ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 10.17-23
17 Երբ նա այնտեղից ճանապարհ ընկաւ, ահա մեծահարուստ մէկը, առաջ վազելով, ծնկի իջաւ, հարցրեց նրան ու ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»: 18 Եւ Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում. բարի չէ ոչ ոք, այլ միայն՝ Աստուած: 19 Պատուիրանները գիտես. մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, պատուի՛ր քո հօրն ու մօրը»: 20 Նա պատասխանեց եւ ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ բոլորն իմ մանկութիւնից ի վեր արել եմ. արդ, ի՞նչ եմ պակաս թողել»: 21 Եւ Յիսուս, նրան նայելով, սիրեց նրան եւ ասաց. «Քեզ մէկ բան է պակասում. եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր, ինչ որ ունես, ու աղքատների՛ն տուր եւ երկնքում գանձեր կունենաս. եւ վերցրո՛ւ խաչդ եւ արի՛ իմ յետեւից»: 22 Եւ մարդը, այդ խօսքից խոժոռուած, գնաց տրտում, որովհետեւ շատ հարուստ էր: 23 Եւ Յիսուս, այս կողմ այն կողմ նայելով, ասաց իր աշակերտներին. «Ինչքա՜ն դժուարին է Աստծոյ արքայութիւն մտնել նրանց համար, որ հարստութիւն ունեն»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հայրենակիցներ աշխարհի բոլոր ծայրերում: Տարածությունը մեզ բաժանում է միմյանցից, իսկ Աստծու խոսքը իմի է բերում և միացնում: Գոհություն և փառք Աստծուն այս հնարավորության համար: Շատ հաճախ լսում ենք, որ ասում են, թե՝ ինտերնետը վնասում է մարդուն: Բայց երբեք չեն ասում, թե իրենք ի՞նչ նպատակների համար են գործածում ինտերնետը: Հանապազօրյա հացի ուղիղ եթերը այդ նույն ինտերնետի շնորհիվ 30 րոպե միաբան է պահում բազմաթիվ մարդկանց՝ նրանց փոխանցելով օրվա Ավետարանի պատգամը: Հուսամ, որ շուտով եթերի բոլոր մասնակից քրիստոնյաները կծանոթանան միմյանց հետ, եթե արդեն ծանոթ չեն, և օգտակար կլինեն միմյանց:
Սիրելիներ, որպեսզի ձեր միտքը չկտրվի նախորդ գլխի մեկնաբանության բովանդակությունից, հիշեցնեմ, որ անցյալ դասին մենք տեսանք, որ Հիսուսին ներքաշել էին ամուսնալուծության հարցերի մեջ, և փորձում էին Նրա կարծիքն իմանալ այդ խճճված հարցի շուրջ, ամենևին չակնկալելով նման պատասխան իրենց խստասրտության վերաբերյալ: Քրիստոսի բոլոր հանդիպումներն են եղել ծուղակներով ծածկված, ամբաստանությամբ լեցուն և հետապնդումներով: Բայց այս գլխի մեջ տեսնում ենք, որ Հիսուսին սպասվում է մի յուրօրինակ հանդիպում, որի նմանը ոչ մի անգամ չէր ունեցել դեռ: Առաջին հանդիպումն էր այդքան հանդիպումների մեջ, որ ենթական տրտում գնա Հիսուս Քրիստոսի մոտից:
Երեք ավետարանիչներն էլ անդրադարձել են այս զարմանալի հանդիպմանը, և Մարկոսը նկարագրում է, որ մեծահարուստ մեկը վազելով մոտեցավ, ծնկի իջավ և ասաց,- բարի Վարդապետ, ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ: Այս խնդրով դեռ ոչ ոք չէր դիմել Հիսուսին: Բժշկություննների համար շատ էին դիմել, ամուսնության և ամունալուծության հարցերով դիմել էին, նույնիսկ ունեցվածքի բաժանման հարցով դիմել էին, բայց հավիտենական կյանքը ժառանգելու խնդրանք չէր լսել: Մեր Տերը գիտեր, որ երիտասարդը անտեղյակ մեկը չէ, եթե այդ խնդրով է եկել, ուրեմն ձգտում է ավելիին, կատարելության է ուզում հասնել, բայց ինչ որ բան այնուամենայնիվ խանգարում է նրան: Երիտասարդի համար անակնկալ մի հարց է տալիս Հիսուս, «Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում. բարի չէ ոչ ոք, այլ միայն՝ Աստուած: Այս հարցը ևս շատ մեկնաբանների համար վիճելի է դարձել, թե ինչո՞ւ Հիսուս այդպես պատասխանեց, մի՞թե Աստված չէր: Բայց հրեաների համար բարի Վարդապետը նա էր, որի խոսքով մարդը կարող էր փոխվել, դառնալ բարի ինչպես ընտանիքում, այնպես էլ աշխատանքի մեջ և միջավայրում: Տէր Հիսուս ասում է միայն Աստված կարող է այս բոլորը անել մարդու համար, կամենալով իմանալ երիտասարդի պատրաստակամությունը իր պահանջը կատարելու հարցում: Այստեղ Տէրը աշակերտների ուշադրությունն է հրավիրում այս երկխոսությանը, որպեսզի նրանք հասկանան այն խոսքը, որ քիչ հետո պիտի ասի պարանի և ասեղի ծակի մասին: Հիսուս Մեծահարուստ երիտասարդին հորդորում է պատվիրանները պահել, բայց երիտասարդը վստահ ասում է, որ դրանք մանկուց է պահում: Այս ազնիվ երիտասարդը, որ մեծահարուստ էր, դարձավ Աստվածաշնչի հերոսներից և հատկապես հոգևորականների քարոզների համար օրպես օրինակ; Մի մասը երիտասարդին ներկայացնում են որպես անուղղելի մեծահարուստի կերպար, Մի մասը ուխտի և ասեղի համեմատությունը պարզ դարձնելու համար բերում են նրա օրինակը; Շատ հաճախ որպես բացասական կերպար է քարոզվում այս երիտասարդը, որը տրտմեց, երբ իմացավ, որ հավիտենական կյաքը ժառանգելու համար պետք է զրկվեր իր հարստությունից: Բայց պետք չէ անտեսել մեծահարուստ իշխանավորի ազնվությունը, որը նախ ծնկի եկավ Հիսուսի առջև, ինչը հարիր չէ այսօրվա մեծահարուստներին, երկրորդն էլ չխնդրեց Հիսուսից՝ ոչ իշխանություն, որ բժշկություն, այլ հավիտենական կյանքը ժառանգելու գաղտնիքը խնդրեց:
Տէր Հիսուս տեսավ, որ երիտասարդը ջանացել է պատվիրանները պահելով հասնել մի աստիճանի, բայց դեռ չգիտի, որ մի բան է պակասում իրեն՝ ազատվել հարստությունից, ինչը այդքան դժվար է: Պատկերացրեք մի մեծահարուստի, որը առաջին անգամ լինելով Բարի Վարդապետի մոտ, պետք հավատար Նրան, գնար ու վաճառեր իր ողջ ունեցվածքը՝ բաժանելով աղքատներին, հետևեր իրեն խորհուրդ տվողին: Նա տրտում հեռացավ, որովհետև հարուստ էր: Ավետարանիչը ասում է, որ Հիսուս սիրեց այդ երիտասարդին:
Եթե որևէ քարոզիչ այս երիտասարդին ներկայացնի որպես մեծահարուստի բացասական կերպար, թող մտքում իրեն հարց տա, արդյո՞ք ինքը իր գյուղի սեփական տունը կնվիրի իր աղքատ հարևանին: Կամ իր մեքենան կվաճառի՞ մի կարիքավորի տուն գնելու համար: Իհարկե ոչ: Այսօր բոլորիս է մի բան պակասում, ինչպես որ այդ երիտասարդին էր պակասում: Բոլորիս է պակասում մեր կողքի կարիքավորին տեսնելու հատկությունը, մեր ունեցած հինգերորդը նվիրելու պատրաստակամությունը: Շռայլելու փոխարեն մեկին օգտակար լինելու գիտակցությունը: Այս բոլորը պակասում է, որովհետև Աստծու խոսքը մեր մեջ չի աշխատում, որովհետև մենք չենք թողնում ամեն ինչ և չենք հետևում Հիսուս Քրիստոսին:
Երիտասարդի տրտում հեռանալը գուցե իր պտուղները տվեց հետագայում, մենք այդ մասին ոչինչ չգիտենք: Բայց մի բան հաստատ գիտենք, որ Աստծո խոսքի սերմը հողի մեջ ընկնելով չի կարող անպտուղ մնալ, քանի որ երիտասարդը եկել էր իր ունեցածից ավելի իմանալու, մի աստիճան վեր բարձրանալու գաղտնիքն էր ուզում իմանալ: Գուցե մի օր համոզվեր, որ թանկ գանձերը երկնքում են կուտակվում, ոչ թե երկրի վրա: Աշխարհը շատ ունի զարդ ու զարդարանք, որոնք միայն կուրացնում են մարդու աչքերը և մթագնում են կուտակողի ուղեղը: Իսկ երկնքի զարդերը պայծառացնում են երկինքը և երկիրը, մարդու սիրտն ու միտքը:
Ինչպես մեծահարուստը Քրիստոսի մոտ գալուց առաջ մտածում էր, որ ամեն ինչ կտամ, միայն ժառանգեմ հավիտենական կյանքը, այնպես էլ մենք, երբ խանդավառված ենք լինում Աստծո խոսքի լույսով, մտածում ենք, որ ոչինչ չենք խնայի, միայն այս ուրախությունը մեզ համար մշտական լինի: Բայց գալիս է մի պահ, երբ հասկանում ենք, որ կան բաներ, որոնք դեռ չենք կարողանում տալ և չենք կարողանում ամբողջությամբ ազատվել այդ կախվածությունից: Մեկի մոտ դա կարող է լինել հարստություն, մյուսի մոտ՝ փառքը, մյուսի մոտ՝ սիրելի մեղքը և այլն; Այդ պատճառով ենք մենք գերադասում տխուր մնալ, քան զրկվել սիրելի բանից:
Վերջին համարի մեջ Հիսուս Քրիստոս աշակերտներին ասում է,- «Ինչքա՜ն դժուարին է Աստծոյ արքայութիւն մտնել նրանց համար, որ հարստութիւն ունեն»: Իսկ մենք լավ գիտենք, որ հարստություն ունեցողներից անպակաս են գայթակղություններն ու մեղքերը, վայելքներն ու ճոխությունները, ամուսնական անհավատարմություններն ու ապօրինությունները:
Աշակերտները պատահածից շփոթված հարցրին,- Ապա, ուրեմն ո՞վ կարող է փրկվել…
Մարդկանց համար այդ անհնար է, բայց ոչ Աստծու համար,- ասաց Տէր Հիսուս իր աշակերտներին;
Սիրելի հավատացյալներ, մենք միայն Աստվածաշնչում ենք կարդացել, որ քրիստոնեական առաջին համայնքներում վաճառում էին իրենց ինչքերը և ամեն ինչ հասարակաց էր: Նույնիսկ այն ժամանակ, երբ քրիստոնեական համայնքներում ազնվությունն էր տիրում և միաբանություն կար, դարձյալ գտնվեցին Անանիան ու Սաֆիրան, որ չկամեցան իրենց ողջ ունեցվացքը ներդնել համայնքային կյանքի մեջ և ստեցին:
Իսկ եթե հանկարծ մեր օրերում լինի այսպիսի պահանջ՝ ունեցվածքը վաճառելու և բերելու, ապա մեր եկեղեցիների բակը կդառնա գերեզմանոց՝ ստելու պատճառով:
Մեր օրերում էլ կան բարեգործություններ, օգնություններ կարիքավորներին, բայց եթե այդ մասին արդեն բոլորս գիտենք գովազդներից, մի տեսակ կորցնում է իր բուն առաքելության նպատակը: Չնայած, որ բարեգործները ասում են գովազդը քնած հարուստներին արթնացնելու համար է: Հարուստին էլ աղքատին էլ Աստված է ստեղծել և երկուսին է Աստված է այցելում,- ասում է առակաց գիրքը: Տէր Հիսուս ասում է, նա, ով հույսը դնում է իր հարստության վրա, չի կարող հետևել Աստծուն: Նա ծառայելու է իր հարստությանը, իսկ Աստծուն հիշելու է լավագույն դեպքում միայն նեղության ժամանակ:
Մենք իրավունք ունենք վերլուծելու ավետարանական ամեն խոսք, իսկ դատն ու դատաստանը միայան Աստծու մենաշնորհն է, թե ում կարժանացնի հավիտենակն կյանքը ժառանգելու: Մեր պարտքն է Աստծու խոսքը մեր աչքի լույսի պես պահել, որպեսզի լուսավորի մեր ճանապարհները դեպի փրկություն և հավիտենականություն: Այսօրվա պատգամից,- սիրելիներ,- մենք սովորեցինք, որ յուրաքանչյուրիս մի բան պակասում է կատարյալ լինելու համար, ինչպես որ ազնիվ երիտասարդին: Մենք էլ ազնվություն ունենանք և հանձն առնենք մեր այդ տկարությունը: Մնացեք սիրով՝ հավիտենական կյանքը ժառանգելու ձգտումով, և վաղը հանդիպելու ակնկալիքով:
Աղօթենք միասին
«Արթնանալով հանգստյան քնից, որ պարգևեց մեզ մարդասերն Աստված՝ որպես մխիթարություն և սփոփանք մեր տկարություններին, և միաբանվելով հոգևոր երգով՝ փառաբանելու և պաշտելու համար մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ամենասուրբ անունը, եկե՛ք բոլորս ահով և երկյուղով կանգնենք աղոթքի Նրա առաջ։ Եւ գոհություն մատուցենք Նրան առավոտյան այս ժամին՝ Նրա արդարության համար, որ իր ողորմությամբ մեզ ընտրեց և արժանի դարձրեց նմանվելու երկնային հրեշտակներին՝ փառաբանելու բոլորի և մեր Տեր Աստծուն։ Հետայսու մաքրվենք արատավոր ու չար գործերից և սրբությամբ մեր ձեռքերը վեր բարձրացնենք՝ առանց բարկության ու երկմտանքի։ Հավատով խնդրենք Նրանից մեր մեղքերին քավություն և թողություն՝ ծածկագետ Աստծուն խոստովանելով մեր սրտի գաղտնիքները։ Որպեսզի բոլոր սրբերի աղոթքով և բարեխոսությամբ մարդասերն Աստված ընդունի մեր խնդրանքները և շնորհի, որ այս աշխարհում ապրենք Նրա կամքի համաձայն՝ առաքինությամբ և անարատ վարքով և արժանի դառնանք հավիտենական կյանքին ու երկնային խորաններին, որը ճշմարիտ Աստված Հիսուս Քրիստոս խոստացավ Իր սիրելիներին։ Տե՛ր Հիսուս Քրիստոս, ապրեցրու մեզ և ողորմիր»։ Ամեն.