ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 7.37-52
37 Մեծ տօնի վերջին օրը Յիսուս կանգնած էր եւ աղաղակում էր՝ ասելով. «Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ եւ խմի: 38 Ով ինձ հաւատում է, ինչպէս Գիրքն է ասում, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»: 39 Նա այս ասում էր Հոգու մասին, որին ընդունելու էին իրեն հաւատացողները. քանի որ Հոգին դեռեւս չկար, որովհետեւ Յիսուս դեռ փառաւորուած չէր: 40 Ժողովրդից ոմանք, երբ լսում էին այս խօսքերը, ասում էին. «Սա է ճշմարիտ մարգարէն». 41 ուրիշներն ասում էին. «Սա է Քրիստոսը». իսկ դեռ ուրիշներ ասում էին. «Մի՞թէ Քրիստոս Գալիլիայից է գալու. 42 չէ՞ որ Գիրքն ասում է, թէ Քրիստոս գալու է Դաւթի սերնդից եւ Բեթղեհէմ գիւղից, որտեղից Դաւիթն էր»: 43 Եւ ժողովրդի մէջ նրա պատճառով պառակտում եղաւ: 44 Եւ նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրա վրայ ձեռք չդրեց: 45 Իսկ սպասաւորները վերադարձան քահանայապետների եւ փարիսեցիների մօտ. եւ սրանք նրանց ասացին. «Ինչո՞ւ նրան այստեղ չբերեցիք»: 46 Սպասաւորները պատասխանեցին ու ասացին. «Ոչ մի մարդ երբեք այնպէս չի խօսել, ինչպէս այն մարդը»: 47 Փարիսեցիներն ասացին. «Մի՞թէ դուք էլ էք մոլորուել: 48 Մի՞թէ իշխանաւորներից կամ փարիսեցիներից որեւէ մէկը հաւատաց նրան, 49 բացի այն խաժամուժ ամբոխից, որ օրէնք չգիտէ եւ նզովեալ է»: 50 Նիկոդեմոսը, որ նախապէս գիշերով եկել էր նրա մօտ եւ նրանցից մէկն էր, նրանց ասաց. 51 «Մի՞թէ մեր օրէնքը դատապարտում է մարդուն, եթէ նախ նրանից լսած եւ կամ իմացած չլինի, թէ ինչ է գործել նա»: 52 Նրան պատասխանեցին ու ասացին. «Մի՞թէ դու էլ Գալիլիայից ես. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլիայից մարգարէ դուրս չի գալիս»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի քույրեր և եղբայրներ. Լույսը բացվեց Աստծո կամքով և մենք նորից միասին ենք ուղիղ եթերում: Պիտի խնդրեմ ձեզ մեկնաբանություններում գրեք, արդյոք հանապազօրյա հաց հաղորդաշարի բովանդակությունը հասանելի՞ է բոլորին: Նրանք, որոնք դեռ չեն կարդացել Աստվածաշունչը, հասկանալի՞ է ամեն բան: Օգտակա՞ր է արդյոք այս եթերաժամը: Մի խոսքով ազատ եղեք մեկնաբանություններում գրել ձեր կարծիքը օգտակարության մասով, ոչ թե գովասանքի: Իմ նպատակը ձեր հոգևոր կրթությունն է և հոգևոր աճը:
Այսօրվա Ավետարանի բովանդակությունն էլ մոտավորապես նման է իմ հարցադրմանը:
Ավետարանիչն ասում է. Հիսուս կանգնած աղաղակում էր: Ինչո՞ւ էր աղաղակում աշխարհին խաղաղություն բերողը: Որովհետև մոտենում էին Նրա փառավորվելու օրերը, բայց ամենուրեք չար ծրագրեր էին կազմվում Նրան սպանելու վերաբերյալ: Իսկ ժողովուրդը հոգևոր քաղցած ու ծարավ վիճակի մեջ է: Ժողովրդին ուսուցանելու և մխիթարելու փոխարեն քահանայապետը նրանց «խաժամուժ ամբոխ» է անվանում, և ծաղրում էր այն մարդկանց, որոնք հավանություն են տալիս Քրիստոսի վարդապետությանը: Դրա համար էր աղաղակում, ասելով,- Եթե մեկը ծարավ է թող ինձ մոտ գա և խմի:
Զարմանալի է, սովորաբար ով ծարավ է, նա է աղաղակում, որ իրեն ջուր տան: Այստեղ ծարավ ունեցողը չի զգում իր ծարավը և Տէր Հիսուս աղաղակում է մարդկանց ծարավը հագեցնելու համար: Շրջելով ժողովրդի մեջ և նրանց հետ անհատական շփումներ ունենալու արդյուքում Տէր Հիսուս տեսել էր նրանց տկարությունն ու անկարողությունը:
Ավետարանի ամեն նախադասություն, կամ միտք շատ ավելի հասկանալի պիտի դառնա, եթե անմիջապես բերենք մեր կյանքի փորձառության մեջ և համեմատական դնենք: Այսօր ո՞վ է աղաղակում: Ոչ ոք: Ո՞վ է զգում, որ ինքը հոգևոր ծարավ ունի: Շատ քչերը: Ուրեմն ո՞վ է շահագրգիռ անձը մարդկանց հոգևոր քաղցն ու ծարավը հագեցնելու: Մեր պարագայում՝ առաքյալների հաջորդականությամբ եկած այսօրվա հոգևորականները: Հիմա տեսնենք մեր հոգևորականները աղաղակո՞ւմ են արդյոք ժողովրդի ծարավի համար, թե՝ եկեք խմեք Քրիստոսի անմահ աղբյուրի հավիտենական ջրից, որովհետև դուք դրա կարիքն ունեք: Քանի որ շատերը ապրելով Խորհրդային համակարգում, որտեղ քողարկված էր ճշմարտությունը՝ անտեղյակ են, կամ սխալ տեղեկացված:
Այսպիսի դեպքերում սովորաբար ասում են մարդն ազատ է իր իրավունքի և ընտրության հարցում: Եթե կամենա, կհետաքրքրվի ու կիմանա: Բայց վստահ եմ, որ բոլոր ընտանիքներում յուրաքանչյուր ծնող անպայման միջամտում է, որ երեխան բարձրագույն կրթություն ստանա, լավ աշխատանք ունենա: Այս պարագայում չեն ասում, թե՝ չափահաս է, թող ինքը որոշի կրթվի, թե ոչ:
Մեծ Տոնի վերջին օրերն էին, Հիսուս ժողովարաններում ուսուցանում էր ժողովրդի բազմությանը, և նրանց մեջ պառակտում առաջացավ և շատերը հեռացան Հիսուսից այն բանի համար, որ Նա ասաց, - Իմ Մարմինը կտամ որպես հավիտենական հաց, որպեսզի այն ուտողը իր մեջ կյանք ունենա: Մարդկանց համար սա գայթակղություն եղավ և որոշները հեռացան, ասելով խիստ է խոսում: Հիսուս տեսավ, որ հանրությունը դեռ պատրաստ չէ լսել այսպիսի մտքեր և Նա չէր կարողանում պարզ խոսել Իր հետ պատահելիք դեպքերի մասին, քանի որ լսողները բավարար գիտելիք չունեին դեռ: Երբ աշակերտներին ասաց,- ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, եթե այդ Իմ Հորից տրված չէ նրան,- աշակերտներից շատերը հետ քաշվեցին և Նրա հետ չէին շրջում արդեն; Տէր Հիսուս կամեցավ իմանալ, արդյոք աշակերտների համար էլ գայթակղություն եղավ Իր այդ խոսքերը, և նրանց հարցրեց,- Մի՞թե դուք էլ եք ուզում գնալ: Իսկ Պետրոսն ասաց,- «Տէ՛ր, ո՞ւմ մօտ պիտի գնանք։ Դու յաւիտենական կեանքի խօսքեր ունես։ Եւ մենք հաւատացինք եւ ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։
Աստծո Որդին երկրային բաների մասին էր խոսում ժողովրդի մեջ և լսողները Նրան չէին հասկանում և գյաթակղվում էին: Ինչպես Նա պետք է խոսեր երկնային բաների մասին, որպեսզի հասկանային: «Կենդանի ջրերի գետեր» ասելով նա Սուրբ Հոգին նկատի ուներ, որ պետք է ընդունեին իրեն հավատացողները: Իսկ Հոգին պիտի ընդունեին Հիսուս Քրիստոսի փառավորվելու հետո: Ժողովրդի մի մասը լսելով հավատում էր Նրան, մի մասը Հիսուսի ծննդավայրը հիմք ունենալով, ենթադրում էին, որ Գալիլիայից անկարելի է որ խելացի խոսող դուրս գա: Սրտի կարծրությունը կարող է պատճառ դառնալ, որ Աստված փակի մարդու հոգու աչքերը՝ ճշմարտություննները չտեսնելու համար: Ոմանք կամենում էին Հիսուսին բռնել, բայց առանց հիմնավոր պատճառի չէին կարողանում դա անել: Ոմանք վկայում էին քահանայապետների մոտ, որ դեռ ոչ ոք այսպես չի խոսել, ինչպես այս մարդը: Իսկ այս վկայությունները բարկացնում էին օրենքի ուսուցիչներին՝ իրենց չար ծրագիրը ուշացնելու համար: Ամեն ջանք գործադրում էին, որպեսզի մարդիկ Հիսուսին չհավատան, հատկապես իշխանավորներից կամ փարիսեցիներից մեկը թեկուզ:
Փարիսեցիների և օրենքի ուսուցիչների պարտականությունը ժողովրդին կրթելն էր, նրանց օրենքը ուսուցանելը: Միտումնավոր չէի անում այդ ուսուցումը, որպեսզի ժողովուրդը անգետ մնա և հեշտ կառավարվի պետք եղած ժամանակ: Ինչպես որ դա արեցին Պիղատոսի առջև՝ ժողովրդի մի մասի վրա ազդելով և նրանք աղաղակեցին, թե խաչը հանիր դրան...
Դրա վառ ապացույցն է փարիսեցիների այն հանդիմանությունը ժողովրդի հասցեին, թե «Մի՞թէ դուք էլ էք մոլորուել: Մի՞թէ իշխանաւորներից կամ փարիսեցիներից որեւէ մէկը հաւատաց նրան, բացի այն խաժամուժ ամբոխից, որ օրէնք չգիտէ եւ նզովեալ է»: Ժողովրդին չեն սովորեցնում օրենքը և ամենահարմար պահին ծաղրում են, ասելով խաժամուժ ամբոխը օրենք չգիտե:
Սիրելիներ Քրիստոսի քարոզության ժամանակ Նրա խոսքերը դեռ տպագրված չէր, առաքյլաների թղթերը չկար, Պողոս առաքյալը դեռ չէր գրել իր նամակները: Ամեն ինչ բանավոր էր հնչում և մտապահելը դժվար էր, չասելու համար թե անկարելի էր այդքան խոսածը հիշել: Եթե մեր օրերում այսքան գիր ու գրականության առկայության պայմաններում անտեղյակություն է, պատկերացրեք, թե ինչ կլիներ Քրիստոսի ժամանակ: Քրիստոսից հետո աստիճանաբար սկսվեց գրվել, որովհետև բանավոր խոսքը փոխանցվելով կարող էր իմաստը կորցնել, և շատ բաներ կարող էին մոռանալ: Պատկերացրեք, որ մեկը Պողոս առաքյալի մի նամակը տանում է