ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 4.35-41
35 Այդ նոյն օրը, երեկոյեան դէմ, աշակերտներին ասաց. «Եկէք անցնենք ծովի միւս կողմը»: 36 Թողնելով ժողովրդին՝ նրան իրենց հետ տարան նաւակով, ինչպէս նաեւ՝ միւս նաւակները, որ նրա հետ էին: 37 Եւ մեծ մրրիկ բարձրացաւ ու ալիքները նաւակի մէջ էր թափում, այնպէս որ նաւակը գրեթէ լցւում էր: 38 Իսկ ինքը նաւախելի կողմը բարձի վրայ ննջում էր. նրան արթնացրին եւ ասացին. «Վարդապե՛տ, քեզ համար բնաւ հոգ չէ՞, որ ահա մենք կորչում ենք»: 39 Եւ նա արթնանալով սաստեց հողմին եւ ասաց ծովին. «Դադարի՛ր, լռի՛ր»: Եւ հողմը դադարեց, ու մեծ խաղաղութիւն եղաւ: 40 Եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ այդպէս վախկոտ էք. դեռեւս հաւատ չունէ՞ք»: 41 Եւ նրանք սաստիկ վախեցան եւ միմեանց ասում էին. «Ո՞վ է արդեօք սա, որ թէ՛ հողմը, թէ՛ ծովը հնազանդւում են սրան»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս և բարի օր եմ մաղթում բոլորիդ, սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ: Տեսնենք, թե այսօր ի՞նչ պատգամ ունենք Աստծուց Իր Ավետարանի միջոցով, որը պատմում է մեզ Մարկոս Ավետարանիչը, և այդ ո՞ր աօրվա մասին է խոսքը:
Սա այն նույն օրվա երեկոն էր, երբ Հիսուս աշակերտներին պարզ խոսքերով բացատրում էր, թե Աստծու արքայությունը ինչի է նմանեցնում: Մենք արդեն շատ անգամներ կարդացել ենք, որ Հիսուս իր բոլոր համեմատությունները և զուգահեռները տանում է Աստծո Արքայության հետ: Ամեն ինչի մեջ չափանիշը Աստծո արքայությունն է: Այսինքն երբ Աստծու խոսքի սերմը մեր մեջ է, այն իր գործն անում է, անկախ նրանից, մենք քնա՞ծ ենք, թե՞ արթուն: Մեզ համար հիմա հեշտ է կարդալ և հասկանալ մի բան, որ կատարվել է ուրիշների հետ, բայց պատկերացրեք, որ աշակերտների համար շատ դժվար է եղել առաջին անգամ լսելով հավատալ, առաջին անգամ տեսնելով սովորել, հատկապես, որ նրանք այլ ոլորտներում ծառայող պարզ մարդիկ էին: Տէր Հիսուս աշխարհ եկավ հատուկ նպատակով, մարդացավ, մարդկանց մեջ ապրեց, տեսավ մարդկանց հոգսերն ու մեղքերը և տեսավ, որ նրանց փրկություն է պետք: Հիսուս եկել էր օրենքը լրացնելու, բայց նա այդ առաքելությունը չէր կարող անել օրենսգետների հետ, քանի որ նրանք միայն օրենքի արտաքին և ցուցադրական մասն էին պահում: Մեր Տերը ստիպված էր փնտրել մաքուր սրտեր, պատրաստակամ հոգիներ, որպեսզի իրագործի Իր առաքելությունը: Վստահ ենք, որ Հիսուս միանգամից չէր կարող ամեն ինչը ուղղակիորեն ասել աշակերտներին, նրանց տկար մտքի և անգրագիտության պատճառով: Դրա համար ամեն ինչ առակներով, օրինակներով էր սովորեցնեւմ նրանց, մինչև որ մի օր այդ նույն անուսների աչքի առջև կայլափոխվեր Թաբոր Լեռան վրա և նրանք կտեսնեին Նրա փառքը:
Ինչո՞ւ նա որոշեց աշակերտներին տանել ծովի մյուս կողմը, այն էլ երեկոյան ժամին, չէ՞ որ ժողովուրդը այդտեղ էր հավաքված Նրան լսելու համար, և արդեն երեկո էր: Հիսուս ժողովրդի հետ խոսում էր աշակերտների ներկայությամբ, բայց կարդում ենք նաև, որ աշակերտների հետ խոսում էր նաև առանձի տեղում, ավելի հանգամանալից և ավելի բացատրական: Աշակերտները չգիտեին, թե ինչ էր սպասվում իրենց: Նրանք ծովին սովոր էին, թիավարելուն՝ նույնպես: Հատկապես, որ Հիսուսի խոսքերից խանդավառված էին, տպավորված էին, նրանց մեջ արդեն վստահությունը ձևավորվել էր, և հետևում էին իրեն Վարդապետին, ինչ էլ որ Նա ասեր:
Այս անգամ մեր Տէրը աշակերտների համար զարհուրելի փորձություն էր նախատեսել, նրանց վախը վերացնելու, և հավատի մեջ առավել հաստատելու: Անշուշտ Հիսուս Քրիստոս գիտեր, որ հողմամրրիկ պիտի տեղի ունենար, քանզի Աստված է: Բայց աշակերտները չգիտեին: Եթե նախօրոք ասեր, որ ծովը ալեկոծվելու է, հավանաբար ավելի պիտի վախենային ու չգնային: Ամեն մի այսպիսի նկարագրության մեջ մենք մեզ տեսնենք և մտածենք, թե մենք ի՞նչ կանեինք այդպիսի իրավիճակում: Այնպես, ինչպես որ երբ հայտնվում ենք մի ծանր կացության մեջ, անմիջապես մտածում ենք, թե Հիսուս ինչպե՞ս կվարվեր այս պարագայում, եթե մեր փոխարեն լիներ: Հենց այս պատճառով է, որ Քրիստոս ուզում է իր կամքը և պատգամները սերմանել աշակերտների մեջ այնքան ամուր, որ նույնիսկ ալեկոծության ժամանակ իրենց հույսը չկտրեն իրեն Տիրոջից, որը գիտե նրանց սրտերը և նույնիսկ գլխի մազերի հաշիվը:
Հողմամրրիկ բարձրացավ, ջուրը լցվում է նավի մեջ, աշակերտները խուճապի մեջ են, երեկո է, սարսափը պատել է նրանց, իսկ իրենց Վարդապետը, որը քիչ առաջ իրենց ասում էր՝ ձեզ է տրված իմանալու Աստծո խորհուրդները, քնած է նավի մեջ: Ինչպես ժողովուրդն է ասում՝ երբ նավն է ջրի մեջ, դա նորմալ երևույթ է, իսկ երբ ջուրն է նավի մեջ, արդեն կարելի է անհանգստանալ: Աշակերտները դեռ այդքան վստահություն և փորձառություն չունեին հավանաբար, որ մրրիկը կանգնեցնեին, չնայած որ ձկնորսներ էին մեծ մասը: Մնում էր Վարդապետին աղաղակել վտանգի մասին, այն էլ այսպիսի բառերով,- թե Վարդապետ, Քեզ համար բնավ հո՞գ չէ, որ ահա մենք կորչում ենք: Իսկ Մատթևոսի Ավետարանում գրված է,- «Փրկի՛ր մեզ, Տէր, կորչում ենք»: Այստեղ է նրբությունը, որ նրանք զգացին, որ փրկվելու կարիք ունեն և կորչելու են, ապա օգնության ձեռք խնդրեցին իրենց այդքան քաջալերող Վարդապետից: Քրիստոնյաներիս սխալն էլ կայանում է նրանում, որ քանի դեռ չենք զգում մեր կորչելը, մեր հույսը մեր ուժերի վրա ենք դնում ու ձախողվում մեր որոշման մեջ: Մենք երբեք հանձն չենք առնում մեր փրկվողի կարգավիճակը:
Արթնացավ Վարդապետը և սաստեց հողմին, ասելով՝ «Դադարի՛ր, լռի՛ր»: Ենթարկվեց ծովը Նրան, ինչպես որ ենթարկվում են բնության բոլոր տարերքները: Նա, որ անձրև է տեղացնում երկրի վրա և որոտեցնում է երկինքը, արևն է ծագեցնում ժամանակի և մայրամուտն է կարգավորում ժամանակին: Ինչպե՞ս կարող էր այդ բոլորը աշակերտներին միանգամից ասել: Մի՞թե նրանք պատրաստ էին այդ բոլորը ընկալելու:
Երբ տագնապը վերացավ, անմիջապես ուրախություն տիրեց, երբ ծովը արդեն խաղաղ էր: Այո այդպես է, երբ մեր ներքին ծովի ալիքները խաղաղ են, մենք էլ ուրախանում ենք, բայց բավական է ալեկոծություն լինի, կորցնում ենք մեր խաղաղությունը, հավասարակշռությունը և ուրախությունը: Աշակերտները ուրախ էին, զարմացած էին այս աստիճան, որ ասում էին.
«Ինչպիսի՞ մեկն է սա, որ հողմերն ու ծովը հնազանդվում են սրան»:
Հիսուս հանդիմանեց աշակերտներին՝ իրենց թերահավատության համար, վախկոտության համար, բայց զորության սերմը դրվել էր արդեն աշակերտների սրտում, հաջորդ փորձությունը հավատով հաղթահարելու համար:
Սիրելիներ, սրտերը ուրախ պահելու համար միլիոնավոր գումարներ է ծախսվում աշխարհում. երգիծանք, հումորային ծրագրեր, շոուներ և այլն: Աշխարհիկ միջոցները նույնպես կարող են ուրախացնել, մոռացնել տալով առկա խնդիրները: Սա ևս ժամանակավոր է և խնդրի լուծման համար բարենպաստ չէ: Միակ մխիթարությունը, խաղաղությունը և ուրախությունը Տեր Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ ապրելու մեջ է, մնացած ամեն ինչ ժամանակավոր է և ունայն ինչպես Սողամոն իմաստունն է ասում՝ ունայնություն ունայնությանց:
Հիսուս Քրիստոս մեզ զորություն է տալիս, որպեսզի կարողանանք Իր կամքի մեջ մնալ: Իսկ Իր կամքի մեջ մնալու պարագային, ամեն խնդիր իր լուծումն է գտնում: Զորություն է նաև լսելու հատկություն պարգևելը, մտքի պայծառությունը, հոգու արթնությունը և այլն: Աստված երբեք մարդուն չի պարգևել ամեն ինչ անելու հատկություն, սակայն երբ մարդը շնորհ է գտնում Աստծու առաջ, ապա Աստված նրան պարգևում է Իր կամքի մեջ մնալու շնորհը: Այդ շնորհով է, որ մարդը դառնում է ամեն ինչ կատարող: Այսինքն Աստված չի հոգում մարդու կարիքները, այլ շնորհում է մարդուն մի առաքինություն, որով մարդը կարողանում է հասնել իր կարիքների կատարմանը:
Միշտ հիշենք մեր հայրերի այն խոսքը, թե՝ Իսկական հավատը Աստծուն է նման, որ չի երևում ոչ մի տեղ, բայց զգալի է ամենուրեք…
Այսօրվա Ավետարանի պատգամը բոլորինս է: Պետք չէ ամեն վատ երևույթից հիասթափվել ու մեղադրանք ներկայացնել: Ամեն վատ բանի մեջ էլ կարող է լինել հեռահար բարին: Պետրոսը ուրացավ Քրիստոսին, դրանից վատ բան չէր կարող լինել, բայց ուրացումից հետո այնքան զորացավ իր հավատքի մեջ, որ աշխարհին քարոզեց իր մատնած Քրիստոսի ճշմարիտ վարդապետությունը: Տեսանք որ այդ վատի հետևում կար մի մեծ լավ: Այնպես որ պետք չէ բոլոր վատ երևույթները որակել որպես վատ, պետք է հանգամանալից ուսումնասիրությունից հետո միայն դասեր քաղել: Մեր այսօրվա դասն է Քրիստոս Հիսուսին մեր հոգում միշտ արթուն պահել, փորձությունից անվնաս դուրս գալու համար: Մնացեք սիրով, խաղաղությամբ և խնդությամբ, ինչպես որ վայել է ճշմարիտ, գիտակից, հավատացյալ քրիստոնյային:
Աղօթենք միասին
Սաղմոս. 66
Աստուա՛ծ, ողորմի՛ր մեզ եւ օրհնի՛ր, ցո՛յց տուր երեսդ եւ գթա՛ մեզ, որպէսզի երկրի վրայ ճանաչեն ճանապարհը քո, եւ բոլոր ազգերի մէջ՝ փրկութիւնը քո։ Ժողովուրդները քեզ գոհութիւն պիտի մատուցեն, Աստուա՛ծ,գոհութիւն պիտի մատուցեն քեզ բոլոր ժողովուրդները։ Պիտի ուրախանան ու ցնծան ազգերը, քանզի դու արդարութեամբ ես դատում ժողովուրդներին եւ երկրի ազգերին դու ես առաջնորդում։ Թող ժողովուրդները քեզ օրհնաբանեն, Աստուա՛ծ, թող գոհութիւն մատուցեն քեզ բոլոր ժողովուրդները։ Երկիրը տուեց իր պտուղը, եւ Աստուած, Աստուածը մեր, օրհնեց մեզ։ Մեր Աստուածը պիտի օրհնի մեզ, եւ երկրի բոլոր ծագերում պիտի սոսկան նրանից։ Ամեն.