ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 10.1-12
1 Յիսուս այնտեղից վեր կացաւ եկաւ Հրէաստանի սահմանները՝ Յորդանանի միւս կողմը. եւ ժողովուրդը դարձեալ գնում խռնւում էր նրա շուրջը, եւ նա, ինչպէս սովոր էր, նորից ուսուցանում էր նրանց: 2 Իսկ փարիսեցիները մօտեցան եւ նրան փորձելով՝ հարց տուեցին ու ասացին. «Օրինաւո՞ր է, որ մարդ իր կնոջն արձակի»: 3 Նա պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Մովսէսը ձեզ ի՞նչ պատուիրեց»: 4 Եւ նրանք ասացին. «Մովսէսը հրաման տուեց արձակելու թուղթ գրել եւ արձակել»: 5 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ձեր խստասրտութեան պատճառո՛վ գրեց այդ պատուիրանը, 6 մինչդեռ արարչագործութեան սկզբից Աստուած արու եւ էգ ստեղծեց նրանց»: 7 Եւ ասաց. «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հօրն ու մօրը եւ պիտի գնայ իր կնոջ յետեւից: 8 Եւ երկուսը մի մարմին պիտի լինեն եւ այլեւս երկու չեն, այլ՝ մէկ մարմին: 9 Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի»: 10 Եւ աշակերտները տան մէջ դարձեալ նոյնը հարցրին նրան: 11 Եւ նրանց ասաց. «Եթէ մի մարդ արձակի իր կնոջը եւ ուրիշին առնի, շնութիւն արած կլինի: 12 Եւ մի կին եթէ թողնի իր ամուսնուն եւ ուրիշ մարդու կին լինի, շնութիւն արած կլինի»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելիներ, այսօրվա Ավետարանի հարցը փշոտ հարց է բոլոր ժամանակների համար, քանի որ ամուսնալուծության պատճառները բազմազան են, մի մասը հիմնավորված է, մի մասը անհրաժեշտություն, մի մասը անգիտությունից, կամ սեփական քմահաճույքից է և այն: Սակայն բոլոր ազգերի համար որպես հիմք է հանդիսանում Աստվածաշնչի պատգամը, թե՝ «Եւ երկուսը մի մարմին պիտի լինեն եւ այլեւս երկու չեն, այլ՝ մէկ մարմին: Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի»:
Տէր Հիսուս թողեց Գալիլիան և գնաց Հորդանանի կողմերը քարոզելու, որտեղ դարձյալ ժողովրդի բազմությունը հավաքվում էր Նրա շուրջը լսելու այն իմաստուն խոսքերը, որ երբեք չէին լսել ոչ մեկից: Որքան էլ որ փարիսեցիներն ու օրենքի ուսուցիչները Հիսուսին ծուղակային հարցեր էին տալիս, այնուամենայնիվ իրենց էլ հետաքրքիր էր շատ ու շատ հարցերի պատասխաններ:
Այս հանդիպման ժամանակ էլ մի վիճելի հարց ուղղեցին Տէր Հիսուսին՝ ամուսնալուծության վերաբերյալ: Գոնե օրենքի ուսուցիչները հստակ գիտեին հրեական օրենքները ամուսնալուծության թեմայի մասին: Բայց այս անգամ ոչ թե վատ իմաստով էին հարցեր տալիս, այլ կամենում էին իմանալ նաև Հիսուսի կարծիքը այդ հարցի վերաբերյալ, և նաև թե որքանով է Նա իրավասու հեղինակավոր կարծիք ասելու օրենքի հանդեպ: Ամեն դեպքում այս հանդիպման ժամանակ պետք է քննարկվեր մի հարց, որի մասին օրենքին ծանոթ էին բոլոր կողմերը, նույնիսկ ժողովուրդը, քանի որ սա բոլորին առնչվող հարց է: Մովսեսի օրենքի համաձայն ապրելը հավանաբար ավելի հեշտ է, քան նորկտակարանյան պատվիրանների: Օրենքը հստակ ասում է կարելի է, կամ չի կարելի:
«Օրինաւո՞ր է, որ մարդ իր կնոջն արձակի» հարցը և հեշտ է և դժվար միաժամանակ: Օրինաց գրքում գրված է, եթե ամուսինը մի թերություն գտնի կնոջ մոտ, կարող է բաժանման թուղթ գրել, տալ և նրանից բաժանվել: Այս պարագայում կինը ստանում է պայմանագրով նախատեսված գումարը՝ իր հետագա կյանքը գոյատևելու համար: Քանի որ կինը ամուսնական կապի մեջ է մտնում պայմանագրով, հետևաբար բաժանումն էլ պետք է լինի բաժանման թղթով: Ըստ օրենքի քննվում են պայմանագրի բոլոր կետերը և քանի որ տղամարդն է արձակում կնոջը, ապա տղամարդն էլ պարտավոր է վճարել հետագա ծախսերի և ապրելու գումարը: Սա ընդհանուր կանոնն էր, որ գիտեին բոլորը: Հուդայականության մեջ ամուսնալուծության վերաբերյալ կար ուսուցման երկու մեթոդ: Ողղություններից մեկի տեսակետն այն էր, որ բաժանման թուղթ կարելի տալ բացառապես դավաճանության պարագայում, նույնիսկ եթե ենթական մտածում է այդ մասին: Իսկ մյուս ուսուցման ռաբիների տեսակետն այն էր, որ եթե տղամարդը որևէ թերություն նկատի կնոջ վարքում, կարող է բաժանվել: Նույնիսկ եթե կինը պատահաբար այրել է ճաշը, կամ հացը: Կամ եթե տղամարդը գտել է մի ուրիշ ավելի գեղեցիկ կին, կարող է բաժանվել այս կնոջից՝ որը որևէ սխալ բան չի արել, բաժանման թուղթ տալով և ամուսնանա մյուս կնոջ հետ: Այսինքն մի ուղղությունը պնդում է, որ միայն դավաճանության դեպքում կարելի է բաժանվել, իսկ մյուս ուղղությունը ասում է, որ ցանկացած պատճառ կարող է լինել բաժանման առիթ, քանի որ սա խոհարարական հարց չէ, այլ արհամարհական վերաբերմունք ամուսնու նկատմամբ՝ վառած հացը կամ ճաշը նրան մատուցելը:
Այս վիճաբանությունը մոդա էր այդ ժամանակի համար, քանի որ վերաբերում էր ամեն ընտանիքի: Ամուսնական կյանքի այս վիճահարույց թեմաները միշտ էլ դժվարության առջև են կանգնեցրել ժամանակի կրոնական առաջնորդներին: Սակայն եղել են նաև դեպքեր, երբ ամուսինը չի կարողացել տալ բաժանման թուղթ, քանի որ պայմանագրի մեջ շատ մեծ գումար է նշված եղել: Գումար չունենալու պատճառով չի կարողացել բաժանվել իր կնոջից, և նրան բաժանման թուղթ տալ:
Փարիսեցիները գուցե ուրիշ ակնկալիք ունեին Հիսուսից Նրա ազատամիտ մոտեցումները տեսնելով: Քանի որ Հիսուս անտեսում էր շաբաթը՝ բարիք գործելու համար, թույլ էր տալիս ուտել առանց ձեռքերը լվանալու, անբարո կնոջը ներում էր զղջալու պարագայում, մինչդեռ հրեաները քարկոծում էին: Գուցե ակնկալում էին, որ Հիսուս կասեր ոչ մի թուղթ էլ մի գրեք, չեք ուզում ապրել ձեր կնոջ հետ, բաժանվեք, առանց գումարներ տալու:
Բայց Տէր Հիսուս Քրիստոս սիրում է հիասթափեցնել այն մարդկանց, որոնք իրենից կոնկրետ և պատրաստի պատասխաններ են ակնկալում: Հարցին հարցով է պատասխանում հրեական սովորության համաձայն, ասելով՝ «Մովսէսը ձեզ ի՞նչ պատուիրեց»: Նրանք ասացին, որ Մովսեսը հրաման տվեց արձակման թուղթ տալ և արձակել կնոջը: Փարիսեցիների ակնկալությանը հակառակ Հիսուս հանդիմանությամբ պատասխանեց նրանց, ասելով ձեր խստասրտության պատճառով Մովսեսը այդպիսի պատվիրան գրեց, որպեսզի ամեն հասարակ բանի պատճառով չբաժանվեք ձեր կանանցից, այլ օգտակար լինեք միմյանց: Ձեր մեղավոր ու անսուրբ կյանքի համար տվեց ձեզ այդ պատվիրանը: Բայց սկիզբըը այդպես չի եղել, ինչպես որ Ադամը ասաց երկուսը դառնում են մեկ մարմին և ինչը որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի: Բայց մեղքը ուկեկցել է մարդուն իր ստեղծման օրից և երբ դավաճանությունը մտնում է երկու անձերի միջև, նրանք այլևս մեկ մարմին չեն մնում: Բայց եթե անհավատարմություն չկա ընտանիքում, պետք չէ կնոջն արձակել:
Երբ տուն վերադարձան այս հարցը նորից քննարկվեց աշակերտների կողմից, հավանաբար այն պատճառով, որ իրենք էլ լավ չէին հասկացել: Տեսնենք թե ինչ ասաց Հիսուս ավելի նեղ շրջանակի համար: «Եթէ մի մարդ արձակի իր կնոջը եւ ուրիշին առնի, շնութիւն արած կլինի: Եւ մի կին եթէ թողնի իր ամուսնուն եւ ուրիշ մարդու կին լինի, շնութիւն արած կլինի»:
Ըստ հրեական մեկնաբանների այս մտքերը շատ զարմանք են պատճառել ժամանակի մարդկանց, այն առումով, որ ըստ հրեական մտածելակերպի շնության մեջ մեղադրվում էր միայն կինը: Եվ երբեք կինը իրավունք չուներ ինքը առաջինը բաժանվելու:
Իսկ եթե ծայրահեղ դեպք է, օրինակ ամուսնու սեռական անկարողության, կամ անպտղության պատճառով, երկու Կրոնական առաջնորդ, կնոջ հետ միասին դիմում են դատարան և ստիպում են ամուսնուն տալ բաժանման թուղթ:
Սա հրեական օրենքներն էին այն ժամանակվա ամուսնածուծության վերաբերյալ: Բայց մեկնաբանները ասում են, որ Հիսուսի այս խոսքերը վերաբերում է բոլոր ժամանակներին և բաժանությունը ընդունելի չէ առանց հիմնավոր պատճառների:
Թողնենք հրեական սովորությունները իրենց տեղում, վերադառնանք մեր ժամանակներ և տեսնենք մեր ընտանիքներում ինչ հարթության վրա է ամուսնալուծությունը՝ մեր տղամարդկանց խստասրտության պատճառով: Փառք Աստծո մենք դեռ պայմանագրեր չունենք ամուսնական կյանքն սկսելիս, բայց մեզանում էլ չափազանց շատ արատավոր երևույթներ կան ամուսնական կյանքում, ամուսնալուծության ժամանակ և դրանից հետո: Պայմանագրեր չունենք, բայց ամուսնության փաստը չեն գրանցում ԶԱԳՍ ում, հարսնացուին չեն գրանցում տղային տան վկայականի մեջ, մտավախություն ունենալով, որ ամուսնալուծություն կլինի և աղջիկը գույքի պահանջ կներկայսցնի: Ալ բավարարվում են միայն եկեղեցու Պսակի խորհրդով, որը գրեթե ոչինչ չի տալիս նորապսակ զույգին՝ ուսուցման առումով, հետագա կյանքի դժվարություններին դիմակայելու առումով: Մի խոսքով ամուսնական հարաբերությունները սկասած առաջին օրից կարիք ունի վերանայելու: Ամուսնալուծությունների թիվն օրեցօր ավելանում է, երեխաները իրենց մանկական անաղարտության վրա զգում են այդ դառնությունը, որը հետք է թողնում անպայման իրենց հասունության վրա: Ամենավատն այն է, որ այս բոլոի մասին հոգ տանող չկա, ոչ պետական մակարդակով, ոչ էլ հոգևոր մակարդակով: Ընտանիքի պատկերը ամեն օր ավելի գորշ է դառնում:
Այսօրվա մեր դասը թող լինի ամուր ընտանիք կազմելու մասին: Գիտակից ամուսնություն ունենալու մասին: Եվ որ ամենակարևորն է Աստծու խոսքի հիման վրա ընտանիք կառուցելու մասին: Մնացեք սիրով՝ ձեր ամուսնական փոխհարաբերությունների մեջ՝ հավատարիմ մնալով Պսակի խորհրդի խոստմանը: Խստասրտությունը դատապարտվել է Հիսուս Քրիստոսի կողմից:
Աղօթենք միասին
Սաղմոս. 118: 35
Առաջնորդի՛ր ինձ քո պատուիրանների շաւիղներով, քանզի հաճելի են դրանք ինձ։ Սիրտս հակի՛ր դէպի քո պատուիրանները, եւ ոչ թէ դէպի ագահութիւն։ Շրջի՛ր աչքերս, որ ունայնութիւն չտեսնեմ, ինձ պահպանի՛ր քո ճանապարհին։ Քո ծառայի համար հաստատի՛ր քո խօսքը,որ քո երկիւղի մէջ մնամ։ Ազատի՛ր ինձ նախատինքներից, որոնցից կասկածում էի, քանզի քաղցր են դատաստանները քո։ Ահա ցանկացայ քո պատուիրանները, քո արդարութեամբ պահպանի՛ր ինձ։ Ողորմութիւնդ ինձ վրայ թող գայ, Տէ՛ր, եւ փրկութիւնդ՝ ըստ քո խոստման։ Ես խօսքով պատասխան կը տամ ինձ նախատողներին, քանզի յոյսս դրի քո խօսքերի վրայ։ Ճշմարտութեան խօսքը բնաւ մի՛ հեռացրու իմ բերանից, քանզի յոյսս դրի քո դատաստանների վրայ։ Քո օրէնքը պահեցի ամէն ժամ, յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից։ Ես ընթացայ անդորրութեան մէջ, քանզի քո պատուիրանները փնտռեցի։ Ամեն.