ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 6.45-56
44 Եւ նրանք, որ կերան, մօտ հինգ հազար հոգի էին: 45 Իսկոյն եւեթ Յիսուս շտապեցրեց աշակերտներին, որ նաւակ մտնեն եւ իրենից առաջ գնան հանդիպակաց կողմը՝ դէպի Բեթսայիդա, մինչեւ ինքը ժողովրդին արձակէր: 46 Եւ բաժանուելով նրանցից՝ լեռ բարձրացաւ աղօթք անելու: 47 Երբ երեկոյ եղաւ, նաւակը ծովի մէջտեղում էր, իսկ ինքը՝ ցամաքի վրայ: 48 Եւ տեսաւ նրանց, որ հողմակոծ էին լինում թիավարելիս, որովհետեւ քամին նրանց հակառակ կողմից էր. գիշերուայ ուշ ժամին նա գալիս էր նրանց մօտ՝ ծովի վրայ քայլելով, եւ ուզում էր նրանցից առաջ անցնել-գնալ: 49 Երբ նրանք տեսան, որ քայլում է ծովի վրայ, կարծեցին, թէ մի ուրուական է, եւ աղաղակ բարձրացրին, 50 որովհետեւ ամէնքը տեսան նրան եւ խռովուեցին: Եւ նա իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերուեցէ՛ք, ես եմ, մի՛ վախեցէք»: 51 Եւ նա նաւակ բարձրացաւ նրանց մօտ, եւ քամին դադարեց: Եւ նրանք առաւել եւս ապշել էին իրենց մտքում ու սաստիկ զարմանում էին, 52 քանի որ մտքները բթացած լինելով՝ չէին հասկացել նաեւ այն, ինչ վերաբերում էր հացի բազմացմանը: 53 Երբ դիմացի կողմն անցան, Գեննեսարէթի ցամաքը ելան: 54 Եւ երբ նաւակից դուրս ելան, տեղի մարդիկ իսկոյն եւեթ նրան ճանաչեցին: 55 Եւ ամբողջ գաւառում այս ու այն կողմ վազելով՝ սկսեցին մահիճներով հիւանդներ բերել այնտեղ, ուր լսում էին, թէ նա գտնւում է: 56 Եւ ուր որ մտնում էր՝ գիւղեր, քաղաքներ թէ ագարակներ, հրապարակներում դնում էին ախտերով տառապողներին եւ աղաչում նրան, որ գոնէ իր զգեստի քղանցքներին դիպչեն: Եւ ովքեր մի անգամ դիպան, բժշկուեցին:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի հայրենակիցներ, Աստծու ողորմությունը և Սուրբ Հոգու շնորհը թող մեզ հետ լինի այս եթերաժամը հնարավորինս նպատակային դարձնելու՝ բոլոր հետևորդների համար: Ես համոզված եմ, որ օրվա պատգամը լսելիս, ձեր ձեռքի տակ ունեք Ավետարան և հետևում եք, քանի, որ այս ձևը ավելի շատ է օգնում կարդացածը մտքում տպավորելու և հիշելու համար:
Մեզ համար ավելի հեշտ կլիներ սկսել առաջին գլխից ու անցկացնել սերտողությունը, սակայն եկեղեցու Հայրերը այն համապատասխանեցրել են եկեղեցու տոների, սրբերի վարքի և հիշատակությունների հետ, այդ պատճառով երբեմն առաջ ենք անցնում, երբեմն էլ հետ ենք գալիս՝ տարբեր գլուխներ ընթերցելով: Բայց ինչպես ասում են՝ գումարելիների տեղափոխումից գումարը չի փոխվում: Ավետարանի ասելիքը միշտ նույնն է, խրատն ու պատգամը միշտ նույնն է, պահանջը միշտ նույնն է:
Փոխվում են դեմքերը, փոխվում են դեպքերը, որպեսզի կարդացողի և լսողի համար օրինակներ բազմազան լինեն:
Մարկոսի Ավետարանի հինգերորդ գլխի սկզբից տեղեկացանք, որ Հիսուս Քրիստոս չընդունվեց իր գավառում՝ որպես Աստծո Որդի, այն պարզ պատճառով, որ իր բնակավայրում ճանաչում էին Նրա ծնողներին՝ Մարիամին ու Հովսեփին և Նա մեծացել էր նրանց մեջ: Ինչը որ մարդկային աչքին ու մտքին հասու է, մարդը դա տեսնում է, իսկ ինչը աստվածային է, այն վեր է մարդկային մտքից ու բանից: Հիսուսի մտերիմները տեսնում էին, որ Նա հասակ է առնում իրենց մեջ, արհեստ է սովորում իր հորից, բայց մի՞թե որևէ մեկը կարող է հասկանալ, որ Նա աճում և զորանում է իմաստությամբ և Աստծու շնորհները Նրա վրա էին: Այդ պատճառով Տէր Հիսուս ընդունելի չեղավ իր քաղաքում: Նույնիսկ ավանդությունը պատմում է, որ մանուկ հասակում իր հասակակիցների հետ խաղալու ժամանակ նրանք կավից իրեր էին պատրաստում, և ամենագեղեցիկը Հիսուսի պատրաստած էր լինում: Ինչպես որ երեխաների մոտ ընդունված սովորություն է, նախանձից քանդում էին նրա պատրաստած գեղեցիկ ճնճղուկները: Մի անգամ էլ,- ասում է,- երբ Մանուկ Հիսուս նկատեց, որ գալիս են քանդելու իր պատրաստած ճնճղուկը, իր ձեռքի ափերը բացեց և ճնճղուկը թռավ իր ձեռքի միջից: Սա ավանդություն է, բայց մենք հետո տեսանք այն զարմանահրաշ գործերը, որ Նա արեց:
Այս բոլորի մասին գիտեր Մարիամը, Նրա մայրը: Բայց մենք գիտենք նաև հրեական իրականության մեջ կնոջ աննշան դերի մասին, նրա խոսքի թույլ ազդեցության մասին: Գուցե այդ պատճառով Մարիամը լռեց և ամեն ին պահեց իր սրտի մեջ:
Հիսուս Իր գավառում հրաշքներ, բժշկություններ և զորավոր գործեր չէր կարողանում անել միայն այդ պատճառով: Ինչքան էլ, որ Հիսուսի համար զարմանալի էր նրանց անհավատությունը, բայց փաստը մնում էր փաստ, որ չէին ընդունում Նրան, որպես Աստծուց եկած: Պատկերացրեք, որ ձեր միջավայրում մեկը ծնվում և մեծանում է, ուսում է առնում և մի մեծ պաշտոնի է նշանակվում: Սկզբնական շրջանում նա ձեզ համար մնում է ձեր հարևանը, ձեր աչքի առջև մեծացած երեխան, ձեր մտերիմը և նրան որպես պաշտոնյա չեք կարողանում ընդունել միանգամից: Մինչև որ նա տեղափոխվում է իր առանձնատուն, իր կահավորված աշխատասենյակ, գնում գալիս է իր թիկնապահներով և ծառայողական մեքենաներով: Աստիճանաբար հարմարվում եք այդ մտքի հետ, և նրա խոսքը ձեզ համար դառնում է հեղինակավոր, եթե ազնիվ է: Բայց Հիսուս այդպես չարեց, Նա շարունակեց մնալ Իր խոնարհության և աստվածային շնորհների մեջ և մարդկանց հետ պարզ ու հասարակ հարաբերությունների մեջ էր:
Այնուհետև հաջորդ համարներում տեսնում ենք, որ Նա ընտրում է աշակերտներ, նրանց իշխանություն է տալիս և ուղարկում է մարդկանց մեջ՝ տալով համապատասխան պատգամներ: Այս գլխի մեջ է նաև Հովհաննես Մկրտչի գլխատումը՝ Հերովդեսի հրամանով: Պատմությունը արդեն բոլորիդ ծանոթ է: Իրար հաջորդող դեպքերից զարմացած աշակերտները չէին հասցնում ընկալել իրենց հետ կատարվածները, Հիսուսի գործած հրաշքները, բժշկությունները, հացի բազմացումը և առհասարակ ամեն ինչը, որ կատարվում էր նրանց աչքի առջև: Մի պահ մեր երևակայությամբ մտածենք, թե ինչ էին խոսում աշակերտները, երբ առանձին էին լինում Հիսուսից; Ինչքան ուրախ էին, որ թողել էին ամեն ինչ և հետևել էին Հիսուսին: Այլապես ծովեզերքից և ուռկաններից ու ձկից բացի ուրիշ ոչ մի բանից լուր չունեին: Իսկ հիմա շրջում են հանրաճանաչ Վարդապետի հետ, և լսում են, թե ինչպես իրենց Վարդապետը չի վախենում ոչ կրոնական առաջնորդներից, ոչ օրենքի ուսուցիչներից, նույնիսկ Հերովդեսին աղվես է անվանում: Երևի այսպիսի մտածումների մեջ էին աշակերտները, երբ առանձին նավակով ծովի մյուս կողմն էին անցնում իրենց Վարդապետի հրահանգով: Ըստ Մարկոսի նկարագրության, Տէր Հիսուս մինչև ժողովրդի հոծ բազմությանը արձակեց հացի բազմացումից հետո, լեռը բարձրացավ միայնության մեջ աղոթելու, արդեն գիշեր էր: Վերադարձին ծովի վրա քայլելով մոտենում էր աշակերտների նավակին: Գիշեր էր, քանի որ աշակերտները Նրան չճանաչեցին և վախեցան, կարծելով որ մի ուրվական է: Հողմակոծ ալիքները մի կողմից, ծովի ալիքների վրա քայլողը մի կողմից՝ սարսափ էր առաջացրել նրանց մեջ: Բայց ծովը աշակերտների գործատեղին էր, նրանք երբևէ չէին տեսել, որ մեկը ծովի վրա քայլի, և վախեցան: Հիսուս Քրիստոս իմացավ նրանց տագնապը և ձայն տվեց,- քաջալերվեցեք, մի վախեցեք, Ես եմ: Եբր Հիսուս նավակ բարձրացավ,- ասում է ավետարանիչը,- հողմը դադարեց և ծովը խաղաղվեց…
Ինչպես որ աշակերտների մտքերն էր բթացած այդ պահին, այնպես էլ մեր մտքերն են բթացած այս հարցում, որ չենք կարողանում հասկանալ, թե մեր կյանքի փոթորիկները կդադարեն միայն այն ժամանակ, երբ Հիսուս Քրիստոս մեր նավակի մեջ կլինի;
Մեր հացը կբազմանա, եթե մենք ուտելուց առաջ գոհանանք այն Պարգևողից: Մեր աղոթքները հասանելի կլինեն, եթե մենք միայն տագնապի ու խուճապի ժամանակ չհիշենք Աստծու անունը, այլ նաև ուրախ պահերին: Չէ որ ասում է,- Մի վախեցեք:
Օրեր առաջ երր Ադրբեջանը հարձակվեց և մենք լուրը իմացանք, մեզնից շատերը առաջինը Աստծուն դիմեցին և ճիշտ արեցին:
Ինչո՞ւ ենք մենք միայն փորձանքի պահին հիշում որ Աստված այնքան մոտ է, որ մեր ձայնը լսելու է այդ պահին; Ինչո՞ւ ամբողջ օրվա ընթացքում այդ զգացողությունը չունենք, այսինքն ինչո՞ւ Տէր Հիսուսին մեր նավակի մեջ չենք պահում մշտապես, հատկապես, որ սա Իր պատգամներից մեկն է, թե՝ ձեզ մոտ պիտի բնակվի Տէրը և ձեր մեջ պետք է լինի:
Եթե հոգևոր գնահատական տանք այս երևույթին՝ պատկերը տխուր կլինի: Մենք Աստծուն հիշում ենք միայն այն ժամանակ, երբ մեզ պե՞տք է; Այսպես չի լինում: Ճշմարիտ քրիստոնյան իր կյանքը այսպես չի կառուցում, այլ ամեն քայլից առաջ հարց է տալիս,- ի՞նչ եմ անում և հանուն ինչի՞ եմ անում: Երբ չենք կարդում Ավետարանն ամեն օր, Աստված չի կարող մեզ հետ խոսել ամեն օր, որովհետև չենք հիշում մեր նախորդ կարդացածը, որ ասում է,- ես քո կողքին եմ, բայց կարող եմ օգնել, երբ դիմես ինձ:
Իսկ երբ առհասարակ չենք կարդում, ուրեմն անտեղյակ ենք Սբ Գրքի պարունակությունից և առավել ևս չի կարող մեզ հետ լինել Նրա պատգամը: Մեր կյանքը գնալով ավելի ծանր է դառնում: Դրսից սուրն է մեզ սպառնում: Ներսից անորոշ երկյուղն է մեզ տանջում: Օտարները Սոդոմից ճյուղեր են բերել և ուզում են պատվաստել մեր պտղատու այգում, որպեսզի Գոմորի պտուղ ստանան: Իսկ Ավետարանն ասում է՝ մոտեցել է Երկնքի Արքայությունը: Սիրելիներ, մեր ժամանակը մեզ չի պատկանում, որ վատնենք; Մեր բոլոր օրերը հաշված են այնպես, ինչպես մեր գլխի մազերը: Մեր անձերը յուրաքանչյուր հաջորդ օրը պետք է նման չլիննեն նախորդ օրվան՝ այլ նոր մարդու կերպարանք պետք է ստանանք ամեն օր: Այսօրվա սերտողությունը լսելուց հետո հարց տուր քեզ,- խաղա՞ղ է քո ծովը Հիսուս Քրիստոսի պատճառով, թե՝ դեռ ալեկոծում է քեզ ալիքները ծովի:
Մնացեք սիրով՝ և կյանքի ծովում նավարկելիս ամեն ինչից առաջ Տէր Հիսուսին ունեցքեք ձեզ հետ:
Աղօթենք միասին
Փառաբանության Աղոթք
Չեմ դադարի իմ լեզվով բարեբանել Քո շնորհները Քրիստոս Փրկիչ: Քո սերը ինձ դեպի Քեզ է ձգում Փրկի՛չ, իմ կյանքի պարծանք, Քո շնորհը ինձ համար քաղցր է դարձնում այն, ինչ իմ միտքն է փնտրում: Թող իմ սիրտը Քեզ համար բարի հող լինի, իր մեջ բարի սերմեր ընդունող, և Քո շնորհը թող ոռոգի այն հավիտենական կյանքի ցողով: Վերցրու իմ անարժան հոգին Քո ձեռքերի վրա և բեր Սուրբ և Անմահ Հորը, որպեսզի ես նույնպես բոլոր սուրբերի հետ միասին կարողանամ ասել. Փառք Անմահ Հորը, երկրպագություն Նրան, Ով թշվառիս երկնավոր շնորհներ տվեց, որպեսզի նա նույնպես փառավորի բոլորի Թագավորին հավիտյանս հավիտենից: Ամեն: Սուրբ Եփրեմ Ասորի