ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 10.28-34
28 Պետրոսը սկսեց նրան ասել. «Ահաւասիկ մենք թողել ենք ամէն բան եւ եկել ենք քո յետեւից»: 29 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. չկայ մէկը, որ թողած լինի տուն, կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ որդիներ, կամ ագարակներ ինձ համար կամ աւետարանի համար եւ այժմ, 30 այս ժամանակի մէջ, հարիւրապատիկը չստանայ՝ տներ եւ եղբայրներ եւ քոյրեր եւ մայրեր եւ որդիներ եւ ագարակներ՝ հալածանքներ կրելով հանդերձ, եւ այն աշխարհում, որ գալու է՝ յաւիտենական կեանք: 31 Սակայն շատերը, որ առաջին են, պիտի լինեն վերջին, իսկ վերջինները՝ առաջին»: 32 Եւ Երուսաղէմ ելնելու ճանապարհի վրայ էին. Յիսուս աշակերտներից աւելի առաջ էր գնում. իսկ նրանք, որ նրա յետեւից էին գնում, զարմացած էին ու վախենում էին: Եւ նա, նորից վերցնելով տասներկուսին առանձին, սկսեց ասել նրանց, թէ ինչ բաներ պիտի պատահեն իրեն: 33 «Ահա ելնում ենք Երուսաղէմ. եւ մարդու Որդին պիտի մատնուի քահանայապետներին ու օրէնսգէտներին, եւ նրան մահուան պիտի դատապարտեն ու հեթանոսներին պիտի յանձնեն. 34 նրան պիտի ծաղրեն. նրան պիտի ծեծեն ու նրա վրայ պիտի թքեն. եւ պիտի սպանեն. եւ երրորդ օրը նա յարութիւն պիտի առնի»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հայրենակիցներ. Աստված մեզ պարգևեց Իր տեսանելի լույսը և մենք արթնացանք նաև այսօր: Մեր սուրբ պարտքն է օրը սկսել Իմանալի լույսով, որը Աստծու խոսքն է: Իսկ Աստծո խոսքի հետևորդը ուրախ է, աղոթող է և գոհացող է:
Մեկ նախադասությամբ ձեզ հիշեցնեմ նախորդ սերտողությունների գլխավոր միտքը և սկսենք այսօրվա Ավետարանը:
Հիսուս Քրիստոս պարզ մարդկանցից ընտրեց իր համար աշակերտներ, ծանոթացրեց բոլոր պայմաններին, տեղեկացրեց գալիք փորձությունների մասին, Իր անարգանքի, հալածանքի և խաչելության մասին և հորդորեց վերցնել խաչը և գնալ Իր հետևից: Շատերը կես ճանապարհից հետ կանգնեցին, պայմանների հետ չհամաձայնվելով, շատերը հրաժարվեցին՝ իրենց հարստությունից չզրկվելու պատճառով, ոմանք՝ չհավատալու պատճառով, բայց այնուամենայնիվ գտնվեցին տասներկու հաստատակամ անձիք, որոնք քայլեցին Նրա հետ, չիմանալով, թե ինչ է սպասվում իրենց:
Այդ ի՞նչ զորություն էր իջել տասներկուսի վրա, որ իմանալով, թե ինչ պատահելու իրենց Վարդապետին, շարունակում էին գնալ նրա հետևից՝ թողնելով ամեն ինչ; Եկեք այս հատվածը որպես պատմություն չնկատենք, այլ տեղափոխենք մեր կյանքից ներս, որպեսզի ավելի արարկայական լինի հասկանալու համար:
Քրիստոնյաներիս համար Քրիստոսին հետևելու երկու ուղի կա՝ Եկեղեցի և Աստվածաշունչ: Մենք հավատում ենք Աստվածաշնչի ամեն գրությանը, եկեղեցու բոլոր քարոզներին: Սակայն, եթե հանկարծ հյուր պետք է ունենանք, կամ միջոցառում ունենք, ուրեմն առաջին բանը, որից հրաժարվում ենք, դա եկեղեցի՝ Պատարագ գնալն է, քանի որ զբաղված ենք: Եթե աշխատանքից հոգնած ենք վերադարձել, կամ հեռուստացույցով մի հումորային ծրագիր է սկսվել, ապա առաջին բանը որ մի կողմ ենք դնում, դա Աստվածաշունչն է; Այսդպե՞ս է թե ոչ: Կարող եք վերհիշել ձեր ցանկացած օրը և կիրակին: Նույնիսկ Պատարագի այդ երկու ժամը մեր միտքը չի անջատվում տնից, կենցաղից և հոգսերից: Այսինքն մենք չենք կարող թողնել ամեն ինչ և հետևել Քրիստոսին, նույնիսկ այս խաղաղ պայմաններում, երբ ոչ հետապնդում կա, ոչ հալածանք, ոչ խաչվելու վտանգ: Ուրեմն մենք դեռ շատ սովորելու բան ունենք տասներկուսի վարքագծից: Մենք դեռ պատրաստ չենք ամեն ինչ թողնելու Քրիստոսի կամ Ավետարանի համար: Մենք առավել պատրաստ ենք Քրիստոսին և Ավետարանը թողնել մեր սեփական փառքի ու պաշտոնի համար:
Աշակերտներից Պետրոսը, որը ավելի համարձակ էր, մի պահ մեզ նման մտածելով, հարց տվեց Հիսուսին, այն մասին, թե՝ իրենք ամեն ինչ թողեցին ու հետևեցին Իրեն, ի՞նչ է լինելու իրենց համար: Այո, սա մարդկային տեսանկյունից հնչած հարց է, որը հարազատ է բոլորիս: Մենք էլ ցանկացած քայլի մեջ ուզում ենք հասկանալ, ո՞րն է մեր շահը, կամ կորուստը:
Տէր Հիսուս Քրիստոս Պետրոսին և նաև բոլորիս համար տալիս է շատ ուրախացնող, բայց անտեսանելի մի պատասխան, ասելով՝ Ինձ համար, կամ Ավետարանի համար ամեն ինչ թողնողը բազմապատիկը կստանա ինչպես այս կյանքում, այնպես էլ հանդերձյալում: Մատթևոս ավետարանիչը արձանագրել է միայն հանդերձյալ կյանքի խոստման մասին, բայց Մարկոսն ու Ղուկասը հիշատակում են և այս կյանքի և հանդերձյալ կյանքի խոստումների մասին: Աշակերտների համար ուրախալի լուր էր, բայց անհասկանալի, քանի որ այդ ժամանակ դեռ չէր սկսվել հետապնդումները, հալածանքները, մատնությունը:
Տէր Հիսուս նկատի ուներ նաև այն մեծ հեղինակությունը, որը պետք է վայելեն Քրիստոսի խոսքը ժողովրդին քարոզող ամեն մի առաքյալ ու քահանա: Որևէ պաշտոն այնպիսի ակնածանք չի ենթադրում, ինչպես քահանայությունը, Քրիստոսի խոսքի մեկնաբանների պաշտոնը: Այլ հարց է, թե ամեն քարոզող ինքը որքանով է արժևորում իր պաշտոնը, կամ այն խոստումը, որ Քրիստոս տալիս է իր աշակերտներին, ասելով հարյուրապատիկը կստանաք:
Բոլորս էլ հիմա հասկանում ենք, որ Պետրոսին և նաև մյուսներին ամբողջ աշխարհում չէին ճանաչի ձկնորսությամբ, եթե Քրիստոսի անունով Ավետարանը չքարոզեր: Անշուշտ առաքյալները ժամանակի ընթացքում հայտնվելով ամեն դժվարության մեջ մեկ առ մեկ հասկանում էին Քրիստոսի խոսքի արժեքն ու նշանակությունը:
Աշակերտները հասկացան, հավատացին, հազարապատիկը ստացան, և պիտի ստանան Տիրոջ Երկրորդ Գալուստին, և նույն փառքն ու պատիվը շարունակում են ստանալ մինչև մեր օրերը: Քրիստոսին հետևողը քաջ գիտեր, որ եթե անգամ նա սայթաքի, չի կործանուի, քանզի Տէրը բռնել է նրա ձեռքը։
Ինչպես որ սղամոսն է ասում, Մանուկ էի ես եւ ծերացայ, բայց արդարին արհամարհուած չտեսայ կամ նրա զաւակին՝ հաց մուրալիս։
Մեր ժամանակերի համար մեր հարցն է դժվար, որ մեր փառքն ու հեղինակությունը ոչ մի բանի հետ չենք ուզում փոխել:
Ամենքը իր պաշտոնը որպես հանդերձ հագած, մոռացել են, թե որտեղից իրենց այդ պաշտոնը, ըստ Ավետարանի խոսքի, որ բոլոր պաշտոներն Աստծուց են: Այսինքն հստակ է, որ Քրիստոսի Ավետարանի համար իր կյանքը դրած մարդը անմասն չի մնում Աստծու բարիքներից ու պարգևներից:
Մարկոս ավետարանչը Երուսաղեմ տանող ճանապարհն անցնելու պահը մի ակնարկ է արել աշակերտների վախի մասին: Հիսուս գնում էր աջևից, իսկ իրեն հետևող աշակերտները զարմացած էին ու վախենում էին; Ինչո՞ւ էին վախենում աշակերտները:
Հիսուս նրանց արդեն ամեն ինչ պատմել էր ձեռբակալության և մատնության մասին, և իրենք էլ բազում անգամներ ականատես էին եղել, թե ինչպես Հիսուս խուսափում էր քահանայապետների հետ ընդհարումներից: Իսկ իրենք Երուսաղեմ էին մտնում: Երուսաղեմ մտնելը նրանց մեջ վախ էր առաջացնում, իրենց տեսածների պատճառով: Նրանք արդեն վախը սրտներում հետևում են Հիսուսին, իսկ Հիսուս այդ պահին նրանց վերցնելով տարավ առանձին և ավելի մանրամասն տեղեկացրեց, որ մարդու Որդին պիտի մատնվի քահանայապետներին ու օրենսգետներին և նրան մահվան պիտի դատապարտեն ու հանձնեն հեթանոսներին; Նրան պիտի ծաղրեն, Նրան պիտի ծեծեն, ու Նրա վրա պիտի թքեն և պիտի սպանեն, և երրորդ օրը հարություն պիտի առնի:
Այնպես հստակ է նկարագրում, թե ինչ պետք է անեն Իր հետ, կարծես, թե իր դատապարտության ծրագիրը Իր ձեռքում է, և կարդում է հերթականությամբ: Հիսուս արդեն ոչինչ չթաքցրեց աշակերտներից, և աշակերտները հստակ հասկացան, թե ուր են գնում իրենք, և ինչ է պատահելու իրենց հետ:
Այս ծանր խոսակցությունից հետո, Հիսուսին մոտենում են Զեբեդեոսի որդիները մի անսպասելի խնդրանքով: Իրենց Վարդապետից խնդրում են, որ այս ամեն ինչի ավարտից հետո, Հիսուս շնորհ անի իրենց՝ Իր փառքի աջ ու ձախ կողմերը նստելու:
Կարծես, թե այդ պահին անտեսեցին այն ամենը, ինչ որ պիտի պատահի Քրիստոսի հետ և իրենց համար պաշտոններ են ուզում ապահովել՝ հարությունից հետ Հիսուս Քրիստոսի փառքի մեջ: Այսպիսի բաներ կարդալիս պարզ է դառնում, որ նրանք էլ մեզ պես ամենայն խորությամբ չեն հասկանում կատարվելիքի լրջությունը և վտանգը: Եվ Հիսուս ասում է, - Չեք հասկանում, թե ինչ եք ուզում… Կարծես ուզում էր ասել, ոչ թե ես եմ ապահովելու ձեր տեղերը Իմ փառքի մեջ, այլ ձեր կատարած գործերն են ապահովելու ձեր տեղերը իմ թագավորության մեջ:
Մնացած աշակերտները հանդիմանեցին Հովհաննեսին և Հակոբոսին՝ իրենց ասած այդ խոսքերի համար:
Տէր Հիսուս դարձյալ ստիպված եղավ ավելի մանրամասն բացատրել, որ դա հեթանոսների սովորությունն է, որ իշխանավորը իշխի իր ենթակայի վրա, և սա էլ իր ենթակայի վրա: Բայց ձեզ մոտ այդպես թող չլինի, ձեզնից մեծը թող ծառայի մյուսներին, ինչպես որ ես արեցի: Քանի որ մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու:
Այս խոսքը չի հասկացվել իր ամբողջ խորությամբ մինչև մեր օրերը: Ստուգելու համար կարող եք նայել առաջնորդներին և նրանց ենթականերին և ենթակաների ենթականերին: Ճիշտ նույնն է ինչ հեթանոսների մոտ: Ահա, սիրելիներ, այսքանն էր, որ կամեցա կիսել ձեզ հետ իմ մտորումները Մարկոսի Ավետարանի այս գլխից: Մեր դասը այսօր թող լինի առավել սիրել ծառայասիրությունը, քան ծառայություն սպասելը: Մեր մտքում ու սրտում ունենալով մեր Տիրոջ հետ պատահած ցավալի դեպքերը, մեր դեմքերը թող ուրախ լինեն, որ կարողանում ենք մեղքից ազատվելով կատարել Տիրոջ պատվիրանը: Մնացեք սիրով, և միշտ նորոգեք ձեր սերը Աստծու խոսքով:
Աղօթենք միասին
«Աստված իմ, տուր ինձ հոգու խաղաղությամբ դիմավորել այն ամենը, ինչ կբերի այս օրը, և օգնիր ինձ անմնացորդ հանձնվելու Քո սուրբ կամքին: Օրվա յուրաքանչյուր ժամին և ամեն բանում, խրատիր և աջակցիր ինձ: Ինչպիսի լուրեր էլ ստանամ օրվա ընթացքում, սովորեցրու ինձ ընդունել դրանք հանդարտ հոգով և այն անսասան հավատով, որ ամեն ինչում Քո սուրբ կամքը կա: Ղեկավարիր իմ մտքերն ու զգացմունքները բոլոր իմ խոսքերում և գործերում: Յուրաքանչյուր աննախադեպ պարագայում մի թույլ տուր ինձ մոռանալ, որ այդ ամենը ի վերուստ է առաքված Քո կողմից: Սովորեցրու ինձ ամեն մարդու հետ խելամիտ ու շիտակ վարվել, չվշտացնելով ու չվրդովվեցնելով և ոչ մեկին: Տեր, ինձ ուժ տուր կրելու այս առաջիկա օրվա հոգնություններն ու բոլոր դիպվածները: Ղեկավարիր իմ կամքը, և սովորեցրու ինձ աղոթել, հուսալ, հավատալ, սիրել, համբերել ու ներել. ամեն»: