ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 6.20-23
20 Եւ Յիսուս աչքերը բարձրացրեց իր աշակերտների վրայ ու ասաց. «Երանի՜ հոգով աղքատներիդ, որովհետեւ Աստծոյ արքայութիւնը ձերն է: 21 Երանի՜ նրանց, որ քաղցած են այժմ, որովհետեւ պիտի յագենան: Երանի՜ նրանց, որ այժմ լալիս են, որովհետեւ պիտի ծիծաղեն: 22 Երանի՜ է ձեզ, երբ որ մարդիկ ձեզ ատեն եւ երբ որ ձեզ մերժեն ու նախատեն եւ մարդու Որդու պատճառով ձեր մասին չար անուն հանեն: 23 Ուրախացէ՛ք այդ օրը եւ ցնծացէ՛ք, որովհետեւ ձեր վարձը մեծ է երկնքում. նրանց հայրերը նոյն ձեւով էին վարւում մարգարէների հետ:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, մեր էջի սիրելի հետևորդներ և եթերաժամի ներկաներ:
Ավետարանն ասում է, ուր որ երկու կամ երեք հոգի Իմ անունով ժողովված լինեն, Ես այնտեղ նրանց մեջ եմ: (Մատթ 18.20):
Իսկ մեր այս եթերաժամին հարյուրավոր և հազարավորներ են հավաքվում Աստծո խոսքը լսելու նպատակով: Իսկ որտեղ Աստծու խոսքն է, այնտեղ զորություն կա, օրհնություն կա և միաբանություն կա: Մեր բոլորի նպատակն ու թեման՝ Քրիստոսն է:
Լսելու ընթացքում ձեր մտքում կարող են տարբեր զգացողություններ առաջանալ: Մեկի համար հաճելի է լսել, մյուսի համար զարմանալի է, որ մինչև հիմա չի լսել, երրորդը ափսոսանք է զգում, որ սկզբից չի ճանաչել Աստծուն, մի խոսքով զգացողությունները կարող են տարբեր լինել, բայց նպատակն ու թեման միայն Հիսուս Քրիստոսն է ու Իր Վարդապետությունը: Կարևոր պայման է նաև ուշադրությամբ լսելը, որովհետև շատ է պատահում, երբ ֆիզիկապես ներկա ենք որևէ աղոթքի կամ քարոզի, սակայն մեր միտքը սավառնում է դրսերում: Այդ պարագայում անպտուղ է դառնում ներկայությունը և զուր ժամանակի վատնում է: Մեր միտքը, հոգին և մարմինը միշտ պետք է ներդաշնակ լինեն ուշադրության առումով, որպեսզի լսածը իր գործը կատարի մտքում և սրտում:
Ղուկաս ավետարանիչը խոսում է Լեռան քարոզի ինը երանիների մասին, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ:
Երանիներից մեկը բավական ուշագրավ է, որն ասում է,- Երանի՜ է ձեզ, երբ որ մարդիկ ձեզ ատեն եւ երբ որ ձեզ մերժեն ու նախատեն եւ մարդու Որդու պատճառով ձեր մասին չար անուն հանեն: Այս երանին առաջին անգամ կարդացողը կարող է հակասությունների մեջ հայտնվել, չասելու համար՝ հիասթափության, եթե ամբողջությամբ չկարդա, կամ կարդացածի իմաստը հոգևոր առումով չհասկանա: Մեզ հայտնի են շատերը, որոնք Աստվածաշունչը գուշակության պես բացում և մի տող կարդում են, իրնեց մտահոգությունը փարատելու կամար, ինչը սխալ երևույթ է: Պատկերացրեք, եթե մեկին այդ պահին բաժին ընկնի այս համարը՝ իր ներքին անհանգստությունների ժամանակ:
Սովորաբար մարդ արարածը իր գիտակցական կյանքից սկսած ձգտում է դուր գալ մարդկանց՝ դպրոցում, աշխատանքում, ամուսնական կյանքում և միջավայրում: Շատերն են սիրում հավաքույթներում մարդկանց ուշադրության կենտրոնում լինել:
Շատերը սիրում են իրենց մասին մեծարանքի և գովեստի խոսքեր լսել, հատկապես իրենց տարեդարձի օրերին: Շատ ղեկավար առաջնորդներ կան, որոնք հատուկ խնջույքներ են կազմակերպում, որպեսզի ենթակաները կեղծավորությամբ և մարդահաճությամբ գովեսի խոսքեր ասեն իրենց հասցեին, իրենք էլ դրամ ծախսելով՝ ինքնախաբեությամբ զբաղվեն: Ցավալի է, բայց հաճախ կրկնվող և արատավոր երևույթ է սա:
Սակայն հազիվ թե գտնվի մի մարդ, որը նախատինք սիրի, կամ իր մասին չար խոսքեր լսելիս հավասարակշիռ մոտեցում ցուցաբերի: Այս բոլորը այն մարդկան մասին է, որոնք հեռու են Աստծու խոսքից, Աստվածաշնչի բուն բովանդակությունից, սակայն Աստված իրենց լեզվի վրա պատեհ և անպատեհ:
Սիրելիներ Աստվածաշունչը անկարելի է անգիր իմանալ, բայց Աստվածաշնչի բուն ասելիք շատ հեշտ է մտապահել, որովհետև այն թափանցում է մարդու սրտի խորքերը, և եթե նույնիսկ բառացի չենք կարող կրկնել, ապա մեր բառապաշարով անպայման կներկայացնենք ասելիքը:
Ինը Երանիները հասկանալի և կիրառելի են միայն հոգևոր մարդկանց համար, ճշմարիտ քրիստոնյաների համար, որոնք Աստվածաշունչը հասկանում են իր ամբողջ բովանդակության մեջ:
Այսօր մեր աչքի առջև՝ մեր հասարակության մեջ մերժված և ատելի խավեր կան, սակայն այս խավերը չեն պատկանում այս երանելիին, որն ասում է,- Երանի ձեզ, որ մարդիկ ձեզ ատեն ու մերժեն: Սրանք այն մարդիկ են, որոնք հարստահարում են, կողոպտում են, արհամարհում են, ագահ են, անբարո են և այլն: Բայց այս տեսակի մարդիկ նույնիսկ Աստծու կողմից մերժված չեն և ատելի չեն, Աստված նրանց դարձին է սպասում, նրանց ապաշխարությանն է համբերում: Բայց պարզ մարդիկ ատում են այսպիսիներին, քանի որ Աստվածաշնչի բովանդակությանը և Աստծո ծրագրերին ծանոթ չեն: Դատում են արտաքին երևույթներով, իրենց աչքի տեսածի համապատասխան, ինչը Աստվածաշունչը արգելում է:
Հիմա տեսնենք, թե ովքեր են այն մարդիկ, որոնց երանի տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոս իր քարոզի մեջ: Որպեսզի մեր նկարագությունը ճիշտ լինի, պետք է որ ճիշտ լինի նաև մեր աղբյուրը, որից օգտվում ենք: Միակ ճշմարիտ հիմքը Ավետարաններ են, որոնք մեզ ծանոթացնում են այդ երանելիների հետ: Քրիստոնեության առաջին դարերի նոր ձևավորված եկեղեցում այսպիսի երանելի էր Սփեփանոս Նախավկան, որը լցված էր աստվածային շնորհներոըվ և զորությամբ: ժողովրդի մեջ զարմանալի գործեր էր անում: Ժողովարանից ոմանք սկսեցին ատել Ստեփանոսին և գրգռեցին քահանայապետներին, որպեսզի նրան հալածեն: Նրան հալածում էին, իսկ նա Քրիստոս էր քարոզում, նրան քարերով հարվածում էին, իսկ նա ասում էր,- Ահա տեսնում եմ երկինքը բացված, և մարդու Որդուն, որ կանգնած է Աստծո աջ կողմը: Այս հատվածի վերաբերյալ ձեզ մի հետաքրքիր մեկնաբանություն ասեմ: Սովորաբար Աստվածաշնչում ամեն տեղ գրված է, որ մարդու Որդին նստած է Աստծո աթոռի աջ կողմում, միայն Գործք առաքելոցում է գրաված, որ մարդու Որդին կանգնած է Աստծո աջ կողմում: Մեկնաբաններն ասում են, որ Ստեփանոսը տեսնում էր մարդու Որդուն, իսկ մարդու որդին տեսնում էր Ստեփանոսին՝ քարկոծելիս Իր պատճառով, և ոտքի է կանգնում այդ տեսարանից:
Սիրելիներ, Ստեփանոսը պատկանում է այս երանելիին, որին ատեցին, քարկոծեցին և սպանեցին Քրիստոսին քարոզելու համար:
Քրիստոնեական նոր ձևավորված համայնքում նույն կերպ վարվում էին Քրիստոսի աշակերտների հետ, որոնց ամեն տեղ վռնդում և ձեռբակալում էին: Իսկ նրանք անտեսելով հալածանքները իմի էին հավաքվում աղոթում էին Տիրոջը, և զորություն խնդրում՝ քարոզությունը շարունակելու համար: Ամենքը լցվում էին Սուրբ Հոգով և համարձակությամբ Աստծո խոսքն էին խոսում:
Այստեղ մի համեմատան եմ ուզում տանել կրթության նախարարի և հոգևորականի միջև տեղի ունեցած խոսակցության հետ: Նախարարի այն հարցին, թե՝ քահանան դպրոցում ի՞նչ գործ ունի: Որից հետո քահանաների մուտքը դպրոց արգելվեց:
Իսկ քահանաները լուռ համակերպվեցին այդ մտքի և երեխաների ականջը և աչքը զրկվեց Աստծո խոսքի քարոզությունից և քահանայի ներկայությունից: Հիմա կարելի՞ է ասել, որ այս երանին մեր քահանաներին չի վերաբերում, քանի որ նրանք չպայքարեցին աղոթքով ու միաբանությամբ Աստծո խոսքի քարոզության համար, ինչպես առաքյալները:
Քրիստոս գիտեր, որ Իր Երկինք համբարձվելուց հետո առաքյալների հետ այդպես են վարվելու, քանի որ Իր հետ այդպես վարվեցին: Դրա համար աշակերտները աղոթելիս ասում էին,- Տէ՛ր նայիր նրանց սպառնալիքներին և Քո ծառաներին ամենայն համարձակությամբ Քո խոսքը խոսել տուր: Առաքյալները անմիջական կապի մեջ էին իրենց զորություն տվողի հետ և մի կողմ թողնելով հալածանք ու սպառնալիք, բանտարկություն և ծեծ, ամենուրեք քարոզում էին Քրիստոսին: Զարմանալի է որ կրոնական առաջնորդները դեռ չէին հանգստացել ու խաղաղվել, նույնիսկ Քրիստոսի համբարձումից հետո և նույն կերպ էին վարվում Նրա Աշակերտների հետ: Ուրեմն որքան մեծ էր նրանց վախը Քրիստոսից ու Իր վարդապետությունից, որ ուզում էին իսպառ վերացնել: Բայց ճշմարտությունը մի՞թե կարելի վերացնել: Ամեն տեղ փորձում են ճշմարտությունը լռեցնել, բայց սպանել՝ անկարելի է:
Քրիստոս այսօր էլ մեծ սիրով կմաքրեր մեր եկեղեցիները ծիսական մանրամասնություններով ծանրաբեռնված արարողություններից և շեշտը կդներ հավատքի զորության վրա: Մենք այսօր էլ լեռներ տեղափոխելու, կամ թզենիներ չորացնելու նպատակ չունենք, մեր նպատակը հավատքը զորացնելն է Քրիստոսի խոսքի քարոզությամբ: Այսօր էլ մեր նպատակը Քրիստոսի տված երանիներին արժանանալն է: Եկեղեցասեր և եկեղեցակենտրոն լինելը մեզ չի կարող փրկության տանել, մեզ ամուր հավատք է պետք, այդ հավատքի համար նահատակության գործեր է պետք: Ավետարանների բարի լուրը մարդկանց սրտին հասցնել է պետք:
Աստծու պահանջը մեզնից միշտ նույնն է, ըստ առաքյալի խոսքի՝ թե՝ Արդարեւ, կենդանի Աստծոյ տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած. «Պիտի բնակուեմ նրանց մէջ ու պիտի ընթանամ նրանց միջով եւ նրանց Աստուածը պիտի լինեմ, եւ նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը:
Ուրեմն սիրելիներ, թույլ տանք, որ Աստված ընթանա մեր միջով: Մեր այսօրվա դասը թող լինի մեր ուշադրությունը՝ քարոզ լսեիս և սուրբ Գիրք կարդալիս: Մեր կարդացածը կյանքի կոչել և արժանանալ ամեն անգամ մեկ երանիի՝ Տիրոջ ողորմությամբ:
Մնացեք սիրով՝ վաղը տեսնվելու ակնկալիքով:
Աղօթենք միասին
Սաղմոս 118: 50
Տէ՛ր, քո խօսքն է թշուառութեանս մէջ ինձ մխիթարողը, քանզի քո խօսքն ինձ պահպանեց։ Ամբարտաւանները շատ անիրաւութիւն գործեցին իմ դէմ, բայց ես քո օրէնքից չխոտորուեցի։ Քո յաւերժական օրէնքները յիշեցի, Տէ՛ր, ու մխիթարուեցի։ Տրտմութիւն իջաւ ինձ վրայ մեղաւորների ու քո օրէնքը լքողների երեսից։ Պատուիրաններդ գովասանքի արժանի են ինձ համար իմ պանդխտավայրում։ Գիշերն յիշեցի քո անունը, Տէ՛ր, եւ քո օրէնքը պահեցի։ Դա՛ եղաւ կեանքիս ուղին, քանզի քո արդարութիւնը փնտռեցի։ Բաժինս դո՛ւ ես, Տէ՛ր, ասացի որ օրէնքիդ պիտի հետեւեմ։ Ամբողջ սրտովս աղօթեցի քո դիմաց, ողորմի՛ր ինձ ըստ քո խոստման։ Իմ ճանապարհի մասին խորհեցի,եւ քայլերս դէպի քո պատուիրանները շրջեցի։ Պատրաստուեցի եւ չվախեցայ պահել քո պատուիրանները։ Մեղքի ցանցերը պատեցին ինձ, բայց քո օրէնքը ես չմոռացայ։ Ամեն.