ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 21.12-17
12 Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնումներ էին անում. նա շուռ տուեց լումայափոխների սեղաններն ու աղաւնեվաճառների աթոռները: 13 Եւ նրանց ասաց. «Գրուած է՝ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի. իսկ դուք աւազակների որջ էք արել այդ»: 14 Տաճարի մէջ կոյրեր եւ կաղեր Յիսուսին մօտեցան, եւ նա բժշկեց նրանց: 15 Երբ քահանայապետներն ու օրէնսգէտները տեսան այն սքանչելիքները, որ նա արեց, եւ մանուկներին, որ տաճարի մէջ աղաղակում էին ու ասում՝ «Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն», բարկացան. 16 եւ ասացին նրան. «Լսո՞ւմ ես՝ դրանք ինչ են ասում»: Յիսուս նրանց ասաց. «Այո՛, դուք չէ՞ք կարդացել, թէ՝ երեխաների ու ծծկերների բերանով օրհնութիւն կատարեցիր»: 17 Եւ նրանց թողնելով՝ ելաւ քաղաքից դուրս՝ դէպի Բեթանիա. եւ այնտեղ գիշերեց:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի քույրեր և եղբայրներ: Շնորհակալ ենք Աստծուն՝ ամեն այսպիսի հանդիպման հնարավորության համար, քանի որ նաև այսպիսի եթերների միջոցով է, որ Քրիստոսի հոտը պետք է տեղեկանա Աստվածաշնչին, գտնի այնտեղ Քրիստոսին, և Նրա խոսքը որպես օրինակ ունենա իր կյանքում: Հազարավոր քարոզներ պատրաստելու իմ միակ նպատակը եղել է այն մտահոգությունը, որ միայն կիրակի օրվա քարոզը բավարար չէ հավատացյալ հոտին հոգևոր պահելու համար: Քրիստոնյան իր ձեռքի տակ Աստվածաշունչ ունենալուց բացի, պետք է ունենա նաև մեկնողական գրքեր, կամ քարոզներ: Որովհետև ամեն րոպե հնարավոր չէ եկեղեցի գնալ և հարցնել մտքում առաջացած հարցը: Իսկ երբ պատրաստի քարոզներ կան՝ ուղղափառ դավանության, դա ևս կօգնի հավատացյալին մի քայլ առաջ գնալ՝ բավարարելով մտքում առաջ եկած հարցերը: Ավետարանը պատվիրում է գնալ աշխարհով մեկ քարոզել Փրկության Ավետարանը: Մեր այս եթերը ինչ որ կերպ մոտենում է այդ պատվիրանին, քանի որ ֆիզիկապես գնալը և քարոզելը անկարելի է: Ձեր մեկնաբանություններում որ գրում եք՝ «փառք Աստծուն», սա ևս մեկ պատվիրան է այն մասին, որն ասում է, թող տեսնեն ձեր գործերը և փառավորեն Աստծու Անունը: Հետևաբար, սիրելիներ, երբ դուք բավարարեք ձեր հոգևոր քաղցը և փառավորեք Աստծու Սուրբ Անունը, ուրեմն՝ արդարացված կլինի մեր քարոզները, ուղիղ կլինի ձեր ընթացքը, և միասին կատարած կլինենք պատվիրանը:
Նախորդ գլխում մենք ծանոթացանք Երուսաղեմի տաճարում կատարված իրադարձությունների հետ, երբ մեր Տէրը զայրացած դուրս հանեց տաճարից այն, ինչը իրավունք չկար, որ լիներ տաճարում, ցույց տալով մի օրինակ, թե տաճարը ինչին պետք է ծառայի: Որպեսզի նորից չանդրադառնանք այդ մանրամասներին, տեսնենք, թե ի՞նչ եղավ հետո, երբ Հիսուս դուրս եկավ տաճարից, թողնելով քաղաքը, գնաց Բեթանիա և այնտեղ գիշերեց: Բեթանիան գյուղաքաղաք է, որը գտնվում է տաճարից քիչ հեռավորության վրա, այն մեզ ծանոթ է որպես Ղազարոսի, Մարիամի և Մարթայի բնակավայր: Առավոտյան երբ ճանապարհ ելան, Տէր Հիսուս քաղց զգաց: Ճանապարհի վրա տեսնելով թզենի, մոտեցավ և նրա վրա պտուղ չգտավ, բացի տերևներից: Եվ թզենուն ասաց. «Այսուհետեւ քեզնից յաւիտեան պտուղ թող չլինի»։ Այս խոսքերը լսելուց հետո աշակերտները զարմացած տեսան, որ թզենին չորացավ: Զարմանքից միմյանց էին նայում և հարցնում,- ինչպե՞ս չորացավ: Իրոք անհավանական մի երևույթ է սա այն առումով, որ Հիսուս Քրիստոս ամեն տեղ օրհնություն է բաժանում և բուժում է կատարում, իսկ այստեղ թզենուն անիծում է, որ չորանա: Ավետարանի այս հատվածը շատ մեկնաբանների համար խորը վերլուծության թեմա է հանդիսացել հատկապես այն բանի համար, որ Հիսուս գիտեր որ գարնանը թզեին պտուղ չի տալիս, ուրեմն ինչպե՞ս էր փնտրում այնտեղ պտուղ, և երկրորդ՝ եթե այդ ամսին թզենին պտուղ չի տալիս, ուրեմն ինչո՞ւ անիծել նրան չորանալու աստիճան: Քսանմեկերրորդ դարի զարգացած քրիստոնյաներիս համար էլ այս հատվածը անբնական է, քանի որ մենք Տեսել ենք մեր Տիրոջ ողորմությունն ու գթությունը յուրաքանչյուրիս կյանքում հազարավոր անգամներ: Բայց բազմաթիվ մեկնաբանություններ կա թզենու այս հատվածի վերաբերյալ: Քրիստոնեական մեկնաբանության մեջ թզենին խորհրդանշում է Իսրայելը, քանի որ Հին Կտակարանում Աստված Իսրայելին համեմատում է թզենու հետ, և երբ Հիսուս Իսրայելի ժողովրդի մեջ բավարար հավատք չտեսավ, այդ պատճառողվ անիծեց թզենին: Այսինքն անիծելով թզենին, անիծեց Իսրայելի ժողովրդին, քանի որ նրանք չհավատացին Իրեն, որ Աստծու Որդին էր: Այս դեպքը պատահեց այն ժամանակ, երբ Հիսուս փառքով Երուսաղեմ մտավ, ժողովուրդը Նրան խանդավառությամբ դիմավորեց ինչպես Թագավոր, այնուհետև տաճարի դեպքը եղավ, որից հետո կրոնական առաջնորդների հետ բավական երկար հարց ու պատասխան ունեցան Հովհաննես Մկրտչի վերաբերյալ: Այս բոլորից հետո պատահեց թզենու դեպքը:
Մեկ այլ տեսակետ ասում է, որ դեռ թզենու ժամանակը չէր պտուղ տալու, և Քրիստոս Իր Երկրորդ Գալուստին պետք է դատաստան անի, հետևաբար առակը Իսրայելի ժողովրդին չի վերաբերում: Երբ Պետրոսը մատնացույց արեց չորացած թզենուն, ասելով,- Տէր, թզենին, որ անիծեցիր, չորացել է; Հիսուս նրան ասում է, պետք է հավատ ունենաք Աստծու հանդեպ: Չի ասում աշակերտներին թզենու մասին և ոչ էլ Երուսաղեմի մասին, այլ միայն հավատքի մասին: Բոլոր մեկնաբանությունները գալիս են ասելու, որ Տէր Հիսուս Քրիստոս ոչ միայն Իսրայելից, այլ բոլոր ազգերից ակնկալում է պտուղ: Եթե անիծված թզենու առակը դարձավ օրնակ անհավատ մարդու, ուրեմն այն կարող է վերաբերվել յուրաքանչյուր մարդու, որից Տէրը ակնկալում է պտուղ: Նաև աշակերտներին մի օրինակ տվեց, որ հավատքը պետք է պտուղ տա, ոչ թե միայն արտաքին ձեական և ցուցադրական դրսևորումներ ունենա ինչպես որ փարիսեցիներինն էր: Աստվածաշնչում կան այլ օրինակներ, որոնք մեզ ներկայացվել են ոչ թե որպես պատիժ կամ անեծք հիվանդի համար, այլ դրանք եղել են Աստծու փառքը ցույց տալու համար: Աստված Տիեզերքի բացարձակ Տէրն է և նա կարող է յուաքանչյուր առակով կամ դեպքով օրինակ տալ համայն մարդկությանհը, որպես դաս:
Հիմա անդրադառնանք այն հանգամանքին, որ Հիսուս Քրիստոս այս բոլորը արեց տաճարի շուկայական առևտուրը տեսնելուց հետ: Երբ քահանայապետները ասեցին, թե ի՞նչ իշխանությամբ ես դա անում: Նրանց այս հարցին էլ Հիսուս չտվեց ուղիղ պատասխան, այլ հարցին հարցով պատասխանեց, թե Հովհաննեսի մկրտությունը որտեղի՞ց էր, երկնքի՞ց, թե՞ մարդկանցից: Բոլորը գիտեին, որ Հովհաննես Մկրտիչը Քրիստոսին վկայելու համար է աշխարհ եկել: Հիսուս կարծես նրանց ասում է, եկեք սկսենք է ինձ վկայողից:
Եթե դուք նրան չեք հավատում, ապա ինչպես կհավատաք, երբ ասեմ, որ Իմ իշխանությունը երկնքից է:
Քրիստոսի նպատակը նրանց բացատրել էր, ոչ թե փաստի առջև կանգնեցնելը, Նրա նպատակը ապացուցելն էր, որ իր իշխանությունը երկնքից է: Նույնիսկ Հովհաննեսի մահից հետո ոմանք վախենում էին վկայել, որ Հովհաննեսի մկրտությունը երկնքից էր: Իսկ առանց այդ ապացույցի Հիսուս չէր կարող կրոնի և օրենքի ուսուցիչների հետ խոսել իրենց լեզվով: Իսկ երբ նրանք ասացին, չգիտենք, թե որտեղից է, այդ պատասխանը մնաց նրանց հեղինակության վրա որպես սև բիծ, որպես կեղծավորություն , որպես երեսպաշտություն, քանի որ ճշմարտությունը իմանալով փակում են իրենց աչքերը:
Պողոս առաքյալը հենց եբրայեցիների նամակում է շեշտել այս մասին, որ. «եւ չլինի թէ որեւէ մէկը լինի պոռնիկ եւ պիղծ, ինչպէս Եսաւը, որը մի աման կերակրի դիմաց անդրանիկութիւնը վաճառեց: Գիտէք, որ թէեւ նա յետոյ ուզեց ժառանգել օրհնութիւնները, բայց մերժուեց, քանի որ ապաշխարութեան հնարաւորութիւն չգտաւ՝ հակառակ նրան, որ արտասուքներով փնտրեց այն»։
Այսօր հավանաբար չկա մի ազգ, որին չվերաբերի թզենու առակը, եթե այն նախկինում կարող էր վերագրվել հրեա ազգին, ապա այսօր վերաբերվում է ազգերի, անհատների և յուրաքանչյուրիս: Նույն երեսպաշտությունը, կեղծավորությունը առկա է այսօրվա եկեղեցիներում, ճշմարտությունը թաքցնելով, կեղծիքի հետ համագործակցելը այսօր էլ առկա մեր եկեղեցիներում:
Ուղղակի չկա Հովհաննես Մկրտչի հանդիմանությունը, Հիսուս Քրիստոսի նման խարազան վերցնողը: Ամենապարզ քննադատությունը արժանանում է ատելության, խռովության և արհամահանքի: Հիսուս Քրիստոսի խոսքը այսօր էլ իր խորության մեջ չի ընկալվում: Հավատքը այդ խոսքի նկատմամբ այսօր էլ թերի է: Թզենին այսօր էլ պտուղ չի տալիս, այլ միայն թփեր են:
Սիրելի հավատացյալներ, դուք պարտավոր եք ինքնակրթությամբ զբաղվել, եթե ձեզ չի բավարարում ձեր եկեղեցիների բացատրական քարոզները: Ժողովրդի կուրությունը շատերին է ձեռնտու ինչպես նախկինում, այնպես էլ հիմա: Հետևաբար դուք ունեք բոլոր հնարավորությունները Քրիստոսի խոսքը ընկալելու սրտով, որպեսզի մի օր չարժանանաք կեղծավոր անվանը:
Մնացեք սիրով, թող ձեր թզենին միշտ պտղաբեր լինի, և բոլորը օգտվեն այդ պտղին:
Աղօթենք միասին
Սաղմոս 118:12-22
Օրհնեալ ես դու, Տէ՛ր, սովորեցրո՛ւ ինձ քո օրէնքները, որ շրթունքներով իմ պատմեմ բերանիդ բոլոր դատաստանները։ Քո պատուիրանների ճանապարհին եմ գտնում ես իմ ուրախութիւնը,աւելի քան ամէն տեսակ հարստութեան մէջ։ Քո պատուիրանների մասին խորհեցի, հետեւեցի քո ճանապարհներին։ Քո օրէնքները կատարեցի եւ չմոռացայ խօսքերը քո։ Հատուցի՛ր քո ծառային, որ ապրեմ ու պահեմ խօսքերը քո։ Բա՛ց իմ աչքերը, որ տեսնեմ քո օրէնքի հրաշալիքները։ Պանդուխտ եմ ես երկրի երեսին, պատուիրաններդ մի՛ թաքցրու ինձնից։ Ես փափագեցի ամէն ժամ ցանկանալ քո դատաստանները։ Դու սաստեցիր ամբարտաւաններին. անիծեալ են նրանք, ովքեր խոտորուեցին քո պատուիրաններից։ Հեռացրո՛ւ ինձնից նախատինքն ու արհամարհանքը, քանզի ես նախանձախնդիր եղայ քո վկայութիւններին։