Բարի լույս ձեզ, սիրելի հավատացյալներ. «Հանապազօրյա Հաց» եթերաժամի ուղիղ եթերում դարձյալ միասին ենք, ինչի համար գոհանում և փառավորում ենք Աստծու Սուրբ Անունը, առանց Որի ունայն է ամեն բան երկրի երեսին: Այսօրվա մեր սերտողությունը Մարկոսի Ավետարանից է, փորձենք ձեզ հետ միասին ամփոփել 11 րդ գլուխն ամբողջությամբ: Այս գլխում է, որ Հիսուս Քրիստոսին մեծ ցնծությամբ դիմավորում են Երուսաղեմում, Նրա ոտքերի առջև փռելով ուռենու ճյուղեր, ոմանք՝ իրենց հագուստները և ուրախությամբ աղաղակում էին,- Օրհնեալ է Նա, որ Գալիս է Տիրոջ անունով: Մարկոս Ավետարանիչը հաղթական մուտքը դեպի Երուսաղեմ նկարագրությունից հետո մի ակնարկ է անում այն մասին, որ Տէր Հիսուս Տաճար մտնելուց առաջ նայում է շուրջը՝ ամեն ինչի վրա… բայց քանի որ երեկո էր Հիսուս Գնաց Բեթանիա՝ աշակերտների հետ:
Ավետարանիչի այս ակնարկից կարելի է հասկանալ, որ, ինչ բան այնպես չէր Տաճարի շուրջը, որը գրավեց Հիսուսի ուշադրությունը և Նա նայեց Իր շուջը ամեն ինչի վրա: Հաջորդ համարներում մենք կհասկանանք, թե ինչո՞ւ էր նայում իր շուրջը և հատկապես ի՞նչն էր, որ Հիսուս Քրիստոսին արտասովոր էր թվացել Տաճարի մոտ:
Հաջորդ օրը Բեթանիայից վերադառնալիս ճանապարհին պատահեց մեկ այլ արտասովոր դեպք, երբ թզենու վրա պտուղ չգտնելով, Հիսուս անիծես թզենուն և թզենին չորացավ: Ավանդությունն ասում է, որ թզենու պտուղը հավաքելիս հարկ էր, որ մինչև վերջ չհավաքեին և ճամփորդի համար բաժին թողնեին, որ գուցե մեկն այդ ճանապարհով անցնի, քաղց զգա և օգտվի այդ պտղից:
Այնպես, ինչպես, որ Տէր Հիսուս քաղց զգաց, և թզենու վրա պտուղ չգտավ: Այս սովորությունը ընդունված էր նաև խաղողի այգու համար, որ բերքահավաքի ժամանակ որոշ բաժին պետք է թողնեին որթատունկի վրա՝ անցորդի և աղքատի համար;
Անշուշտ թզենու առակը նաև այլաբանություն է, մենք նախորդ համարներում էլ անդրադարձանք այս թեմային, որ ի դեմս թզենու՝ Հիսուս Քրիստոս պտուղ է ակնկալում մարդուց, ազգից, ծառից՝ որի բացարձակ Տէրն Ինքն է: Ավետարաններում հաճախ է հանդիպում նմանատիպ տողեր, որ չոր ծառը պետք է կտրվի, եթե պտուղ չի տալիս: Այս արտահայտությունը տեղ է գտել նույնիսկ ժողովրդական ասացվածքների մեջ, թե՝ չոր ծառը կտրում և կրակն են նետում:
Թզենու ծառի չորանալու դեպքից մոլորված աշակերտները հետևելով Հիսուսին մոտենում են տաճարին: Երուսաղեմը իր տհաճ դեպքերով աշակերտների համար միշտ անակնկալ է եղել և կարելի ասել, որ միշտ խուսափել են Երուսաղեմ գնալ:
Մտան Տաճար, և արդեն հասկանալի դարձավ, թե ինչն է գրավել Հիսուս Քրիստոսի ուշադրությունը տաճարի շուրջ: Տաճարը վերածվել է խոշոր բիզնես կենտրոնի և աշխույժ առևտուր էր տիրում այնտեղ: Սուրբ Գրքերը ընթերցողներն ու քարոզողները չէին հիշում նրանում գրվածները՝ կենտրոնացած լինելով իրենց եկամուտի վրա, սակայն Սուրբ Գրքի Հեղինակը չէր կարող անտեսել այնտեղ գրվածը, թե՝ «Գրուած է. «Իմ տունը բոլոր ազգերի համար աղօթքի տուն է կոչուելու»:
Եթե անկեղծ լինենք մեր պատասխանի մեջ, կասենք, որ սա բացարձակ ճշմարտություն է նաև մեր օրերում: Հիշենք մեր եկեղեցիների բակերը տոներից մեկն ու մեկի՝ օրինակ՝ Սուրբ Սարգսի տոնի օրը: Ի՞նչ է կատարվում այդ օրը եկեղեցու ներսում և դրսում, բոլորս լավ գիտենք: Ոչ ոք չի կարող պնդել, որ աղոթքն ու առևտուրը կարելի է համատեղել: Աղի բլիթ վաճառողի միտքը կենտրանացած է իր բլիթների քանակի ու եկամտի վրա: Աղի բլիթ գնողի միտքը կենտրոնացած է իր երազանքի տղային կամ աղջկան հանդիպելու վրա՝ այդ բլիթի միջոցով: Ճյուղերն ու ծառերը մեկը մյուսի աչքը մտցնելով մտնում են եկեղեցի՝ անտեսելով Սուրբ Պատարագը, իրենց գնած իրերը քսում են պատերին ու սրբապատկերներին՝ օրհնության ակնկալիքով, և դուրս են գալիս նույն հրմշտոցով, ինչով որ մտել էին: Այս արարողությունը շարունակվում է մինչև երեկո, մինչև վերջին աղի բլիթը չվաճառվի: Երբեմն հաջորդ օրն էլ են բերում, որովհետև մնացել էր: Դեռ չեմ խոսում մոմերի մասին, որ վառած վիճակով շրջում են...
Հիմա ինձ ասեք, այս պայմաններու աղոթք հնարավո՞ր է, կամ աղոթքի անհրաժեշտությունը կա՞ արդյոք: Շատերը ասում են, որ մտնում ենք եկեղեցի, արդեն օրհնվում են մեր վերցրած իրերը և եթե մտանք եկեղեցի ուրեմն տոնին հաղորդ դարձանք:
Մարդ երբեմն ուզում է աղաղակել, թե՝ ի՞նչ կապ կա Սուրբ Սարգիս Զորավարի և այս իրարանցման և առևտրի միջև:
Բայց անցնում են տարիները, այս սովորությունը գնալով ավելի է դառնում կռապաշտական և հեռանում է իր բուն խորհրդից:
Թողնենք մեր սովորությունները և վերադառնանք Երուսաղեմի տաճար՝ տեսնելու համար, թե ինչ պատահեց այնտեղ:
Եթե մեր եկեղեցիներում խրախուսվում է այդ տոնական առևտուրը, ապա Երուսաղեմի տաճարում առևտուրն արժանացավ Հիսուս Քրիստոսի բարկությանը: Նա վռնդեց բոլորին՝ ովքեր որ տոնավաճառ էին կազմակերպել տաճարի շուրջ:
Քանի որ տաճարի շուրջ կազմակերպված բիզնեսը պատկանում էր օրվա կրոնական առաջնորդներին, Տէր Հիսուսի այդ քայլը նրանց դուր չեկավ, և կամեցան իմանալ, թե ի՞նչ իշխանությամբ է դա անում: Չանդրադառնանք մանրամասներին, քանի որ խոսել ենք նախորդ սերտողությունների ժամանակ այդ մասին, անդրադառնանք մի կարևոր հանգամանքի վրա, որ Հիսուս Քրիստոսի բարկության այդ պահին, երբ շրջում էր լումայափոխների սեղանները, շուրջը աղմուկ- աղաղակ էր, տաճարում Նրան էին մոտենում կույրեր, կաղեր և Նա նրանց բժշկում էր: Ինչքան պարզ է, ու որքան թափանցիկ այս երևույթը, որը չէին ուզում նկատել կրոնական առաջնորդները: Հիսուս Քրիստոսի նպատակը ոչ թզենի չորացնելն էր, ոչ էլ տաճարի կարգավորումը, այլ որ թզենին պետք է պտուղ տա, իսկ Տաճարում պետք է աղոթք արվի, ուսուցանվի և բժշկություն արվի: Մի տեղ անիծում է, մի տեղ կարգի է բերում, մեկ այն տեղ օրհնում է, և այս բոլորը նպատակ ունի մարդկանց ցույց տալու իրենց պարտականությունը, իրենց առաքելությունը և իրենց կոչումը; Սրանք լավագույն օրինակներ են բոլոր դարերի համար, բոլոր ազգերի համար:
Եթե կրոնական առաջնորդը լումայափոխության բիզնես ունենա, մարդկանց հոգիները կորստյան կմատնվեն: Ամեն ոք թող իր գործն անի: Ո՞վ չի հասկանում, որ Հիսուս Քրիստոս չի արգելում առևտուրն ու լումայափոխությունը, բայց ո՛չ տաճարի մեջ:
Գլխավոր իրադարձությունները տասնմեկերորդ գլխի ավարտվում են քահանայապետների և Հիսուսի միջև ծագած հարց ու պատասխանով, որ նրանք չկարողացան պատասխանել Հիսուսի այն հարցին, թե Հովհաննեսի Մկրտությունը երկնքի՛ց է, թե մարդկանցից: Սիրելիներ, կյանքը այսպես սկսվել է, նույն կերպ շարունակվում է, բայց այսպես չի՛ կարող ավատվել, քանի որ Քրիստոնեությունը այլ արժեքներ է դավանում:
Ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝- Գործը՝ գործիմացին, երկաթը՝ դարբնին: Ամեն ոք իր գործով պետք է զբաղվի, այլապես կյանքը նման կլինի քաղաքականությանը, որտեղ գաղափար չկա, կա միայն պայքար աթոռի համար: Քրիստոնյաների համար այսպես թող չլինի, որովհետև քրիստոնյաներիս Տէրը Հիսուս Քրիտո՛սն է, Նրա՛ անունով ենք մենք մկրտվել, Նրա՛ Վարդապետությունն ենք դավանում և մեր հույսը Նրա՛ վրա է: Երբ մենք համոզված ենք, որ Հովհաննեսի Մկրտությունը երկնքից է, երբե՛ք ու երբե՛ք չլռենք, ասելով չգիտենք, վախի պատճառով: Հիմք ունենալով ավետարանական այն խոսքը, որն ասում է՝- ով որ Ինձ կխոստովանի մարդկանց առաջ, ես էլ նրան կխոստովանեմ Իմ Հոր առաջ, որ երկնքում է:
Հավատարիմ մնանք մեր կոչմանը, հաստատ մնանք մեր հավատի Աղբյուրին և սիրով ծառայենք՝ ուր որ ենք: Այս է պահանջը քրիստոնյայից՝ երե՛կ, այսօ՛ր, և վա՛ղը: Ո՛չ միայն քրիստոնյայից, այլ նաև հրեայից ու հեթանոսից՝ ողջ աշխարհում: Այսքանը թող մնա մեր հիշողության մեջ՝ Մարկոսի Ավետարանի 11 րդ գլխից, որը համառոտ ներկայացի ձեզ: Մնացեք սիրով՝ միշտ պատրաստ ծառայելու միմյանց՝ հանուն Քրիստոսի, Քրիստոսի համար, և Քրիստոսի սիրով: Կհանդիպենք վաղը՝ նույն ժամին, բայց լավ կլինի, ո՛չ նույն թվով, այլ ավելի շատ և նոր մարդկանցով: