ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 10.35-45
35 Զեբեդէոսի որդիները՝ Յակոբոսը եւ Յովհաննէսը, գնացին նրա մօտ եւ ասացին նրան. «Վարդապե՛տ, ինչ որ քեզնից պիտի խնդրենք, կամենում ենք, որ անես մեզ համար»: 36 Եւ նա նրանց ասաց. «Ի՞նչ էք կամենում ինձնից, որ անեմ ձեզ համար»: 37 Եւ նրանք ասացին նրան. «Շնո՛րհ արա մեզ, որ նստենք մէկս քո աջում, եւ միւսս՝ ձախում, քո փառքի մէջ»: 38 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Չէք իմանում, թէ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ, կամ՝ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»: 39 Եւ նրանք ասացին նրան. «Կարո՛ղ ենք»: Եւ Յիսուս նրանց ասաց. «Այն բաժակը, որ ես խմելու եմ, կխմէք, եւ այն մկրտութիւնը, որով ես մկրտուելու եմ, նրանով կմկրտուէք, 40 բայց իմ աջում եւ ձախում նստեցնելը ես չէ, որ պիտի տամ, այլ տրուելու է նրանց, որոնց համար պատրաստուած է»: 41 Այդ լսելով՝ տասը առաքեալները սկսեցին բարկանալ Յակոբոսի եւ Յովհաննէսի վրայ: 42 Յիսուս նրանց իր մօտ կանչեց եւ ասաց. «Գիտէք, որ հեթանոսների մէջ իշխանաւորներ համարուածները տիրում են նրանց. եւ նրանց մեծամեծերն իշխում են նրանց վրայ. 43 ձեր մէջ այդպէս չպէտք է լինի. այլ ձեզնից ով կամենայ մեծ լինել, թող լինի ձեր սպասաւորը. 44 եւ ձեզնից ով կամենայ առաջին լինել, բոլորին ծառայ թող լինի. 45 որովհետեւ մարդու Որդին էլ չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ՝ ծառայելու եւ տալու իր անձը որպէս փրկանք շատերի փոխարէն»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հայրենակիցներ. Աստծո կամքով ավարտեցինք նաև Սեպտեմբեր ամիսը: Լավ կինի, որ քրիստոնյան իր համար մի գեղեցիկ սովորություն ձևավորի և հաշվետու լինի ինքն իրեն ամեն աօրվա ավարտին, շաբաթվա ավարտին, ամսվա ավարտին և տարվա ավարտին: Օրվա ավարտի հաշվետվության ժամանակ ի հայտ է գալիս բացթողումները և ուրվագծվում է հաջորդ օրվա անելիքի հիմքը, և այսպես մինչև տարին ավարտվի: Մեր կյանքի ժամանակը հաշված օրեր են, դրանք աննպատակ անցկացնելը վնաս է միայն մեզ: Այսօր՝ օրինակ դուք կարող եք վերհիշել, թե ի՞նչ սովորեցիք այս ամիս մեր ուղիղ եթերներից, ի՞նչն եք կիրառում ձեր կյանքում, և ի՞նչն է դժվար կիրառելի: Մենք մեր կյանքի տնտեսներն ենք, լավ կլինի որ արժանանանք կյանք Պարգևող Տիրոջ ուշադրությանը՝ նշված օրը:
Նախորդ սերտողություններում մենք մանրամասն անդրադարձանք այսօրվա Ավետարանին և իմացանք Հակոբոսի և Հովհաննեսի խնդրանքի մասին, որ կամենում էին, որ Տէր Հիսուս կատարեր նրանց համար: Նրանք խնդրում էին Տիրոջ փառքի մեջ նստել Նրա աջ և ձախ կողմերում, ինչի համար հանդիմանվեցին մյուս աշակերտների կողմից: Բայց ուշագրավ է Հիսուս Քրիստոսի պատասխանը, թե՝- «Չեք իմանում, թե ինչ եք խնդրում, կարո՞ղ եք խմել այն բաժակը...»