մի գյուղ և հավաքելով մարդկանց իր շուրջը, ներկայանում է որպես Պողոս առաքյալի փոստատար և ասում է ուշադիր լսեք, ձեզ նամակ է գրել առաքյալը: Ինչքան էլ որ ուշադիր լսեին, ինչքան էլ որ հասկանային, միևնույն է, ուրիշներին այդ միտքը փոխանցելիս իրական իմաստը կկորցներ: Մեղադրելի չէ այդ հասարակությանը, իրենց անգրագիտության համար, հատկապես որ եղած հնարավորությունն էլ չի օգտագործվել նրան ուսուցանելու համար:
Այս երևույթը մեզանում էլ անծանոթ չէ: Այս միտումը՝ ժողովրդին անտեղյակ պահելու, մեր ժամանակներում էլ գործում է: Երբեմն պատկան մարդկանց ելույթները, որ ամբիոններից հնչում է հայերենով, անկարելի է հասկանալ և առավել ևս արտաբերել:
Ոչ իրենց խոսքն է հասկանալի, ոչ էլ իրենք են բացատրում, որ մարդիկ հասկանան: Դրա համար էլ մեր ժողովուրդը օրենք չգիտե:
Այս փորձը, որ անգետ մարդուն հեշտ է կառավարել, գործում է այսօր ինչպես քաղաքական, այնպես էլ հոգևոր դաշտում:
Բայց ժամանակակից քրիստոնյան պետք է պրպտող լինի իր հավատքի ճանապարհին, կույր հավատք չունենա իր չհասկացած թեմաների վերաբերյալ: Ըստ Տիրոջ պատգամի փնտրողը կգտնի, բախողին կբացվի, և խնդրողին կտրվի, քանի որ Ատսվածաշունչ Մատյանը սպասում է իր ընթերցողին: Իսկ ով ընթերցում է Աստվածաշունչ սուրբ Գիրքը, Աստված խոսում է նրա հետ:
Քրիստոս Փեսան է, եկեղեցին հարսն է: Հարսին ու Փեսային միացնողը հոգևորականն է: Աստծու հետ ջերմ հարաբերության պակասն է մեր կյանքը թերի դարձնում: Պահեք Աստծո պատվիրանը անբիծ և անարատ՝ մինչև Հիսուս Քրիստոսի Հայտնությունը: Մնացեք սիրով, պատվիրանապահությամբ, ընթերցասիրությամբ և խոնարհությամբ:
Աղօթենք միասին
Սաղմոս 118- 29 -35
Տէ՛ր, մեղքի ճանապարհները հեռացրո՛ւ ինձնից, եւ քո օրէնքով ողորմի՛ր ինձ։ Քո ճշմարտութեան ճանապարհն ընտրեցի, եւ քո օրէնքները ես չմոռացայ։ Մերձեցայ քո պատուիրաններին. Տէ՛ր, մի՛ ամաչեցրու ինձ։ Քո պատուիրանների ճանապարհով ընթացայ, քանզի անդորրութիւն տուիր իմ սրտին։ Տէ՛ր, իրաւունքիդ ճանապարհի օրէնսգէտն ի՛նձ դարձրու, որ ամէն ժամ հետեւեմ դրան։ Իմաստո՛ւն դարձրու ինձ, որ քննեմ քո օրէնքը եւ ամբողջ սրտովս պահպանեմ այն։ Առաջնորդի՛ր ինձ քո պատուիրանների շաւիղներով, քանզի հաճելի են դրանք ինձ։ Սիրտս հակի՛ր դէպի քո պատուիրանները, եւ ոչ թէ դէպի ագահութիւն։ Շրջի՛ր աչքերս, որ ունայնութիւն չտեսնեմ, ինձ պահպանի՛ր քո ճանապարհին։ Քո ծառայի համար հաստատի՛ր քո խօսքը,որ քո երկիւղի մէջ մնամ։ Ազատի՛ր ինձ նախատինքներից, որոնցից կասկածում էի, քանզի քաղցր են դատաստանները քո։ Ահա ցանկացայ քո պատուիրանները, քո արդարութեամբ պահպանի՛ր ինձ։ Ողորմութիւնդ ինձ վրայ թող գայ, Տէ՛ր, եւ փրկութիւնդ՝ ըստ քո խոստման։ Ամեն