Ողջույն ձեզ սիրելի հավատացյալներ. Հանապազօրյա Հացի մշտական ունկնդիրներ, այսօր Վարագա խաչի տոնն է, և ես ուզում եմ ձեզ հետ միասին մի թեմայի շուրջ խորհրդածել, որից առավել կարևոր հարց չկա երկրագնդի վրա: Այդքան կարևոր լինելով հանդերձ, անուշադրության է մատնված մարդկության կողմից: Դա աշխարհի վախճանի մասին հարցն է, որը տեղ է գտել երեք Ավետարաններում նույնպես:Բոլորս էլ շատ անգամներ լսել ենք սուտ մարգարեություններ աշխարհի վախճանի մասին, նույնիսկ հստակ ամսաթվերով:
Սակայն բոլորն էլ սուտ են դուրս եկել և մարգարեացողները ամոթով են մնացել: Դա նրանից է, որ իրենց հեղինակությունը բարձր են դասում Աստվածաշնչի հեղինակությունից: Իրենց մարդկային տկար մտքի թռիչքը ավելի ստույգ են համարում, քան Աստվածաշնչի բացարձակ ճշմարտությունը, որն ասում է Երկինք ու երկիր կանցնեն, բայց Իմ խոսքերը չեն անցնի:
Այս խոսքերը փաստում են, որ կյանքում ամեն բան անցողիկ է, իսկ Աստծո խոսքը հավիտենական է։ Նրա ճշմարտությունը երբեք չի փոխվում, այսինքն՝ «Տիրոջ խոսքը մնում է հավիտյան»:Հետևաբար մենք պետք է կառչած մնանք Սուրբ Գրքի բացարձակ հեղինակության վրա, և մեր խոսքը կառուցենք նրա հեղինակության վրա:
Տէր Հիսուս Քրիստոս մանրամասն և հիմնավոր հերթականությամբ ասում է, թե երբ է լինելու աշխարհի վախճանը, առանց ժամ ու ժամանակ նշելու: Որովհետև ամենևին կարևոր չէ թե աշխարհի վախճանը երբ կլինի: Ամեն մարդ այս կյանքում ապրում է այնքան, որքան որ նախասահմանված է իր համար: Առավել կարևոր հանգամանքն է այն, թե մարդն իր կյանքում հասկանո՞ւմ է իր աշխարհ գալու նպատակը, թե՞ ոչ: Եթե հասկանում է, ուրեմն նա իր լապտերը միշտ յուղով լցված կպահի մինչ իր կյանքի ավարտը, իսկ այնուհետև՝ ըստ խոստման, մինչև Տիրոջ Երկրորդ Գալուստ և համընդհանուր Հարություն: Իսկ եթե մարդն ապրում է մինչև խորը ծերություն առանց իմաստության, նրա համար միայն ժամերն ու ժամանակներն են հետաքրքիր, ոչ թե իր կյանքի փոփոխությունը, նոր մարդ դառնալու հրաշքը:
Տէր Հիսուս Քրիստոս ասում է, որ կգան սուտ մարգարեներ, ձեզ կխաբեն, կլինեն պատերազմներ, ազգերը միմյանց դեմ դուրս կգան, թագավորությունները՝ թագավորությունների դեմ դուրս կգան, սով կլինի, համաճարակ կլինի, մարդիկ միմյանց կատեն, միմյանց կմատնեն, անօրենությունները պիտի շատանան և սերը պիտի պակասի: Սարսափելի սրբապղծություններ կլինեն չնախատեսված վայրերում: Տէրը վա՜յ է տալիս հղիներին և կերակրող մայրերին: Այսպիսի նեղություններ չեն եղել արարչագործության սկզբից և չեն լինելու նաև հետո: Այս նեղություններից անմիջապես հետո արեգակը պիտի խավարի և լուսինը իր լույսը չպիտի տա, աստղերը երկնքից պիտի ընկնեն և երկնքի զորությունները պիտի շարժվեն:
Տէրը զգուշացնում է, որ աղոթքով խնդրենք, որպեսզի այդ ժամանակը ձմեռ չլինի: Այսքանից բացի Նաև Արքայության Ավետարանը պիտի քարոզվի ամբողջ աշխարհում՝ ի վկայություն բոլոր հեթանոսների: Երբ որ այս բոլորը կատարվի, ապա կլինի աշխարհի վախճանը:
Քանի որ Աստծու խոսքը անշարժ է, ուրեմն այս արհավիքները պիտի անպայման տեղի ունենան երկրի երեսին: Այս բոլորը պիտի տեղի ունենան մարդկանց միջոցով, ընդ որում այն մարդկանց, որոնք չեն հավատում Աստծու խոսքին, Աստծու գոյությանը, և նաև այն մարդկանց, որոնք անտեղյակ են Աստծո խոսքից: Աստծուն չհավատացողները պիտի մոլորեցնեն Աստծու խոսքից անտեղյակներին:
Հիմա յուրաքանչյուրս մեզ հարց տանք, և անկեղծ լինենք պատասխանի մեջ: Հարց. Մենք նպաստո՞ւմ ենք աշխարհի վախճանի արագացմանը, թե՞ հետաձգում ենք մեր արարքներով: Աշխարհի վախճանի օր արդյո՞ք մեզ հետաքրքիր է այլևս:
Մարդկությունն ամեն ինչ անում է, որ աշխարհի վրա սերը պակասի, մարդիկ իրար ատեն, իրար մատնեն և մնացած բոլոր արհավիրքները կատարվի:
Մեզնից քանի՞սն են շահագրգռված, որ Արքայության Ավետարանը քարոզվի աշխարհում:
Այս ամենի մասին զգուշացնելուց հետո Հիսուս Քրիստոս ասում է,- ապա երկնքի վրա մարդու Որդու նշանը պիտի երևա ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն, և տեսնեն մարդու Որդուն որ գալիս է ամպերի վրայով զորությամբ և փառքով: Այստեղ մեծ հարց է առաջանում, ինչո՞ւ պիտի լացեն ազգերը: Մի՞թե չէր զգուշացվել մարդկությանը դարեր շարունակ: Անշուշտ զգուշացվել էր մեծ համբերատարությամբ: Ովքե՞ր պիտի լացեն և ովքե՞ր պետք է ցնծան մարդու Որդուն տեսնելիս ամպերի վրայով գալուց: Հիմա տեսնո՞ւմ եք, սիրելիներ, որ աշխարհի վախճանի տարեթիվն իմանալուց ավելի կարևոր բան կա, որի նկատմամբ աշխարհը անտարբեր է: Դա այն մեծ հնարավորությունն է, որ Աստված տալիս է մարդուն իր ծնված օրից, որպեսզի մարդը պատրաստվի հավիտենական կյանքը դիմավորելու: Իսկ մարդն անտեսում է, արհամարհում է, մոռանում է, ծուլանում է իր սեփական փրկության մասին գրված Գիրքը կարդալու հարցում: Այսօրվա մարդուն ավելի սենսացիոն դեպքեր են հետաքրքրում, աչքի և ականջի համար շոյող թեմաներ են ուզում:
Աշխարհի միակ հեղինակություն հանդիսացող Աստվածաշունչ մատյանը այսօր չի բավարարում ժամանակակից քաղաքակիրթ մարդու հետաքրքրությունները, նա առավել գիտության մեջ է մխրճվել:
Աշխարհի արարչագործությունից մինչև մեր օրերը Աստված հատուկ առաքելությամբ մարդիկ է պատրասել և նրանց օժտել է մեկին՝ հավատարմությամբ, մեկին՝ արդարությամբ, մեկին՝ հնազանդությամբ, մյուսին՝ խոնարհությամբ: Բայց այս բոլոր մարդիկ ունեցել են միևնույն զորավոր հավատքը Աստծու նկատմամբ: Ոչ թե եղել են առանց մեղքերի, այլ ունեցել են հաստատուն հավատք Աստծու հանդեպ: Պատկերացնելն անգամ անհնար է, սիրելիներ,- երբ հրեշտակները գան շեփորներով ու հավաքեն ընտրյալներին աշխարհի չորս ծագերից: Ո՞վ պատրաստ կլինի, ո՞վ անպատրաստ, միևնույն է մեծ տագնապ կլինի: Եթե արդարների համար տագնապ ու խուճապ կլինի, ապա ի՞նչ կլինի նրանց համար, որոնք հանկարծակիի կգան և այլևս անկարելի կլինի որևէ բան փոխել:
Երկինք եւ երկիր պիտի անցնեն,- ասում է Տէրը,- բայց իմ խօսքերը չպիտի անցնեն:
Մի՞թե այսքանն իմանալուց հետո որևէ մեկը կարող է ասել ես չգիտեի, կամ ես անպատրաստ եմ;
Մի՞թե կգտնվի մեկը, որ կասի, ինձ չեն ասել, այն ժամանակ, երբ երկու հազար տարի է ասվում է,- արթուն կացեք, որովհետև չգիտեք, թե երբ կգա ձեր Տէրը: Պատրաստ եղեք միշտ, որովհետև այն ժամին, երբ չեք սպասում, մարդու Որդին կգա:
Նոյի ժամանակ էլ շատերը չհավատացին, շատերը ծաղրեցին, շատերը լուրջ չմոտեցան այն խոսքի որ Նոյը տապան էր կառուցում, և ասում էր, որ ջրհեղեղ է լինելու: Մենք կարդացինք և իմացանք այդ մասին: Քրիստոսից հետո մեզ համար գրվեց մի նոր Ավետարան և ամեն ինչի մասին տեղեկացրեց մեզ: Եթե մենք էլ Նոյի ժամանակվա մարդկանց նման վարվենք, ուրեմն մեղքը մերն է:
Ուզո՞ւմ ես վախճանիդ օրը օրհնվի, ապրածդ օրերում Աստծու երկյուղը ունեցիր սրտումդ: Մարդու աշխարհ գալու նպատակը աստվածճանաչողությունն է: Կյանքի ընթացքը՝ Աստծուն փնտրելն է:Նրան ծառայելն է: Ծերության արժանանալու դեպքում այլոց համար օրինակ լինելն է: Ով սիրում է Աստծուն, ողջ կյանքը նախապատրաստվում է մահվան՝ առանց վախենալու մահից, որովհետև Քրիստոս մեռավ, Հարություն առավ, մեզ անմահացնելու համար: Բոլորս ենք ծնվում նույն կերպ, նույն աստվածադիր օրենքով, սակայն բոլորիս չի շնորհվում ծեր լինել: Մանուկ բոլորս ենք եղել, սակայն ծեր ոչ բոլորին է վիճակվում: Ուրեմն, սիրելիներ, որ տարիքում էլ լինենք, նվիրում ունենանք: Թեկուզ փոքրիկ, բայց սրտանց: Ինչի մեջ որ կանք, հավատարիմ լինենք: Այնպես ծառայենք, կարծես թե հենց Հիսուս Քրիստոսին ենք ծառայում: Որպեսզի երբ Տէրը գա, մեզ կարգի Իր ամբողջ ունեցվածքի վրա: Մեր այսօրվա դասը թող լինի մշտապես պատրաստվելը, Տիրոջ Գալուստին լապտերը վառած դիմավորելը: Մնացեք սիրով՝ ձեր կյանքերը նորոգելով, ոչ թե ժամեր ու ժամանակներ հաշվելով: