ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 10.11-16
11 Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար: 12 Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում է: Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է. 13 քանի որ վարձկան է եւ ոչխարների համար հոգ չի անում: 14 Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից: 15 Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կտամ իմ ոչխարների համար: 16 Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս բոլորիդ, սիրելի հավատացյալներ, ովքեր ներկա են այս պահին մեր եթերաժամին:
Այսօրվա Ավետարանը երկու նախադասությամբ բնութագրում է աշխարհի Արարչի, և մարդկության Փրկչի կենսագրությունը:
Ինչպես որ Նրա կյանքն էր պարզ ու հասարակ, այնպես էլ կենսագրությունն ու բնութագիրն է:
Մեծ Տիտղոսների հավակնորդ չէր, խոնարհությամբ Իրեն լավ Հովիվ էր անվանում: Եվ մեկ նախադասությամբ էլ նկարագրված է Նրա առաքելության նպատակի մասին, որ իր կյանքը տվեց Իր ոչխարների համար:
Երեք տարի երկրի վրա ծառայեց այնպես, որ երկու հազար տարի խոսվում է այդ մասին և լուսավորում է մարդկանց խավար կյանքերը: Իսկ մարդ արարածը երկար տարիներ նույն տեղում աշխատում է, փորձում է միայն էժան հեղինակություն վայելել և գործերը չեն երևում իր տիտղոսների ստվերում: Այսպիսի մարդիկ լուր չունեն Առաջնորդի Իրական կերպարից:
Ավետարանը մեզ առաջնորդի այնպիսի կերպար է տվել, որ մեր կյանքում պատահած ցանկացած առաջնորդի մեջ փնտրում ենք նախ այն առաքինությունները որոնք տեսել ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի կենսագրության և գործունեության մեջ:
Հովհաննու Ավետարանի այս համարը եկեղեցում ամենաշատ ընթերցվող գլուխներից է այն պարզ պատճառով, որ վերաբերում է հոգևորականաց դասին և որպես օրինակ է հանդիսանում բոլոր հովիվների համար, որոնք հանձն են առել այս մեծ պատասխանատվությունը՝ հոտը արածեցնել և անվնաս հասցնել իրեց Տիրոջը, որից էլ ստացել էին այդ պատվերը՝ արածեցնելու:
Ինչպես ղեկավարն է նավի մեջ, զորապետը՝ զորքում, և աչքը՝ գլխի վրա,, նույնպես և հովիվը՝ իր հոտում և իր եկեղեցու մեջ:
Եթե ղեկավարը ճարտար է, նավը կարող է անվտանգ հասնել նպատակադրյալ նավահանգիստը: Եթե զորապետը քաջ է, նրա զորքը մարտերում հաղթանակներ է տանում թշնամիների դեմ: Եթե հովիվը զգոն է, նրա հոտը, գայլերի շորթումից ազատ, արածելով գիրանում է դալար մարգերում: Եվ եթե աչքը պայծառ է, ամբողջ մարմինը լուսավոր է լինում: Այսպես եթե
առաջնորդն արժանավոր է լինում, հասարակությունն ամբողջապես երջանկություն է վայելում:
Քանի որ քահանաներն ամենակալ Տիրոջ պատգամաբեր են կոչվում, ուստի ըստ մարդկանց կարողության՝ պատգամաբերի վարք պիտի ունենան: Որովհետև եթե Աստծու ծառա ու սպասավոր անվանվելը մեծ պատիվ է, ո՞րչափ առավել բարձր պատիվ է ամենակալ Տիրոջ պատգամաբեր կոչվելը, որ ոչ միայն սպասավորությունն է պարփակում իր մեջ, այլև միջնորդության պաշտոնը. որովհետև քահանան Աստծու և մարդկանց միջև միջնորդ է:
Քահանան աստվածատեսակ այր է. որովհետև եթե միայն Աստծուն է հատուկ մեղքեր քավելը, ահա նույնն անում է և քահանան սուրբ կարգի զորությամբ՝ ըստ Տիրոջ խոսքի, թե՝ «Առէ՛ք Սուրբ Հոգին։ Եթէ մէկի մեղքերը ներէք, նրանց ներուած կը լինի. եթէ մէկի մեղքերը չներէք, ներուած չի լինի»։( Հովհ.20: 23):
Եկեղեցում Սուրբ Պատարագի խորհրդի ժամանակ քահանան ձեռքով շոշափում է Այն, Ինչին հրեշտակներն ահով են սպասավորում: Ուրեմն թող մտածեն, թե ինչպիսի գերագույն պատվի են բարձրացել, և ըստ այդմ ապրեն. որովհետև «ում շատ է տրված, նրանից շատ էլ կուզվի, և ում շատ է վստահված, նրանից ավելին կպահանջեն» (Ղուկ. 12:48):
Եվս մեկ կարևոր հանգամանք ունի քահանան: Միջնորդին հատուկ է սիրելի ու հաճելի լինել նրան, ում առաջ բարեխոսում է, իսկ սիրելի լինելը հիմնվում է համակերպության վրա. և քանի որ քահանան մարդկանց կողմից միջնորդ է Աստծու առաջ, ապա անհրաժեշտաբար պահանջվում է, որ լինի աստվածատեսակ մարդ, որպեսզի կարողանա լինել Աստծուն սիրելի և մարդկանց համար բարեխոս:
Ոչ ոք չի կասկածում, որ քահանան պիտի ոչ միայն տեղյակ լինի Հին և Նոր Կտակարաններին, այլև հմուտ՝ իմաստասիրական գիտություններում: Քանզի նրա խնդիրն է խրատել, ուսուցանել, բարու մեջ համոզել ու չարից հեռու պահել աշխարհիկ մարդկանց, որոնցից շատերն ազատամիտ են և ուշիմ, ձեռնարկումների մեջ հանճարեղ և խոսքի կառուցման մեջ զորավոր:
Եթե քահանան տկարանա այդպիսիներին զորավոր փաստերով հաղթել, նրա խրատական խոսքերն այլևս չեն ազդի նրանց համառ մտքերի վրա, և գուցե հպարտանալով իսպառ արհամարհեն հոգևոր խրատները, և քահանաների տգիտությունը կարող է նրանց կործանման առիթ լինել: Ուստի քահանան պիտի ամեն ինչով գերազանցի ամենքին, ինչպես վարքի սրբությամբ, այնպես էլ գիտելիքներով:
Այն քահանան, որ քաջություն չունի իր հոգևոր ծառայության մեջ և անփույթ է կարևոր գիտելիքները ձեռք բերելու գործում, ոչ միայն երկրի վրա է անպատիվ, այլև հանդերձյալում արժանի է պատժի: Ծուլությունն Աստծու պաշտոնյաների մեջ և տգիտությունն աշխարհականների մեջ չար են ու նախատինքի արժանի:
Քահանաներն, ինչպես արեգակը, պիտի լույս տան խավարած մտքերին, ջերմացնեն Աստծու սիրուց սառածներին, ուստի Քրիստոսն ասաց առաքյալներին. «Դուք եք աշխարհի լույսը» (Մատթ.5: 14): Իսկ եթե որևէ թերություն է գտնվում քահանայի խոսքերում ու գործերում, նույնն է, թե արեգակը սառչի ու մթագնի:
Արդարև, երբ երկիրը միգապատ կամ տղմաշաղախ է լինում, ոչ ոք որևէ ուշադրություն չի դարձնում դրա վրա, որովհետև երկիրը մարդկանց ոտքի տակ է: Մինչդեռ երբ արեգակը կամ լուսինը բնական պատճառով խավարում են, ամեն ոք ակնապիշ է լինում, որովհետև երկնային զորություններ են՝ զորավոր ու ազդու: Այսպես էլ՝ ժողովրդից մեկի չարաչար անկմանը ոչ ոք չի նայում ու ոչ ոք չի զարմանում, բայց երբ քահանան է փոքր-ինչ սայթաքում, ամենքի աչքերը նրան են նայում ու զարմանում, և շատերն էլ գայթակղվում են:
Զարմանալի է, թե ինչպես են ոմանք միջնորդ մեջտեղ գցում, աղաչանքներ մատուցում, կաշառք խոստանում և տեսակ-տեսակ հնարներ բանեցնում, որ քահանայական ձեռնադրություն ստանան: Գուցե սրանք չգիտեն, թե ինչ է քահանա լինելը, կամ չգիտեն իրենց չափը, կամ էլ միայն մարմնավոր պետքերն են հոգում:
Եթե չգիտեն, թե ինչ է քահանա լինելը, թող իմանան, որ երկնավոր հրեշտակ, թափանցիկ լույս, ընտիր ոսկի լինել է:
Եթե իրենց չափը չգիտեն, թող փորձեն իրենց, թե ունե՞ն հրեշտակների վարքը, գիտության լույսը և իբրև ոսկի փորձվա՞ծ են համբերության բովում, այլապես մեր Աստվածը ոչնչացնող կրակ է, այրում է խոտ, փայտ, խռիվ և ամեն այրվող նյութ:
Իսկ եթե միայն այստեղի կյանքի մասին են խորհում՝ չհոգալով հանդերձյալի մասին, թող մտածեն, որ այս կյանքն անցավոր է ու սնոտի և ասես առերևույթ ստվեր՝ հավիտենական կյանքի նկատմամբ:
Արդ, ի՞նչ պատասխան են տալու ահավոր ատյանում, երբ լսեն Տիրոջից. «Ընկե՛ր, որ հարսանիքի զգեստ չունեիր, ինչպե՞ս այստեղ մտար» (Մատթ. 22: 22): Եվ քանի որ Եկեղեցին երկնավոր հարսնարանի տիպն ու օրինակն է, ուրեմն այնտեղ մտնող քահանաները՝ իբրև կանչվածներ, պիտի ունենան աստվածահաճո առաքինության մաքուր հանդերձը:
«Այս է իմ պատվիրանը ձեզ, քահանանե՛ր: Եթե չլսեք և չմտածեք ձեր սրտերում փառք տալ իմ անվան,- ասում է Ամենակալ Տերը,- ձեզ վրա անեծք կուղարկեմ» (Մաղաք. 2: 1-2):
«Ուրեմն՝ աղաչում եմ երեցներին...արածեցրե՛ք Աստծու այդ հոտը, որ ձեզ է հանձնված, վերակացու լինելով ոչ թե հակառակ ձեր կամքին, այլ՝ հոժարակամ, ըստ Աստծու» (Ա Պետ. 5:1-2):
«Այն երեցները, որոնք լավ վերակացու են, կրկնակի պատվի արժանի թող լինեն» (Ա Տիմ. Ե 17):
Աստվածաշնչում չափազանց շատ են օրինակներն ու հորդորները քահանայության վերաբերյալ, քանի որ Հիսուս Քրիստոսի վարդապետության անմիջական տարածողն ու բացատրողը քահանայական դասն է: Հետևաբար հոտ և հովիվ ամուր կապը պայման է Ավետարանի բարի Ավետիսը մարդկանց սրտերին հասցնելը: Ոչ մի գիտելիք այնքան կարևոր չէ մարդու կյանքում, որքան հոգևոր գիտելիքը: Ոչ մի ուսուցիչ չի կարող մարդուն տանել դեպի փրկություն, բացի հոգևոր ուսուցչից:
Եկեղեցի, Աստվածաշունչ և հոգևորականի սերտողություն, ահա այն երեք կարևոր գործոնները, որոնցից է կախված մեր որակյալ կյանքը: Իսկ թե ինչպիսի կյանք ունենք, կախված է նրանից, թո որքանով ենք հետաքրքրված մեր փրկության հարցով:
Սիրելիներ քահանայի ուսերին ծանր բեռ կա դրված իր կոչման մեջ, բայց եթե դուք անտարբեր լինեք ձեր հոգևոր գիտելիքի ձեռքբերման հարցում, քահանան էլ կարող է մի օր հիասթափվել, տկարանալ ու ծուլանալ: Հաջողությունը երկուստեք է:
Մնացեք սիրով և եղեք պրպտող քրիստոնյա, համարձակ, բայց ոչ սանձարձակ: Կհանդիպենք վաղը՝ նույն ժամին:
Աղօթենք միասին
Ամենակալ Տեր Աստված, ընդունի՛ր առավոտյան այս աղոթքները Քո անապական և երկնային խորանների մեջ: Ծագեցրո՛ւ մեզ վրա՝ Տե՛ր Քո արդարության և իմաստության լույսը: Պահի՛ր մեր կյանքը խաղաղության մեջ և մեր ընթացքը՝ Քո կամքի համաձայն: Քանզի Դո՛ւ ես մեր օգնականը և Փրկիչը, և Քեզ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. «Մարդասե՛ր Տեր, գիշեր ու ցերեկ և ամեն ժամանակ աղաչում ենք Քեզ և խնդրում Քեզնից, լսի՛ր մեզ, Աստվա՛ծ, Փրկի՛չ մեր, լսի՛ր մեր խնդրանքները, որպեսզի ունայն չլինեն մեր ջանքերը, այլ ընդունի՛ր դրանք որպես արդարության գործ և աստվածպաշտության պտուղ։ Ընդունի՛ր, Տե՛ր, մեր աղոթքն ու երկրպագությունը և Քո ողորմությամբ վարձատրիր մեզ առատապես։ Պահպանի՛ր մեզ Քո ամենազոր Աջի հովանու ներքո, զորացրու մեզ, Տե՛ր, Սուրբ Հոգուդ զորությամբ, պահի՛ր մեզ աչքի բիբի պես և բարությունդ ցույց տուր մեզ՝ քո Սուրբ անվան գովաբանության և փառաբանության համար։ Որովհետև բոլոր արարածների մշտնջենական փառաբանությունը բարձրունքներում Քո փառքի համար է՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։