Թողնենք աշակերտներին իրենց պատասխանի և իրեն կարողության հետ և նայենք մեր կյանքին, մեր խնդրանքներին, մեր բաժակներին, մեր կարողությանը, ըստ այսօրվա ընթերցվածքի ասելիքի:
Մեր Տիրոջ այս պատասխանը հեռու չէ մեզնից ու մեր խնդրանքներից: Երբեմն այնպիսի խնդրանքներ ենք լսում Տիրոջն ուղղված, որ այս պատասխանը իրոք այդ խնդրանքների համար է, թե՝ «Չեք իմանում, թե ինչ եք խնդրում...»:
Մեր առաջին քայլը, Սուրբ Մկրտության խորհուրդն է, որով պիտի դառնանք քրիստոնյա, եկեղեցու անդամ և իրավունք ստանանք հաղորդվելու Տիրոջ Սուրբ Մարմնի և Արյան հաղորդությամբ: Մենք՝ չափահասներս, որ գնում ենք Մկրտության, կամ որ մեր երեխաներին ենք տանում եկեղեցի մկրտության, դա գիտակցաբա՞ր ենք անում, իմանալով, որ Տիրոջ պատվիրանն ենք կատարում: Թե՞ սովորության ուժով ենք գնում ու տանում մեր երեխաներին; Մկրտությունն էլ իր հերթին «բաժակ» է, որ պետք է խմենք:
Այս խորհուրդը կատարվում է, որովհետև Հիսուս Քրիստոսի պատվերն է աշակերտներին, Գալիլիայում՝ վերջին հանդիպման ժամանակ:
Մկրտության պատվերը միայն չտրվեց, մկրտության հետ մեկտեղ պատվիրեց սովորեցնել մկրտվողներին այն ամենը, ինչը որ Ինքը սովորեցրել էր աշակերտներին: Ոչ միայն սովորեցնել, այլ նաև սովորեցնել պահել այդ բոլորը:
Սա Տիեզերական առաքելություն է: Այստեղ հարց տանք մեզ և գնանք առաջ:
Մկրտվե՞լ ենք գիտակցաբար, սովորե՞լ ենք այն ամենը, ինչ սովորեցրեց Իր աշակերտներին, պահո՞ւմ ենք դրանք: Եթե պատասխանները դրական են, փառք Աստծո, իսկ եթե բացասական են, ուրեմն՝ մենք էլ չենք իմանում, թե ինչ ենք խնդրում:
Բայց չիմանալը որևէ կերպ չի արդարացնում մեր ներկա վիճակը; Պետք է հաշվետու լինել ամեն մի գործողության համար, ինչպես մարմնավոր հարցերում, առավել ևս հոգևոր հարցերում: Երկրի վրա լավ բան է հաշվետվությանը պատրաստվել, քանի որ բոլորս Տիեզերական հրապարակում հաշվետու ենք լինելու աշխարհի Փրկչի առջև:
Մկրտությունից հետո գալիս է Պատարագի գլխավոր Խորհուրդը՝ Սուրբ հաղորդությունը, որը դարձյալ Հիսուս Քրիստոսի հաստատած խորհուրդն է, և ունի ևս պայմաններ:
Հաղորդությունն ունի Աստծո հետ միանալու, հաղորդակցվելու և մեկ մարմին լինելու իմաստ: Ս. Հաղորդության խորհուրդը Հիսուս Քրիստոս հաստատեց վերջին ընթրիքի ժամանակ, երբ 12 առաքյալների հետ զատկական սեղանի շուրջ նստած` վերցրեց բաղարջ հացը, օրհնեց, տվեց նրանց ու ասաց. «Առեք, կերեք, այս է Իմ մարմինը»: Հետո վերցրեց անխառն գինով լի բաժակը, գոհություն հայտնեց, տվեց աշակերտներին և ասաց. «Խմեցեք դրանից ամենքդ, որովհետև այդ է Նոր ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար` իրենց մեղքերի թողության համար»:
Այնուհետ պատվիրեց. «Այս արեք իմ հիշատակի համար»: Մեղքի պատճառով Աստծո և մարդու միջև խզված կապը վերականգնելու լավագույն միջոցը Ս. Հաղորդությունն է: Հետևաբար այդ կապը վերականգնելու համար պետք է զղջալ և ցավել գործած մեղքերի համար, այնուհետև խոստովանել: Մինչև Աստծուն մերձենալու այդ պահը խրախուսելի է ինքնաքննությունը, որպեսզի ճանաչելով ինքդ քեզ՝ կարողանաս վճռել` հաղորդվել, թե՞ ոչ:
Այստեղ էլ մեզ հարց տանք, ու անցնենք առաջ: Գիտակցակա՞ն զղջումով, անկե՞ղծ խաստովանությամբ ենք մոտենում Տիրոջ մարմնին և արյանը, որը մեր մեղքերի քավությունն ու թողությունն է: Եթե պատասխանը դրական է, փառք Աստծուն, եթե բացասական է, ուրեմն անհապաղ շտկել է պետք:
Մոտենում է հաջորդ՝ Պսակի Խորհուրդը, որը նույնպես եկեղեցու յոթ խորհուրդներից է, և առնչվում է ամեն ընտանիքի: Չկա ընտանիք, որը որևէ կերպ չառնչվի այս խորհրդին: Եթե նախորդ երկու խորհուրդների ժամանակ պատասխանատվությունը դրվում էր չափահաս ենթակայի ուսերին, ապա այս խորհրդի շատ պատվիրանները վերաբերում են բոլոր մասնակիցներին: Պսակի խորհուրդը աղոթք է, և օրհնություն է: Բայց բոլորս էլ կփաստենք, որ խորհրդի մասնակից ներկաները հաղորդ չեն աղոթքին, այլ զբաղված են մոմավառությամբ, նկարվելով և այլն:
Որպեսզի մեզ հասկանալի լինի, թե այս խորհրդին որքանով են գիտակցաբար մասնակցել, որքանով են լսել քահանայի կարդացած Ավետարանը կամ պատգամը, նայենք նորապսակների ընտանիքներին: Ամուսնալուծությունների թիվը գնալով մոտենում է ամուսնացողների թվին: Սա մեծ աղետ է:
Այստեղ էլ հարց ունենք մեզ ուղղված, բոլոր պսակվողներս՝ հասկացե՞լ ենք, թե ինչ ենք խոստացել Սուրբ Սեղանի առջև Աստծուն, Ավետարանի, քահանայի, մասնակիցների ներկայությամբ մեր խոստումները պահե՞լ ենք նեղությունների հանդիպելիս: Տեր ու հնազանդ գտնվեցի՞ք արդյոք:
Եթե այո է պատասխանը, թող Աստված ամուր պահի այդ ընտանիքը, և մարդու ձեռքով չբաժանվի Աստծու միացրածը: Իսկ եթե ոչ է, ուրեմն պետք է իմանալ, որ այս կյանքում որևէ կայուն և ամուր բան չկա առանց Աստծո կամքի:
Սիրելիներ, այս շարքը կարելի է շարունակել անվերջ: Ինչպես եկեղեցու բոլոր խորհուրդների, այնպես էլ բարեպաշտական սովորությունների կիրառման ժամանակ մեր հասարակության մեջ դրսևորվում է կռապաշտության երանգներ, որոնք հավատի հետ չեն առնչվում:
Երբեմն մենք տարվում ենք ծիսական ու ժողովրդական սովորություններով և բաց ենք թողնում աստվածային խորհուրդը, որով միայն պետք է վավեր համարվի մեր Մկրտությունը, Պսակը, Հաղորդությունը, ինչու չէ նաև հոգեհանգիստներն ու հուղարկավորությունները:
Ավետարանական ոչ մի գրություն և պատգամ չկա, որ այսօր մենք խախտած չլինենք: Մենք չենք կարող պատվիրանները հարմարեցնել մեզ, ասելով ոչինչ, թող այսպես լինի: Պատվիրանները տրվել է, որպեսզի մարդը հեշտ ապրի, իսկ մարդը այն ձևափոխելու պատճառով իր կյանքը դարձնում է դժոխք: Տէր Հիսուս հարցնում է նաև այսօր,- կարո՞ղ եք խմել այդ բաժակից: Եթե կարող եք, ուրեմն ձեր բարի գործերը ձեզ համար աջ ու ձախ կողմերում կապահովեն տեղերը Իմ փառքի մեջ: Իսկ եթե չեք կարող, անդրադարձեք ձեր կյանքի տարբեր հանգրվաններին և տեսեք, թե որտե՞ղ ընկաք, վեր կացեք, վերցրեք ձեր խաչը, որը այդ բաժակն է, և խմեք սիրով ինձ հետ միասին: Ավետարանի ավարտին Հիսուս անդրադառնում է ախակերտների առաջինը լինելու, կամ ձգտելու պահանջին և պատվիրում է չնմանվել հեթանոսներին, որոնց մեջ է ընդունված է իշխելու հատկությունը: Սիրելիներ, նայենք մեր շուրջը, որտեղ երկու հոգի գտնվի, անպայման մեկը ուզում է իշխել մյուսին և սահմանապակել նրա ազատությունը և իրավունքները, նույնը պաշտոնների պարագայում է, և ամենուր:
Իշխելու, հրամայելու, բռնանալու, ստորոցնելու, ենթարկելու մեղքը ամենամեծ բաժակն է, որը չի կարող խմել ոչ ոք, կամ շատ քչերը կարող են:
Յուրաքանչյուրիս բաժակը մեր ծառայությունն է: Յուրաքանչյուրիս բաժակը մեր խաչն է: Յուրաքանչյուրիս բաժակը մեր սեփական փրկության համար է, իսկ մեր Տէր Հիսուս Քրիստոսի խմած բաժակը բոլորի փրկության համար էր: Այսօրվա մեր սերտողության հարցը թո լինի այսպիսին՝ Հանուն Հիսուս Քրիստոսի կարո՞ղ ես պատվով խմել քո բաժակը մինչև վերջ…
Մնացեք սիրով՝ անդրադառնանքք մեր կյանքի հանգրվաններին, հաշվետու լինենք մեր քայլերին, խաղաղ ապրենք միմյանց հետ ի սեր Աստծո:
Աղօթենք միասին
Հովի՛ւ քաջ, Հովի՛ւ բարի եւ յաւիտենական, նայեա՛ց եւ ա՛յց արա բանաւոր հօտի Քո, զոր ժողովեցեր առ Քեզ գթութեամբ Քով: Զի Քո առաջի կամք, Տէ՛ր, եւ առ ի Քէն ողորմութեանցդ եւ գթութեանցդ ակն ունիմք: Զամենեսեան օրհնեա՛, զամենեսեան իմաստնացո՛, զամենեսեան լուսաւորեա՛ եւ ամենեցուն պարգեւեա՛ զերկնից արքայութիւնդ: Վասն զի Դու ես Տէր կենաց եւ Աստուած ողորմութեանց, եւ Քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: