ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 9.37-49
37 Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որը քո անունով դեւեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, եւ արգելեցինք նրան»: 38 Եւ նա ասաց. «Արգելք մի՛ եղէք նրան, որովհետեւ չկայ մէկը, որ իմ անունով զօրաւոր գործեր անի ու կարողանայ ինձ հայհոյել. 39 քանզի ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է: 40 Եւ ով որ ձեզ մի բաժակ ջուր խմեցնի յանուն այն բանի, որ դուք Քրիստոսինն էք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»: 41 «Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղի, նրա համար աւելի լաւ կլինէր, եթէ նրա պարանոցից կախուած լինէր էշի մի երկանաքար, եւ ծով գցուէր: 42 Եւ եթէ քեզ գայթակղում է քո ձեռքը, կտրի՛ր, դէ՛ն գցիր քեզնից, որովհետեւ քեզ համար աւելի լաւ է խեղուած մտնել յաւիտենական կեանքը, քան թէ երկու ձեռք ունենալ ու գնալ գեհեն՝ անշէջ կրակի մէջ: 44 Եւ եթէ քո ոտքն է գայթակղում քեզ, կտրի՛ր, քեզնից դէ՛ն գցիր այն. լաւ է, որ դու կաղ մտնես յաւիտենական կեանքը, քան թէ երկու ոտք ունենաս ու գեհեն ընկնես: 46 Եւ եթէ քո աչքն է գայթակղում քեզ, քաշիր-հանի՛ր այն. լաւ է, որ դու մէկ աչքով մտնես Աստծոյ արքայութիւնը, քան թէ երկու աչք ունենաս ու ընկնես գեհեն, 47 ուր նրանց որդը չի մեռնում, եւ կրակը չի հանգում, 48 որովհետեւ ամէն ինչ կրակով պիտի աղուի: 49 Աղը լաւ բան է. բայց եթէ աղը անհամանայ, ինչո՞վ պիտի համեմուի. արդ, դուք ձեր մէջ ունեցէ՛ք աղը եւ իրար հետ խաղաղութեա՛մբ ապրեցէք»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելիներ. Այսօրվա մեր դասը Մարկոսի Ավետարանից է:
Խուլ ու համր դևին թերահավատ մարդու որդուց հեռացնելուց հետո Հիսուս իր աշակերտների հետ անցնում էր Գալիլիայի միջով, և չէր կամենում հանդիպել մարդկանց, քանի որ աշակերտներին էր ուսուցանում և գալիք դեպքերի մանրամասները պատմում էր նրանց: Նրան ականջը վարժեցնում էր, պատմելով, որ մարդու Որդին պետք է մատնեն և հանձնեն մարդկանց ձեռքը, Նրան պետք է սպանեն, և երբ սպանեն, երրորդ օրը հարություն պիտի առնի: Հիսուս խոսում էր, բայց աշակերտները չէին հասկանում այս խոսքերը, բայց վախենում էին Նրան հարցնել: Ինչո՞ւ էին վախենում: Երբեք Հիսուս նրանց երբեք չէր մերժել հարցեր տալու ժամանակ, չէր ծաղրել չիմանալու պատճառով, վերջապես չէր պատժել անգետ հարցեր տալու համար, որ վախենում էին իրենց չհասկացածի մասին հարցնել: Պատճառը աշակերտների մարդկային տկարությունն է, որ մեր օրերում էլ է նկատվում:
Մեկնաբանները ասում են, որ հրեական մի սովորություն կար, իմաստուն ծերերի և իրենց աշակերտների միջև մրցակցություն էր գնում, և երբ մի իմաստուն ծեր պետք է խոսեր, նախ աղոթում էր, որ խոսքի մեջ չսխալվի և իր մրցակիցների առջև ամոթով չմնա, և որևէ մեկը իրենից խելացի չթվա: Այդ սովորությունը հայտնի էր նաև աշակերտներին և նրանք միմյանց առջև անգետ չթվալու համար հարց չէին տալիս Հիսուսին՝ տգետ չերևալու համար: Աշակերտների վախը ոչ թե Հիսուսից էր, այլ՝ միմյանցից:
Չէ՞ որ նրանց մեջ էլ շուտով մրցակցության հարց էր առաջ գալու, թե ո՞վ է իրենցից մեծը, և լսելու էին ընտիր պատասխանը, թե՝ ով ուզում է մեծ լինել, պետք է լինի բոլորի սպասավորը:
Սա մարդկային տկարություն է, որ կար Քրիստոսի աշակերտների մոտ, կա նաև մեզ մոտ այսօր: Եթե այս մտավախությունը չլիներ այսօր, ցանկացած քարոզի ժամանակ հազարավոր հարցեր կհնչեին, քանի որ վստահ եմ, որ լսողներից բոլորը չեն, որ ամբողջությամբ հասկանում են նյութը: Այս թերությունը կարելի է հաղթահարել կամ շատ կարդալով ու լսելով, կամ էլ մտքում առաջացած հարցը բարձրաձայնելով՝ պատասխանը իմանալու համար, հաշվի չառնելով, թե ներկաները ինչ կմտածեն իր մասին: Իմիջի այլոց սա էլ խանգարող հանգամանք է՝ հոգևոր աճ ունենալու համար: Քանի դեռ մի անհասկանալի հարց կա մարդու մտքում, նա ուրիշ՝ ավելի բարձր բանի մասին չի մտածում:
Սիրելիներ, ես ձեզ միշտ նախորդ թեմայից մի քանի տող հիշեցնում եմ, որպեսզի ձեր միտքը կապվի նոր թեմայի հետ:
Հիմա անցնենք մեր բուն թեմային, որ Հիսուս քայլում էր աշակերտների հետ և սովորեցնում նրանց քարոզության հմտությունները: Հովհաննեսը այստեղ մի տեղեկություն տվեց Հիսուսին այն մասին, որ տեսել են մեկին, որը դևեր էր հանում Հիսուսի անունով, չնայած որ իրենց հետ չէր շրջում, և իրենք նրան արգելել են: Տէր Հիսուս ասաց,- մի արգելեք նրան, քանի որ, ով իմ անունով զորավոր գործեր անի, նա ինձ չի հայհոյի, քանի որ ինձ հակառակ չէ: Ինչ խոսք, եթե մեկը Հիսուսի անունով է քարոզում, կամ բժշկություններ է անում, ավելի լավ է որ քայլի Հիսուսի հետ, և լինի Նրա աշակերտը, բայց եթե չի քայլում, բայց բժշկում է Հիսուսի անունով, ուրեմն մի արգելեք, այսինքն այդպիսի մարդը իրավունք ունի նույնպես հետևորդներ ունենալու:
Ավետարանիչը ևս մեկ հետաքրքիր միտք է արձանագրել այստեղ այն մասին, որ Քրիստոսին ծառայողների նկատմամբ հոգատարությունը ևս առանց վարձ չի մնալու: Այսինքն եթե մեկը Քրիստոսի սպասավորին հոգատար լինի միայն այն բանի համար, որ նա Քրիստոսինն է, նրա վարձ չի կորելու: Այստեղ տեղին է հիշել Պողոս առաքյալի խոսքը, որն ասում է.- Ես Քրիստոսինն եմ և Տէրը ինձ իշխանություն տվեց ձեր շինութեան եւ ոչ թէ ձեզ կործանելու համար: Լավ միտք է:
Այս ուսուցման մեջ է, որ մի մանուկի օրինակ է բերում Տէրը, և ասում է, որ այսպիսի մի մանուկ ընդունողը ինձ է ընդունում, և ով ինձ է ընդունում, ընդունում է Նրան, ով ինձ ուղարկեց: Մանուկ ասելով մենք հասկանում ենք փոքր երեխա, բայց Հիսուս ասում է ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնողը ավելի լավ է որ չապրի, այլ պարանոցից քար կապեն և ծովը նետեն:
Մեր պատկերացրած մանուկները ազնիվ են, բայց չեն կարող ամուր հավատք ունենալ, քանի որ փոքր են, ուրեմն հարցը ավելի լայն իմաստ ունի: Մանուկ կարող նշանակել նաև անպաշտպան անձ, խնամքի կարիք ունեցող մարդ, օգնության կարոտ մեկը և այլն: Այսինքն Հիսուսին հավատացող և կարիքի մեջ գտնվող մեկը անկախ տարիքից կարող է փոքրիկ համարվել, փոքր մարդ:
Հաջորդաբար խոսում է մեր Տէրը տարատեսակ գայթակղությունների մասին, որոնք կարող են հանդիպել մարդկությանը և սովորեցնում է, թե որի դեպքում ինչպես վարվել: Օրինակ խոսում է գայթակղող ձեռքի, ոտքի և աչքի մասին, և ասում կտրիր և դեն նետիր դրանք: Անշուշտ ներկաները և ժամանակակից կարդացողները անմիջապես հասկանում են, որ ուղիղ իմաստով պետք չէ հասկանալ ասածը, քանի որ եթե ուղիղ իմաստով հասկանայինք, հիմա մեզնից ոչ ոք ձեռք ու ոտք չպիտի ունենար մեղքերի պատճառով, առավել ևս աչքեր: Այլ մեր էության մեջ, կամ մեր բնավորության մեջ մեղքը կտրելով հեռացնել, որովհետև հավիտենականության մեջ հայտնվելու ժամանակ մեր մեջ մութ և խավար ոչ մի կետ չի կարող լինել: Գայթակղող ձեռքը կտրել դեն նետեը առավել հասկանալի է այն մարդու համար, որն արդեն մի քայլ վեր է կանգնած իր նախկին մեղքից, թեպետ հիշում է կտրելու ցավը, սակայն ուրախանում է, երբ մեղքը արդեն ներքևում է, և իր վրա իշխանություն չունի այլևս: Սա ցավոտ է, բայց երանելի վիճակ է:
Գայթակղությունների մասին ուսուցումը ավարտվում է բոլորիս ծանոթ և շատ սիրելի մի համեմատությամբ:
Աղը լավ բան է, բայց եթե աղը անհամանա, ինչո՞վ պիտի համեմվի: Դուք ձեր մեջ աղ ունեցեք և իրար հետ խաղաղությամբ ապրեք:
Աղի հատկությունների մասին մենք շատ լավ գիտենք, դրա համար այս հատվածը առավել հասկանալի է հանրությանը և սիրելի է հենց հասկացված լինելու համար: Աղը նախ պահպանում է նյութը փչանալուց, երկրոդը՝ համ է տալիս ինչի վրա որ լցնում են: Աղը նաև մղիչ է, երբ լցնում ենք սննդի վրա, նրանից դուրս է մղում հեղուկը: Ոււրեմն երբ ասում է ունեցեք ձեր մեջ աղ, նկատի ունի, որ ունեցեք ձեր մեջ մղիչ ուժ և կարողություն՝ ձեզ մաքրելու, ուղղելու, շտկելու, մշտապես ձեր կամքի սանձը ձեր ձեռքում ունենալու, և հսկողության տակ պահելու ձեր հնարավորություններն ու կարողությունները, որոնք ստացել եք Աստծուց: Որպեսզի կարողանաք ձեզ կրթելով, խաղաղ ապրել այլոց հետ, քանի որ ուրիշին կրթելը անօգուտ գործ է, եթե մենք մեր անձերը հսկողությնա տակ չենք պահում: Եվ վերևում որ ասում էր, ով ուզում է առաջինը լինել, թող բոլորի սպասավորը լինի, այսպիսի մարդու մասին էր ասում, որը իր մեջ աղ ունի, և իրեն առաջինը չի պատկերացնում: Այս տողեր ոչ միայն աշակերտներին է վերաբերում, այլ հատկապես մեզ՝ փրկություն փնտրողներիս: Եթե մեր մեջ աղի քանակի պարունակությունը մշտապես հսկողության տակ պահենք, մենք որևէ մեկի համար գայթայղություն չենք լինի, այլ հակառակը՝ կլինենք բարի օրինակ այլոց համար:
Սիրելիներ հիմա դուք արդեն գիտեք, թե աղը ինչ դեր ունի մարդու կյանքում, մարդու գործերից հստակ կարող եք եզրակացնել, այդ մարդը իր մեջ աղ ունի՞ թե՞ ոչ: Աղը չի կարող կորցնել իր համը, քանի որ երկրի ընդերքից է, որը ստեղծել է Աստված: Իսկ մարդը կարող է կորցնել իր պատկերը՝ հեռանալով հոգևոր աղից, որը Աստծու խոսքն է:
Մնացեք սիրով՝ ձեր մեջ աղ ունեցեք միշտ և խաղաղ ապրեք միմյանց հետ: Անկարելի ոչիչ չկա: Աստված մեզ ամեն ինչ սովորեցնում է:
Աղօթենք միասին
Սաղմոս.112
Օրհնեցէ՛ք Տիրոջը, երիտասարդնե՛ր, օրհնեցէ՛ք անունը Տիրոջ։ Թող Տիրոջ անունն օրհնեալ լինի այսուհետեւ մինչեւ յաւիտեան։ Արեւելքից մինչեւ արեւմուտք օրհնեալ լինի անունը Տիրոջ։ Բարձր է Տէրը բոլոր ազգերից վեր, եւ երկնքում է փառքը նրա։ Ո՞վ է նման մեր Տէր Աստծուն, որ բնակւում է բարձունքներում։ Նա տեսնում է հեզերին երկնքում ու երկրի վրայ։ Բարձրացնում է աղքատներին գետնից,եւ տառատպեալներին վեր քաշում աղբանոցից։ Նրանց որպէս իշխան նստեցնում է իր ժողովրդի իշխանների կողքին։ Ամուլ կնոջը բնակեցնում է ցնծալից տան մէջ՝ իբրեւ մայր, որ հրճւում է զաւակներով։ Ամեն.