երբ այգի են տնկում, այգու հարակից տարածքում կառուցում են մի օժանդակ շինություն, որտեղ պետք է ապրեն այգու մշակները և պահակները և մնացած ծառայողները:
Ըստ մեկնաբանների պատմական փաստերի, վաղ ժամանակներում այգիները վարձով տալը շատ ընդունված սովորություն էր: Վարձով էին տալիս նաև պտղատու ծառերի այգիները: Բայց մեր առակի այգին խաղողի այգի էր, որի տերը ամեն ինչ նախապատրաստելուց հետո, հանձնեց մշակներին և գնաց ուրիշ երկիր: Այգին նույնպես ժամանակ ունի պտուղ տալու, և այգու տերը ուղարկում է ծառաներին, և ինչպես որ կարդացինք, բոլորին էլ սպանում են, որպեսզի բերքը մնա իրենց:
Մենք արդեն գիտենք, որ առակները կարդալիս շատ տարբեր հարցեր են ծագում, և մեկնաբանություններն էլ կարող են լինել տարբեր, և երբեմն իրարամերժ: Առաջին հարցը, որ ծագում է, այն է, թե արդյո՞ք այդքան մշակների մեջ չգտնվեց մի ազնիվ մշակ, որը արգելեր այդ սպանությունները: Փաստորեն չկար և բոլորն էլ չար գտնվեցին և հանցավոր համաձայնության եկան միմյանց հետ հանուն շահի՝ սպանել անմեղ արդկանց, որոնք եկեել են իրենց բերքի արդյունքը ստանալու: Այգին կարգավորված էր, աշխատավարձերը տրված էր, ինչո՞ւ այդպես վարվեցին:
Եթե մեզնից մեկը մտքում կմեղադրի չար մշակներին, թող ստուգի, թե՝ իր այգում ի՞նչ վիճակ է այսօր...որովհետև մի օր էլ իր այգու պտուղն են պահանջելու իրենից:
Տերը վերջում ուղարկում է իր սիրելի որդուն, կարծելով, որ որդուց կամաչեն, և այգու պտուղը որդուն կտան: Սակայն որդուն՝ որպես ժառանգորդ դարձյալ սպանեցին՝ որպեսզի տիրանան նրա ժառանգությանը: Այստեղ ևս հարց է առաջանում. Մի՞թե այդքան կարևոր էր այդ պտուղը, կամ այդ գինին, որ տերը սիրելի որդուն ուղարկեց, իմանալով, որ նախորդներին սպանել են: Կամ որքքա՞ն էր կուրացրել եկեմուտը այգու չար մշակների աչքերը, որ չմտածեցին, եթե հանկարծ տերը գա, ի՞նչ են անելու: Առակի մեկնաբանների մի մասը ասում են, որ այգին խորհրդանշում է Իսրայելը, որը Աստված հանձնել էր քահանայապետներին, փարիսեցիներին և օրենքի ուսուցիչներին, որոնք պտուղ չտվեցին, և նրանցից կվերցվի և կտրվի ուրիշ մարդկանց; Այսինքն՝ Իսրայելը այլևս չի կարող համարվել ընտրյալ ազգ՝ Տիրոջ Գալուստին: Հեշտ է այսպես մտածել, որ անեծքը Իսրայելի ժողովրդի վրա է, այնքան ժամանակ, մինչև որ կարդանք վերջի տողերը, երբ Հիսուս ասում է,- Դուք չէ՞ք կարդացել Գրքի այն խօսքը, թէ՝ «Այն քարը, որ կառուցողներն անարգեցին, նա եղաւ անկիւնաքար», այս տողերը վերցված է 117 սաղմոսից. Սաղմոսում ասվում է, որ գոհություն եմ հայտնում քեզ, Տէր, որ լսեցիր ինձ և ինձ համար փրկություն եղար և արհամարհված քարը գործածեցիր շինարարության մեջ որպես անկյունաքար, որը ամուր կապում և հաստատուն է պահում ողջ շինությունը: Այս դեպքում եթե անեծքը հրեաներին է, ուրեմն ինչպե՞ս Հիսուս նստած իր աշակերտների մեջ, որոնք նույնպես հրեա էին, կարող էր ուրախանալ այսպիսի վախճանի վրա: Ինչպե՞ս կարող էր անիծել, երբ ասաց,- ես եկել եմ Իսրայելի կորած ոչխարների համար: Կամ երբ ասաց վայել չէ մանուկների հացն առնել և շներին տալ: Երբ Ինքը պատրաստ էր իր կյանքը տալ Իսրայելի համար:
Շատ հետաքրքրական է այգու Տիրոջ վերաբերմունքը, որն անպայման ուզում է ստանալ բերքը, նույնիսկ համարձակվելով իր որդու կյանքը վտանգի տակ դնելով: Արտասովոր երևույթ է այս առակը, իր բոլոր մեկնաբանություններով;
