ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 15.20-26
20 Եւ նրան ծաղրուծանակի ենթարկելուց յետոյ քղամիդն ու ծիրանին հանեցին եւ նրան իր զգեստները հագցրին ու դուրս տարան, որ խաչը հանեն նրան: 21 Եւ ստիպեցին Սիմոն Կիւրենացուն՝ Ալեքսանդրի եւ Ռուփոսի հօրը, որը ագարակից էր գալիս ու այդ տեղով էր անցնում, որ Յիսուսի խաչափայտը կրի: 22 Եւ նրան տարան Գողգոթա՝ մի տեղ, որ թարգմանւում է կառափնատեղի: 23 Զմուռսով խառնուած գինի տուեցին նրան, բայց նա չվերցրեց: 24 Եւ նրան խաչը հանեցին: Եւ նրա հագուստները բաժանեցին՝ դրանց վրայ վիճակ գցելով, թէ ով ինչ պիտի վերցնի: 25 Առաւօտեան ժամը ինն էր, երբ նրան խաչեցին: 26 Եւ կար նրա դատապարտութեան մասին գրութիւն՝ գրուած այսպէս. «Հրեաների Թագաւորն է»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ, սիրելի ներկաներ, շնորհավորում եմ բոլորիդ Խաչվերացի տոնի առթիվ, թող Տիրոջ զորավոր խաչի ազդեցությունը հասանելի լինի յուրաքանչյուր քրիստոնյայի՝ ըստ իր հավատքի: Մեր եկեղեցին Խաչին նվիրված չորս տոն ունի: Խաչվերաց տոնը ընդգրկված է նաև հինգ տաղավար տոների շարքում: Երկու խոսքով ձեզ ներկայացնեմ տոնի խորհուրդը, ապա անդրադառնանք Ավետարանի սերտողությանը:
Խաչվերացը Հայ Եկեղեցու 5 գլխավոր՝ տաղավար տոներից մեկն է և ամենանշանակալիցը՝ Խաչի տոների մեջ: Սահմանվել է 335 թ.` Երուսաղեմի Ս. Հարության տաճարի նավակատիքի հաջորդ օրը, ի փառս Տիրոջ գտնված կենարար խաչափայտի: Ի տես բոլոր հավատացյալների՝ խաչափայտը հանդիսավոր կերպով վեր բարձրացվեց (այստեղից էլ տոնի անունը՝ Խաչվերաց, այսինքն՝ խաչի վեր բարձրացում) և դրվեց Գողգոթայի խորանում: Հետագայում այս տոնի հետ սերտորեն կապվեց 610 թ. պարսից Խոսրով թագավորի կողմից գերեվարված խաչափայտը 629-ին Երուսաղեմ վերադարձնելու հիշատակությունը:
Խաչվերացը տոնվում է սեպտեմբերի 14-ի մերձակա կիրակի օրը՝ հաջորդող երկուշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերի հետ միասին, որոնք Խաչվերացի տոնախմբական յոթնյակի մասն են կազմում:
Այսօրվա ընթերցվածքն էլ բնականաբար պետք է առնչվեր խաչին և Խաչյալի կյանքի վերջին օրերի իրադարձություններին:
Տէր Հիսուս Քրիստոսի կյանքի վերջին իրադարձություններին անդրադարձել են չորս ավտարանիչներն էլ, յուրաքանչյուրն իր պատկերացմամբ առավել ուշագրավ փաստերով: Մարկոս Ավետարանիչը պատմում է, թե ինչպես վաղ առավոտյան ծերերի՝ երեցների և օրենսգետների հետ միասին քահանայապետները և ամբողջ ատյանը խորհուրդ անելով՝ շղթայակապ Հիսուսին տարան հանձնեցին Պոնտացի Պիղատոսին: Հուդան, որը մատնել էր Հիսուսին, տեսավ, որ Նրան ձեռբակալեցին, զղջաց և արծաթ դրամները վերադարձրեց քահանայապետներին, բայց արդեն ուշ էր... Հիսուս կանգնած է Պիղատոսի առջև և տեսեք, թե ի՞նչ հարց է տալիս Նրան Պիղատոսը:
- Դո՞ւ ես հրեաների թագավորը: Կարծես թե Կուսակալը չգիտեր, թե ով է հրեաների թագավորը: Այստեղ Հիսուս նրան տալիս է անհասկանալի մի պատասխան՝ասելով՝ - Ահա դու ես ասում, այսինքն կամեցավ ասել, որ այո, ես եմ, բայց ես լռում եմ այդ մասին, իսկ դու քո բերանով մարգարեություն ես անում, որ ես եմ հրեաների թագավորը… Ինչո՞ւ էր Պիղատոսին այդ հարցը այդքան անհանգստացնում, որովհետև ինքը կայսրի իշխանության պաշտպանն էր, և մտահոգված էր Քրիստոսի թագավոր լինելու հանգամանքից: Եթե հանկարծ Հիսուս մրցակից լիներ այդ կայսրությանը, ապա հենց այդ բանի համար կարելի էր Նրա խաչը հանել՝ ըստ ժամանակի իշխանության: Շատ ամբաստանություններ եղավ Հիսուսի հասցեին Պիղատոսի առջև, սակայն Տէր Հիսուս այլևս չխոսեց, ինչը շատ զարմացրեց, և առավել անհանգստացրեց Պիղատոսին:
Պարզ չէ, այդ սովորությունը հրեակա՞ն էր, թե՞ հռոմեական, բայց մի սովորություն կար այդ ժամանակներում, որ մեծ տոնի առթիվ մի դատապարտյալ էին բաց թողնում, որպես՝ համաներում: Ձեռբակալվածների մեջ կար սպանության մեջ դատապարտված Բարրաբա անունով մի հանցագործ, որին ազատեցին այդ տոնի առթիվ, իսկ Հիսուսի համար աղաղակեցին՝ «Խաչը հանիր» դրան:
Ավետարանները արձանագրում են, որ Պիղատոսը գիտեր իր ժամանակակիցների դավադրությունների մասին, գիտեր, որ սադուկեցիներն են կանգնած այս որոշման հետևում, գիտեր նաև որ ավագ քահանաները Հիսուսին նախանձի պատճառով են հանձնել իր ձեռքը, որովհետև Նա արդեն հայտնի էր դարձել, ժողովրդականություն էր վայելում, հսկա բազմությունը հետևում էր Նրան:
Բոլոր ժամանակներում, սկսած Հիսուսից մինչև մեր օրերը, երբ որոշումներ կայացվում են ոչ թե արդարության պահանջով, այլ ամբոխին հաճոյանալու, կամ սեփական փառքի կորուստից վախենալու համար, արդյունքում Ճշմարտությունը խաչն է բարձրանում: Այստեղ նաև մեծ դեր խաղաց այն հանգամանքը, որ քահանայապետները որոշակի ազդեցություն ունեին խաժամուժ ժողովրդի վրա, և դրանց դրդեցին այդ քայլին, որ ժողովուրդը Հիսուսի փոխարեն Բարրաբային պահանջի ազատ արձակել: Պիղատոսը ամեն դեպքում կամենում է զերծ մնայ այս որոշումից և պատասխանատվությունը թողնում է քահանայապետների վրա, հարցնելով,- իսկ ի՞նչ եք ուզում, որ անեմ սրան, որին դուք հրեաների թագավոր եք կոչում: Նորիս գոչեցին,- «Խաչը հանիր»:
Բոլոր Ավետարաններում այս սոսկալի փաստին անդրադարձել են ավետարանիչները և ամբողջ հրեա ժողովրդի պատմության մեջ այս արտահայտությունը՝ «Խաչը հանիր», մնաց որպես դարերի սպի այդ ազգի համար, և պատճառ դարձավ բազում հալածանքների ու հետապնդումների: Քահանայապետներից վարձված ամբոխի աղաղակը որոշեց Հիսուս դատավճիռը: Ո՞ւր էին Հիսուսի հետևորդները: Ինչո՞ւ որոշեցին վաղ առավոտյան նրան տանել Պիղատոսի առջև: Այս բոլորը նախապես ծրագրված էր նենգամիտ մարդկանց կողմից, որոնց աջակցեց Հիսուսի աշակերտ՝ Հուդան: Հիսուսին հանձնեցին հռոմեական զորքի ձեռքը՝ ծաղրելու և ծեծելու համար: Հռոմեական զինվորները, որոնք լուր չունեին Հիսուսի մասին առհասարակ, մի զվարճալի զբաղմունք էր իրենց համար ծաղրել ծեծված ու հալածված մեկին: Տարան Կառավարչի պալատի բակը և սկսեցին հարվածել, թքել, ապտակել և ամեն տեսակ անարգանք ցուցաբերել Նրա հանդեպ՝ գլխին դնելով փշե պսակ:
Այս ծաղր ու ծանակի մեջ ևս մի ծածուկ մարգարեություն է առկայծում: Հարվածում և ասում էին,- ողջույն հրեաների թագավոր: Ծնկի գալով երկրպագում էին Նրանէ չիմանալով, թե ով է իրեն առջև ծաղրվում: Զինվորները ծառայության մեջ էին գտնվում Երուսաղեմում, տեղյակ չէին ոչ մի կրոնից, առավել ևս՝ Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու նպատակից, Նրա վարդապետությունից և չգիտեին, թե ում վրա են ձեռք բարձրացնում: Հիսուսին Պիղատոսի ձեռքը հանձնող քահանայապետները ոչնչով տարբեր չէին այս զինվորներից, որոնք ծաղրում էին Հիսուսին: Սրանք հստակ գիտեին Հիսուսի գալու նպատակն ու առաքելությունը:
Տարան Նրան խաչը հանելու, և առավոտյան ժամը ինն էր… տարան Գողգոթա կոչվող վայրը, որը այժմ համապատասխանում է այն վայրին, որտեղ Սուրբ Հարւոթյան Տաճարն է կառուցված: Որտեղ որ գտնվում է Հիսուս Քրիստոսի թափուր գերեզմանը: Որն էլ հետագալում դարձավ աշխարհի ժողովուրրդների համար ուխտատեղի: Որևէ մեղադրանք չգտնելով Հիսուսի վրա, Պիղատոսը տախտակի վրա գրեց՝ Հիսուս Նազովրեցի՝ Հրեաների Թագավոր: Քահանայապետները նույնիսկ այս բառերի համար սակարկեցին Պիղատոսի հետ՝ տեսնելով որ Նրան արդեն խաչն են հանում:
Սիրելիներ, վստահ եմ, որ բոլորիդ համար էլ ծանր է կարդալ, լսել, կամ ֆիլմը դիտել Հիսուսի չարչարանքների մասին:
Ինչքան էլ որ ծանր է, սա իրականություն է՝ վկաների նկարագրությամբ: Նրան խաչեցին երկու ավազակների հետ:
Ավետարանները կարդացվում են եկեղեցիներում, ֆիլմերը Հիսուսի չարչարանքների մասին, չափազանց շատ նայողներ ունեն, ամեն քրիստոնյա իր պարանոցին խաչ ունի կախված, խաչակնքում է իր երեսը պետք եղած ժամանակ: Տարեկան չորս անգամ խաչի մեծ տոներին են մասնակցում: Խաչի զարդերի մասին էլ չեմ խոսում:
Քրիստոնյաները այսօր էլ ապրում են մեղքի մեջ, ինչի համար որ խաչվեց Արդարը, Անարատը, Ճշմարիտը և Լույսը:
Ո՞րն է քրիստոնյաներիս պարտականությունը այս հարցում, երբ գիտենք խաչի պատմությունը:
Այսօր տոնն է Խաչի վերականգման, վստահ եմ, որ ամենքը գնալու են եկեղեցի, մոմեր են վառելու, նորից լսելու են Ավետարանները Խաչյալի մասին՝ մի տարբերությամբ, որ այսօր այդպես տխուր չենք, ինչպես տխուր էին Խաչի մոտ կանգնածները, որովհետև Հիսուս Հարություն է առել: Այո, հարություն է առել մեր Տէրը, բայց պայմանը՝ փրկության վերաբերյալ, չի փոխվել, պատվիրանը, որ ասում է,- ես էլ եմ ներում քեզ, գնա և այլևս մի մեղանչիր.- ուժի մեջ է մինչև աշխարհի վախճանը, մինչև Տիրոջ Երկրորդ Գալուստը: Խորհենք այս մասին, սիրելի հավատացյալներ: Ոչ մի նշանակություն չունի, թե գայթակղությունը որտեղից է գալիս, կամ փորձությունը ում միջոցով է գալիս, կարևոր մեր ընտրությունն է նրա հանդեպ; Կարևորը մեր հիշողությունն է Քրիստոսի խաչելության մասին: Մնացեք սիրով՝ ի մտի ունենալով մեր փրկության համար Խաչյալ և Հարուցյալ Հիսուս Քրիստոսին: Փառք Նրա Սուրբ Հարությանն ու Սուրբ Անվանը:
Աղօթենք միասին
Աղոթք սուրբ Խաչի
Մեր փրկության միջնո՛րդ, ողջ աշխարհի հույսի գրավակա՛ն, տիեզերքի ճառագայթավետ լո՛ւյս, սիրո արեգա՛կ, հույսի ապաստա՛ն, Աստծո` մեր հանդեպ բարերարության սուրբ ու սոսկալի նշա՛ն, աստվածամուխ սո՛ւր` մեր հակառակորդին սպանող, մեր զգայարանների դրո՛շմ, մեր հույսի ամուր ապաստա՛ն, քո աստվածային զորությունը, որ հաստատուն է պահում աշխարհի հիմքերը, թող իմ հոգին ու մարմինը հեռու պահի բարկությունից, ցանկությունից, ատելությունից հոգևոր ու մարմնավոր բոլոր փորձություններից ու գայթակղություններից և պահպանի քո սոսկալի զրությամբ հավիտյանս հավիտենից. ամեն: