ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 12.2-9
2 որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի, 3 քանի որ ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզուի տանիքների վրայ: 4 Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին. մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, 5 այլ ցոյց կտամ ձեզ, թէ ումից պէտք է վախենաք: Վախեցէ՛ք Նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի: Այո՛, ասում եմ ձեզ. վախեցէ՛ք Նրանից: 6 Չէ՞ որ հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառւում, եւ նրանցից ոչ մէկը Աստծոյ առաջ մոռացուած չէ: 7 Նոյնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշւուած են. մի՛ վախեցէք, որովհետեւ դուք շատ աւելի յարգի էք, քան ճնճղուկները: 8 Ասում եմ ձեզ. ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: 9 Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս բոլորիդ, սիրելիներ, որ ներկա եք այս ժամին մեզ հետ ուղիղ եթերում: Այսօր շաբաթ է, մեր եկեղեցին հիշատակում է
Տիեզերահռչակ զորավար և Քրիստոսի վկա սուրբ Գևորգի անունը, որը կապադովկացի ազնվական էր,և բարեպաշտ ծնողների զավակ:
Շնորհավորում եմ Գևորգ անունը կրող հայորդիներին՝ իրեն անվանակոչության օրվա առթիվ: Սուրբ Գևորգի բարեխոսությամբ ճշմարիտ քրիստոնեական կյանք ունենաք, որպեսզի ձեր կյանքը տեսնողները ասեն մեծ է քրիստոնյաների Աստվածը, ինչպես որ Գևորգի համար ասացին: Նա նահատակվեց Քրիստոսի համար, որին չէր տեսել, արժանանալով երանելի կոչմանը:
Ղուկասի Ավատարանի այսօրվա ընթերցվածքի պատգամները, որ տալիս է Հիսուս Քրիստոս, այն ծանր հանդիպումից հետո էր, երբ մաքսավորի տանը ճաշի հրավիրված փարիսեցիներին ամոթահար արեց ողջ բազմության առջև, բացահայտելով նրանց կեղծիքները, որոնք խնամքով թաքցնում էին ժողովրդից: Օրենսգետներն ու փարիսեցիները ավելի ու ավելի չարացան այն բանից հետո, երբ Հիսուս նրանց անմիտ անվանեց և ասաց, որ դուք ձեր արտաքինն եք զարդարում, բայց ես ձեր ներքինն եմ տեսնում, և ոչինչ ծածուկ չէ ինձ համար: Այստեղ էր որ նրանց համար վայերի մի շարք արտաբերց, ասելով վայ ձեզ, կեղծավորներ:
Այս բուռն խոսակցությունից հետո Հիսուսի մոտ չափազանց շատ մարդիկ հավաքվեցին, Ավետարանիչը ասում է, -իրար կոխոտելու աստիճան: Ժողովրդի ականջը սովոր չէր, որ մեկը քահանայապետների կեղծիքը բացահայտի, առավել ևս բարձրաձայնի հանրության առջև: Այդ պատճառով ամեն օր ավելի էր շատանում հիսուսի հետևորդների թիվը, ինչը չափազանց անհանգստացնում էր օրենքի ուսուցիչներին: Հավաքված բազմության մեջ Հիսւոս իր աշակերտներին դիմելով, զգուշացրեց, որ նրանք հեռու մնան փարիսեցիների խմորից, որ կեղծավորությունն էր: Որովհետև չկա ծածուկ բան, որ չբացահայտվի:
Այս գեղեցիկ արտահայտությունը մեզանում էլ շատ ընդունված է օգտագործել այն ժամանակ, երբ բացահայտվում է մի ստվերային արարք: Օրվա կրոնական առաջնորդների խոսքն ու գործը հակասում էր, և Տէր Հիսուս կամեցավ, որ աշակերտները իրենց ուշադրությունը կենտրոնացնեն այդ կեղծիքի վրա: Ամբողջ Աստվածաշունչը իր բովանդակությամբ գալիս է մեզ փաստելու, որ իրոք չկա մի ծածուկ բան, որ հայտնի դարձած չլինի, և արձանագրված չլինի նույնիսկ մեծամեծ թագավորների, մարգարեների, նույնիսկ առաքյալների կյանքից: Աստված երբեք չմեղադրեց մեղավորին, այլ՝ մեղքը թաքցնողին, քանի որ Ինքը եկել էր հիվանդ Իսրայելի ոչխարների համար:
Մենք կարդում ենք, որ վեճ առաջացավ Պողոսի և Պետրոսի միջև, որը նույնպես արձանագրված է սուրբ Գրքում:
Մարգարեի և թագավորի միջև հանդիմանություն եղավ թագավորի մեղքի պատճառով, դա նույնպես արձանագրված է:
Շատ շատ են այսպիսի դեպքերը, որ մեղքերը բացահայտվել են, և ծածուկ չեն մնացել: Մեր Տէր Հիսուս Քրիստոսն էլ ամեն ինչ բացահայտ էր ասում և ոչ մի աչառություն չկար նրա խոսքի մեջ: Որևէ պաշտոն չէր կարող պատճառ լինել, որպեսզի ենթակայի մեղքը կամ վատ արարքը ծածուկ պահվի: Եթե Քրիստոս չբացահայտեր փարիսեցիների կեղծավորությունը, գուցե «խաժամուժ ամբոխը», ինչպես որ իրենք էին անվանում ժողովրդին, հավատային նրանց: Քանի որ Հիսուս արդեն գիտեր նրանց սրտի նենգ ծրագրի մասին, որ պատրաստվում էին իրեն սպանել, աշակերտներին ասաց, դուք էլ չվախենաք, եթե մի օր ձեզ էլ սպանեն: Դրանից ավելի ուրիշ բան անել չեն կարող: Բայց վախեցեք Աստծուց, որի ձեռքում է գեհեն նետելու իրավունքը: Հիսուս Քրիստոսի այս խոսքերը գոտեպնդում են մեզ շիտակ խոսելու մեջ, կեղծիքից հեռու մնալու հարցում: Եթե ճնճղուկները Տիրոջ առջև մոռացված չեն, ապա որքան առավել մարդ արարածը, որի համար խաչը բարձրացավ Աստծու Միածին Որդին:
Ժամանակի կրոնական առաջնորդները մարդկանց առաջ չէին խոստովանում Հիսուս Քրիստոսին որպես Աստծո Որդին, և բացի չխոստովանելուց նրա մահն էի կամենում միայն: Իսկ երբ Նրա հետ խոսակցության էին բռնվում, անպայման հակառալ էին խոսում, որպեսզի Քրիստոս օրենքի դեմ մի բան ասի և սրանք Նրա ամբաստանեն: Հիսուս Քրիստոսին հայտնի էր նրանց միտքը հենց սկզբից:
Աշակերտներին փարիսեցիների խմորից զգուշացնելուց հետո, Տէր Հիսուս ևս մեկ ուշագրավ պատվիրան տվեց բոլոր ներկաներին, որոնց մեջ էին նաև օրենքի ուսուցիչները, ասելով՝ «Ասում եմ ձեզ, ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կը խոստովանի Աստծու հրեշտակների առաջ։ Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ կ՚ուրանայ, Աստծու հրեշտակների առաջ պիտի ուրացուի։
Եւ ով որ մարդու Որդու դէմ բան ասի, նրան պիտի ներուի, բայց ով որ Սուրբ Հոգուն հայհոյի, նրան չպիտի ներուի։
Շատ մեկնաբանների համար այս հատվածը խորը վերլուծությունների առիթ է հանդիսացել: Ի՞նչ տարբերություն կա,- ասում են,- մարդու Որդու և Սուրբ հոգու հայհոյության միջև: Այս խոսքերը ուղղված էր կրոնական առաջնորդներին, փարիսեցիներին, օրենքի ուսուցիչներին, սադուկեցիներին, որոնք իբրև միաբան էին, բայց իրենց մեջ դարձյալ բաժանված էին, քանի որ մեկը հավատում է մեռելների հարությանը մյուսը՝ ոչ: Բայց ի տես մարդկանց գործում էին միասին: Այս խմորի մասին էր զգուշացնում Տէրը Իր աշակերտներին:
Իսկ հայհոյության մասին որոշ մեկնաբաններ ասում են, որ օրվա կրոնականները ճանաչում էին Հիսուսի ծնողներին և չէին կարողանում հավատալ, որ Նա Աստծու Որդին է: Իսկ Հիսուս նրանց ասում է, եթե դուք ինձ հայհոյում եք միայն դրա համար, որ ես Մարիամի և Հովսեփի Որդին եմ, դրա համար կներվեք: Իսկ եթե գիտեք, որ Աստված եմ ու հայհոյում եք, դա ձեզ չի ներվի, ոչ այս աշխարհում , ոչ էլ հանդերձյալում:
