ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 3.22-36
22 Այնուհետեւ Յիսուս եւ իր աշակերտները Հրէաստանի երկիրը եկան, եւ նա այնտեղ շրջում էր նրանց հետ ու մկրտում: 23 Յովհաննէսն էլ մկրտում էր Այենոնում՝ Երուսաղէմի մօտ, որովհետեւ այնտեղ շատ ջրեր կային, եւ մարդիկ գալիս ու մկրտւում էին, 24 քանի դեռ Յովհաննէսին չէին բանտարկել: 25 Եւ Յովհաննէսի աշակերտների ու մի հրեայի միջեւ մաքրութեան մասին մի հարց ծագեց: 26 Նրանք եկան Յովհաննէսի մօտ եւ նրան ասացին. «Ռաբբի՛, նա, որ Յորդանանի միւս կողմում քեզ հետ էր, եւ որի մասին դու վկայեցիր, ահաւասիկ նա մկրտում է, եւ ամէնքը գալիս են նրա մօտ»: 27 Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Մարդն իրենից որեւէ բան անել չի կարող, եթէ նրան ի վերուստ՝ երկնքից այդ տրուած չէ: 28 Դուք ինքներդ էք վկայում ինձ, որ ձեզ ասացի. ես Քրիստոսը չեմ, այլ ուղարկուած եմ նրա առաջից: 29 Ով հարս ունի, նա է փեսան. իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապէս ուրախանում է փեսայի ձայնի համար. արդ, այս ուրախութիւնը, որ իմն է, կատարեալ է: 30 Պէտք է, որ նա մեծանայ, իսկ ես՝ նուազեմ: 31 Նա, որ ի վերուստ է գալիս, վեր է ամէնքից. նա, որ այս երկրից է, երկրաւոր է եւ երկրաւոր բաների մասին է խօսում: 32 Նա, որ երկնքից է գալիս, վկայում է, ինչ որ տեսել ու լսել է, սակայն նրա վկայութիւնը ոչ ոք չի ընդունում: 33 Ով ընդունում է նրա վկայութիւնը, հաստատած կլինի, որ Աստուած ճշմարիտ է, 34 քանի որ նա, ում Աստուած ուղարկեց, Աստծոյ խօսքերն է խօսում. որովհետեւ Աստուած Հոգին տալիս է առանց չափի: 35 Հայրը սիրում է Որդուն եւ ամէն ինչ տուել է նրա ձեռքը: 36 Ով հաւատում է Որդուն, ընդունում է յաւիտենական կեանքը, իսկ ով չի հնազանդւում Որդուն, կեանք չի տեսնի, այլ նրա վրայ կմնայ Աստծոյ բարկութիւնը»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի քույրեր և եղբայրներ: Շնորհակալ եմ, որ առավոտյան այս ժամը հատկացրել եք Հանապազօրյա հացին և վստահ եմ, որ հետագա օրը շարունակում եք ապրել ձեր լսածի տրամաբանությամբ: Ինչ պաշար որ վերցնում ենք առավոտից, նրանով էլ ապրում ենք մեր օրը: Բայց Պողոս առաքյալն ասում է իմաստությունը քարոզում ենք հոգեպես կատարյալներին:
Այս իմաստությունը ներկա աշխարհը չի ընկալում, այնպես, ինչպես ճշմարիտ քրիստոնյան չի ընկալում աշխարհի իշխանների իմաստությունը: Եվ շարունակության մեջ ասում է, եթե այս աշխարհի իշխանները ճանաչեին այդ իմաստությունը, փառքի Տիրոջը չէին խաչի:
Քրիստոնյաներս պետք է հստակ ուղղություն ունենանք մեր հավատքի ճանապարհին՝ իմաստությամբ: Ամուր հոգևոր պաշար ունենանք և պատրաստ լինենք լույս տալով ապրել մեր կյանքը: Չլինի հանկած մեր գործերով կրկին խաչը հանենք Քրիստոսին՝ Նրան չճանաչողների պես: Աստվածաշնչի նպատակը Աստծո ժողովրդին նախապատրաստելն է Տիրոջ Երկրորդ Գալուստին, որպեսզի ժառանգեն հավիտենական կյանքը: Ավետարաններում Քրիստոս ասում է, ես եկա, որպեսզի կատարեմ Իմ մասին գրվածները, եկա կատարելու Աստծո ծրագիրը և պիտի չարչարվեմ ու խաչվեմ հանուն մարդկության փրկության:
Հովհաննեսի Ավետարանում շատ ենք հանդիպում Քրիստոսին որպես Լույս ներկայացնելու փաստին: Հակառակը՝ նա հրաշքներին և բժշկություններին շատ չի անդրադարձել: Քրիստոսի սիրելի աշակերտը, որ Հովհաննես էր, գլխավոր շեշտը դրել է Տիրոջ աստվածության, և Նրա վարդապետության հիմնաքարի՝ սիրո վրա:
Սիրելիներ, բացարձակ ճշմարտությունները մենք պետք է ընդունենք հավատով, ոչ թե մեր երևակայության վրա հիմնվելով: Հովհաննես առաքյալն ասում է, Ճշմարիտ Լույս Հիսուս Քրիստոս եկավ Իր մտերիմների մոտ և նրանք չընդունեցին Իրեն: Չընդունեցին Քրիստոսին, ոչ թե Նրա համար, որ չհավատացին, այլ նրա համար, որ այդ Լույսը բացահայտում էր նրանց մեջ եղած խավարը և չար գործերը: Այդ Լույսը խավարի մեջ լուսավորում էր և խավարն ավելի արտահայտիչ դառնում:
Մի պարզ օրինակ տամ ձեզ, որ ասածս ավելի հասկանալի լինի: Երբ որևէ լույս դիմացից է, կուրացնում է անմիջապես մեր աչքերը: Երբ հետևից է կորցնում է մեզ, մենք չենք երևում, իսկ երբ վերևինց է ընմհում լույսը, լուսավորում է ամեն բան, ամեն մութ ու խավար անկյուն: Մեր Տէրը լույս է Վերևից, և այդ լույսը շրջում էր մարդկանց մեջ, ցույց էր տալիս մարդկանց իրենց մեղքերն ու սխալները, մկրտում և ախաշխարության քարոզներ էր անում: Սակայն մեծ մասին դա դուր չեկավ, քանի որ նրանք խավարն ավելի էին սիրում, որովհետև իրենց գործերը չար են: Իսկ նրանք, որոնց գործերը ճշմարիտ են, նրանք եկան դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, որ նրանց գործերը Աստծով կատարվեցին:
Մեր օրերում էլ մարդիկ, երբ չեն մոտենում Աստծու Լույս, ոչ թե Նրան չեն հավատում, այլ մտահոգ են, որ իրենց մութ ու խավար գործերը ի հայտ կգան հանրության առջև:
Հիսուս իր աշակերտների հետ էր շրջում Հրեաստանում և մկրտում, իսկ Հովհաննեսը՝ մինչև բանտարկություն իր աշակերտների հետ էր շրջում: Նրանք առանձին էին մկրտում և քարոզում, բայց նրանց նպատակը մեկն էր: Նրանք միաբան էին, միախոհ էին, բայց հավանաբար ժողովրդի բազմության պատճառով առանձին խմբերուվ էին շրջում ու քարոզում: Երկուսի քարոզության սկիզբն էլ ապաշխարությամբ սկսվեց և այդպես է մինչև հիմա: Մինչև ենթական չզգա իր գործած մեղքը, մեղքի գիտակցություն չունենա, անկարելի է, որ նա զղջա, կամ ձեռբազատվի այդ մեղքից: Մեղքը աներևույթ ծանրություն է, որը մարդը կրում է իր ամբողջ կյանքում և անգիտության պատճառով, երբեմն էլ նրա ծանրության տակ կքած հեռանում է այս աշխարհից:
Հովհաննես Մկրտիչն ու Հիսուս Քրիստոս հենց դա էին քարոզում քաղաքներով ու գյուղերով, բացատրում էին մարդկանց, որ կարելի է ուրախ ապրել, խաղաղ ապրել, Աստծու հետ ապրել քան սատանայի: Տէր Հիսուսի քարոզության վերջին ժամանակները արդեն հրավեր էր անհատներին՝ իրենց ընկճված ու տրտում վիճակից դուրս գալու համար: Ասում էր, եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներդ և բեռնավորվածներդ, և ես ձեզ հանգիստ կտամ:
Հրեա ազգը, որն այդպես էլ օրինապաշտության քողի տակ մնաց մինչև մեր օրերը, չհասկացավ, որ օրենքից առավել ողորմությունն է ընդունելի Տիրոջ առջև, այսինքն տաճարից մեծ Մեկը կա այդտեղ, Դա Քրիստոսն է: Աստված երբեք չի մերժել Իր ժողովրդին, որին սկզբից էր ճանաչել: Քանի որ Եղիա Մարգարեին ասում է,- թողեցի Ինձ համար յոթ հազար մարդ, որոնք Բահաղին չծնրադրեցին:
Այսինքն մարդկանց այն բազմությունը, որը Աստծուն է պաշտում, ոչ թե կուռքեր, միշտ էլ ընդունելի է Աստծու առջև:
Հովհաննեսի աշակերտների և մի հրեայի միջև վեճ է ծագել մաքրության մասին: Տեսեք, սիրելիներ, Կենդանի Հիսուս, աշխարհի Լույսը շրջում է իրենց միջև, իրենք չեն տեսնում, և անհեթեթ հարցերի պատճառով խնդիրներ են առաջացնում աշակերտների մեջ: Փարիսեցիների այն սերունդը, որ անվերջ նշան էր փնտրում, դրան չհասավ, բայց ընտրված մարդիկ, որ շրջում էին Հիսուսի հետ, հասան և տեսան: Պողոս առաքյալն ասում փնտրողների աչքերը մթագնեց, որ չտեսնեն: Աստված նրանց հիմարության հոգի տվեց, նաև աչքեր, որոնցով չպիտի տեսնեին և ականջներ, որոնցով չպիտի լսեին: Եվ դա այդպես է մինչև մեր ժամանակները:
Երբ Աստված շնորհ է տալիս առատորեն, ինչպես որ Հովհաննես առաքյալն է ասում, Աստուած Հոգին տալիս է առանց չափի,
իսկ մարդն այդ շնորհը վերածում է մեղքի, Աստված կարող է մարդուն հիմարության հոգի տալ, որպեսզի այլևս չտեսնի Աստծու խորհուրդները:
Այն հնարավորությունը, որն Աստված տալիս է մարդուն՝ բարիք գործելու համար, կոչվում է Շնորհ: Աստված տալիս է շնորհը և սպասում է համբերատար, որ մարդը ճիշտ օգտագործի դրանք: Մարդը ծնվում է այդ հնարավորություններով: Բայց քանի դեռ փոքր է, չի կարող իր աչքերն ու լեզուն, ձեռքերն ու ոտքերը գործածել բարիքի համար: Սակայն Ժամանակի ընթացքում մարդը կարող է այդ ձեռքերով գրկել մեկին և կարող է նաև հարվածել: Նույն ոտքերով կարող է գնալ Աստծու ճանապարհով, կարող է գնալ հանցագործության ճանապարհով: Լեզուն կարող է քարոզել, կարող է նաև հայհոյել և այլն: Ազատ ընտրությունը թողած է մարդուն:
Աստված երբեք չի շտապում իր նախախնամության մեջ՝ մարդու ուշ կողմնորոշվելու պատճառով: Հիշենք Եգիպտոսից դուրս գալու քառասուն երկար ու ձիգ տարիները: Միթե Աստված չէր կարող դա անել ավելի արագ, անշուշտ կարող էր, բայց մարդ արարածը պետք է ծնվի, մեծանա, տեսնի իր շնորհները Աստծուց պարգևած, և որոշում կայացնի, թե դրանք ինչ նպատակով պետք է գործածի:
Դրա համար, սիրելիներ, ձեր երեխաներին դաստիարակելիս նրանց ցույց տվեք լավագույն արժեքները, թող նրանց աչքերը սովորեն վաղ տարիքից Ատսծու ստեղծագործությունները տեսնել ու լսել: Երբ որ տանում եք Մկրտության, քրիստոնյա դառնալուց հետո պատմեք նրան, թե ում պատվերն եք կատարել Մկրտությամբ, և մնացած հարցերը նույնպես: Մարդն ինքն իրենից ոչինչ անել չի կարող,- ասում է Հովհաննես առաքյալը,- եթե նրան ի վերուստ երկնքից այդ տրված չէ: Հետևաբար մեր աչքերը, սիրտը և ականջները բաց պահենք Երկնքի Տիրոջ խոսքի առջև,որպեսզի կարողանանք բարիք գործել մեզ պարգևած շնորհներով, որն ստանում ենք ծնվելիս, մկրտվելիս, Հաղորդվելիս:
Մնացեք սիրով, և ձեր հնարավորությունները գործադրեք Աստծու լույսը տեսնելու համար, Երբ աշխարհի լույս ձեզ մոտ գա, չմերժեք, ինչպես որ յուրայինները մերժեցին:
Աղօթենք միասին
Սաղմոս 113
Մեր Աստուածը երկնքում է եւ երկրի վրայ.ինչ որ նա ուզեց՝ արեց։ Հեթանոսների կուռքերը ոսկի եւ արծաթ են, ձեռքի գործն են մարդկանց որդիների։ Բերան ունեն՝ բայց չեն խօսում, աչքեր ունեն՝ բայց չեն տեսնում։ Ականջներ ունեն՝ բայց չեն լսում, քիթ ունեն՝ բայց չեն հոտոտում։ Ձեռքեր ունեն՝ բայց չեն շօշափում, ոտքեր ունեն՝ բայց չեն քայլում, եւ նրանց կոկորդում ձայն չկայ։ Նրանց նման կը լինեն դրանք ստեղծողները եւ բոլոր նրանք, որ իրենց յոյսը դնում են դրանց վրայ։ Իսրայէլի տունը յոյսը դրեց Տիրոջ վրայ,որը նրա օգնականն ու ապաւէնն է։ Ահարոնի տունը յոյսը դրեց Տիրոջ վրայ, որը նրա օգնականն ու ընկերակիցն է։ Տիրոջից երկիւղ կրողները յոյսը դրին Տիրոջ վրայ,որը նրանց օգնականն ու փրկիչն է։ Յիշեց մեզ Տէրն ու օրհնեց մեզ, Տէրն օրհնեց տունն Իսրայէլի, Տէրն օրհնեց տունն Ահարոնի։ Տէրն օրհնեց իրենից երկիւղ կրողներին՝ փոքրերին ու մեծերին։ Տէրը պիտի լիացնի ձեզ՝ ձեզ եւ ձեր որդիներին։ Օրհնուած էք դուք Տիրոջից, որ երկինքն ու երկիրն ստեղծեց։ Երկինքների երկինքը Տիրոջն է, բայց երկիրը նա տուեց մարդկանց որդիներին։ Մեռելները չէ, որ պիտի օրհնեն քեզ, ոչ էլ բոլոր նրանք, ովքեր դժոխք են իջնում, այլ ողջերս Տիրոջը պիտի օրհնենք՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։