ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 13.22-30
22 Եւ Յիսուս շրջում էր քաղաքներով ու գիւղերով եւ ուսուցանում էր: Երբ ճանապարհ էր ընկել դէպի Երուսաղէմ, 23 մէկը նրան ասաց. «Տէ՛ր, սակաւաթի՞ւ են նրանք, որ փրկուելու են»: 24 Եւ նա նրանց ասաց. «Ջանացէ՛ք մտնել նեղ դռնով. ասում եմ ձեզ, որ շատերը կուզենան մտնել, բայց չեն կարողանայ: 25 Այն բանից յետոյ, երբ տանտէրը մտնի եւ դուռը փակի, դուք, դրսում կանգնած, կսկսէք դուռը բախել եւ ասել. “Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց մեզ համար”. իսկ նա պատասխանելով կասի ձեզ. “Չգիտեմ, թէ որտեղից էք”: 26 Այն ժամանակ կսկսէք ասել. “Մենք քո առաջ կերանք ու խմեցինք, եւ դու հրապարակներում ուսուցանեցիր”: 27 Եւ տանտէրը կասի. “Ասում եմ՝ ձեզ չգիտեմ, թէ որտեղից էք. հեռացէ՛ք ինձնից, դո՛ւք՝ բոլոր անիրաւ մշակներդ”: 28 Այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտում, երբ տեսնէք Աբրահամին, Իսահակին, Յակոբին եւ բոլոր մարգարէներին Աստծոյ արքայութեան մէջ, իսկ ձեզ՝ դուրս հանուած: 29 Եւ կգան մարդիկ արեւելքից եւ արեւմուտքից, հիւսիսից ու հարաւից եւ կբազմեն Աստծոյ արքայութեան մէջ: 30 Եւ ահա վերջիններ կան, որ առաջին կլինեն, եւ առաջիններ, որ կլինեն վերջին»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի թող լինի այս առավոտը, սիրելի հավատացյալներ, որ մեզ նորից ի մի հավաքեց՝ միասին խորհելու և վերլուծելու օրվա խորհուրդը: Եթե դուք ուշադիր եք եղել, նկատած կլինեք, որ Ավետարանները փոխվում են ըստ օրվա խորհրդի, բայց միտքը ավետարանների մեջ՝ երբեք չի ընդհատվում, քանի որ չորս ավետարաններն էլ պահել են այդ ուղղությունը: Գլխավոր ուղին Հիսուս Քրիստոսի շրջագայությունն է, բազմությունն է, քարոզն է, ուսուցումն է և բժշկությունն է: Անվերջ շարժման մեջ է Հիսուս Քրիստոս, ոչ մի տեղ չենք կարդում, որ նստել էր, ու սպասում էր, որ մարդիկ գային Իր մոտ: Շրջում էր քաղաքներ ու գյուղեր, բժշկում ու քարոզում էր, բժշկվածները միանում էին Իր հետևորդներին և գնալով հետևորդների քանակն ավելանում էր:
Որքան որ Քրիստոսի հետևորդների թիվն ավելանում էր, այդքան էլ ավելանում էր կրոնական առաջնորդների մտահոգությունները, քանի որ վախենում էին, որ շուտով բազմությունը կդառնա անկառավարելի և իրենք կկորցնեն իրենց իշխանությունը, որովհետև տեսնում էին, որ Քրիստոս բացում էր ժողովրդի հոգու աչքերը տեսնելու համար իրականությունը:
Այս շրջագայության ժամանակ, երբ ճանապարհ էր ընկել դեպի Երուսաղեմ, Իր հետևորդներից մեկը մի հարց տվեց Հիսուսին: Հարցից հասկանալի է, որ այդ հետևորդը նախորդ հանդիպումներին և ուսուցումներին ներկա է եղել և շատ տպավորվել է նախորդ զրույցներից և իր մտքում հարցի պատասխանը չգտնելով, բարձրաձայնում է հարցը, ասելով.- Տէր, սակավաթիվ են նրանք, որ փրկվելու են:
Հիշո՞ւմ եք, նախորդ գլուխներում այսպիսի մի զրույց եղավ այն ժամանակ, երբ եկան ու ասացին Հիսուսին, որ Պիղատոսը գալիլիացիներ է սպանել, և միևնույն ժամանակ Սիլովամի աշտարակի քանդվելու պատճառով տասնութ մարդ է զոնվել: Տէր Հիսուս ոչ թե զարմացավ, կամ բարկացավ, այլ ասաց, եթե չապաշխարեք, բոլորդ էլ այդպես կկորչեք: Որովհետև մեղավորը նա չէր, որին սպանեցին, կամ քանդած կամուրջի տակ մնաց, այլ բոլորը, ովքեր չեն ապաշխարել:
Այս մարդը հարց տվեց Հիսուսին փրկվողների թվի մասին և ամենևին էլ իր հացի պատասխանը չլսեց, ինչ որ ակնկալում էր, այլ լսեց մի անծանոթ պատասխան, թե՝ - ջանացեք մտնել նեղ դռնով:
Սիրելիներ, մենք՝ քրիստոնյաներս պարտավոր ենք ընկալել Հիսուս Քրիստոսի տված ամեն պատասխան՝ Իր ընդհանուր Վարդապետության շրջանակի մեջ, գլխավոր նպատակի մեջ, որպեսզի շուտ ըմբռնենք, թե ինչու այսպես ասաց:
Մտնել նեղ դռնով, նշանակում է կարողանալ կառավարել պահանջներն ու ցանկությունները: Նեղ դռնով մտնողի համար չափավորությունը պայման է: Իսկ չափավորության գիտակցություն ունի ամեն ապաշխարող մարդ, որը տեսնում է իր մեղքերը: Նեղ դռնով մտնող քրիստոնյայի ներքինն ու արտաքին դրսևորումները պետք է նույնը լինի, որ կարողանա մտնել: Տէր հիսուս ասում է ,- Ես եմ դուռը,- այսինք ամենայն առաքինությունը:
Եթե դուք էլ մի հարց տաք ձեր հոգևորականին, նա էլ ձեզ այսպիսի պատասխան տա, ուրեմն մտածեք, որ նա ուզում է ընդլայնել ձեր մտահորիզոնը, և առիթ է տալիս ավելի խորը մտածելու և պատասխանը գտնելու:
Մենք բոլոր հարց ու պատասխանների ժամանակ տեսնում ենք, որ Հիսուս միշտ տալիս է այնպիսի պատասխան, որը առիթ կտա հարց տվողին երկար ժամանակ միտքը զբաղեցնել այդ պատասխանի վրա:
Առհասարակ մարդկանց մեծամասնությունը սիրում են լսել ուղիղ պատասխան, որ միանգամից հասկանան: Տեսնո՞ւմ եք սերիալները ինչքան հետաքրքրություն են առաջացնում մարդկանց շրջանում, քանի որ մտածելու թեմա չկա, աչքերը բավական են նայելու համար: Բայց կան ֆիլմեր, որոնք նայելուց հետո մի քանի օր մնում է մտքիդ մեջ՝ վերլուծելու համար:
Այնուհետև շարունակելով նեղ դռան թեման, Տէր Հիսուսն ասում է,- շատերը կուզենան մտնել, բայց չեն կարողանա:
Ի՞նչու չեն կարողանա: Ամենապարզ և ուղիղ իմաստով էլ որ մտածենք, կհասկանանք, որ գեր մարդը նեղ տեղով դժվար է անցնում: Ինչպես որ ասեղի և պարանի օրինակը բերեց մեծահարուստ երիտասարդի համար, այնպես էլ նեղ դռնից մտնելը միայն կամենալով չէ, այլ՝ պայմաններ կան նեղ դռան համար: Դրանք առաքինություններն են, որոնք ձեռք են բերվում ապաշխարությամբ և զղջումով: Հիսուս Քրիստոս Իր երեք տարվա շրջագայություններից ո՛չ մեկի ժամանակ չի ասել,- վա՛յ ձեզ գողեր և ավազակներ, որովհետև Ինքը եկել էր մեղավորին փրկելու իրենց մեղքերից: Բայց մենք տեսանք, թե ո՛ւմ էր ուղղել Իր բոլոր վա՛յերը, նրանց որոնք և մեղավոր էին, և քողարկում էին իրենց մեղքերը: Այդպիսին ինչպե՞ս կմտնի նեղ դռնով, եթե ներդաշնակություն չգտնի իր ներքին մարդու և ցուցադրական մարդու միջև:
Նեղ դուռը առաքինությունների դուռն է, որի Տանտէրը Հիսուս Քրիստոսն է, և երբ որ փակի այդ դուռը, այլևս ո՛չ ոք չի կարող բացել: Ավետարանը ասում է,- Այն բանից հետո, երբ տանտէրը մտնի և դուռը փակի, դրսում կանգնածների աղերսները այլևս չի լսվի, որովհետև Տանտէրը կասի,- չգիտեմ թե որտեղից եք դուք, ես ձեզ չե՛մ ճանաչում, քանի որ անիրավ մշակներ եք:
Ուշադրություն դարձրեք, սիրելիներ, մեր Տէրը չի ասում, թե դուք չեք ծառայել, կամ ծույլ եք, կամ ինչու չեկաք իմ այգում աշխատելու, այլ ասում է,- քանի որ անիրավ մշակներ եք, դրա համար չեմ ճանաչում ձեզ:
Միայն մշակ լինել և սեփական անձի շահերի համար վաստակել եկամուտ՝ բավական չէ, Քրիստոսից ճանաչվելու համար:
Պետք է Քրիստոսին ծառայել, Քրիստոսի պես ծառայել և Քրիստոսի սիրո համար ծառայել, ոչ թե միայն վաստակի: Յուրաքանչյուր անձ աշխատում է և դրա դիմաց աշխատավարձ է ստանում, և դա նորմալ երևույթ է, բայց կա մասնագետ, որը անձնուրաց ծառայում է իր մասնագիտության մեջ, նաև աշխատավարձ է ստանում:
Մի խրատական առակ կա այս թեմային համապատասխան: Երկու շինարար քար են տաշում մի կառույցի համար, մեկը սիրով իր գործն է անում, իսկ մյուսը առավոտից տրտնջալով բողոքում է, որ աշխատանքը ծանր է, փողը քիչ է, ընտանիքը մեծ է, և այլն: Նրանց է մոտենում մի անցորդ և հարցնում է, թե ի՞նչ են անում: Այս տրտնջացողը միանգամից սկսում է գանգատները:
Անցորդը մյուսին է հարցնում,- բա դու ի՞նչ ես անում: Եկեղեցի եմ կառուցում,- ուրախ պատասխանում է, շարունակելով իր գործը: Այս երկու վարպետներն էլ աշխատավարձ են ստանում: Բայց նրանցից մեկն է սիրով իր գործը անում: Միտքը ավարտելով Տէր Հիսուս ասում է, երբ որ դուք դրսում մնաք և դռները փակվի բոլոր զգուշացումներից հետո, դուք կլացեք և ձեր ատամները կկրճտացնեք, որովհետև կտեսնենք Աստծու Արքայության մեջ բազմած մարդկանց, որոնց դուք ճանաչում եք, իսկ դուք այնտեղ չեկ կարող լինել, որովհետև չանսացիք իմ խոսքին, բավարարեցիք ձեր ցանկություններն ու կարիքները, այնքան ժամանակ, մինչև փակվեց Արքայություն տանող դուռը: Ահա թե ինչ է նեղ դուռը, և թե ինչո՞ւ չեն կարող շատերը մտնել այնտեղից: Այստեղ է որ վերջինները անսալով Քրիստոսի ձայնին՝ կդառնան առաջիններ, իսկ առաջինները, որ կարծում էին թե առաջին են ու ձեռքերը ծալած անտարբերության մեջ վայելում էին իրենց հաճելի կյանքը, նրանք էլ կլինեն վերջիններ:
Հետևաբար սիրելիներ, քրիստոնեությունը մեկանգամյա դավանություն չէ, մկրտվելը տուրք տալ չէ, հաղորդվելը բարեպաշտություն չէ, Պատարագ մատուցելը պարտականություն չէ, ծնկի գալը դեռ խոստովանության ժամանակ, դեռ զղջում չէ: Քրիստոնեությունը երջանիկ կյանք է, որտեղ հարսն ու փեսան միաժամանակ հավատարիմ են միմյանց և հոգատար են միմյանց նկատմամբ, հնազանդ են միմյանց և ողորմած են հարազատների նկատմամբ: Այսպիսի համատեղ կյանքում ծնված երեխաները կլինեն բարեպաշտ, Քրիստոսասեր, մարդասեր և խոնարհ: Սիրելի հավատացյալներ, Ավետարանի ընթերցանության ժամանակ, ոչ մի տողի վրայով անտարբեր մի անցեք, բոլորը ձեր մասին է, և անձամբ ձեր մասին: Այսօր թող մեր դասը լինի նեղ դռնով մտնելու գաղտնիքները սովորելը, նեղ դռնով անցնելու պայմաններին ծանոթանալը և երբեք փակ դռանը չհանդիպելը: Մնացեք սիրով՝ և ամեն օր ձեզ հարց տվեք, արդյոք դուք այն սակավաթիվ մարդկանց մե՞ջ եք, որ փրկվելու են: Մինչ վաղը տեսնվելու ակնկալիքով:
Աղօթենք միասին
Ապաշխարութեան աղօթք
Տէ՛ր երկնքի եւ երկրի Յիսուս Քրիստոս, իշխա՛ն կեանքի եւ մահուան, դատաւո՛ր կենդանիների եւ մեռեալների, յո՛յս եւ ապաւե՛ն իմ հոգու, Քեզ եմ մատուցում իմ աղօթքի երկրպագութիւնը եւ աղերսները: Լսի՛ր ինձ եւ քաւի՛ր իմ մեղքերը, որ միա՛կդ ես առանց մեղքերի, որ միա՛կդ ես սուրբ եւ սուրբերի մէջ բնակւում, որ միա՛կդ ես գթած ու ողորմած: Ողորմի՛ր ինձ, Ստեղծի՛չ իմ, եւ օրհնի՛ր ինձ: Հաշտուի՛ր ինձ հետ, կենսատո՛ւ իմ, եւ արքայութեանդ մեջ յիշի՛ր ինձ, ինչպէս աւազակին: Դարձի՛ր դէպ ինձ, Փրկի՛չ իմ Աստուած, եւ դարձրո՛ւ ինձանից Քո ցասումը: Բարկութեամբդ մի՛ խրատիր ինձ եւ Քո ցասումով մի՛ յանդիմանիր: Մի՛ բարկացիր ինձ վրայ յաւիտեան եւ մի՛ յիշիր իմ չարիքները եւ մի՛ պարտաւորիր ինձ ըստ իմ անօրէնութիւնների: Մի՛ վարուիր ինձ հետ ըստ իմ մեղքերի եւ մի՛ հատուցիր ինձ ըստ իմ անօրէնութեան: Մի՛ զրկիր ինձ Քո երեսից եւ մի՛ դատապարտիր ինձ, քանի որ ես ինքս գիտեմ, որ յանցաւոր եմ իմ մանկութիւնից եւ անպատասխան եմ Քո առջեւ: Ամեն.