ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 19.16-22
16 Այն ժամանակ Յիսուսին յանձնեց նրանց ձեռքը, որպէսզի խաչ հանուի: 17 Եւ նրանք առան Յիսուսին եւ տարան: Եւ խաչափայտը նա ինքն էր վերցրել եւ բարձրացնում էր այն տեղը, որի անունն էր Գագաթ, իսկ եբրայերէն կոչւում էր Գողգոթա, 18 որտեղ եւ խաչը հանեցին նրան ու նրա հետ երկու ուրիշների՝ այս եւ այն կողմից, իսկ մէջտեղում՝ Յիսուսին: 19 Պիղատոսը մի տախտակ էլ գրեց եւ դրեց խաչի վրայ. եւ գրուած էր. «Յիսուս Նազովրեցի՝ հրեաների Թագաւոր»: 20 Այդ տախտակը հրեաներից շատերը կարդացին, որովհետեւ այն տեղը, ուր Յիսուս խաչուեց, քաղաքին մօտ էր (եւ գրուած էր եբրայերէն, լատիներէն եւ յունարէն): 21 Հրեաների քահանայապետները Պիղատոսին ասացին. «Մի՛ գրիր “հրեաների Թագաւոր”, այլ՝ ինչ նա ասաց. “Թագաւոր եմ հրեաների”»: 22 Պիղատոսը պատասխանեց. «Ինչ գրեցի՝ գրեցի»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, հանապազօրյա հացի սիրելի հետևորդներ:.
Ամեն օրը որ լուսանում է, մենք տեսնում ենք միայն նրա սկսվելը, բայց թե ինչպես կվերջանա, ոչ ոք չգիտե: Ուրախությա՞մբ կավարտվի, թե՞ տխրությամբ, մեզնից ծածկված է դեռևս: Ուրեմն պարտավոր ենք ամեն բան հանձնել Աստծո նախախնամության և օրը սկսել Աստծու խոսքի համաձայն: Ոչ ոք պատահական չի հայտնվել այս աշխարհում, յուրաքանչյուր մարդ մի կոչում ունի, և այդ կորմանը պետք է հավատարիմ լինի մինչև վերջ: Քանի որ մենք Աստծու նախախնամությամբ ենք աշխարհ գալիս, ուրեմն որպես կյանքի ուղեցույց պետք է ունենանք Աստծու պատգամները: Տեսնում ենք մարդկանց, որոնք ապրում են Քրիստոսի խոսքի համաձայն, խաղաղ են և ուրախ: Տեսնում ենք նաև մարդիկ, որոնք չեն ճանաչում իրենց կոչումը, հետու են Աստծո ուղղորդող խոսքից, անհանգիստ են, դյուրագրգիռ են, խաբող են և այլն: Ամեն ինչ սկսվում է կոչումից:
Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ նպատակով, հավատարիմ մնաց Իր կոչմանը, կյանքը տվեց հանուն այդ նպատակի: Այս նպատակը Իր անձի համար չէր, այլ՝ համայն մարդկության: Իր խաչելության խաչափայտը Ինքն էր տանում այնտեղ, որտեղ պետք է խաչվեր: Բոլորս գիտենք, թե Նրան ինչ անարգ ձևով խաչեցին՝ ավազակներին հավասար: Հիսուս Քրիստոսի Աստված լինելը Իր համար գայթակղություն չեղավ, Նա ապրեց կարիքի մեջ, կերավ աղքատի հետ, շրջեց անուսի հետ, խաչվեց ավազակի հետ:
Իսկ քահանայապետի պաշտոնը իր համար մեծ գայթակղություն եղավ այն աստիճան, որ իր իշխանությունը գործադրեց Աստծու Որդուն խաչելության դատապարտելու: Կուսակալի պաշտոնը նույնպես մեծ գայթակղություն եղավ իր համար՝ մարդասպանին արձակեց, Արդարին խաչը հանեց: Հռոմեական զինվորները նույնպես իրենց պաշտոնը չարաշահեցին և կարծեցին, թե իրավունք ունեն ծաղր ու ծանակի ենթարկել մարդուն, որի մասին ոչինչ չգիտեին:
Ի՞նչ պետք է սովորենք մենք՝ այսօրվա քրիստոնյաներս ամեն օր լսելով Ատետարանի այս կամ այն գլուխը, որը վերաբերում է Հիսուս Քրիստոսի կյանքի երեք տարիների իրադարձություններին, որոնք մեծագույն օրինակներ են մեր կյանքի համար: Մենք պետք է հիշենք մեր կոչումը, հավատարիմ մնանք մեր ծառայության մեջ՝ հանուն կոչման:
Եթե ուսուցիչը հավատարիմ չլինի իր կոչմանը, բժիշկը՝ իր կոչմանը, հոգևորականը՝ իր կոչմանը, ապա կունենանք անգրագետ և հոգով ու մարմնով հիվանդ հասարակությունը: «Միթե կարո՞ղ է կույրը կույրին առաջնորդել. չէ՞ որ երկուսն էլ փոսը կընկնեն» (Ղուկ. 6։39-40): Աստվածաշունչը գրված է բոլորի համար, այնպես, ինչպես դպրոցում աղյուսակը տրված էր բոլորին սովորելու համար: Ով որ ժամանակին սովորում էր աղյուսակը, նրա համար հեշտ էր հաշվարկ անել ցանկացած առևտրի մեջ: Իսկ նա ով ծոլորեն չի սովորել, շատ դժվարություններ էր ունենում: Նույնը հոգևոր գիտելիքն է՝ կյանքը կանոնավոր ապրելու համար: Հիսւոս Քրիստոս Վարդապետ էր, ուներ աշակերտներ: Տվեց նրանց իր ողջ գիտելիքը: Հետագայում աշակերտները ձեռնադրեցին եպիսկոպոսներ, որպեսզի շարունակվի քարոզությունը և նույն կերպ տարածվի աշխարհով մեկ Փրկության Ավետարանը՝ ըստ գրվածի, թե «Գնացէ՛ք ուրեմն աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի։ Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»։
Այս խոսքերը առանց մեկնաբանության էլ պարզ ու հասկանալի պատգամ է: Հիսուս Քրիստոս շրջում էր, մկրտում էր, ուսուցանում էր և պահում էր այն բոլորը, ինչ ուսուցանում էր մարդկանց: Իրեն զուգահեռ՝ Հովհաննես Մկրտիչը մինչև բանտարկություն չէր շրջում, բայց մարդիկ իր մոտ էին գնում սովորելու, որովհետև նա խստակենցաղ էր, նրա ժուժկալության մասին նկարագրություն կա և արդարամիտ մարդ էր: Մարդիկ գնում էին տեսնելու նրա վարքը և սովորում էին նրանից: Հոտն ու հովիվը սերտ կապի մեջ են եղել, հավատացել ու վստահել են միմյանց:
Հովվի ամենամոտիկ սիրելիները իր ոչխարներն են: Ոչխարների ամենասիրելին էլ իրեն հովիվն է: Բավական է լսեն իրենց հովվի ձայնը, իսկույն հավաքվում են նրա շուրջը, մինչդեռ օտարի ձայնը նրանց չի գրավում:
Մեր Հովիվը Քրիստոսն է, և մենք Նրա ոչխարներն ենք: Հազար ձայների մեջ Նրա ձայնը հարազատ է մեր սրտին: Ամենամոտ բարեկամի մխիթարական խոսքից մխիթարիչ է Նրա խոսքը: Քրիստոս ինքն է կյանքը և մենք Նրան հետևելով չենք կորչի: Քանի որ Իր անձը զոհ է բերել իր ոչխարների համար: Ոչ ոք չի կարող մեզ խլել Նրա ամուր ձեռքերից, եթե մենք միշտ լսենք Նրա ձայնը:
Որպեսզի այդ բոլորը տեղի ունենա մեր օրերում, նույն սերտ կապը պետք է լինի հոտի և հովվի միջև:
Ավետարանը քարոզում է, որ բոլորն էլ եղբայրներ են, և յուրաքանչյուրը պետք է իր պարտքը կատարի: Առաքյալները քարոզեցին, որ կինը տղամարդու հետ հավասար պատիվ ունի, և միայն հնազանդ պետք է լինի իր ամուսնուն, որի փառքն է ինքը:
Բայց մենք այսօր ունենք բոլորովին այլ պատկեր: Անհամերաշխություն և անհնազանդություն է ընտանիքներում, որտեղ ծնվում, մեծանում են երեխաներ: Անհամերաշխություն է նաև եկեղեցում: Մեծ բաժանում է առաջացել հովիի և հոտի մեջև: Այլ հովիվներ են հայտնվել դրսից և մոլորեցնում են ոչխարներին: Բաձրաստիճան հոգևորականը առհասարակ շփում չունի հոտի հետ և առանձնացած է իր գրասենյակում: Խորհրդակատար քահանաների թիվը քիչ է, այդ պատճառով կենդանի շփում չկա հոտի հետ: Հավատացյալ ժողովրդի շատ փոքր մասն է կիրակի օրերը եկեղեցում պատարագի մասնակցում: Օրվա քահանաները Պատարագի քարոզին խոսում են միայն այն 99 ի հետ, որ եկեղեցում են: Իսկ այն մեկը որ կորած է, նրա մասին մտածող չկա: Այդպես կորած էլ մնում է իր հոգևոր կարիքների ու կենցաղային հոգսերի մեջ: Այսօր էլ նախկինի պես քահանայական բարձր պաշտոնները գայթակղություն են ինչպես իրենց, այնպես էլ հոտի համար: Կարելի է ասել անձեռնմխելի են դարձել իրեն գրասենյակային կենցաղով: Տարիներ շարունակ հավատացյալներին այդպես են ընտելացրել, որ իրենք հոտի հետ առնչություն չունեն: Եթե տարին մեկ անգամ հոտը բարեբախտություն ունենա մի բարձրաստիճան հոգևորականից պատգամ լսի, դրանից գոհոնում և ուրախանում է: Այս բոլորը սխալ է, բարեկարգում է պետք մեր եկեղեցում: Ավետարանը մեզ այլ բան է ուսուցանում: Սա է պատճառը, որ մեր հանրությունը չի տիրապետում Քրիստոսի վարդապետությունը ամբողջությամբ և իր կյանքի մեջ փոփոխություն չի լինում, որովհետև Աստվածաշնչի դեպքերը լսում են զուտ որպես հետաքրքիր պատմություն և քիչ հետո մոռանում են՝ կենցաղի փշերի պատճառով:
Քրիստոսի խաչելությունը նկատում են որպես ցավալի պատմություն, բայց ոչ իրենց կյանքի հետ անմիջական առնչվող իրողություն:
Եթե դուք այս բոլորը տեսնում եք, և պահանջատեր չեք, ուրեմն դեռ չգիտեք եկեղեցու դերն ու նշանակությունը ձեր կյանքում:
Իսկ եթե չեք տեսնում, առավել վատ է, քանի որ դուք կարծում եք թե այդպես պետք է լինի եկեղեցին ձեր կյանքում:
Բայց Հիսուս Քրիստոս խաչը բարձրացավ մարդու համար, որ մարդը ազատվի իր մեղավոր կյանքից և ուրախ ապրի:
Ո՞վ է այսօր մեղքից ազատված ապրում: Ո՞վ է այսօր Ավետարանի խոսքով ապրում, քանի՞սն են գնահատում և կիրառում Քրիստոսի քարոզած ախաշխարության անհրաժեշտությունը: Ո՞վ է մտածում քնած հանրությանը արթնացնելու մասին:
Ամեն օր մի մեծ փորձություն կախվում է մեր ազգի գլխին: Ոչ լուծման եղանակը գիտենք, ոչ դիմակայելու փորձ ունենք:
Այստեղ է որ մարդը չգիտի իր կոչման մասին, և կույրը առաջնորդում է կույրին, և երկուսն է փոսն են ընկնելու:
Բայց ամեն ինչ հնարավոր է արթուն հավատացյալի համար, գիտակ հավատացյալի համար, նախանձախնդիր հավատացյալի համար:
Միայն Խաչվերացի տոներին գնալ, նյութական օրհնություններ տուն բերելով քրիստոնյա չենք դառնա: Զղջում ու ապաշխարություն է պետք մեր ազգի յուրաքանչյուր անհատին: Սիրելի հավատացյալներ, ես կարող եմ երկար խոսել այս մասին, բայց իմ խոսքը գործ չի դառնա, եթե դուք միայն լսեք և կատարողը չլինեք: Եթե դուք լսեք և չարթնացնեք ձեր կողքի քնած մարդուն, որը գուցե քնած է ձևանում: Ավետարանն ասում է սիրեք միմյանց, ծառայեք միմյանց, օգտակար եղեք միմյանց, որ իմանան Իմ աշակերտներն եք: Քրիստոս Իր Խաչը իր ուսեին տարավ Գողգոթա, որպեսզի մենք այսօր միայն կարդա՞նք ու լսե՞նք: Ոչ իհարկե: Մի օր պետք է նաև մեզնից պահանջվի մեր իմացածի գինը: Անկարելի է կարդալ Խաչյալի տառապանքների մասին և հանգիստ նայել անտարբերւոթյան մեջ ապրող հոտին և հովվին: Խորհենք այսօր այս մասին, սա բոլորիս հոգսն: Սա ազգային հոգս է: Մնացեք սիրով, բայց արթուն, պահանջատեր՝ ձեր հոգու փրկության համար:
Աղօթենք միասին
Սաղմոս.118:22-32
Տէ՛ր, Հեռացրո՛ւ ինձնից նախատինքն ու արհամարհանքը, քանզի ես նախանձախնդիր եղայ քո վկայութիւններին։ Թէեւ իշխանները նստած չարախօսում էին իմ մասին, բայց քո ծառան խորհում էր քո օրէնքների մասին։ Քո վկայութիւններն իմ խօսքերն էին, եւ քո արդարութիւնն՝ իմ խորհուրդը։ Հոգիս մերձեցաւ հողին. Տէ՛ր, ըստ քո խոստման՝ փրկի՛ր ինձ։ Իմ ճանապարհների մասին պատմեցի քեզ, ու դու ինձ լսեցիր. դատաստաններդ սովորեցրո՛ւ ինձ։ Ինձ ճանաչե՛լ տուր քո արդարութիւնների ճանապարհը, որ խորհեմ քո հրաշագործութիւնների մասին։ Հոգիս անքուն մնաց ձանձրոյթից, ըստ քո խոստման՝ ամրապնդի՛ր ինձ։ Մեղքի ճանապարհները հեռացրո՛ւ ինձնից,եւ քո օրէնքով ողորմի՛ր ինձ։ Քո ճշմարտութեան ճանապարհն ընտրեցի,եւ քո օրէնքները ես չմոռացայ։ Մերձեցայ քո պատուիրաններին. Տէ՛ր, մի՛ ամաչեցրու ինձ։ Քո պատուիրանների ճանապարհով ընթացայ, քանզի անդորրութիւն տուիր իմ սրտին։