ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 2.12-22
12 Սրանից յետոյ Յիսուս Կափառնայում իջաւ իր մօր եւ իր եղբայրների հետ. եւ այնտեղ մնաց միայն մի քանի օր: 13 Հրեաների Զատիկը մօտ էր, եւ Յիսուս Երուսաղէմ ելաւ: 14 Եւ տաճարի մէջ գտաւ նրանց, որ վաճառում էին արջառներ, ոչխարներ եւ աղաւնիներ, ինչպէս նաեւ՝ լումայափոխներ, որ նստած էին: 15 Եւ չուանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց. նաեւ՝ ոչխարներն ու արջառները. իսկ լումայափոխների պղնձադրամները ցիրուցան արեց եւ նրանց սեղանները շուռ տուեց: 16 Իսկ աղաւնի վաճառողներին ասաց. «Դրանք այստեղից վերցրէ՛ք եւ իմ Հօր տունը վաճառատան մի՛ վերածէք»: 17 Նրա աշակերտները յետոյ յիշեցին, որ գրուած է. «Քո տան նկատմամբ նախանձախնդրութիւնը ինձ պիտի ուտի»: 18 Հրեաները նրան ասացին. «Ի՞նչ նշան ցոյց կտաս մեզ, թէ իրաւունք ունես այդ բանն անելու»: 19 Պատասխանեց նրանց Յիսուս եւ ասաց. «Քանդեցէ՛ք այդ տաճարը, եւ երեք օրուայ ընթացքում այն կվերականգնեմ»: 20 Հրեաները նրան ասացին. «Քառասունվեց տարում շինուեց այս տաճարը, իսկ դու երեք օրում այն վերականգնո՞ւմ ես»: 21 Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խօսում: 22 Իսկ երբ մեռելներից յարութիւն առաւ, նրա աշակերտները յիշեցին, թէ այդ է, որ ասել էր. եւ հաւատացին Գրքին ու այն խօսքին, որ Յիսուս ասել էր:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելիներ.
Քրիստոնեական կյանքն իր բոլոր դժվարություններով ու նեղություններով հանդերձ լի է հոգևոր ուրախությամբ, որը բխում է այն շնորհներից, որոնք մեզ պարգևեց Քրիստոս Իր փրկական տնօրինություններով: Ուստի տարվա ընթացքում որոշակի օրեր հիշատակելով այդ տնօրինությունները՝ Եկեղեցին մեծ հանդիսությամբ արտահայտում է իր այս ներքին, պայծառ ուրախությունը:
Ընդհանուր առմամբ՝ տարվա տոնական օրերը բաժանվում են երկու հիմնական մասի՝ Տերունական և Սրբոց:
Եկեղեցու տոներ են կոչվում Եկեղեցու իմաստն ու էությունը փառաբանելու համար սահմանված հիշատակները:
Ինչպես որ «եկեղեցի» բառը երկու իմաստ ունի, այնպես էլ նրան նվիրված տոները երկու բնույթի են` վերաբերելով Եկեղեցի-ժողովրդին և եկեղեցի-տաճարին: Այսօր Եկեղեցու տոնն է, որը շատ հին պատմություն ունի, շատ կարևոր դեր ունի քրիստոնյաներիս կյանքում, քանի որ բազմաբովանդակ է եկեղեցու անունը: Եկեղեցին մեր հավատի անսասան Վեմն է, Աստծո Տունն է, աղոթքի վայր է, Աստվածընկալ և խայծառացյալ Սուրբ Նշանների պահարան է, փառաբանության վայր է, հրեշտակների բնակարան է և մարդկանց քավարան է, մեր փրկության տապանն է: Այսքան ամուր կապով մենք կապված ենք մեր եկեղեցու հետ, որովհետև այն հաստատեց մեր Տէր Հիսուս Քրիստոս:
Ավետարաններում նկարագրված Քրիստոսի հանրային ծառայության տարիների իրադարձությունների մեջ միակ դեպքն է, որ Հիսուս Քրիստոս այսչափ բարկանում է Տաճարում տեղի ունեցող առևտրի պատճառով: Մենք նախորդ սերտողությունների ժամանակ իմացանք, որ Տաճարի առևտրի բիզնեսը քահանայապետների մենաշնարհն էր: Արջառներ, ոչխարներ և մինչև անգամ լումայափոխներ, որտեղ տարադրամի փոխարժեքը նույնպես քահանայապետների գիտությամբ էր: Այն քահանայապետների, որոնք ամեն շաբաթ տաճարում կարդում կամ լսում էին մարգարեություններ՝ Աստծու նախանձախնդրությունը տաճարի վերաբերյալ: Գիտեին, բայց անտեսում էին:
Երբ Տէր Հիսուս խարազանով դուրս հանեց բոլորին, ասելով՝ «Դրանք այստեղից վերցրէ՛ք եւ իմ Հօր տունը վաճառատան մի՛ վերածէք»: Երբ Հիսուս այդ պահին խռովված վիճակում մաքրագործում էր տաճարը առևտրի ճոխությունից, աշակերտները հիշեցին որ գրված է. «Քո տան նկատմամբ նախանձախնդրութիւնը ինձ պիտի ուտի»: Իսկ ավագ քահանաներն ու օրենքի ուսուցիչները հետաքրքիր հարց տվեցին Հիսուսին. «Ի՞նչ նշան ցոյց կտաս մեզ, թէ իրաւունք ունես այդ բանն անելու»: Բավական չէ, որ իրենք իրեց կարդացած գրքերը անտեսել են տաճարի մասին, հիմա էլ մեկ ուրիշ նշան են ուզում իրավունքի մասին: Այս պարագայում է, երբ մադը իր պարտականության մասին մոռանում է, և ուրիշի իրավունքն է քննության տակ դնում: Բայց Տէր Հիսուս նրանց շատ ավելի վեհ պատասխան տվեց, ասելով, որ ձեր դիմաց կանգնած է տաճարի ու օրենքի և իրավունքի Տէրը, որ Մեծ է ամեն ինչից: Բայց ինչպես Պողոս առաքյալն է ասում, Աստված երբեմն հիմարության հոգի է տալիս մարդկանց, որ չհասկանան եղածը իրենց խստասրտության պատճառով; Նրանց մտքում միայն Քրիստոսին սպանելու միտքն էր առկայծում, ուրիշ ոչինչ:
Պատկերացրեք, որ աղոթքի տան պատասխանատուին կարիք կա զգուշացնելու որ աղոթքի տունը վաճառատան չի կարելի վերածել: Դեռ մի բան էլ հանդիմանություն լսել: Օրենքի ուսուցիչները Քրիստոսից իրավունք են պահանջում լումայափոխներին ու մյուսներին վռնդելու համար, բայց անտեսում են այն հանգամանքը, որ իրենք լինելով օրենքի ուսուցիչ և ավագ քահանա, ոտնահարել են տաճարում աղոթող խեղճ ու անգետ հավատացյալների իրավունքները: Ո՞ վ կհամարձակվեր Հիսուսից բացի նրանց նկատողություն անել: Հովհաննես Մկրտիչը նկատողություն արեց, գլխատվեց: Տէր Հիսուս նկատողություն արեց, նրանք ելք էին փնտրում սպանելու: Իշխանատենչության և արծաթսիրության մոլուցքը կուրացրել է նույնիսկ Աստծու Տաճարը սպասավորողին:
Աստծու տան հեղինակությունը չի կարող խախտվել սպասավորի ագահությունից, կամ արծաթսիրությունից: Այս բոլորը գրված է, սիրելիներ, որպեսզի մենք մեր իրավունքները և պարտականությունները տարբերենք Աստծո տիրույթում: Ես ձեզ մի անգամ էլ ասել եմ, որ վեհ գաղափար չի կարող արատավորվել գաղափարակցի սխալ վարմունքի պատճառով:
Փրկության Տապանը նախատեսված է նավահանգիստ հասնելու համար, որքան էլ որ փոթորիկներ հանդիպեն ճանապարհին: Տապանը հասել է նավահանգիստ նախկինում, հասնում է հիմա և պիտի հասնի ապագայում, որովհետև փրկության տապանը դրա համար է նախատեսված: Շատերը չմտան Նոյան տապանի մեջ, բայց տապանը հասավ նավահանգիստ այնուամենայնիվ:
Եկեղեցին մեր փրկության տապանն է, փորձենք խոսել եկեղեցու դերի ու նշանակության մասին, հատկապես, որ քրիստոնյաներս կյանքին նայում ենք եկեղեցու լուսամուտից: Եկեղեցին խորը իմաստով այն ամրությունն է, որը պաշտպանում է մեզ արտաքին աշխարհի փորձություններից: Այս աշխարհը մեզ խորթ է: Եկեղեցում պետք է Քրիստոս քարոզվի, հավատացյալ հոտը քրիստոնեության քարոզի միջոցով պետք է գտնի Քրիստոսին: Իրեն քրիստոնյա համարող հավատացյալը պետք է խորը իմաստով հասկանա եկեղեցու նշանակությունը: Եթե քրիստոնյան ինչ որ բանով հիասթափվել է, կամ չի գտել Քրիստոսին եկեղեցում, ուրեմն ինչ որ բան սխալ է հարաբերությւոնների մեջ: Քրիստոնյան դատարկ սրտով պետք է գնա եկեղեցի, որպեսզի այդ դատարկությունը լցվի եկեղեցում: Եկեղեցու սպասավորն էլ պետք է պատրաստ լինի Քրիստոսի կրակը վառել նրա սրտում:
Մեր եկեղեցիներում ջերմությունն է պակասում: Եկեղեցու անդամները միմյանց չեն ճանաչում:Քրիստոնեությունը առաջին դարերում այլ պատկեր ուներ, միաբան էին, միախոհ էին, ամեն ինչ հասարակաց էր: Հիմա այդպես չէ, մեր պահանջը եկեղեցուց ավելի խիստ է, քան մեր սեփական անձից: Բայց սա չի արդարացնում, որ եկեղեցում պետք է անկարգություն տիրի:
Մենք տեսանք, որ Քրիստոսի ժամանակ էլ տաճարում իրարանցում է եղել, Սուրբ Գրքերը կարդացվել են, բայց մարդիկ իրար չեն սիրել: Հիմա էլ չեն սիրում միմյանց քրիստոնեաբար: Մենք պետք է նայենք մեր ներսը և սուրբ Խորանին: Եթե մենք հասկանանք եկեղեցու դերն ու նշանակությունը մեր կյանքում, ապա մենք կարող ենք օգնել, որ եկեղեցին դառնա այնպիսին, ինչպիսին կուզեր տեսնել Հիսուս Քրիստոս: Հավատացյալը պետք չէ եկեղեցի գնա պահանջատերի իրավունքով, կամ տեսնի այն ինչ ինքն է ուզում տեսնել: Եկեղեցում Քրիստոսն է միակ հանդիսատեսը և նայում է ամեն մեկի աղոթքին ու սրտին: Մի գեղեցիկ ֆիլմ կա ուղղափառ եկեղեցում նկարահանված, երբ հավատացյալները քահանային անվերջ տրտնջում են, որ իրենց աղոթքները չի լսվում, իրենք նույն խնդիրների մեջ են, չնայած որ ամեն կիրակի Պատարագ են գալիս, աղոթում են, բայց ոչ մի փոփոխություն չկա իրենց կյանքում: Քահանա ծանր է տանում այս հանդիմանությունը և աղոթքով հայցում է Աստծուց պատասխան այսքան հարցերին: Աղոթքի մեջ վերացած քանահան տեսիլք է ունենում, և Քրիստոս իր ձեռքից բռնած մտնում է եկեղեցի, ուր Պատարագ է: Հերթով ցույց է տալիս քահանային եկեղեցում կանգնած աղոթողներին և նրանց կենցաղային մտածումներն ու խնդրանքները՝ աղոթքի ժամանակ: Ցույց է տալիս նաև պատարագ մատուցող քահանայի ցրված միտքն ու աղոթքը: Ապա Քրիստոս այդ քահանային մոտեցնում է եկեղեցու անկյունում կանգնած մի երեխայի, որ անկեղծորեն խնդրում է Աստծուն, որ օգնի իր հայրիկին, որը հարբեցող է, և որին ինքը շատ է սիրում: Քահանայի ասում է ողջ եկեղեցում միայն այս երեխան էր աղոթում: Քահանան երբ սթափվում է, կորցնում է խոսելու ունակություն երկար ժամանակ: Ահա սա է Տիրոջ պատասխանը եկեղեցու ներսի մարդկանց աղոթքի:
Պատարագի ավարտից հետո միայն մեկ հարց պետք է ունենանք մեր մտքում: Գո՞հ էր արդյոք Աստված իմ աղոթքից:
Իսկ մենք հակառակն ենք անում, մեզ համար ենք միշտ փնտրում գոհություն:
Եկեղեցին նրա համար է որ մարդիկ Աստծուն երկրպագեն հոգով և ճշմարտությամբ: Երբ Աստծուն ենք երկրպագում, մոռանում ենք, թե ով է այդ տան տերը:
Բայց սիրելիներ, մեր եկեղեցում էլ կա անչափ բացթողումներ, հավատացյալ հոտի մոտ էլ կա անչափ բացթողումներ, մեր տաճարներում էլ տաղավար տոներին նույն պատկերն է, ինչ որ Հիսուսի ժամանակ: Եկեղեցու ողջ տարածքը առևտուր է՝ կռապաշտության հասնող պատկերներով: Այդ պատճառով է, որ ուզում եմ Հանապազօրյա Հացի մասնակիցները լինեն եկեղեցու սյուներ, եկեղեցու թերությունները բարենորոգողներ, սեփական անձերը քննողներ, որպեսզի կարողանանք որևէ կերպով օգնել մեր եկեղեցու բարեկարգմանը: Մնացեք սիրով, եկեղեցու դերն ու նշանակությունը խորապես ըմբռնող, գիտակից հավատացյալներ:
Եկեղեցուց դուրս չկա փրկություն: Եկեղեցին մենք ենք, կարգապահությունն էլ մերն է: Քրիստոսի Մարմինն է եկեղեցին, մենք իրավունք չունենք հիվանդ անդամ լինելու, Նա Իր արյունով բուժել է բոլորիս:
Աղօթենք միասին
ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգւոյս,
Ինչպես քարայր մ’ընդարձակ, պարզ ու խորունկ, մութ ու լոյս,
Իր գաւիթովն հիւրընկալ, իր լայն բեմով, ու հեռուն
Կանգնած իր լուռ խորանով, որ կարծես նաւ մ’ է ծփուն…
Եկեղեցին Հայկական ես աչքս գոց կը տեսնեմ,
Ու կը շնչեմ, կը լսեմ՝ իր Յիսուսով մանկադէմ,
Իր խորանէն մխացող, քուլայ-քուլայ խունկերով,
Եւ իր պատերը ցնցող աղօթքներով ալեխռով…
Եկեղեցին Հայկական բարձր բերդն է հաւատքին
Իմ պապերուս՝ որ հողէն զայն քար առ քար հանեցին,
Ու երկինքէն իջուցին զայն ցօղ առ ցօղ, ամպ առ ամպ
Ու թաղուեցան անոր մէջ հանդարտութեամբ, հեզութեամբ…
Եկեղեցին Հայկական մեծ վարագոյր մ’ է բանուած,
Որուն ետեւ, սըկիհին մէջ կ’իջնէ ի՛նքը՝ Աստուած,
Որուն առջեւ՝ ծընրադիր կու գայ իմ ազգս ամբողջ
Հաղորդուիլ անցեալին հաց ու գինւով կենսառողջ:
Եկեղեցին Հայկական՝ ծովուն դիմաց ալեկոծ
Նաւահանգիստ մ’ է խաղաղ, մութ գիշերին՝ հուր ու բոց,
Ու տօթակէզ ցերեկին անտառ մըն է ստուերոտ ՝
Ուր շուշաններ կը ծաղկին Շարականի գետին մօտ:
Եկեղեցին Հայկական մէն մի քարին տակ գետնի
Դէպի երկինք բարձրացող գաղտնի ճամբայ մը ունի:
Եկեղեցին Հայկական հայ հոգիին եւ մարմնոյն
Զրահանդերձ է փայլուն, մինչ իր խաչերն են դաշոյն
Եւ զանգակներն են բոմբիւն եւ երգն է միշտ յաղթութիւն…
ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