Սիրելիներ, որպեսզի մենք այս բոլոր բաները հիմնավոր հասկանանք, պետք է կրթվենք ինչպես որ հարկն է: Միայն հավատալը երբեմն բավական չէ, հաճախ տեսնում ենք, որ ուղղափառ հավատքի տեր մեկը միացել է աղանդավորներին, նրանց ցուցաբերած ֆինանսական օգնության համար, կամ ուսման վճարը վճարելու համար: Մեր Տէրը իր աշակերտներին հանգամանալից կերպով սովորեցնում էր բոլոր նրբությունները, խաբվելու բոլոր դռները ցույց էր տալիս: Դեպի Աստված ճանապարհին մենք էլ կարող ենք հանդիպել ամենատարբեր հավատքի աստիճան ունեցող մարդկանց: Դուռը նեղ է, հոգևոր կուրությունը մեզ խանգարում է տեսնել այդ դուռը, որը տանում է դեպի Երկնքի Արքայություն: Ժամանակակից մարդու համար երբեմն անկարելի է հասկանալ, թե ինչո՞ւ դրախտ տանող ճանապարհը նեղ է, անանցանելի և քարքարոտ, և մենք փնտրում ենք լայն ու հեշտ ճանապարհ: Մեզ՝ որ առաջին անգամ, եկեղեցի մտանք, պետք է բացատրվեր, թե ո՞րն նպատակը մեր եկեղեցի գնալու, և ո՞րն էր նպատակը Հիսուս Քրիստոսի խաչելության: Կամ այսպիսի կարևոր տեղեկությունները պետք է սովորենք տանը, դպրոցում, եկեղեցում: Որևէ կառույցի գլխավոր մասը նրա ամուր հիմքն է: Մեր հավատքի հիմքը ամուր չէ: Մոմ, սրբապատկեր, օրհնված նյութական իրեր, ժողովրդական ծեսեր և այլն, սրանք են մեր հավատքի հիմքը: Դրա համար է թույլ մեր հավատքը, դրա համար են մեզ խաբում ամենուրեք կրոնական այլ ուղղությունները, և միայն Աստծու անունը տալով տանում են իրենց հավաքներին:
Աշակերտներին անընդհատ հիշեցնում էր Հիսուս, որ զգուշանան նրանց խմորից: Այսօր էլ կան բազմաթիվ խմորներ, որոնցից պետք է զգուշանանք մենք: Անշուշտ հետո բացահայտվում է նրանց կեղծիքը, ինչպես որ այսօրվա Ավետարանն է ասում,- Չկա ծածուկ բան, որ չհայտնվի և գաղտնի բան, որ չիմացվի:
Ներկա դարի քրիստոնյան իրավունք չունի անտեղյակ լինելու իր հոգու փրկություն մասին գիտությունից ու հավատքից: Իսկ դրա առաջին պայմանը մեղքի գիտակցությունն ու ապաշխարությունն է; Եթե մարդը չունեցավ մեղքի գիտակցություն, ապրելու է իր ցանկությունների և կրքերի թելադրությամբ, փնտրելու է լայն ճանապարհ: Մարդուն պետք է օգնել հասկանալ, թե ինչո՞ւ է ինքը հայտնվել փորձության մեջ, քան թե արագ օգնել, որ հնարավորինս շուտ դուրս գա փորձությունից:
Սիրելիներ, շատ կարդացեք, շատ լսեք, շատ պահանջեք ձեր եկեղեցու հոգևորականից, որպեսզի ամուր կանգնեք ձեր հավատի մեջ և չերերաք ոչ մի քամուց ու ծովի ալիքներից: Աստծու ծրագրի մեջ մեղք չի եղել, մենք փորձությունների և անհաջողությունների մեջ ենք մեր մեղքերի պատճառով: Անպայման մի օր բացահայտվում է մեղքը և ծածուկ չի մնում այլևս ոչ մի բան: Այսօրվա մեր դասը թող լինի այն, որ իմանանք, թե՝ ծածուկ բան չկա, որ չհայտնվի և գաղտնի բան որ չիմացվի: Հետևաբար ապրենք Աստծու ներկայության մեջ, այնտեղ ծածուկ բան չկա: Մնացեք սիրով, հավատին գումարեք գիտելիք և խնդրեք, որ Աստված ավելացնի ձեր հավատքը:
Աղօթենք միասին
(Հատված Ս. Ներսես Շնորհալու «Նայեաց սիրով» շարականից
Ո՛վ գթառատ Հայր, սիրով նայի՛ր Քո ձեռքերի ստեղծածներին և մեզ՝ տկարներիս, պահապան տո՛ւր բանակները հրեշտակների։ Փրկի՛ր մեր անձերը փորձանքներից, խավարի մեջ շրջող դևերից, որպեսզի գիշեր ու ցերեկ անդադար փառք տանք Քեզ։ Անստեղծ և անսկիզբ Աստծո անճառելի Ծնունդ, Որդի՛ և Բա՛ն, որ ցերեկը աշխատելու, իսկ գիշերը հանգստյան քնի համար ստեղծեցիր, մեր մարմնի աչքերը թող ննջեն, բայց հոգով մնանք արթուն, որպեսզի գիշեր ու ցերեկ անդադար փառք տանք Քեզ։ Բանական հոգիների վարդապետ, լույսի աղբյուր, շնորհների բաշխող, Սո՛ւրբ Հոգի, մեր մարմնեղեն դռները փակվելիս՝ լո՛ւյս տուր մեր սրտերի աչքերին, որ գիշերները կանուխ արթնանանք և հրեշտակների հետ Քեզ օրհնաբանենք, որպեսզի գիշեր ու ցերեկ անդադար փառք տանք Քեզ։ Ամեն.