ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 16.1-4
«Այս բաները ասացի ձեզ, որպէսզի գայթակղութիւնից յետ մնաք: 2 Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչեւ իսկ ժամանակը կգայ, երբ ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում: 3 Եւ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետեւ չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ: 4 Սակայն այս բաները ձեզ ասացի, որպէսզի երբ ժամանակը գայ, յիշէք, որ ես ձեզ ասել եմ: Այս բաները սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելիներ, գոհությամբ դիմավորենք հոկտեմբեր ամսվա առաջին օրը, ինչպես նաև օրվա սկիզը: Որովհետև Աստված պարգևեց մեզ նաև այս օրը արթնանալու, քանի որ յուրաքնաչյուրս մի առաքելություն ունենք անելու: Յուրաքանչյուրիս հնարավորություն տրվեց Աստծուն փառաբանելու և իր գործը սկսելու՝ այսօր: Ճիշտ է կարանտինի պատճառով կենդանի շփումները սահմանափակվել են, հանդիպումները կրճատվել են, սակայն անսահմանափակ է դարձել մեր աղոթելու և ինքնաքննության հնարավորությունն ու ժամանակը: Մենք չգիտենք, թե ինչո՞ւ է մեզնից մի բան վերցվում և մեկ ուրիշ բան տրվում դրա փոխարեն, որովհետև այս բոլորը մարդկային հնարամտություններ են աշխարհի մասշտաբով, բայց մենք հնարավորություն ունենք հասկանալու, թե Աստված ի՞նչ է պատրաստել մեզ համար, որը անփոփոխ է, հասանելի է մեր մտքին ու սրտին, և որ ամենակարևորն է, ոչ մի վատ նպատակ չկա թաքնված Աստծու ծրագրի մեջ՝ մարդու համար: Պտկերացրեք մի մարդ, որը քնից արթնանալով նրան տալիս են մի կտակ իր հարուստ մերձավորից՝ ունեցվածքի ժառանգության վերաբերյալ:
Այսօր մեզ համար որպես Կտակ, բացվել է Հովհաննու Ավետարանի տասնվեցերորդ գլուխը, որտեղ Տէրն ասում է,- Երբ ժամանակը գա, հիշեք, որ ձեզ ասել եմ: Ամեն մարդու համար այդ ժամանակը այն ժամանակն է, երբ ինքը կարդում է այս գրությունը:
Ամեն պատվիրան տվել է Հիսուս Քրիստոս, ամեն առակ պատմել է, ամեն բժշկություն կատարել է, աշակերտներին սովորեցրել է բոլոր նրբությունները գայլերի դեմ պայքարելու: Ոչխարներին ցույց է տվել իրենց փարախի դուռը, կեղծավորներին բացահայտել է մարդկանց աջքի առջև, որպեսզի հետագայում տարբերեն գառան մորթով գայլերին: Առաքյալներին պատրաստել է մինչև իսկ նահատակության քաջություն ունենալուն: Երկրի վրա Իր առաքելությունը համարյա մոտենում է ավարտին, բայց կարծես Տէր Հիսուսի պատգամներն ու ասելիքը չի ավատվում: Աշակերտներին ասում է,- այս բաները ձեզ ասացի, որպեսզի գայթակղությունից հեռու մնաք, քանի որ ձեզ հալածելու են, քարկոծելու են, մինչև իսկ կարող են սպանել: Տէր Հիսուս զգուշացնում է, որ ես ձեզ հետ չեմ լինելու այդ ժամանակ, այլ ինքներդ պետք է կարողանաք ձեզ պաշտպանել Իմ խոսքով և չգայթակղվել: Հիսուս Քրիստոս աշակերտներին ներկայացնում է աշխարհի ատելությանը Իր և նաև հետագայում Իր աշակերտների նկատմամբ, շատ բան է խոսում հավիտենականության մասին, երկնքի արքայության մասին, Հոր մասին, բայց աշակերտները միմյանց են նայում շփոթված և չեն հասկանում բուն ասելիքը, իսկ Քրիստոս դեռ այնքան բան ունի ասելու, որը չի տեղավորվում աշակերտների ոչ գլխում, ոչ էլ սրտում:
Այս հանդիպման ժամանակ է որ աշակերտներին խոսում է Մխիթարիչի մասին, որ գալու է, խուսում է Իր գնալու մասին և ասում,- «Մի քիչ ևս և ինձ չեք տեսնի»: Այս միտքը տարակուսանքի մեջ է դնում աշակերտներին, և Տէրը տեսնում է այդ մտավախությունը, որ պատել էր աշակերտներին՝ անորոշության պատճառով: Սակայն նորից շարունակում է ապագայի մասին խոսել, որ իրենք պիտի լան ու ողբան, իսկ աշխարհը պիտի ուրախանա: Աշակերտների գլխում խառնաշփոթ է, սրտում՝ մտահոգություն՝ չհասկանալու պատճառով, այնպես, ինչպես որ մեզնից յուրաքանչյուրի՝ երբ առաջին անգամ Աստվածաշունչ էինք կարդում: Հիսուս Քրիստոս կարծես կամենում է իմի բերել ամբողջը և աշակերտներին հիշեցնել, որ ամեն առակ իր նպատակն ուներ, որ պատմել եմ ձեզ: Դուք պետք է անիրավ տնտեսի նման Ինձնից վերցնեք Իմ Վարդապետությունը և առանց տոկոսների տաք հանրությանը՝ շահելով նրանց՝ բարձր պահել Իմ Անունը: Դուք տաճարներում հանրության առջև ոչ թե փարիսեցու, այլ մաքսավորի պես աղոթքի կանգնեք: Իմաստուն կույսերի պես ձեր լապտերները միշտ պետք է յուղ ունենան, դուք իրավունք չունեք առանց առանց յուղ ու առանց խունկ՝ որ աղոթք է, հանրության մեջ հայտվելու: Ձեր տունը ժայռի վրա կառուցեք, որպեսզի ձեզ տեսնողներն էլ այդպես վարվեն, եր գետերը վարարեն, կորուստը մեծ չլինի: Սերմնացան պետք է լինեք, առանց հոգնելու, չնայած, որ ձեզ հանդիպելու է փշոտ ու քարոտ հող, բայց դուք պետք է ցանեք Աստծու խոսքի սերմը: Բարի սամարացի պետք է լինեք ձեզ հանդիպած ամեն վիրավորի հանդեպ, անկախ հանգամանքից ու դիրքից: Ձեր թզենին պետք է միշ պտուղ տա, ձեզ մոտեցողը թեկուղ մի փոքրիկ պտուղ պետք է քաղի ձեզնից: Մնասները, որ տվել եմ ձեզ, գործածության մեջ դրեք, որպեսզի գալով ձեզնից ավելիով ստանամ: Երբեք չլինեք անմիտ մեծահարուստի պես, որը կուտակում է միայն իր համար: Այլ ես ձեզ տվել եմ հարուստ ժառանգությունը, որը չի սպառվելու մինչև աշխարհի վախճանը, վերցրեք ինձնից և բաժանեք մարդկանց, այնպես բաժանեք, հարուստ ու աղքատ չլինի, որ առաջին ու վերջին չլինի, այլ այնպես բաժանեք, ինչպես ես ձեզ բաժանեցի:
Սիրելիներ, սա մեր երևայկայությունն է, որ Հիսուս Քրիստոս կարող էր աշակերտներին ասել, և ասում էր:
Ի՞նչ է ասում մեզ՝ այսօրվա ժամանակակից, գրագետ քրիստոնյաներիս Իր Ավետարաններով: Ավետարանները իրոք մեզ համար մեկական կտակ են՝ հարուստ ժառանգության: Բայց մենք այդ հարուստ ժառանգությունը սիրով փոխարինում ենք նյութական հարստությունների հետ, որոնց տեսնում ենք, շոշափում ենք, վայելում ենք: Մեր օրերում էլ շատ կան աղքատ Ղազարոսներ, որոնց չենք նկատում: Մեզ համար էլ կգա այն օրը, երբ երկնքում կհանդիպենք մեր տեսած Ղազարոսներին՝ որոնք Աբրահամի մոտ են, իսկ մեր միջև ահռելի վիհ կլինի և անցնելն անկարելի կլինի: Հետևաբար, սիրելիներ Սուրբ Գրքերը մեր միակ գանձերն են, որոնք մեզ կօգնեն ինչպես հարստության ժամանակ, այնպես էլ աղքատության ժամանակ; Քանի որ բոլոր հարուստները չեն, որոնց համար վիհ կա բացված՝ երկնքում, և բոլոր աղքատները չեն, որ Աբրահամի գոգում են հայտնվելու: Առակաց գիրքն ասում է,- երկու բան եմ խնդրում Տիրոջից, ինձ մի տուր հարստության, որ չլինի հանկարծ Քեզ ուրաանամ, և մի տուր ինձ աղքատություն, որ չլինի հանկարծ բան գողանամ և երդում ուտեմ Քո անունով:
Մեզ ամեն ինչից առաջ Աստված է պետք, խաղաղություն է պետք և կամք է պետք դրանք ամուր պահելու համար:
Տեր Հիսուս Քրիստոսի ասած խոսքերը հիշենք, թե՝ նախապես ասում եմ ձեզ, որպեսզի երբ ժամանակը գա, չասեք, որ չգիտեինք:
Մենք հատկապես այդ սերունդն ենք, որ արդարանալու ոչ մի տեղ չունենք: Իրավունք չունենք փրկությունը փնտրելու հանդերձյալ կյանքում, մենք պետք փրկվենք այստեղ, մեր կյանքով, մեր գործերով: Աստված Նա չէ, որ հետո է գալու, կամ այնտեղ է՝ մահից հետո: Աստված այսօր է, և այստեղ է՝ մեզ հետ ամեն ժամ: Աստված է աշխարհի մեծ Բժշկապետը, որն ունի բոլոր հիվանդությունների բուժումը, այդ թվում նաև Կորոնայի, բայց Նա օգնում է մի պայմանով, երբ դիմում ենք Իրեն ժամանակին, ոչ թե համենայնդեպս՝ փորձելու համար: Եկեղեցու քարոզն ու Աստվածաշունչը մեզ կօգնեն գտնել իմաստությունը, որը ինքն է շրջում գտնելու համար իրեն արժանի եղողներին: Այս բոլոր բաները ասվել է, որպեսզի մենք գայթակղությունից հեռու մնանք, սրբությամբ պահենք սուրբ բաները, մեր հույսը Տիրոջ վրա դնենք, և նմանվենք հոսող ջրերի մոտ տնկված ծառի, որն իր պտուղը ժամանակին է տալիս: Եվ եթե մեր ապրած ժամանակներում նեղությունների հանդիպենք, հալածանքների առջև կանգնենք, Աստվածաշունչը միայն մեզ կօգնի հասկանալու համար, որ ներկա ժամանակի նեղությունները, կամ փորձությունները համեմատելու չեն ապագալում սպասվելիքի հետ, որ խոստացել է մեզ Տէր Հիսուս Քրիստոս:
Գնահատենք մեզ թողած հարուստ ժառանգությունը, և չթաքցնենք հողի մեջ, այլ գործածենք մեր փրկության համար, այլոց օգուտի համար և Տիրոջ փառքի համար: Շնորհակալ եմ լսեցիք ինձ, առավել շնորհակալ կլինեմ, եթե անհասկանալի հարցերի դեպքում գրեք մեկնաբանություններում: Քանի որ մեր նպատակը միմյանց օգտակար լինելն է, ինչով որ կարող ենք:
Մնացեք սիրով՝ ամեն օր օգտվելով ձեր կտակից, որ Ավետարանն է: Այսօրվա սերտողությունից մի հարցի պատասխանեք. Դուք համարո՞ւմ եք Ավետարանը ձեզ համար որպես անկողոպտելի գանձ:
Աղօթենք միասին
Լույս ճշմարիտ Քրիստոս, որ լուսավորում ես ամեն մարդու, լուսավորի՛ր մեղքերով խավարյալիս, բա՛ց իմ սրտի աչքերը և հաստատի՛ր Քո պատվիրանների երկյուղով ու սիրով:
Առաջնորդի՛ր ինձ, Տե՛ր, նեղ և նուրբ ճանապարհով, ինչպես առաջնորդեցիր Քո սուրբերին և զորացրո՛ւ ինձ տկարությունից՝ ժուժկալությամբ, համբերությամբ և ջերմեռանդ սրտով գնալու Քո ճանապարհով: Հալածի՛ր, Տե՛ր, խավարն իմ հոգուց և հագցրո՛ւ Քո արդարության ճառագայթների լույսը: Զարդարի՛ր իմ սիրտը եկյուղով, զղջմամբ և արտասուքով՝ երկնչելու Քո դատաստաններից և պահելու Քո բոլոր պատվիրանները: Հաստատի՛ր, Տե՛ր, իմ հոգում Կենաց Լույսի խաղաղությունն ու պայծառությունը, որպեսզի չխոտորվեմ աջ կամ ձախ և չդատապարտվեմ Քո Գալստյան Օրը՝ պահանջելով ինձանից մինչև վերջին նաքարակիտը:
Ձեռք մեկնիր, ինչպես Պետրոսին. մաքսավորի պես արդարանալ եմ աղերսում: Շնորհի՛ր, ինչպես ավազակին, բա՛ց ինձ Կենաց ճանապարհի և մեծ արքունական առագաստի դուռը: Արձակի՛ր ինձ, Տե՛ր, իմ մեղքերի կապանքներից, վերստին նորոգի՛ր մեղքով հնացածիս և լուսավորի՛ր մարմնիս ցանկությունից խավարյալիս՝ գնալով խաղաղության ճանապարհով, որպեսզի իմ աչքերը տեսնեն Քո փրկությունը, որ պատրաստեցիր Քո սուրբերի համար: Ամեն.