ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 12.32-40
Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հօտ, որովհետեւ ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայութիւնը: 33 Վաճառեցէ՛ք ձեր ինչքերը եւ ողորմութիւն տուէք. եւ ձեզ համար շինեցէ՛ք չհնացող քսակներ եւ անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մօտենում, եւ ո՛չ ցեցը՝ փչացնում. 34 որովհետեւ ուր որ ձեր գանձն է, այնտեղ եւ ձեր սրտերը կլինեն: 35 Թող ձեր գօտիները մէջքներիդ պնդուած լինեն, եւ ճրագներդ՝ վառուած: 36 Եւ դուք նմանուեցէ՛ք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թէ երբ կվերադառնայ հարսանիքից, որպէսզի երբ գայ եւ բախի դուռը, իսկոյն բաց անեն: 37 Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տէրը, երբ գայ: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գօտի կկապի մէջքին, սեղան կնստեցնի նրանց եւ կանցնի նրանց սպասարկելու: 38 Եւ եթէ տէրը գայ կէսգիշերին եւ կամ աւելի ուշ եւ գտնի նրանց այդպէս, երանելի են այդ ծառաները: 39 Բայց այն էլ իմացէք, որ եթէ տանտէրը գիտենար, թէ որ ժամին գող կգայ, թոյլ չէր տայ, որ իր տունը կտրեն: 40 Դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասի, կգայ մարդու Որդին»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, որ գտնվում եք աշխարհի բոլոր ծայրերում:
Այսօրվա Ավետարանի բնաբանը՝ «Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հօտ», թող հասանելի լինի համայն հայությանը՝ յուրաքանչյուրին իր բնակավայրում՝ որպես Տիրոջ կողմից հաստատված մի փոքրիկ հոտ:
Ավետարաններում մենք շատ ենք հանդիպում այս արտահայտությանը՝ «Մի՛ վախեցիր»: Մենք էլ շատ հաճախ գործածում ենք մեր երեխաներին քաջալերելու համար: Երբեմն նույնիսկ միմյանց ենք ասում, մի վախեցիր: Բայց ասում ենք այն ժամանակ, երբ մենք վստահ ենք, որ չվախենալը պայման ունի և մենք այդ պայմանը արդեն ապահովել ենք մեր երեխայի համար: Կամ ասում ենք մի վախեցիր, երբ մենք կանգնած ենք երեխայի կողքին: Այսինքն մի երաշխավորող բան կա, որ երեխան կարող է չվախենալ: Երբ փոքրերին հարկադրված երբեմն թողնում ենք տանը մենակ, անպայման զգուշացնում ենք, որ դուռը անծանոթին չբացի, և վտանգավոր բաների ձեռք չտա, որպեսզի մենակ եղած ժամանակ չվախենա: Ապահովում ենք պայմանը, հետո ասում ենք, մի վախեցիր:
Իսկ ի՞նչ պայման ունի Հիսուս Քրիստոսի տված պատվիրանը՝ չվախենալու վերաբերյալ: Պատվիրանը կա, բայց մենք դարձյալ վախենում ենք ամեն ինչից՝ հիմնականում ֆինանսական կարողությունները կորցնելուց: Իսկ մեր Տէր Հիսուս Քրիստոս ասում է վաճառեցեք ձեր հարստությունը և ողորմությանուն տվեք: Եթե այսօր մեծահարուստ մեկին խորհուրդ տանք, որ իր բանկի հաշիվը զրոյացնի և բաժանի կարիքավոր մարդկանց և այլևս չվախենա, որ մի օր հանկարծ բանկը սնանկ կճանաչվի և ինքը կզրկվի իր հարստությունից: Արդյո՞ք այս մարդը մեզ ճիշտ կհասկանա, կամ արդյո՞ք կհետևի մեր խորհրդին; Անշուշտ ո՛չ: Նույնիսկ կարող է ծիծաղել մեր միամտության վրա: Մեծահարուստ մարդը միշտ մտածում է իր ունեցածը ավելացնելու մասին, կրկնապատկելու, եռապատկելու մասին; Նրա ողջ մտածմունքը իր բիզնեսի հաջողության մասին է, որպեսզի իր հարստությունն ավելանա: Կարճ ասած մեծահարուստի սիրտը, միտքը, այդ ուղղությամբ են աշխատում: Այսպիսին չի կարող մտածել երկնքի արքայության մասին, որ Հայրը հաճեց տալ մարդկանց: Այսպիսի մարդը գուցե երբեք էլ չի կարդացել, որ գրված է, քո գանձերը երկնքում դիզիր, որ գողը չտանի, կամ ցեցը չփչացնի: Քանի որ այս մարդու սիրտը գտնվում է բանկում՝ ուր որ իր գանձերն են, հետևաբար այս մարդը այնքան ժամանակ կվախենա իր ունեցքածքը կորցնելուց, մինչև մի գեղեցիկ օր Քրիստոս կայցելի նրան այնպես, ինչպես այցելեց Զաքիոս մաքսապետին և Զաքիոսի սրտում հեղաշրջում կատարվեց այն աստիճան, որ կանգնեց Տիրոջ առջև և ասաց,- Տէր, ահա իմ ինչքերի կեսը կտամ աղքատներին, և եթե որևէ մեկին զրկել եմ, քառապատիկը կհատուցեմ: Շատ տպավորիչ է Հիսուս Քրիստոսի պատասխանը Զաքեոսին, թե՝ այսօր այս տան համար փրկություն եղավ, որովհետև մարդու Որդին եկավ փնտրելու և փրկելու կորածին: Մի՞թե Զաքիոսը այդքան հարստության մեջ իրեն կորած էր համարում մինչև Հիսուսի իր տուն գնալը:
Իհարկե ոչ: Նույնպես էլ որևէ մեծահարուստ, որը կախում ունի իր հարստությունից, իրեն կորած չի համարում, այլ հակառակը՝ իրեն ամենքից բարձր է դասում: Մինչև Աստծու խոսքը նրա սրտի մեջ հանգրվան չի գտնում Զաքիոսի պես: Շատ հարստության ձգտող մարդը արդյո՞ք սպասում է Տիրոջ գալուն: Կասկածելի է:
Հարկավ Տիրոջ խոսքը միայն հարուստներին չի վերաբերում, այլ բոլոր նրանց, որոնք պատրաստ կլինեն Տիրոջ Գալստյանը: Իսկ Տիրոջ գալուստը ոչ ոքի հայտնի չէ, ինչպես որ գողի տուն մտնելը տան տիրոջը հայտնի չէ: Երբեք պայման չէ, որ հարուստները անպատրաստ են լինելու, իսկ աղքատները պատրաստ: Ուղղակի հարուստների մասին առակները շատ են Ավետարանում, այն առումով որ մարդկային տկարության պատճառով հարուստը չի կարողանում բաժանվել իր ունեցածից հեշտությամբ, իսկ հարստությունը նրան խանգարում է ժուժկալ ապրել, նեղ դռնով մտնել, գանձերը երկնքում դիզել: Նաև որևէ կարիքավոր չի կարող վստահ լինել, թե նույն հարստությունը եթե իրեն տային, ինքը ինչպես կվարվեր: Այստեղ հավասարակշռությունը կարող է պահպանվել միայն Աստծո խոսքի գիտությամբ, մերձավորին սիրելու գիտակցությամբ և հարստության նկատմամբ կախում չունենալու կամքով: Ժողովրդական մի իմաստուն միտք կա, որ մեկին հարցնում են, թե մեծ հարստություն ունենալու դեպքում ի՞նչ կանես այդ գումարը, մարդը պատասխանում է,- ի՞նչ իմանամ, թե այդ ժամանակ ինչ կկատարվի ինձ հետ, ու ես ինչ կլինեմ...
Բոլոր պատգամները, որ տալիս է մեր Տերը, նաև զգուշացնում է, որ ստուգելու ժամանակը ոչ ոք չգիտե, այլ դուք պատրաստ եղեք, որովհետև այն ժամին, երբ չեք սպասի, կգա մարդու Որդին:
Այս բաների մասին, որ լսեցին աշակերտները, Պետրոսը զարմացաց հարցրեց Վարդապետին,- Տէր մե՞զ համար ասացիր այս առակը, թե բոլորի: Այստեղ էլ Հիսուս Քրիստոս մտածելու տեղիք տվող պատասխան տվեց աշակերտներին և առավելապես՝ մեզ, ասելով,- Երանի է այն ծառային, որին իր Տերը երբ որ գա, արթուն կգտնի իր կոչման մեջ: Արդարև ասում եմ ձեզ, որ նրան իր բոլոր ինչքերի վրա վերակացու կկարգի: Իսկ եթե այդ ծառան իր մտքում մտածի, որ Տէրը ուշանում է գալ և անհոգ լինի իր ծառայության մեջ, Տէրը կգա այն օրը, երբ չէր սպասում, և նրա մեջքից երկու կտոր կանի և նրա բաժինը անհավատների հետ կդնի:
Իրապես ո՞վ է այն փոքրիկ հոտը, որի մասին Տէրն ասում է մի վախեցիր, փոքրիկ հոտ, որովհետեւ ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայութիւնը: Այս փոքրիկ հոտը ազգություն չի ճանաչում, և առհասարակ քրիստոնեությունը ազգություն չի ճանաչում: Երբ եկավ Տէրը իր յուրայինների մոտ, Նրան չընդունեցին, ուրեմն կապ չունի ազգությունը Տիրոջը ընդունելու հարցում: Փոքրիկ հոտը այն հոտն է որը միշտ պատրաստ, արթուն, իր ծառայության մեջ հավատարիմ, սպասում է Տիրոջը և երբեք չի հուսահատվում Նրա ուշանալուց, Իր խնամքի տակ գտնվող ծառաներին հոգատարությամբ է վերաբերվում ըստ Ավետարանի, քանի որ տեղյակ է Աստծու խոսքից ու պատգամից: Նաև ամեն մի անհատի է վերաբերում Տիրոջ այս խոսքը, որն իր ժամանակը նպատակային է օգտագործում իր հոգու փրկության համար:
Վարդան Այգեկցին մի խրատական առակ ունի՝ (Չզղջացող մեղավորը) վերնագրով, լսենք առակը և թող սա լինի այսօրվա մեր խորհելու թեման, ժամանակը մեր օգտին գործածելու ակնկալիքով;
Խաչատուր անունով մի ջրաղացպան հիվանդացավ, հրեշտակն եկավ հոգին առնելու։ Իսկ նա աղաչեց հրեշտակին. - Մեղավոր եմ, ապաշխարելու ժամանակ տուր։ Հրեշտակը Աստծու հրամանով նրան տասնհինգ տարի ժամանակ տվեց, ասելով. - Լա՛վ, աղոթիր ու ապաշխարիր։ Խաչատուրը, առողջանալով մտածում է. «Տասնհինգ տարին շատ է ապաշխարհելու համար. տասը ուտեմ -խմեմ, հինգն ապաշխարեմ»: Երբ տասը տարին անցավ, մտածեց «Չորսն ուտեմ, մեկն ապաշխարեմ»։ Երբ սա ևս լրացավ, ասաց. «Տասնմեկ ամիսն ուտեմ–խմեմ, մեկ ամիսը բավական է»։ Իսկ հետո ասաց. «Քսանհինգ օրն ուտեմ, հինգ օր ապաշխարեմ»։ Տասնհինգ տարի բոլորովին չապաշխարեց և մտքում ասում է. «Ինչ որ ասաց հրեշտակը, չկատարեցի։ Փախչեմ հաբեշների աշխարհը գնամ, երեսս սևացնեմ և լեզուս փոխեմ, որ երբ հրեշտակը գա՝ չճանաչի ինձ»։ Եվ հագնելով արաբ կնոջ շորեր, մրով սևացնելով երեսը, ճանապարհ էր գնում արաբ կանանց հետ։ Երբ տասն օրը լրացավ, հրեշտակն եկավ ու ասաց,- Ո՞ւր ես գնում, ջրաղացպան։ -Նա սկսեց արաբերեն խոսել, ասելով՝ Քեզ չեմ ճանաչում, ո՞վ ես դու, ի՞նչ ես ասում, պարոն: - Հրեշտակն ասում է, - Ո՜վ ողորմելի, այն ժամանակ սպիտակ երեսով չեկար արքայություն, հիմա արի սև երեսով դժոխք տանեմ քեզ: Հոգին առավ և տարավ դժոխք։
Այս երևույթը մարդկային է, ամեն օր հետաձգել մի կարևոր գործ, որ պետք է արվի, իսկ հոգու փրկության մասին առավել ևս պետք է ամեն ժամ մտածել ու չուշացնել, որովհետև ոչ ոք չգիտե, թե վաղվա առավոտը կտեսնի, թե ոչ: Թող որ մեր բոլոր կիսատ գործերը ավարտվեն օրվա ավարտի հետ և մենք աղոթքով անկողին մտնենք փառավորելով Աստծուն՝ ևս մեկ հնարավորություն խնդրենք՝ բարիք գործելու համար: Մնացեք սիրով՝ և ջանացեք օրը ավարտել՝ Աստծուն պարտք չմնալով:
Աղօթենք միասին
ԱՂՕԹՔ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՐԱԾ ՍԱՂՄՈՍՆԵՐԻՑ
Իմ խնդրանքները թող մօտենան քեզ, Տէ՛ր, քո խօսքի համաձայն իմաստո՛ւն դարձրու ինձ։
Իմ աղօթքը թող հասնի քեզ, Տէ՛ր, եւ քո խօսքով փրկի՛ր ինձ։
Իմ շրթունքները քեզ օրհնութիւն կբխեցնեն, երբ ինձ սովորեցնես քո արդարադատութիւնը։
Իմ լեզուն քո խօսքերը կարտասանի, քանզի քո բոլոր պատուիրաններն արդար են։
Քո ձեռքն իմ պահապանը թող լինի, քանզի քո պատուիրաններն ընտրեցի։
Քո շնորհելիք փրկութիւնը ցանկացայ, Տէ՛ր, եւ քո օրէնքներն իմ խօսքերն եղան։
Թող ես ապրեմ, որ օրհնեմ քեզ, եւ քո արդարադատութիւնն ինձ թող օգնի։
Մոլորուեցի կորուսեալ ոչխարի պէս, փնտռի՛ր ծառայիդ, քանզի պատուիրաններդ չեմ մոռացել։ Ամեն.