ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 21.12-19
12 Բայց այս բոլորից առաջ ձեզ վրայ ձեռք պիտի դնեն եւ պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ եւ կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անուան համար: 13 Եւ ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայութեան: 14 Արդ, ձեր մտքում դրէք սա. նախօրօք մի՛ մտահոգուէք պատասխան տալու համար, 15 որովհետեւ ես ձեզ կտամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակուել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները: 16 Դուք պիտի մատնուէք ե՛ւ ծնողներից, ե՛ւ եղբայրներից, ե՛ւ ազգականներից, ե՛ւ բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն: 17 Եւ պիտի ատուէք բոլորից իմ անուան համար: 18 Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի: 19 Եւ ձեր համբերութեամբ պիտի շահէք ձեր հոգիները:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, Քրիստոսի բանական հոտ, որ առավոտ կանուխ ընտրել եք Աստծու խոսքը լսել, հետո շարունակել ձեր ընթացքը: Դուք նման եք Մարիամին, որը ընտրեց լավագույնը և մնաց Քրիստոսի ոտքերի մոտ նստած: Դուք հավատարիմ եք առակաց գրքի խորհրդին, որն ասում է. Խրա՛տ ձեռք բերէք եւ ոչ թէ արծաթ: Գիտութիւն, քան թէ՝ ընտիր ոսկի: Ողջունում եմ բոլորիդ, ովքեր այս ուղին են բռնել իրենց հոգու փրկության հարցում՝ հավատարիմ մնալով Քրիստոսի Ավետարանի ամենօրյա պատգամներին:
Քրիստոնյան քաջ գիտե, որ իր հողեղեն տունը, որ իր մարմինն է, մի օր ավարտի իր գորունեությունը, Աստծուց շինված անձեռակերտ հավիտենական տուն ունի երկնքում: Ավետարանները մեզ տալիս են այդ գիտությունը, այդ հավատքը, այդ զորությունը, և փրկության հասնելու բոլոր ազնիվ ճանապարհները: Գնանք Աստծու արդար ճանապարհներով:
Ղուկասի Ավետարանի վերջին գլուխներից է այսօրվա ընթերցվածը, որտեղ ավետարանիչը մեզ ծանոթացնում է, Քրիստոսի կանխասացությունների, նշանների և հալածանքների հետ: Կանխասացությունները Տէր Հիսուս անում է Երուսաղեմի տաճարի վրա, իսկ մենք գիտենք, որ Երուսաղեմ ասելով Հիսուս Քրիստոս նկատի ունի Իսրայելի ժողովրդին և ի դեմս Իսրայելի ժողովրդին՝ նաև համայն մարդկությանը, որի մեջ մտնում ենք նաև մենք՝ հայերս, որ ազգերի մեջ առաջինը ընդունեցինք քրիստոնեությունը:
Մենք պատասխան ենք տալու Տիրոջ առջև՝ մեր կատարած ծառայության, Քրիստոսի անունը վկայելու, և Քրիստոսի բանավոր հոտը փրկագործությանը հասցնելու համար: Տէր Հիսուս գոտեպնդում է լսողներին, ասելով, որ դուք մի անհանգստացեք, թե ինչ եք խոսելու ձեզ հալածողների առջև, քանի որ ես ձեզ կտամ բերան և իմաստություն, որին չեն կարող հակառակվել ձեր դեմ հակառակվողները: Նաև զգուշացնում է, որ մենք կարող են դառնալ շատերի համար ատելի Քրիստոսի անվան համար, բայց մեր գլխից մազ չի պակասելու: Այդ համբերությամբ է, որ շահելու ենք մեր հոգիները:
Այսօր սեպտեմբերի 21 ն է, Հայաստանը նշում է իր անկախության 29 րդ տարեդարձը: Շնորհավորում եմ բոլորին այդ առիթով:
Առաջին ազատությունը և անկախությունը Աստված է տվել մարդ արարածին: Հիմա տեսնենք, թե որքանով է մարդը գնահատել իրեն տրված ազատությունը, և այն խոստումները, որ Տեր Հիսուս տալիս է մեզ՝ մեր հակառակորդների դեմ պայքարելու համար:
Ի սկբանե Աստված ստեղծեց մի կառույց՝ եկեղեցին, որի միջոցով պետք է համակարգվեր այդ բոլոր պատգամներն ու պատվիրանները: Եկեղեցում կարգեց Աստծո խոսքի սպասավորներ, նրանց տվեց շնորհներ, զորություն, կապելու և արձակելու իշխանությունը և առաքելական հաջորդականություն: Եկեղեցու սպասավորի ուսերին դրվեց մեծ պատասխանատվություն՝ եկեղեցի կոչվող հոտին արածեցնելու համար: Կարգվեց եկեղեցում եպիսկոպոսի աստիճանից մինչև դպիր՝ հոգևոր ծառայություն, որի գլխավոր առաքելությունը հանրությանը Աստվածաշունչ ուսուցանելն է: Նույն պարտականությունը դրված էր առաջին քահանայապետների և օրենքի ուսուցիչների վրա, որոնք անտեսում էին այդ առաքելությունը, ինչես որ այսօր:
Աստվածաշնչի 75 գրքերի բովանդակությունը հակիրճ տեղեկություն են տալիս Աստծու ծրագրի և եկեղեցու դերի մասին:
Աստված է տիեզերքի Կառավարիչը և առաջին ու վերջին խոսքը Աստծունն է:
Եկեղեցին Աստծու աղոթքի տունն է, և Աստված միշտ իր աղոթքի տանն է:
Մարդկության փրկությունը Աստծո ծրագիրն է, և այն պետք է իրագործվի և ավարտին հասցվի եկեղեցու միջոցով:
Եկեղեցին շահ հետապնդող կառույց չէ, այնտեղ գործում է Աստծու Սուրբ Հոգին:
Եկեղեցին այն ջահն է, որը պետք է յուրաքանչյուր հավատացյալի սրտում վառի Աստծու անմար լույսը, որպեսզի մարդը տեսնի իր մեղքը, զղջա, ապաշխարի և գտնի իր փրկությունը:
Նյութական պետքերը եկեղեցու գլխավոր խնդիրը չի կարող լինել, քանի որ եկեղեցու առաքելությունը մարդկությանը ապաշխարության հրավիրելն է և Ավետարանի ուսուցումը: Ապաշխարությամբ սկսեց իր քարոզությունը Հովհաննես Մկրտիչը և նույն ապաշխարության կոչով սկեց Տէր Հիսուս Քրիստոս: Եկեղեցին նույն ճանապարհով պետք է տանի Քրիստոսի հոտին:
Եկեղեցին Քրիստոսի Հարսն է, հետևաբար Քրիստոս պահանջում է անմնացորդ նվիրում, ամբողջական սեր, ինքնամոռաց ծառայություն, անկեղծ ողորմություն, և հարսին վայել խոնարհություն: Հին ու Նոր Կտակարանները փաստում են, որ Աստված չի հանդուրժում անհավատարմությունը, դավաճանությունը, կեղծավորություն, մարդահաճությունը: Քանի որ հարսը թանկ է Փեսայի համար: Անպատիժ չի մնա այն ժողովուրդը, որը կհալածի հարսին, և անպատիժ չի մնա հարսը որը կդավաճանի Փեսային: Հաճախ է Ավետարանը մեզ հիշեցնում, որ չգնանք մահվան ստվերի հետևից, և հանկարծ չթողնենք կյանքի լուսավոր ճանապարհը:
Եկեղեցին իր խորհրդի մեջ պետք է մնա, և նրա գլխավոր առաքելությունը հոգեփրկության ծրագրի ամբողջացումն է՝ ժողովրդին անվնաս հասցնել իր Տիրոջը: Այն Տիրոջը, որը խաչվեց այդ հոտի փրկության համար:
Եկեղեցում կան Հուդաներ, Պետրոսներ, Թովմասներ, Պողոսներ, Մարթաներ և Մարիամներ, Հովհաննես Մկրտիչներ: Կան նաև Սիմոն մոգեր՝ իրենց սիմոնականությամբ:
Հովհաննես Մկրտիչը լույսը չէր, այլ կանթեղը, որով Իրական լույսը տարածում էր ամենուր: Բոլորը օգտվում էին այդ լույսից և լուսավորվում էին: Հովհաննես Մկրտիչը նպատակով էր եկել աշխարհ, որպեսզի մարդիկ նրա միջոցով ճանաչեն Աստծուն:
Առաքելական Եկեղեցին Աստվածաշնչի գլխավոր հերոսների հավաքական կերպարն է, որի Հայրապետը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է: Ես որպես հայ Առաքելական եկեղեցու երկարաամյա սպասավոր քահանա, այսօրվա Ավետարանի պատգամի լույսի ներքո կամենում եմ խոսքս ուղղել մեր եկեղեցու Հովվապետին՝ որի հայրական հոգատարությանն է հանձնված Քրիստոսի հոտը: Մի նամակ եմ ուզում հասցնել Հայրապետին՝ այսօրվա մեր եկեղեցու գաղջ վիճակի մասին՝ ի մտի ունենալով Տիրոջ այն խոսքը, որ ասաց. «Քո տան նկատմամբ նախանձախնդրութիւնը ինձ պիտի ուտի»: Հովհ. 2:17
Մենք այսօր նվազագույնը Հովհաննես Մկրտիչներ պետք է լինենք, մեր Տէր Հիսուս Քրիստոսի այն խոսքը գետնին չթողնելու համար, որ ասաց. «Ինձ է տրուած ամէն իշխանութիւն երկնքում եւ երկրի վրայ. ինչպէս Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։ Գնացէ՛ք ուրեմն աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի։ Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»։ Մատթ.28:19
Ես չգիտեմ, թե այս պատգամը ինչ արձագանք կունենա, կամ ինչ գնահատական կտրվի իմ անձին, սակայն ես հանձն եմ առնում այս պատասխանատվությունը՝ չլռել վտանգի պահին:
Նամակ Հայոց Հայրապետին.
Ինչո՞ւ եք լռում Հայոց Հայրապետ: Ճիշտ է, որ իմաստունն ասաց ամեն բանի ժամանակը կա: Ինչո՞ւ դուք ընտրեցիք միայն լռելու ժամանակը: Քսան տարի շարունակ լռում եք: Մի՞թե լռում եք, որպեսզի ամբողջովին կորցնենք նույնիսկ այն, ինչ կարծում ենք թե ունենք: Կամ մինչև մեզնից վերցվի այն, ինչ տրվել է մեզ որպես առաջին քրիստոնյա ազգ:
Լռում եք ամեն ինչի դեմ, անարդարության դեմ, ամբարտավանության դեմ, նույնիսկ լռում եք քրիստոնեության նահանջի դեմ:
Եթե որպես Հայրապետ չեք տեսնում, և լռում եք, սա մեծ ցավ է հայ հասարակության համար:
Իսկ եթե տեղյակ եք այս ամենից և դարձյալ լռում եք, ուրեմն մեր եկեղեցին դուրս է իր առաքելությունց, և Քրիստոս աղաղակում է, ասելով՝ Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ երկնքի արքայութիւնը փակում էք մարդկանց առաջ. դուք չէք մտնում եւ մտնողներին էլ թոյլ չէք տալիս, որ մտնեն։ Մատթ.23:13
Դուք Հայոց Հայրապետն եք, և այս օրհասական օրերին ձեր հայրական խոսքը պետք է անձրևի պես հեղվեր ծարաված ու պապակած հողին, որ մեր ժողովուրդն է: Մինչդեռ երաշտ է Մայր Աթոռում ձեր լռության պատճառով: Բոլորն են լռել անհասկանալի լռությամբ, կամ գուցե ձեզ հաճոյանալու պատճառով:
Այս տագնապալից օրերին երբ համայն հայությունը գտնվում է անորոշության մեջ, ինչպես քաղաքական, այնպես էլ հոգևոր ու մարմնավոր առողջական հարցերի առջև, դուք շարունակում եք լռել, անտեսելով այս իրողությունը, այն դեպքում երբ ձեզ է հանձնված Քրիստոսի հոտի հոգատարությունը:
Ինչքա՞ն կարող ենք մենք հառաչել մեր մարմնի մեջ, տեսնելով այսքան անարդարությունը այնտեղ, որտեղ պետք չէր, որ լիներ:
Հովհաննես Մկրտիչը չլռեց, մեր Տերը չլռեց, մարգարեները չլռեցին, առաքյալները չլռեցին՝ մինչև նահատակություն:
Դուք ո՞ւմ օրինակին եք հետևում, վեհափառ Տեր, երբ հանձն եք առել Քրիստոսի լուծը;
Ձեր այսչափ լռությունը չի ընկալվում ոչ հոգևոր, ոչ մարմնավոր, ոչ աշխարհիկ, ոչ քաղաքական տեսանկյուններից:
Վախենամ, երբ կամենաք խոսել, արդեն շատ ուշ լինի, և կորցրած լինենք մեր հոտը ամբողջությամբ՝ ձեր լռության պատճառով:
Ինչո՞ւ եք լռում, երբ մեր Տէրն ասում մի մտահոգվեք, թե ինչ պիտի խոսեք, ես ձեզ բերան ու իմաստություն կտամ խոսելու համար:
Մի՞թե լռում եք, կարծելով, թե հանդիմանությունը որ կա ձեր անձի հանդեպ, Քրիստոսի անվան համար է: Քավ լիցի:
Քրիստոս ասաց, իմ անվան համար պիտի ատվեք բոլորից: Բայց դուք Քրիստոսի անունը նույնիսկ չեք բարձրաձայնում հարկ
եղած դեպքում:
Մենք ուզում ենք, որ դուք Քրիստոսի անունը վկայելու համար ատվեք բոլորից և մենք դառնանք ձեր զինվորներն ու արյուն թափելու չափ պայքարենք մեղքերի դեմ, որն արդեն հասել են մեզ՝ զանազան մարտահրավերների պատճառով:
Այլևս անկարելի է լռել, Վեհափառ տեր, հոտը միայն խուզելու համար չէ, նրան պետք է նախ՝ արածեցնել:
Գայլերն ամեն օր տանում են գառներին, և ձայն բարբառո անապատի...
Մեր եկեղեցին հեռանում է իր առաքելությունից օրեցօր: Ավետարանն ասում է 99 ին թողեց, գնաց մեկի հետևից:
Մեր եկեղեցին մեկին բռնել է, իսկ 99 ին բաց է թողել գայլերի բերանում՝ և բախտի քմահաճույքին:
Հոտը աստիճանաբար կորցնում է փարախի դուռը անտարբերության պատճառով.
Եկեղեցին ծաղրվում է, դուք լռում եք, անտեսվում է, դուք լռում եք: Դատարկվում է դուք լռում եք:
Աստծո խոսքը մարդկանց մեջ սառում է, դուք դարձյալ լռում եք:
Սոցիալական ծրագրերը մարդկանց փրկության չեն տանի, Վեհափառ տեր, տեր կանգնեք ձեր հոգևոր դասին, որոնց մեծ մասը իբրև մեկական սեփականատեր իրենց եկեղեցիներում նստած, սպասում են թե երբ մի մոլորված գառ կմտնի, Կամ երբ մի հարուստ պսակ կգա, որ օրհեն, իսկ շատերը՝ նույնիսկ՝ դրամի ակնկալությամբ: Եթե մենք չենք հոգացել հավատացյալի հոգևոր պահանջը, իրավունք էլ չունենք ակնկալելու մեր նյութական կարիքները բավարարել:
Երբեմն մտածում եմ, կամ ես եմ Աստվածաշունչը սխալ հասկացել, կամ առաջնորդի ձեր օրինակը ինձ չի ոգեշնչում իմ առաքելության մեջ: Մենք էլ ենք ուզում քայլող օրինակ ունենալ, առավել ոգևորվելու համար՝ մեր ծառայության մեջ:
Այսքան գայթակղությունների առկայության պայմաններում անկարելի է Աստծո խոսքը հասցնել մարդկանց ականջին ու սրտին:
Եթե քահանայության նախանձախնդրությունը այդքան կարևոր չլիներ, Մովսես չէր լինի, մարգարեներ չէին լինի, առաքյալներ և քահանաներ չէին լինի: Մենք անկախությունից ի վեր ուշացրել ենք մեր առաքելությունը՝ մեր անտարբերության պատճառով: Այսօր մենք չենք կարող Քրիստոսի պես ասել, արի և տես: Կգան և կտեսնեն մեր քարոզածի ճիշտ հակառակը՝ ճոխություն, հարստություն, վայելք, անժուժկալություն: Սա մեծ գայթակղություն է մեր հանրության համար:
Վեհափառ Հայրապետ, եթե դուք շարունակեք նույն կերպ լռել, ապա մեր փրկության տապանը շուտով կդատարկվի ամբողջությամբ, և տապանը ջրի վրա դարձյալ կհայտնվի 8 հոգով...
Իսկ Ավետարանը շարունակում է ասել. «Զգո՛յշ եղէք ինքներդ ձեզնից. գուցէ ձեր սրտերը ծանրանան զեխութեամբ եւ հարբեցողութեամբ ու աշխարհիկ հոգսերով. եւ յանկարծակի հասնի ձեր վրայ այն օրը. որովհետեւ այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամենքի վրայ, որոնք բնակւում են երկրագնդի ամբողջ երեսին։ Ղուկաս 21:34
Աղօթենք միասին
Սաղմոս 118:37
Շրջի՛ր աչքերս, Տէր, որ ունայնութիւն չտեսնեմ, ինձ պահպանի՛ր քո ճանապարհին։ Քո ծառայի համար հաստատի՛ր քո խօսքը, որ քո երկիւղի մէջ մնամ։ Ազատի՛ր ինձ նախատինքներից, որոնցից կասկածում էի, քանզի քաղցր են դատաստանները քո։
Ահա ցանկացայ քո պատուիրանները, քո արդարութեամբ պահպանի՛ր ինձ։ Ողորմութիւնդ ինձ վրայ թող գայ, Տէ՛ր, եւ փրկութիւնդ՝ ըստ քո խոստման։ Ես խօսքով պատասխան կը տամ ինձ նախատողներին, քանզի յոյսս դրի քո խօսքերի վրայ։ Ճշմարտութեան խօսքը բնաւ մի՛ հեռացրու իմ բերանից, քանզի յոյսս դրի քո դատաստանների վրայ։ Քո օրէնքը պահեցի ամէն ժամ, յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից։ Ես ընթացայ անդորրութեան մէջ, քանզի քո պատուիրանները փնտռեցի։ Թագաւորների առաջ խօսեցի քո պատուիրանների մասին ու չամաչեցի։ Խորհեցի քո պատուիրանների մասին, որոնք սիրեցի։ Յիշի՛ր քո ծառային տրուած խօսքը, որի վրայ էլ դրիր իմ յոյսը։ Ամեն.