ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 16.13-19
13 Եւ Յիսուս, Փիլիպպեան Կեսարիայի կողմերը գնալով, հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում. ո՞վ է մարդու Որդին»: 14 Եւ նրանք ասացին. «Մէկը թէ՝ Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք թէ՝ Երեմիան կամ մարգարէներից մէկը»: 15 Յիսուս նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում. ո՞վ եմ ես»: 16 Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծոյ Որդին»: 17 Յիսուս պատասխանեց եւ նրան ասաց. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չէ, որ յայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է: 18 Եւ ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ Եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն: 19 Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս մեր ուղիղ եթերին ներկա գտնվող բոլոր հավատացյալներին: Հուսամ, որ առավոտյան լավ տրամադրությամբ եք, և մենք միասին փորձենք հասկանալ, թե ի՞նչ ունենք սովորելու այսօրվա ընթերցված Ավետարանի պատգամից:
Մենք, ձեզ հետ միասին որպես հետևորդ, քայլում ենք Հիսուսի և իր աշակերտների հետևից, տեսնելու և հասկանալու համար իրադարձությունների զարգացումը և հանգուցալուծումը: Տեր Հիսուսին արդեն հստակ հայտնի էր օրենքի ուսուցիչների, քահանայապետների, փարիսեցիների և սադուկեցիների կարծիքը Իր մասին, և նրանց պատրաստած ծուղակի մասին:
Տէր Հիսուս ուզում է իմանալ, թե մնացած ժողովուրդը ի՞նչ կարծիք ունեն իր մասին: Քանի որ աշակերտները ավելի շատ շփման մեջ էին մարդկանց հետ, և բնական է, որ մարդիկ էլ աշակերտների հետ ավելի անմիջականորեն կարտահայտեին իրենց կարծիքը Հիսուսի մասին, դրա համար աշակերտներին է հարցնում այդ մասին: Հավանաբար մեր Տէրը կամենում է համոզվել, թե՝ մարդիկ հասկացե՞լ են արդյոք Իր աշխարհ գալու նպատակը, կամ Իր քարոզությունը որքանո՞վ է հասու Իրեն լսող հանրությանը: Աշակերտների տված պատասխանը, թե՝ ժողովուրդը մտածում է, որ Հովհաննես Մկրտիչն է, կամ Եղիան, կամ Երեմիան, հավանաբար չգոհացրեց Տէր Հիսուսին, այս անգամ Նա կամեցավ իմանալ ավելի նեղ շրջանակի մարդկանց կարծիքը, որոնք միշտ միասին են շրջում, և ասաց,- «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում. ո՞վ եմ ես»:
Մեզ հայտնի է Պետրոսի պատասխանը, որ տվեց անմիջապես իր բնավորության համաձայն, թե՝ «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծոյ Որդին»: Բայց թե ի՞նչ պատասխանեցին մյուս աշակերտները, ավետարանիչը մեզ ոչինչ չի ասում: Մենք էլ բավարարվենք այնքանով, որքան որ գրված է: Մեր Տէրը երանի տվեց Պետրոսին, այն բանի համար, որ Հայրը հայտնեց նրան այս ճշմարտությունը: Բոլորին խիստ պատվիրեց, որ ոչ ոքի չասեն, որ Ինքն է Քրիստոսը: Քանի որ Իր գործերը ավարտին պետք է հասցներ և այնուհետև բացահայտեր իրեն:
Այս հարց ու պատասխանից անմիջապես հետո Հիսուս սկսում է աշակեևտներին ավելի հստակ հայտնել գալիք դեպքերի մասին, թե ինչպես պետք է Ինքը Երուսաղեմ գնա, չարչարվի, անարգվի քահանայապետներից և սպանվի նրանց ցանկությամբ և երրորդ օրը Հարություն առնի: Այստեղ էլ Պետրոսը իր շտապողականության համեմատ իր կարծիքը հայտնեց, ասելով՝ «Քա՛ւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ քեզ չի պատահի»: Բայց ի տարբերություն վերը տված պատասխանի այստեղ Պետրոսը արժանացավ Տիրոջ հանդիմանական խոսքին, թե՝ «Ետե՛ւս գնա, սատանա՛յ, դու գայթակղութիւն ես ինձ համար. որովհետեւ քո խորհուրդը Աստծունը չէ, այլ՝ մարդկանցը»: Էլ ո՞վ կհամարձակվեր, որևէ բան ասել այդ մասին, Պետրոսին տված պատասխանից հետո:
Այստեղ արդյոք կարելի՞ է ենթադրել, որ Պետրոսի սրտում դեռ այդքան հաստատ չէր հավատքն այն մասին, որ Քրիստոս Աստծու Որդին է: Եթե հաստատ էր, ուրեմն նա պետք է իմանար, որ դա Աստծու խորհուրդն է, որ պետք է կատարվի մարդկանց փրկության համար: Ինչպե՞ս կարող էր Պետրոսի պես մեկը, որն այդքան սիրում էր Քրիստոսին, գայթակղություն լիներ Քրիստոսի համար:
Միայն Քրիստոսին էր հայտնի, որ դառնության բաժակը պետք է խմի, և ծանր խաչը Իր ուսերին պիտի հանի Գողգոթա և հենց այդ խաչի վրա էլ պետք է խաչվի: Հիսուս Քրիստոս այտեղ աշակերտներին տվեց գլխավոր պատվիրանը՝ «Եթէ մէկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից».
Հիմա մեզ համար բավական հեշտ է գնահատականներ տալ Պետրոսի պատասխաններին, կամ մյուս աշակերտների լռությանը, քանի որ տարիներ շարունակ կարդում ենք Ավետարանները, լսում ենք քարոզների մեկնությունը, և կարելի է ասել ծանոթ ենք ամբողջ եղելությանը տարբեր աղբյուրներից: Բայց այսքանը որպես գիտելիք իմանալով հանդերձ, ի՞նչ կլինի մեր պատասխանը, եթե հանկարծ Աստծո կամքով մի օր փողոցում կամ տանը Տիրոջ Հրեշտակը մի անձի միջոցով մեր հարցնի, թե՝ «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում. ո՞վ եմ ես»: Երբևէ մտածե՞լ եք, թե ի՞նչ պատասխան կտաք այս հարցին: Անշուշտ բոլորս էլ կասենք նույն պատասխանը, ինչ որ տվեց Պետրոսը: Բայց սպասեք, մի՞թե մենք երկրորդ դեպքում էլ Պետրոսի պատասխանից չէինք տա, որ իմանայինք Քրիստոս խաչվելու է: Իհարկե նույն պատասխանը կտայինք և կստանայինք Հիսուսի նույն հանդիմանությունը:
Եթե նույնիսկ մեզ համար սիրելի մեկի համար լսենք, որ վատ բան է պատահելու, դարձյալ կասենք,- քավ լիցի:
Ուրեմն ինչպե՞ս վարվենք: Ինչպե՞ս ստուգենք մեր հավատքի աստիճանը: Ինչպե՞ս համոզվենք որ հաջորդ քայլին չենք ուրանա Քրիստոսին: Սիրելիներ, քրիստոնեությունը գիտելիք չէ, այլ ամենօրյա որակյալ կյանք: Քրիստոնեությունը մեր ամենօրյա հացի, ջրի, օդի պես անհրաժեշտություն ունի մեզ համար: Բայց ոչ թե ձևակերպական, այլ գիտակցությամբ: Երբ Ատսվածաշնչյան ճշմարտությունը իմանալով գիտակցաբար դադարում ենք մեղանչել, զղջում ենք նախկին գործած մեղքերի համար, այդ դեպքում է, որ մեր ջանքերի շնորհիվ չենք հեռացնում մեր հայացքը Խաչյալ և Հարուցյալ Քրիստոսից: Միայն այդ ժամանակ կարող ենք հարցին համարձակ պատասխանել, ասելով, - Քրիստոս իմ Փրկիչն է, իմ աչքի լույս է, իմ սրտի հույսն է, իմ հավատն է, իմ կյանքն է, մահից հետո ինձ հարություն տվողն է, ինձ հավիտենական կյանք խոստացողն է, Քրիստոս Աստծու միածին Որդին է՝ ծնված Սուրբ Կույսից:
Երբ Քրիստոս մեր սրտում է, մեր շրթները դավանում են առանց մտքեր որոնելու, որովհետև մարդը իր սրտի լիությունից է խոսում: Իսկ երբ Աստվածաշնչի ճշմարտությունը մեզ համար զուտ գիտելիք է, ապա մեր պատասխանը կլինի գրքային, սառը և կասկածելի: Այնպես ինչպես երբեմն որոշ հաղորդումների ժամանակ լսում ենք բլից հարցերի վերջում տալիս են մի հարց՝ Աստծու մասին, թե որտե՞ղ է ապրում Աստված: Բոլորը միանշանակ պատասխանում են՝ երկնքում, փաստելով Հայր մեր աղոթքով:
Այո Աստվածաշունչը գրում է այդ մասին, որ Աստված նայեց երկնքից, խոսեց երկնքից, լսվեց Աստծու ձայնը երկնքից և այլն:
Երկինք ասելով մենք նկատի չունենք, որ Ամենակորղ Աստված մի ծերունի է, և Նրա բնակության վայրը երկինքն է:
Աստված ամենուր է, բայց Նրա սիրելի բնակության վայրը մարդու մաքուր սիրտն է, անաղարտ հոգին է:
Քրիստոնյան իր ողջ կյանքի ընթացքում պետք է շարժման մեջ լինի՝ հասնելու համար կատարելության:
ժողովողն ասում է, Աստված երկնքում է, դու երկրի վրա, ուրեմն առավել պատշաճ ապրիր Նրա ներկայության մեջ, թող քո խոսքը չափավոր լինի, և քո սրտից շտապելով բառ դուրս չգա:
Հետևաբար, սիրելիներ, որքան աննկատ լինենք, այնքան կխոնարհեցնենք մեր հպարտությունը, գոհանոլով մեր ունեցած փոքրից միշտ ձգտենք հասնել դեպի աստվածայինը, դեպի կատարյալը՝ գործի դնելով մեր պարգև շնորհները:
Մեր օրերում մարդուն մխիթարություն է պետք, ոչ թե պատիժ: Սակայն մարդը կամավոր պատժում է իրեն՝ մնալով մեղքի մեջ և հեռու՝ Աստծուց: Այս անաստված կյանքում մարդիկ չեն ապրում, այլ տանջվում են: Մարդիկ չեն կարողանում ազատվել իրենց մեղքերից, ամենատարբեր պատճառներով: Դա արդեն պատիժ է մարդու համար: Մարդը հավերժ անօգուտ ապաշխարության մեջ է, որովհետև տեսնում է իր մեղքը, բայց չի զղջում, թաքցնում է երբեմն, անմեղ է ձևացնում, բայց խորքում գիտե, որ մեղավոր է, և անզոր է ազատվել: Մեր դարաշրջանում ամեն ինչ կա: Երբեք կյանքը այսքան հարմարավետ չի եղել, բայց չի եղել նաև այսպիսի խնդիրներ, ինչպեսիք կան հիմա: Մեղքեր եղել են նախկինում, բայց մեր դարաշրջանի մեղքերը այլ են` սեռափոխություն, փոխնակ մայր, մարմնի անդամների ձևափոխություն, հեռախոսից կախում ունեցող մարդ` առանց տարիքային սահմանափակման, և այս բոլորի համար չանհանգստացող հասարակություն: Աշխարհը հիվանդ է մեզ հետ միասին:
Այդ հիվանդությունը կարող է բուժել միայն տիեզերքի Արարիչը` ով գիշեր ու զոր կանչում է մարդուն, իսկ մարդը ամեն պատճառով խույս է տալիս, նման այն հիվանդին, որը հրաժարվում է խմել բժշկի նշանակած դեղը և մնում է ցավերի մեջ: Ճշմարիտ քրիստոնյայի կյանքը փորձություններով լեցուն է, բայց տառապանք չէ, ընկնում է, բայց արագ վեր է կենում, քանի որ գիտի, որ չի կարելի ընկած մնալ:
Մենք էլ ենք անցնում Պետրոսի կյանքի փուլերով, ընկնելով և վեր կենալով: Մինչև, որ Աստված մեզ էլ հաստատաի Պետրոսի պես մեր հավատքի մեջ՝ որպես մեկական վեմ քարեր, որպեսզի անսասան պահենք մեր Սուրբ առաքելահիմն եկեղեցին, որի մի անդամն ենք:
Մնացեք սիրով՝ սրտում Քրիստոսին ունենալով, շրթներով դավանելով և ձեռքերով բարիք գործելով:
Առավոտյան հանդիպելու ակնկալիքով:
Աղօթենք միասին
Սաղմոս.118:1-12
Երանի նրանց, ովքեր անբիծ ուղի են բռնել, եւ ընթանում են Տիրոջ օրէնքով։ Երանի նրանց, ովքեր հետեւում են նրա պատուիրաններին, իրենց ամբողջ սրտով փնտռում են նրան։ Անօրէնութիւն գործողները չեն, որ պիտի ընթանան նրա ճանապարհներով։ Դու հրամայեցիր, որ քո պատուիրանները խստօրէն պահեմ։ Իմ ճանապարհները յաջող կը լինեն, եթէ քո պատուիրանները պահեմ։ Այն ժամանակ ես չէի ամաչում՝երբ զգոյշ էի քո պատուիրանների հանդէպ։ Ես գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, ուղիղ սրտով, սովորելով քո արդար դատաստանները։ Պահեցի ես քո օրէնքները, իսպառ մի՛ լքիր ինձ։ Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր,եթէ ոչ քո խօսքերը պահելով։ Իմ ամբողջ սրտով քեզ փնտռեցի, մի՛ զրկիր ինձ քո պատուիրաններից։ Քո խօսքերը սրտումս թաքցրի, որ չմեղանչեմ քո դէմ։
Օրհնեալ ես դու, Տէ՛ր, սովորեցրո՛ւ ինձ քո օրէնքները, որ շրթունքներով իմ պատմեմ բերանիդ բոլոր դատաստանները։ Ամեն.