Ուրիշ մեկնաբաններ ասում են, որ առակի պատմությունը նման է Հովսեփի կյանքի պատմությանը, երբ Հայր Հակոբը ուղարկեց Հովսեփին՝ եղբայրներից լուր իմանալու և եղբայրները որոշեցին սպանել նրան: Հովսեփի և Տէր Հիսուսի միջև շատ նմանություներ են արձանագրված մեկնություններում: Հովսեփի եղբայրները շատ երկար ժամանակ մտածում էին որ Հովսեփը արդեն չկա, բայց Աստված Հովսեփի կյանքը այնպես էր նախախնամել, որ նա մեռած էր Իսրայելի համար, բայց իշխան էր հեթանոսների համար: Այս ամենը Աստված պատրաստել էր իսրայելի փրկության համար: Ուրեմն կարելի է կարծել, որ այն քարը Հովսեփն է, որի եղբայրները արհամարհեցին, իսկ Աստված նրան օգտագործեց որպես անկյունաքար Իսրայելի ժողովրդին սովից փրկելու համար:
Հրեական ակունքները այս առակը համեմատում են Հակոբի և նրա սերնդի հետ, մի ուրիշ առակ պատմելով, թե ինչպես մի թագավոր իր այգին տալիս է վարձով և մշակնեը գողանում են ողջ բերքը, թագավորը վերցնում է այգին գողերից և տալիս է նրանց զավակներին, իսկ զավակները ավելի վատն են լինում, քան հայրերը, և նույնպես գողանում են, և թագավորը վերցնում է նաև սրանց ձեռքից տալիս է արդեն թոռներին, թոռները նույնպես գողանում են: Վերջապես թագավորը ուղարկում է իր միակ որդուն, որը գալով դուրս է հանում բոլորին իր այգուց և ասում է, որ ես կմշակեմ իմ այգին այսուհետ:
Առակը մեզ լայն հնարավորություն է տալիս վերլուծելու, բայց մի պայմանով, եթե մենք գիտենք Հին Կտակարանը: Հետևելով Աստվածաշնչի պատմական իրադարձությանը, մենք տեսնում ենք, որ Աբրահամից սկսած՝ սերունդը կատարկալ չի եղել, որովհետև Աբրահամը երկու զավակ է ունեցել, Իսմայիլը՝ աղախնուց, Իսահակը՝ որպես խոստման զավակ: Նույնը Իսահակի կյանքում է եղել, երկու զավակ՝ Եսավը և Հակոբը, և միայն Հակոբի սերունդն էր, որ կազմեց Իսրայելի ժողովուրդը: Աստված ընտրեց Հակոբին, քանի որ չէր գողացել Իր այգուց: Սրանք տրամաբանություններ են, որոնք կարող են կյանքի կոչվել միայն այն ժամանակ, երբ մենք մեզ համեմատենք այն մշակների հետ, որոնց վստահվել էր Տիրոջ Այգին: Վստահվել է նաև մեզ, մենք էլ այսօր ինչ որ չափով Տիրոջ Այգու մշակներ ենք, որ պատասխան ենք տալու մի օր՝ Երբ կանգնենք Տիրոջ առջև Դատաստանի օրը: Ինչ ենք մենք մեր օրինակով փոխանցում մեր զավակներին, և մեր զավակները ինչ են փոխանցելու մեր թոռներին՝ ինչպես որ երկրորդ առակում էր պատմում, որ բոլորը գողանում էին Տիրոջ Այգուց:
Հետևաբար սիրելիներ, մեզ համար կարևոր չէ, թե Տերը ումից կվերցնի և ում կտա իր այգին, կարևոր է, որ հանկարծ մեզնից չվերցնի՝ մեր չարության պատճառով: Մեր Տերը անպայման պտուղ է ուզում ստանալ: Հիշենք մնացած բոլոր առակները և տեսնենք, որ սերմնացանի առակից սկսած, մնասների առակով վերջացրած պտուղ է փնտրում Տեր Հիսուս Քրիստոս:
Այսքան առատ սերմի պայմաններում, որ տալիս է մեզ Աստծու խոսքը, որտեղի՞ց են այսքան անպտուղ այգիներ ու հողեր:
Որովհետև, սիրելիներ, մեր խորհուրդները Աստծու հետ չեն, դրա համար էլ Աստծու զորությունը մեզ հետ չէ: Եթե ծառերն ու տունկերը չընդունեին ձմեռ ու անձրև, չէին կարողանա պտղաբերել: Այնպես էլ մենք. Մեր կենցաղը ձմեռ է, եթե հանձն չառնենք բազում նեղություններ, երկնքի արքայությունը այդպես էլ կմնա մեզ համար անհասանելի:
Աղօթենք միասին
Խաղաղությամբ Քո, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է ամենայն մտքից, պատսպարի՛ր մեզ ու աներկյուղ պահիր ամենայն չարից: Հավասարեցրու մեզ Քո ճշմարիտ երկրպագուներին, որ հոգով ու ճշմարտությամբ Քեզ են երկրպագում: Քանզի ամենասուրբ Երրորդությանդ վայել է փառք ու պատիվ, այժմ ևհավիտյաններում: Տե՛ր Աստված՝գթության և փրկության, ողորմության և քավության, նորոգության, բժշկության և առողջության, լուսավորության և կենդանության, հարության և անմահության, որ մերձ ես համայն արարածների հեծություններին, ինձ էլ հիշի՛ր, երբ գաս Քո արքայությամբ: ԱՄԵՆ: