ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 11.27-33
27 Դարձեալ Երուսաղէմ եկան. եւ մինչ նա այնտեղ տաճարում շրջում էր, նրա մօտ եկան քահանայապետները, օրէնսգէտները եւ ծերերը 28 եւ ասացին նրան. «Ի՞նչ իշխանութեամբ ես դու այդ անում, եւ ո՞վ տուեց քեզ այդ իշխանութիւնը»: 29 Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, պատասխանեցէ՛ք ինձ, եւ ես ձեզ կասեմ, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում. 30 Յովհաննէսի մկրտութիւնը երկնքի՞ց էր, թէ՞ մարդկանցից. պատասխանեցէ՛ք ինձ»: 31 Նրանք իրար միջեւ խորհում էին ու ասում. «Եթէ ասենք՝ երկնքից, մեզ կասի՝ իսկ ինչո՞ւ նրան չհաւատացիք. 32 իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդից ենք վախենում». որովհետեւ բոլորը գիտէին, որ Յովհաննէսը մարգարէ էր: 33 Պատասխան տուեցին եւ Յիսուսին ասացին՝ չգիտենք. եւ Յիսուս նրանց պատասխանեց ու ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելիներ, ինչպես նկատեցիք, Մարկոսի Ավետարանի այս հատվածը նորից կրկնվեց, իսկ մենք արդեն երկու անգամ անդրադարձել ենք այս թեմային, հետևաբար մենք այսօր անդրադառնանք մեզանում տեղ գտած բացթողումներին և տեսնենք, թե որոնք են ելքերը դրանք շտկելու: Աստվածաշունչը մեզ ավելի խորը մտածելու հնարավորություն է տալիս:
Նայելով մեր կյանքին և համեմատելով Ավետարանի հետ, տեսնում ենք, որ Նաբոգոդոնոսորի արձան այսօր էլ կա երկրպագության համար: Միսաք, Սեդրակ և Աբեդնագովներ այսօր էլ կան, որ պատրաստ են հնոցի մեջ նետվելու, բայց ոչ կռապաշտությանը զոհ գնալու: Այսինքն մեր առջև ամեն օր կա մի «արձան»` երկրպագելու համար, և կա մի հնոց կռապաշտությունը մերժելու համար: Հիշենք, որ մեր Տերը հնոցում հայտնվեց երեք արդարներին` Միսաքին, Սեդրակին և Աբեդնագովին:
Փառք Աստծո, մենք հիմա շիկացած հնոց չունենք, ունենք միայն մեղքը մերժելու բարի կամք, բայց արի ու տես, որ այդ հեշտ բանն էլ չենք ուզում անել: Բայց հեշտությամբ դառնում ենք դեպի կուռք հանդիսացող մեր մոլություններին: Գոռում ենք ազատություն, բայց գերի ենք մեր մեղքերին: Ինչ խղճալի մարդ ենք մենք, ըստ Պողոս Առաքյալի: Մենք ուզում ենք, որ ամեն ինչ փոխվի դեպի լավը, բայց քրիստոնյաների գերակշռող հատվածը կիրակի` Պատարագի չեն մասնակցում, Խորհուրդներին անհաղորդ են, անհաղորդ են նաև իրենց շրջապատի մարդկանց կարիքներին ու խնդիրներին; Եթե մեր ներքին մարդը դեռ չի փոխվել, մենք ժամանակակից տեխնոլոգիայի դարում կմնանք նույն ապերջանիկը: Հիշում եք Ավետարանից, որ Տէր Հիսուս երկնքի Արքայության բանալին խոստացավ Պետրոսին: Ինչ է բանալին, եթե ոչ հնարավորություն՝ որևէ դուռ բացելու: Բայց բանալին պետք է համապատասխանի իր կողպեքին: Նայենք մեր բանալիներին, ստուգենք, արդյոք համապատասխանում են այն փականին, որով պետք է բացենք և մտնենք ներս՝ դեպի Արքայությունը: Մենք չափազանց անտարբեր ենք մեր հոգևոր կյանքի նկատմամբ, արդեն զարթուցիչներն էլ մեզ չեն արթնացնում, իսկ անտարբերությունը մեծ մեղք է, հատկապես հոգևոր կյանքի նկատմամաբ: Ես ուզում եմ ձեզ այսօր մի պատմություն պատմել, և մենք միասին խորհրդածենք դրա շուրջ, գուցե ամենքս մեզ գտնենք այդ պատմության մեջ և արթնանաք այսօր:
Սովորական մի կեսօր է, և դու գնում ես տուն։ Կարգավորում ես ռադիոն։ Նորությունները պատմում են ոչ կարևոր ինչ-որ բան. հեռավոր մի երկրում ինչ-որ համաճարակից, որի մասին երբևէ հայտնի չի եղել, երեք մարդ է մահացել։ Մեծ ուշադրություն չես դարձնում լսածիդ… Երկուշաբթի, երբ արթնանում ես, լսում ես, որ արդեն ոչ թե երեք, այլ երեսուն հազար մարդ է մահացել Հնդկաստանի հեռավոր բլուրներում։ ԱՄՆ–ի առողջապահության վերահսկողության ծառայողները մեկնել են հետազոտելու երևույթը։ Երեքշաբթի օրը այս լուրը դառնում է լրատվամիջոցների գլխավոր թեման՝ գրված առաջին էջերում. համաճարակն արդեն ո՛չ միայն Հնդկաստանում է, այլ նաև Պակիստանում, Իրանում ու Աֆղանստանում, և ամենուր: Նորությունն արագորեն սփռվում է բոլոր լրատվամիջոցներով։ Այն սկսում են կոչել «Հանելուկային վարակ», և բոլորը հարց են տալիս՝ «ինչպե՞ս է այն կասեցվելու»։ Եվրոպայում խուճապի մեջ են. փակում են սահմանները։ Լուրերով լսում ես մի կնոջ, ով պատմում է հանելուկային վարակից հիվանդանոցում մահացած մարդկանց մասին։ Լրատվամիջոցներն ասում են, որ եթե վիրուսակիր ես, մեկ շաբաթ նույնիսկ չես զգում, որ հիվանդ ես, հետո չորս օր անտանելի ցավեր ես ունենում և վերջում՝ մահանում։ Ահա նաև Մեծ Բրիտանիան է իր սահմանները փակում, բայց արդեն ուշ է։ Հաջորդ օրը Միացյալ Նահանգների նախագահն է սահմանը փակում՝ բացառելու համար վարակի ներթափանցումը երկիր։ Առանց բժշկական հետազոտության մարդիկ չեն կարող երկիր մտնել։ Հաջոջդ օրը բոլորը հավաքվում են եկեղեցում աղոթելու: Հանկարծ մի մարդ է մտնում եկեղեցի և ասում՝ ռադիոն միացրեք և լուրերը լսեք. երկու կին է մահացել Նյու Յորքում։ Թվում է, թե վարակը գրավել է աշխարհը։ Գիտնականները շարունակում են փնտրել հակահարուցիչը, սակայն կարծես ոչինչ չի ստացվում։
Շուտով ստացվում է սպասված լուրը. բացահայտվել է վիրուսի ԴՆԹ–ն (DNS), հնարավոր է հակահարուցիչը ստանալ։ Հետո հաղորդում են, որ մեկի արյան կարիքը կա, ով չի վարակվել։ Լուրն արագ տարածվում է, որ բոլորը շտապեն մոտակա հիվանդանոց՝ արյան քննություն հանձնելու։ Կամովին գնում ես նաև դու՝ քեզ հետ տանելով քո ընտանիքը, քո հարևանների հետ միասին՝ ինքդ քեզ հարցնելով՝ ի՞նչ կպատահի, արդյոք աշխարհը կվերանա՞… Արյան հետազոտությունից հետո հիվանդասենյակից դուրս է գալիս մի բժիշկ ու մի անուն բղավում։ Քո զավակներից ամենափոքրը մոտդ է։ Նա բաճկոնիցդ քաշում է ու ասում, – Հայրիկ´, իմ անունն է։
Մինչ ուշքի կգաս, քեզանից խլում են որդուդ, և դու կարողանում ես միայն ասել՝ «սպասե՛ք»։ Նրանք պատասխանում են. – Ամեն ինչ լավ կլինի, ՆՐԱ ԱՐՅՈՒՆԸ ՄԱՔՈՒՐ Է, ՆՐԱ ԱՐՅՈՒՆԸ ԱՆԱՐԱՏ Է: Հինգ րոպե հետո գոչելով ու ծիծաղելով՝ բժիշկները դուրս են գալիս։ Մեկ շաբաթվա ընթացքում առաջին անգամ ես տեսնում մեկին, որ ծիծաղում է։ Ամենից տարիքով բժիշկը մոտենում է քեզ ու ասում. – Շնորհակալություն, պարո՛ն, Ձեր զավակի արյունը մաքուր է, հնարավոր է հակավարակը ստանալ… Լուրը տարածվում է. մարդիկ լացում են և ուրախությունից գոչում։ Հանկարծ բժիշկը մոտենում է քեզ ու քո ընտանիքին և ասում, – Կարո՞ղ ենք մի րոպե Ձեզ հետ խոսել։ Չգիտեինք, որ արյան դոնորը կարող է երեխա լինել, ուստի կարիքն ունենք, որ արյունը տալու համար ստորագրեիք այս թղթերը։ Մինչ կարդում ես թղթերը, հանկարծ նկատում ես, որ նշված չէ արյան չափը, և հարցնում ես, – Ինչքա՞ն արյուն։ Բժշկի ժպիտն անհետանում է, ու նա պատասխանում է. – Չէինք մտածում, որ երեխա կարող է լինել։ Պատրաստ չէինք։ Պետք է ամբողջն օգտագործենք… Չես հավատում և փորձում ես հրաժարվել.– Բայց, բայց… Բժիշկը շարունակում է համառել. – Չե՞ք հասկանում, խոսքը ամբողջ աշխարհի մասին է։ Խնդրում ենք ստորագրեք, ամբողջ արյան կարիքն ունենք։ Դու խնդրում ես. – Բայց չե՞ք կարող փոխներարկում կատարել։ – Եթե մաքուր արյուն գտնենք, կանենք… – Կստորագրե՞ք։ Խնդրում ենք… ստորագրե՛ք: Լռության մեջ և առանց զգալու մատներդ, որոնք սեղմում են գրիչը, ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ԵՍ։ Քեզ հարցնում են. – Ցանկանո՞ւմ եք տեսնել Ձեր որդուն։ Քայլում ես շտապ օգնության սենյակի վերջը, որտեղ նստած է քո որդին և ասում է. – Հայրի՛կ, մայրի՛կ, ի՞նչ է պատահել։
Վերցնում ես նրա ձեռքն ու ասում. – Տղա՛ս, քո մայրը և ես քեզ շատ–շատ ենք սիրում, քեզ սիրում ենք և երբեք թույլ չենք տա, որ քեզ մի բան պատահի, որն անհրաժեշտ չէ, հասկանո՞ւմ ես։ Բժիշկը վերադառնում է և ասում. – Ցավում եմ, բայց պետք է սկսենք, ամբողջ աշխարհում մարդիկ են մեռնում… Դու այդտեղից կգնա՞ս, կկարողանա՞ս թիկունք դարձնել և քո որդուն այնտեղ թողնել, երբ նա քեզ ասում է՝ , «հայրիկ, մայրիկ, ինչո՞ւ եք ինձ թողնում այստեղ…»։
Մեկ շաբաթ հետո, երբ ամեն ինչ ավարտված է, մի միջոցառում է կազմակերպված, որտեղ պատվում են քո որդու հիշատակը: Վստահաբար կա մեկը, որ քնած է իր տանը, մյուսները չեն եկել, որովհետև նախընտրում էին զբոսնել կամ ֆուտբոլի խաղ նայել, ոմանք էլ կեղծ ժպիտով են գալիս՝ ձևացնելով, թե կարևորում են այն։ Եվ դու ցանկանում ես կանգնեցնել այս ամենն ու գոչել. «Իմ որդին ձեզ համար է մեռել, պատահմամբ ձեզ չի՞ հետաքրքրում»։ Երբեմն այս է, որ Աստված ցանկանում է մեզ ասել. «ԻՄ ՈՐԴԻՆ ՄԱՀԱՑԱՎ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԵՎ ԴՈՒ ԴԵՌ ՉԵ՞Ս ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀԱՍԿԱՆԱԼ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵՄ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ»։ Ո՞վ կտա իր երեխայի ամբողջ արյունը համայն մարդկության փրկության համար. Խորհենք այս հարցի շուրջ հնարավորինս լուրջ: Որովհետև մենք էլ շատ հաճախ այն խմբի մեջ ենք, որոնք ժամանակ չեն գտնում գնալու որդու մեծարման միջոցառմանը: Մնացեք սիրով՝ երախտապարտ հոգով և գնահատեք ձեզ համար արված մեծ զոհողությունը:
Աղօթենք միասին
Աղոթք Սուրբ Աստվածածնին
Աստվածածի՛ն, Քրիստոսի մայր և Հոր Միածնի ծնող, անեծքները վերացնող և մարդկային ցեղի պարծանք, Հորը հաշտեցնող արարածներիս հետ, կույսերի թագ ու պսակ և համարձակ բարեխոս մեղավորների համար: Ամեն ինչով մեղավորս ընկնում եմ քո առջև և աղաչում իբրև նույն ինքը` քեզնից մարմնացածը, բարեխոսիր ինձ համար Բան Աստծու առջև, որին ծնեցիր մարմնով, որին կերակրեցիր` բոլորի և բոլոր կենդանյաց կերակրիչին: Աղաչում եմ քեզ, Լույսի մայր, ինձ համար մեղքի թողություն խնդրիր, նրա առջև դիր աղերս ու աղաչանք` (հիշեցնելով) նրա կրած չարչարանքները, որ ինձ համար կրեց բարերարն ու մարդասերը: Սուրբ կույս, հիշեցրո՛ւ այսքան չարչարանքս, որ թերևս ողորմի և ների բազմամեղիս, և ջնջի իմ հանցանքի գիրը, և իր անմեղ մատով ու սուրբ արյունով դրոշմի դեգերածիս անվախճան կյանքի մատյանում, իր բոլոր սրբերի մոտ, որ նրանց հետ փառավորեմ Ամենասուրբ Երրորդությունը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Հովհաննես վարդապետ գառնեցի