ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 10.1-9
1 Այնուհետեւ Տէրը նշանակեց ուրիշ եօթանասուներկու հոգու եւս եւ նրանց իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը գնալու էր: 2 Եւ նրանց ասաց. «Հունձն առատ է, իսկ մշակները՝ սակաւ: Արդ, խնդրեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հնձի համար: 3 Գնացէ՛ք, ահա ուղարկում եմ ձեզ իբրեւ գառներ գայլերի մէջ: 4 Մի՛ վերցրէք ո՛չ քսակ, ո՛չ մախաղ, ո՛չ կօշիկներ եւ ճանապարհին ոչ ոքի ողջոյն մի՛ տուէք: 5 Որ տունը մտնէք, նախ ասացէ՛ք. “Խաղաղութի՜ւն այս տանը”. 6 եթէ այնտեղ կայ խաղաղասէր մարդ, ձեր խաղաղութիւնը նրա վրայ կհանգչի. ապա թէ ոչ՝ ձեզ կվերադառնայ: 7 Նոյն տանը գիշերեցէ՛ք, կերէ՛ք եւ խմեցէ՛ք նրանց ունեցածից, որովհետեւ մշակը արժանի է իր վարձին. տնից տուն մի՛ տեղափոխուէք: 8 Որ քաղաքը որ մտնէք, եւ ձեզ ընդունեն, կերէ՛ք, ինչ որ ձեր առաջ դնեն: 9 Եւ բժշկեցէ՛ք այնտեղ եղած հիւանդներին եւ նրանց ասացէ՛ք. “Մօտեցել է ձեզ Աստծոյ արքայութիւնը”:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հայրենակիցներ, և մեր էջի մշտական ունկնդիրներ: Վստահ եմ, որ բոլորդ էլ գիտեք, թե՝ որևէ գործ սկսելուց առաջ մենք ունենք շատ գեղեցիկ և հակիրճ աղոթք: Ովքեր գիտեն և աղոթում են, փառք Աստծուն, ովքեր չգիտեն դեռ, դարձյալ փառք Աստծուն, որովհետև այս հաղորդման ժամանակ պիտի սովորեն:
Զգործս ձեռաց մերոց ուղի՛ղ արա ի մեզ, Տէ՛ր, եւ զգործս ձեռաց մերոց յաջողեա՛ մեզ: Այս աղոթքով է սկսվում առավոտյան ժամերգությունը և առհասարակ որևէ գործի մեկնարկը: Թող դառնա ձեզ համար բարի սովորություն և դուք ձեր գործերը սկսելիս ուշադրությամբ աղոթեք այս մեկ նախադասությունը, ինչը ամենևին դժվար չէ:
Այսօրվա սերտողությունը Ղուկասի Ավետարանից է, որը սկսվում է “Այնուհետև Տէրը նշանակեց” նախադասությամբ: Դա նշանակում է, որ ինչ որ բանից հետո է որոշում կայացրել նշանակել ևս յոթանասուներկու հոգու: Որքան մոտենում էին Տէր Հիսուս Քրիստոսի աշխարհից հեռանալու օրերը, այնքան ավելի շատ էր հանդիպումներ կազմակերպում Երուսաղեմում, քանի որ դեպքերը պետք է զարգանային այնտեղ: Օրերը մոտենում էին և պետք էր, որ առաքելական կոչման պարտավորությունները բոլորին հասանելի լիներ: Մինչ Երուսաղեմ գնալը, Տէր Հիսուս Իրենից առաջ պատգամավորներ ուղարկեց, որպեսի տեղ պատրաստեն հանդիպումների համար: Աշակերտները նախ մինչև Երուսաղեմ հասնելը մտան Սամարիայի գյուղերից մեկը, սակայն նրանց չընդունեցին այնտեղ, իմանալով, որ հետո Երուսաղեմ են ուղևորվելու: Հակոբոսն ու Հովհաննեսը շատ վատ զգացին այս երևույթից այն աստիճան, որ Հիսուսին հաճոյանալու համար ասացին,- Տէր, կամենո՞ւմ ես, որ ասենք և երկնքից կրակ իջնի և բնաջինջ անի նրանց; Հիսուս սաստեց նրանց, ասելով,- Չգիտեք, թե ինչ հոգուց եք դուք: Մի՞թե մարդու Որդին եկավ մարդկանց հոգիները կորստյան մատնելու: Ոչ թե կորստյան մատնելու, այլ՝ փրկելու:
Նրանք շարժվեցին մեկ այլ գյուղ:
Ամեն անգամ աշակերտների հետ պատահած մի միջադեպից հետո, Տէր Հիսուս համոզվում էր, որ աշակերտները քիչ են և դեռ պատրաստ չեն դիմակայելու փորձությունների, չնայած, որ միանգամից թողել էին իրենց ծառայությունը և հետևել էին Իրեն: Ուսուցման կարիք կար, շատ աշակերտների կարիք կար, Ինքը մենակ էր, ժողովուրդը անսուս էին, բայց Աստծու խոսքի ծարավը ամենուրեք զգացվում էր: Իրենց քայլելու ընթացքում նրանց թիվն ավելանում էր: Ոմանք մոտենում էին խանդավառված և առաջարկում աշակերտ դառնալ, բայց Հիսուս ամենքին չէր որ քաջալերում էր, քանի որ գիտեր նրանք կապված են իրենց տանը, աշխատանքին, հարազատներին: Բայց ընտրում էր նրանց, ում մեջ որ ծառայասիրության հոգի էր տեսնում:
Մի երիտասարդի ասաց,- արի իմ հետևից, իսկ սա ասաց,- Տէր, հրաման տուր ինձ՝ գնալ, նախ թաղել իմ հորը: Իսկ Հիսուս ինչպես միշտ տվեց բազմաբովանդակ պատասխան, ասելով,- թող, որ մեռածները թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա և քարոզիր Աստծո արքայությունը: Անշուշտ այստեղ մեռելը փոխաբերական իմաստով է ասված, որը խորհրդանշում է կորստյան մատնվող գործերը և բոլորի ուշադրությունը սևեռում է առաջնային գործերի վրա, երկրորդականը մի կողմ թողնելով:
Իսկ մեկ ուրիշը, որը էլի ցանկություն հայտնեց հետևելու Իրեն և դարձյալ թույլտվություն խնդրեց տանը հրաժեշտ տալու և գալու, սրան էլ ասաց,- ոչ ոք իր ձեռքը մաճի վրա կդնի, և ապա ետ կնայի, եթե հարմար է Աստծու արքայությանը:
Եթե մարդը չի կարող թողնել իրեն հետքրքրող և բավականություն պատճառող գործերը, նա չի կարող քարոզել Աստծու արքայությունը: Տէր Հիսուս չի ասում նրան՝ դու ուսում չունես, ստաժ չունես, քարոզելու փորձառություն չունես, այլ ասում է եթե չեք կարողանում ազատվել ձեր սիրտը զբաղեցնող գործերից և դրանք առաջնային եք համարում, չեք կարող Աստծուն ծառայել: Աստծուն ծառայելը շատ պարզ պայման ունի, և այդ պայմանը մեկն է՝ Աստծուն ծառայել իրապես, ոչ թե ցույց տալ, թե՝ Աստծուն ես ծառայում, բայց ներքուստ ծառայում ես քո կրքերին, մեղքերին, գործերին, որոնք քեզ հաճույք են պատճառում: Տէր Հիսուս գիտե, որ մարդը կատարյալ չէ, և չի կարող լինել, բայց մարդը Հիսուս Քրիստոսին հետևելով կարող է մոտենալ կատարելությանը, քանի որ ասաց կատարյալ եղեք, ինչպես որ ձեր Երկնավոր Հայրը կատարյալ է: Նախորդ սերտողության մեջ լսեցինք, որ մեծահարուստ երիտասարդի այն հարցին, թե ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ, Տէր Հիսուս նրան ասաց, ուզո՞ւմ ես կատարյալ լինել, վաճառիր ունեցվածքդ, և արի իմ հետևից: Երիտասարդը չէր ասել ուզում եմ կատարյալ լինել, բայց Քրիստոս տեսավ նրա սրտում այդ ցանկությունը և փաստեց երիտասարդին, որ քո հարստության մոլուցքը քեզ խանգարելու է, որ գաս իմ հետևից: Այն մարդը, որը հասկանում է Հիսուս Քրիստոսի պահանջը իրեն հետևելու հարցում, Սուրբ Հոգին նրան առաջնորդում է, որպեսզի գլխավորը զատի երկրորդականից;
Պայմաններից գլխավորն այս է, թողնել ամեն ինչ և հետևել Հիսուսին, և երբ ժամանակը գա, հասկանալի կդառնա, որ ոչ թե թողել ես ամեն ինչ, այլ ձեռք ես բերել ամբողջը:
Այս բոլորից հետո էր, որ Ղուկասն ասում է այնուհետև Տէրը նշանակեց ուրիշ 72 հոգի ևս և դարձյալ Իրենից առաջ երկու- երկու ուղարկեց այն վայրերը, ուր ինքն էր գնալու: Իրենից առաջ ուղարկելու սովորությունը մեզ ծանոթ երևույթ է; Հովհաննես Մկրտիչը ուղարկվեց Քրիստոսից առաջ, Քրիստոս Ինքը աշակերտներին ուղարկում էր իրենից առաջ, որպեսզի տեղեկացնեն, և լուրը արագ տարածվի, որ եկողը Հիսուս Քրիստոսն է, Աստծո Արքայությունը, որը մոտեցել է արդեն իրենց: Սովորաբար մեզ մոտ էլ, երբ դրսից մի քարոզիչ է գալիս, նախապես հայտարարություններ են գրում, տեղ են պատրաստում, մարդկանց լուր են տալիս, որպեսզի Աստծու խոսքը հնարավորիս շատ մարդու հասանելի լինի: Սա տեխնիկայի դարում, իսկ այն ժամանակ դժվարություն է եղել այդ հարցում:
Առատ հնձի համար մշակները պատրաստում է մեր Տէրը: Իր խոսքի տարածման համար սպասավորներ ընտրում է Ինքը՝ Տէր Հիսուս, միայն թե մաքուր սիրտ գտնի և Իր Սուրբ Հոգին ուղարկի այնտեղ: Ոչ թե մարդու մեջ կրքերն են վերանում, այլ Սուրբ Հոգին է իշխում կրքերի վրա մարդու թույտվությամբ, և մարդը դառնում է Աստծու սպասավոր, ծոռայող, մշակ՝ առատ հնձի համար: Նաև պայման է աղաչել հնձի Տիրոջը՝ մշակներ պատրաստելու հնձի համար: Այսինքն բոլոր քահանայական ձեռնադրությունները պետք է աղաչանքով և աղոթքով լինեն՝ ձեռնադրողի, ձեռնադրվողի և ժողովրդի՝ այսինքն հնձի կողմից:
Ուղարկում է իր ընտրած աշակերտներին և զգուշացնում է, որ գնում են գայլերի մեջ որպես գառներ: Պատվիրում է ոչինչ չվերցնել, ոչ կրկնակի հագուստ, ոչ կոշիկ, ոչ էլ դրամ: Այս պատվերը ինչքերից հրաժարվելու լավագույն միջոցն է նպատակին ծառայելու համար, ավելորդ մտածմունք չունենալ և հայացքը ուղղել դեպի նպատակակետը;
Ափսոս, որ այս սովորությունը վերացել է մեր օրերում՝ գյուղեր քաղաքներ շրջել և քարոզելը, մարդկանց տներ մտնելը և խախաղություն տալը, զրուցելը: Ապրել հավատացյալների հետ միասին նույն ուրախությամբ, բուժել քաղաքի ու գյուղի հիվանդներին և ասել, որ մոտեցել է ձեզ Աստծու արքայությունը: Այսպիսի լուր լսելն անգամ կարող է ոտքի հանել հիվանդին: Նույնիսկ այն քաղաքները, որտեղ ձեզ չեն ընդունի, - ասում է Տէրը,- նրանց նույնպես լուր տվեք, որ մոտեցել է Աստծո Արքայությունը, չնայած որ դուք մեզ չընդունեցիք: Նույնիսկ չընդունողղներին հասցրեք լուրը, որպեսզի վերջին օր չասեն, թե մենք չգիտեինք: Իսկ եթե լսելուց հետո էլ դարձի չգան, ասում է տէր Հիսուս,- սոդոմայեցիների համար դատաստանի օրը ավելի տանելի պիտի լինի, քան այն քաղաքի համար: Ծանր է Աստծու սպասավորի լուծը, բայց միայն Աստծու սպասավոր լինելու գիտակցությունն ու պատասխանատվությունը թեթևացնում է ամեն բեռ ու ծանրություն; Աստծու խոսքը մարդկանց հասցնելու պատգամաբերի կոչումը վեր է բոլոր կոչումներից: Միայն Աստված գիտե, թե Իր սպասավորները ինչքանով են համապատասխանում իրենց կոչմանը, բայց որ սակավ են և հունձն առատ է, դա տեսնում է ամեն ոք:
Այսօրվա մեր սերտողության պատգամը թող ուղղվի մեր հավատացյալ հոտին, որպեսզի աղոթեն հնձի Տիրոջը՝ մշակներ ուղարկելու համար: Իսկ մշակների խոսքը թող տեղ գտնի յուրաքանչյուր լսողի սրտում՝ առատ պտուղ տալու ակնկալիքով:
Բոլոր ժամանակներում Աստծու կամքն է, որ ամեն մարդ դառնա հավատացյալ, և նաև Ատսծո կամքն է, որ ամեն հավատացյալ նախ՝ մարդ մնա իր իսկական իմաստով: Մնացեք սիրով՝ ձեր դռները թող միշտ բաց լինի մշակների առջև, իսկ ձեր սրտերը՝ նրանց բերած բարի լուրի և խաղաղության առջև: Կհանդիպենք վաղը նույն ժամին;
Աղօթենք միասին
Ազատի՛ր ինձ, Տե՛ր, մեղքերի ծառայությունից և դասի՛ր Քո ծառաների շարքում, ովքեր սիրեցին Քեզ և պահեցին Քո պատվիրանները: Տո՛ւր իմ սրտին նրանց երկյուղը և ուսուցանի՛ր ինձ գնալ նրանց ընթացքի շավիղներով: Ամրացրո՛ւ ինձ, Տե՛ր, Քո երկյուղով, զորացրո՛ւ Քո զորությամբ, առողջացրո՛ւ իմ հոգու հիվանդությունը, բժշկի՛ր մարմնիս ցավերը և հաստատի՛ր իմ սրտում Քո սրտի ջերմությունը, որ չարչարանակից լինեմ Քո սուրբերին: Ե՛տ բեր սատանայից գերվածիս և մեղքերով եգիպտական խիստ տանջանքների վաճառվածիս, փրկի՛ր դևերի բռնակալ չար սպասավորներից, դո՛ւրս բեր փշոտ մեղքերից և դի՛ր Ավետյաց Երկրում: Մի՛ դատիր և մի՛ դատապարտիր ինձ, Տե՛ր, ըստ իմ անբավ զազիր գործերի, և մի՛ դասիր ինձ ուրիշների հետ, որոնք զայրացրեցին Քեզ, այլ փառավորի՛ր փառավորյալների հետ և պսակի՛ր պսակյալների հետ և ուրախացրու բերկրյալներիդ հետ, որոնցից շարունակ փառաբանվում է Ամենասուրբ Երրորդությունդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն
Եփրեմ Խուրի Ասորի: