ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 10.22-42
22 Այն ժամանակ Երուսաղէմում տաճարի Նաւակատիքի տօն էր, եւ ձմեռ էր: 23 Եւ Յիսուս շրջում էր տաճարի մէջ՝ Սողոմոնի սրահում: 24 Հրեաները նրա շուրջը հաւաքուեցին ու ասացին. «Մինչեւ ե՞րբ մեր հոգին պիտի հանես. եթէ դու ես Քրիստոսը, համարձակ ասա՛ մեզ»: 25 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ձեզ ասացի, եւ ինձ չէք հաւատում. այն գործերը, որ ես անում եմ իմ Հօր անունով, դրանք վկայում են իմ մասին: 26 Բայց դուք չէք հաւատում, որովհետեւ իմ ոչխարներից չէք. 27 իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նրանց. եւ նրանք գալու են իմ յետեւից. 28 եւ ես նրանց կտամ յաւիտենական կեանք. եւ նրանք չեն կորչի յաւիտեան. եւ ոչ ոք նրանց իմ ձեռքից չի յափշտակի: 29 Իմ Հայրը, որ նրանց ինձ տուեց, ամէնքից մեծ է. եւ իմ Հօր ձեռքից ոչ ոք չի կարող ոչինչ յափշտակել: 30 Ես եւ իմ Հայրը մի ենք»: 31 Հրեաները քարեր վերցրին, որ նրան քարկոծեն: 32 Յիսուս պատասխանեց նրանց. «Բազում բարի գործեր ցոյց տուեցի ձեզ իմ Հօրից. դրանցից ո՞ր գործի համար էք ինձ քարկոծում»: 33 Հրեաները նրան պատասխանեցին. «Քեզ բարի գործի համար չենք քարկոծում, այլ հայհոյութեան համար եւ նրա համար, որ դու մարդ ես, բայց ինքդ քեզ Աստծոյ տեղ ես դնում»: 34 Յիսուս նրանց պատասխանեց. «Ձեր օրէնքում չէ՞, որ գրուած է. “Ես ասացի, թէ աստուածներ էք”: 35 Իսկ եթէ աստուածներ է կոչում նրանց, որոնց ուղղուած էր Աստծոյ խօսքը (եւ հնարաւոր չէ, որ Գիրքը ջնջուի), 36 ուրեմն, ում Հայրը սրբացրեց եւ աշխարհ ուղարկեց, դուք ասում էք, թէ՝ հայհոյում ես, նրա համար, որ ասացի, թէ՝ Աստծոյ Որդի եմ: 37 Եթէ իմ Հօր գործերը չեմ անում, ինձ մի՛ հաւատացէք: 38 Իսկ եթէ անում եմ, թէ ինձ էլ չէք հաւատում, գործերի՛ն հաւատացէք, որպէսզի իմանաք եւ ճանաչէք, որ Հայրը իմ մէջ է, եւ ես՝ Հօր մէջ»: 39 Դարձեալ ուզում էին նրան բռնել, բայց նա նրանց ձեռքից դուրս պրծաւ: 40 Եւ վերստին գնաց Յորդանանի միւս կողմը՝ այնտեղ, ուր Յովհաննէսն էր նախապէս գտնւում եւ մկրտում. եւ այնտեղ էր մնում: 41 Շատերը նրա մօտ եկան եւ ասում էին. «Յովհաննէսը որեւէ նշան չարեց, բայց այն ամէնը, որ Յովհաննէսն ասել էր նրա մասին, ճշմարիտ է»: 42 Եւ այնտեղ շատերը հաւատացին նրան:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի հավատացյալներ, Աստծո կամքով մենք նորից միասին ենք այսօր՝ Ավետարանի պատգամի շուրջ: Նախ ձեզ հիշեցնեմ, որ մեր եկեղեցին սուրբ պահելով շաբաթ օրը, այն հատկացրել է սրբերի հիշատակությանը: Այսօր հիշատակվում է Եկեղեցու և Սուրբ Խաչի Նավակատիքի օրը: Համառոտ ձեզ բացատրեմ, թե ինչ նշանակում Նավակատիք, և անցնենք մեր սերտողությանը:
Նավակատիք է կոչվում նոր կամ նորոգված կառույցի բացմանը կամ նրա տարեդարձին կատարվող հանդիսությունը: Հայ Եկեղեցում նորակերտ կամ վերանորոգված եկեղեցու բացման հանդիսությունը՝ կառույցի օծմամբ և նվիրագործմամբ, ինչպես նաև՝ այդ իրադարձության ամենամյա հիշատակությունը ավանդաբար կատարվում է մեծ՝ տաղավար տոների նախօրեին, որտեղից էլ այդ նախատոնական օրերը կոչվում են տաղավար տոների նավակատիքներ: 5 տաղավար տոներից 3-ի՝ Պայծառակերպության, Վերափոխման և Խաչվերացի նավակատիքները միաժամանակ Եկեղեցուն նվիրված առանձին տոներ են. Պայծառակերպության նախօրեն նվիրված է Հին ուխտի տապանակին. Վերափոխման նախօրեին հիշատակվում է Ս. Էջմիածնի Մայր տաճարի հիմնադրումը. Խաչվերացի նախօրեն նվիրված է Երուսաղեմի Ս. Հարության տաճարի կառուցման հիշատակին: Իսկ Աստվածահայտնության և Զատիկի նավակատիքները ստացել են առավել հանրածանոթ և ավանդական՝ «Ճրագալույց» անվանումը՝ կապված երեկոյան արարողության ավարտին եկեղեցում բազմաթիվ կանթեղներ և լապտերներ վառելու ավանդության հետ: Այդ երկու օրերին երեկոյան, գրեթե բոլոր հայազգի քրիստոնյաների տներում, նավակատիքի ավանդական հացկերույթ է լինում:
Այսօրվա Հովհաննու Ավետարանն էլ պատմում է Երուսաղեմի Տաճարում տեղի ունեցած իրադարձությունների մասին:Նախորդ սերտողության մեջ իմացանք, որ Տէր Հիսուս բուժեց կույրին, այնուհետև ոչինչ չիմացանք կույրի մասին: Այստեղ Հովհաննես ավետարանիչը արձանագրել է, թե կույրը բուժվելուց հետո ինչ մեծ խնդիրներ է ունեցել փարիսեցիների հետ: Ոչ միայն կույրը, այն նաև կույրի ծնողներն են հարցաքննվել, և ստիպված են եղել փաստել, որ իրենց որդին կույր է ծնվել, իսկ թե ինչպե՞ս է բուժվել, դրանից լուր չունեն, և պնդում են, որ իրեն հարցնեն, քանի որ տղան չափահաս է: Այնուհետև չափահաս կույրին են հարցաքննում, որը արդեն հստակ տեսնում էր: Այս վախն ու սարսափը ժողովրդի մեջ տարածվել էր այն հրեաների պատճառով, որոնք խաստացել էին արգելել ժողովարան մտնել նրանց, որոնք խոստովանում են Քրիստոսին: Ինչպես որ արտաքնապես էին միշտ հետապնդում Քրիստոսին և նրա աշակերտներին, այնպես էլ ներքին դավադրություններով սարսափ էին առաջացնում մարդկանց մեջ, որպեսզի Քրիստոսին չհետևեն: Լինելով Մովսեսի աշակերտներ, մնացել էին խավարի մեջ: Էլ ինչո՞ւ Աստված պետք է բացի այսպիսի մարդկանց աչքերի ծածկոցը, որպեսզի տեսնեին Իրական Լույսը, եթե իրենք չեն կամենում մաքրել իրենց սիրտը կեղծիքից:
Սիրելիներ տեսնո՞ւմ եք, ինչքան հստակ է Ավետարանի խոսքը: Աստված բացում է այն մարդու սիրտն ու հոգու աչքերը, ով ազնիվ մղումներով է փնտրում Աստծուն, թեկուզ ունի թերահավատություն: Աստված փարատում է այսպիսի մարդու կասկածն ու թերահավատությունը՝ նրա կյանքում մի լույս վառելով: Իսկ այս հավաքական կերպարը,որ փարիսեցի է կոչվում, մնում է փակ աչքերով, փակ սրտով,
փակ մտքով, ոչ միայն հրեաստանում, այլ ամենուր:
Կույրի աչքերը բացվել են և նա ազնվորեն խոստովանում է, որ կույր էր, իսկ հիմա տեսնում է: Փարիսեցիները չեն համոզվում և անվերջ հանդիմանում են բուժված կույրին, մինչև նա իր սրտի մաքրությունից մի մարգարեություն է անում, ասելով,- Աշխարհի սկզբից ոչ ոք չի լսել, որ մեկը ի ծնե կույր ծնվածի աչքերը բացած լինի: Եթե այդ մարդը Աստծուց չլիներ, որևէ բան անել չէր կարող: Փարիսեցիները նրան Տաճարից դուրս հանեցին, ասելով՝ ամբողջովին մեղքի մեջ ես ծնված և մեր գլխին վարդապե՞տ ես դարձել: Այստեղ ավելի ուշագրավ բան պատահեց արդեն տեսնող տղայի հետ, քանի որ անկեղծ էր: Հիսուս գտավ նրան և հարցրեց,- դու Աստծու Որդուն հավատո՞ւմ ես: Նա ասաց,- Տէր, ո՞վ է որ հավատամ:
Տէր Հիսուս ներկայացավ ի ծնե կույրին, որին բուժել էր, և նա երկրպագում էր Հիսուս Քրիստոսին, բայց ոչ երբեք կասկածամիտներին և կեղծավորներին:
Այս պարզության մեջ է Քրիստոսի վարդապետությունը, որը այդպես էլ չհասկացվեց Իրեն չհավատացողների կողմից:
Այս դեպքի ժամանակ էր, որ Հիսուս բացահայտ հայտարարեց և ասաց,- Դատաստանի համար եկա այս աշխարհ, որպեսզի ովքեր չեն տեսնում, տեսնեն, և ովքեր տեսնում են կուրանան: Այս հայտարարությունը վերաբերում էր ինչպես փարիսեցիներին, այնպես էլ հեթանոսներին, որոնք չէին տեսնում աշխարհի Լույսը՝ իրենց կողքին: Հրեաների մեջ պառակտում էր սկսվել, մի մասը ասում էին դրա մեջ դև կա, մյուս մասն էլ ասում էր սրանք դիվահարի խոսքեր չեն, մի՞թե դևը կարող է կույրի աչքերը բանալ: Բայց Հիսուս խաղաղ շրջում էր Տաճարի մեջ՝ Սողոմոնի սրահում, քանի որ Տաճարի Նավակատիքն էր: Հրեաները դարձյալ շրջապատեցին Նրան՝ նույն հարցով, թե՝ «Մինչեւ ե՞րբ մեր հոգին պիտի հանես. եթէ դու ես Քրիստոսը, համարձակ ասա՛ մեզ»:
Երբեմն ավելի լավ է մարդը կույր լինի, բայց հավատա, խուլ լինի, բայց հավատա: Ինչպիսի ֆիզիկական արատ էլ որ մարդը ունենա, հավատն է, որ նրան պիտի խաղաղ պահի: Հիսուսին հետապնդողները առողջ էին ֆիզիկապես, բայց քանի որ հավատ չունեին, չէին խաղաղվում, չէին հանգստանում և օրեցօր ավելի էր ահագնանում նրան նախանձը, ատելությունը և կասկածը:
Տէր Հիսուս նրանց բացատրում է իրենց անհավատության պատճառը, սակայն նրանց նպատակը հավատալը չէ, այլ հակառակվելը: Մեզանում էլ կան այդպիսի մարդիկ, որոն միայն հակառակվում են, և հակառակության հոգին է նրանց պահում է այդ վիճակում: Հիսուս Քրիստոս նրանց ասում է, դուք ինձ չեք հավատում, որովհետև իմ ոչխարներից չեք: Իմ ոչխարները իմ ձայնը լսում են, և ես ճանաչում եմ նրանց, և նրանք գալու են իմ հետևից, և ես նրանց հավիտենական կյանք կտամ:
Սիրելի հավատացյալներ, քրիստոսասեր բարեկամներ, դուք, որ մկրտվել եք Սուրբ Երրորդության անունով, որդեգրվել եք Քրիստոսի ընտանիքին, հրաժարվել եք սատանայից, ուրեմն դուք արդեն Քրիստոսի հոտի ոչխարներից եք, որ լսում եք Նրա ձայնը և Նա ճանաչում է ձեզ: Դուք, ինչպես որ Քրիստոսի անունն եք կրում, այնպես էլ Նրա խոսքի իմացության վարպետներ պետք է լինեք: Միայն Քրիստոսի անունը կրելը մեր օրերում չի կարող դիմակայել այքան փորձություններին, որ աճում են ամեն օր: Ճանաչել Քրիստոսին, կոչվել Նրա անունով և շարունակել ապրել մեղքի մեջ, նույնն է, ինչ որ անում էին փարիսեցիները, որոնք գիտեին գրքեը, որոնք պատմում էին Քրիստոսի մասին: Անզեղջ կյանքը չի կարող արժանանալ Հիսուս Քրիստոսի ուշադրությանը:
Իսկ զղջալ չի նշանակում Աստծուն ասել գողացել եմ, շնացել եմ, ստել եմ, քծնել եմ, անտարբեր եմ եղել, մարդահաճությամբ եմ զբաղվել: Աստված մեզնից առաջ գիտի, թե ինչ ենք արել, ինչ նպատակով ենք արել, ում ենք հաճոյացել՝ Քրիստոսին ուրանալով:
Զղջալ, նշանակում է ամեն գնով վեր կանգվել մեղքերից՝ Քրիստոսի սիրո համար, և ծառայել Աստծուն՝ ով որտեղ ծառայում է, բայց ոչ նախկինի պես, այլ ընկերոջ ոտքերը լվանալու տրամաբանությամբ և ամենափոքրը համարվելու խոնարհությամբ:
Քրիստոսին ծառայելը հաճախ կարող է ավարտվել մահով, սկսած հին մարդու ամենօրյա մահով, հրաժարվելով այս կամ այն մոլությունից ու մեղքից, իսկ իրական կյանքում Քրիստոսին ծառայելը ուղեկցվում է հետապնդումներով, հալածանքներով, վիրավորանքներով: Այս մասին է ասում Տէրը, կամենում ես հետևել ինձ, ուրացիր անձդ, վերցրու խաչդ արի իմ հետևից: Այսինքն վերցրու այն զենքը, որով գնդակահարվելու ես, այն դանակը, որով գլխատվելու ես, և հետևիր ինձ: Դրա համար երկրի վրա իրենց կյանքի վրա դողացողներին անվանում էր մեռել, իսկ կյանքը Քրիստոսի համար նահատակողներին՝ ողջեր: Ոչ թե կյանքդ տուր ինչ որ գաղափարի, կամ անձի, այլ՝ Քրիստոսի համար կյանքդ նահատակիր: Եթե դու ամաչես Քրիստոսին դավանելուց և մի մեղք գործես, Քրիստոս երկրորդ Գալուստին կհիշեցնի քեզ այդ մասին:
Այսօր մտածենք մեր փրկության մասին: Այսօր կայացնենք մեր որոշումը: Աստված մեզ ամեն օր դրա համար է արթնացնում, որպեսզի որոշում կայացնենք երջանիկ լինելու համար և՛ այս կյանքում, և՛ հանդերձյալում: Մնացե՛ք սիրով՝ այսօ՛ր որոշում կայացնելու ակնկալիքով:
Իսկ եթե ճիշտ որոշում եք կայացրել, Աստված թող օրհինի ձեր որոշումը և զորություն տա՝ այն կատարելու համար:
Աղօթենք միասին
Առակներ 3. 9-17
Պատուի՛ր Տիրոջը քո արդար վաստակից եւ քո արդար բերքից պտո՛ւղ յատկացրու նրան, որպէսզի քո շտեմարանները լցուեն առատ ցորենով, եւ քո հնձաններն աւելի յորդ գինի բխեն: Որդեա՛կ, մի՛ անարգիր Տիրոջ խրատը եւ մի՛ դժգոհիր նրա յանդիմանութիւնից, քանզի Տէրը ում սիրում, նրան խրատում է եւ պատժում նրան, ում ընդունում է որպէս որդի: Երանի՜ այն մարդուն, որ իմաստութիւն կգտնի, եւ այն մահկանացուին, որ հանճար կստանայ, քանզի իմաստութիւնն աւելի թանկ արժէ, քան ոսկու եւ արծաթի գանձերը: Այն առաւել յարգի է, քան անգին քարերը, եւ չկայ ոչ մի չար բան, որ հակառակ կանգնի նրան: Իւրաքանչիւրին, ով մերձեցել է իմաստութեանը, յայտնի է, որ այն ամէնը, ինչ յարգի է համարւում, չունի դրա արժէքը.
քանզի նրա աջ ձեռքում երկար օրեր ու կեանքի տարիներ, նրա ձախ ձեռքում փառք եւ հարստութիւն կայ: Նրա բերանից բխում է արդարութիւն, իսկ իր լեզուի վրայ նա կրում է օրէնք ու ողորմութիւն: Նրա ճանապարհները բարու ճանապարհներ են, եւ նրա բոլոր շաւիղները՝ խաղաղութեան: Ամեն.