ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 20.24-31
24 Իսկ Թովմասը՝ տասներկուսից մէկը՝ Երկուորեակ կոչուածը, նրանց հետ չէր, երբ Յիսուս եկաւ: 25 Միւս աշակերտները նրան ասացին, թէ՝ Տիրոջը տեսանք: Եւ նա նրանց ասաց. «Եթէ չտեսնեմ նրա ձեռքերի վրայ մեխերի նշանը եւ մատներս մեխերի տեղում չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մէջ չխրեմ, չեմ հաւատայ»: 26 Ութ օր յետոյ աշակերտները դարձեալ ներսում էին, եւ Թովմասը՝ նրանց հետ: Յիսուս եկաւ փակ դռներով, կանգնեց մէջտեղում եւ ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ»: 27 Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները եւ դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը. եւ բե՛ր քո ձեռքն ու մտցրո՛ւ իմ կողի մէջ. անհաւատ մի՛ եղիր, այլ՝ հաւատացեալ»: 28 Թովմասը պատասխան տուեց ու նրան ասաց. «Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ»: 29 Յիսուս նրան ասաց. «Որովհետեւ դու ինձ տեսար, հաւատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել, եւ սակայն կհաւատան»: 30 Իր աշակերտների առաջ Յիսուս բազում այլ նշաններ էլ արեց, որոնք այս գրքում գրուած չեն: 31 Այլ այսքանը գրուեց, որ դուք հաւատաք, թէ Յիսուս Քրիստոսն է՝ Աստծոյ Որդին. նաեւ՝ որպէսզի հաւատաք ու նրա անունով յաւիտենական կեանքն ընդունէք:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Սիրելի ունկնդիրներ, ողջունում եմ ձեզ, և բարի օր եմ մաղթում նոր օրվա և նոր հնարավորության առիթով: Այսօր մեր եկեղեցին հիշատակում է Սուրբ Առաքյալներ՝ Թովմայի, Հակոբոսի և Շմավոնի անունները:
Շնորհավորում եմ առաքյալների անունները կրող մեր հայրենակիցներին, և մաղթում եմ, որ իրենց կյանքով նմանվեն առաքյալներին և իրենց բարի գործերով քարոզեն Հիսուս Քրիստոսին՝ ամենքը իր ընտանիքում, աշխատանքի վայրում և իր շրջապատում: Իսկ հիմա տեսնենք, թե ինչ պատահեց աշակերտների հետ, երբ իրենց Վարդապետը արդեն իրենց հետ չէր:
Քրիստոսի խաչելությունից և Հարությունից հետո աշակերտները տարակուսած, վախեցած հավաքվել էին մի տան մեջ, և իրենց անելիքը չգիտեին, քանի որ Հովվին հարվածել էին և հոտը ցրվել էր վախվորած: Հանկարծ Հիսուս փակ դռների միջով ներս է մտնում աշակերտների մոտ և խաղաղություն տալիս ամենքին: Հովհաննես աշակերտը, որը ներկա էր, մեզ պատմում է, որ Հիսուս փչեց նրանց վրա և ասաց, «Առեք Սուրբ հոգին, եթե մեկի մեղքերը ներեք, ներված կլինի, եթե չներեք, ներված չի լինի»:
Երբ աշակերտների մասին կարդում ենք այս պատմությունները, տեսնում ենք, որ նրանք էլ մեզ պես պարզ և տկար մարդիկ են եղել, քանի որ իրենց Վարդապեի հետ երեք տարի քայլելուց հետո, Նրա բոլոր խոսքերը իրենց ականջով լսելուց հետո, մարդկային տկարությամբ մոռացան և հրեաների վախի պատճառով թաքնվում էին փակ տարածքներում:
Մարկոսի Ավետարանի չորրորդ գլխում կարդում ենք, որ Հիսուս Քրիստոս Իր աշակերտներին ասում էր,- Ձեզ է տրված իմանալու Աստծու արքայության խորհուրդները: Իսկ այստեղ տեսնում ենք վախեցած աշակերտներ, Վարդապետի Հարության մասին մոռացած առաքյալներ, էլ ինչպես կհիշեին, Աստծո Արքայությնան խորհուրդները: Այս իրադարձությունները տեսնելով աշակերտներից երկուսը նույնիսկ հուսահատված ճամփորդեցին Էմմաուս գյուղը, որի ճանապարհին Հիսուս դարձյալ նրանց երևաց անճանաչելի կերպով: Աշակերտներից յուրաքանչյուրի հետ մի բան էր պատահում, նրանց արթնացնելու համար: Իսկ Թովմասին երբ ասացին, թե Տէրն է իրենց այցելել, նույնիսկ ասաց,- չեմ հավատա, մինչև չտեսնեմ: Այսպես էին աշակերտները, քանի դեռ չէին ստացել Սուրբ Հոգին: Այսպես ենք նաև մենք, քանի դեռ չենք ճանաչել Հիսուս Քրիստոսին: Յուղաբեր կանայք, երբ գերեզման էին գնում, նույնպես տարակուսած միմյանց հարցնում էին, թե գերեզմանինց ո՞վ կգլորի քարը իրենց համար, որպեսզի իրենց խունկը ծխեն: Այսինքն նրանք էլ չէին հիշում Հիսուսի այն խոսքը, որ երրորդ օրը Հարություն կառնի մարդու Որդին: Այո չէին հիշում: Բայց այդ իրականությունը երբեք չզայրացրեց Հիսուս Քրիստոսին, երբ նա աշակերտների հետ հանդիպեց Հարությունից հետո պայմանավորված վայրում:
Նա գիտեր, որ Թովմասը կասկածել է Իրեն, գիտեր, որ կանայք հարցրել են քարի գլորման մասին, գիտեր, որ երկու աշակերտը ճամփորդել են Էմմաուս հուսահատությունից՝ կարծելով, թե այդ Հիսուս Նազովրեցին էր, որ պետք է փրկեր Իսրայելը, որին խաչեցին քահանայապետները և իշխանավորները: Մնացած աշակերտները, և հատկապես Պետրոսը, որը ամեն ինչում առաջինն է վկայություն տալիս, լուռ էին, ու զարհուրած: Հուդան խոստովանել էր իր մեղքը, բայց հուսահատությունը չէր լքել նրան և կախվել էր ծառից իր արածի պատճառով: Եթե համբորություն և հավատ ունենար իր Վարդապետի խոսքերի վրա և դիմանար, ապա ինքը ևս կտեսներ Տիրոջ Հիաշափառ Հարությունը:
Ութ օր հետո կայացավ այդքան սպասված հանդիպումը՝ Հարուցյալ Տիրոջ և վախեցած աշակերտների միջև: Զարհուրելի է պահը, յուրաքանչյուրը առիթ էր ունենալու դեմ դիմաց կանգնելու և նայելու Քրիստոսի աչքերի մեջ, որը երեք տարի քարոզեց, բացատրեց, առակներով խոսեց, աշակերտների հետ առանձին խոսեց, անհատական ամենքի հետ առանձին խոսեց, և ահա չկար մեկը, որը հիշած լիներ Իր բոլոր խոսքերը, և գերեզմանից հեռացած չլիներ, և ամենայն ուրախությամբ սպասեր իր վարդապետի խոստացած Հարությանը: Իրոք ծանր հանդիպում տեղի ունեցավ:
Հիսուս հարությունից հետո երևաց նախ՝ յուղաբեր կանանց, ապա՝ աշակերտներին հանդիպեց Գալիլիայում: Նա գիտեր որ աշակերտների տարակուսանքը, վախերը, առաջացած հարցերը մարդկային տկարություն էին, ոչ թե նենգ դավադրություն և չար նախանձ ու կասկած՝ ինչպիսին իրեն խաչողներինն էր: Հիսուս չերևաց քահանայապետներին և Իրեն խաչը հանողներին, որպեսզի սարսափից չմահանային: Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու նպատակը մարդկությանը դարձի բերելն է, սեփական տկարությունը ցույց տալն է, ոչ թե կործանելը:
«Առանց ինձ ոչինչ անել չեք կարող», ասում է մեր Տէրը: Այս խոսքերի ճշմարտությանը չի կարող առարկել և ոչ ոք: Ոչ աշակերտները, որոնք Վարդապետին կորցնելուց հետո մոլորվեցին, ոչ էլ առավել ևս մենք՝ որ այս բոլորին տեղյակ ենք:
Թովմասը միանգամից Տէր և Աստված դավանեց Նրան: Մենք տեսանք, թե ինչ զորություն ստացան աշակերտները Սուրբ Հոգին առնելուց հետո և ինչ նախանձախնդրությամբ նույնիսկ նահատակության գնացին հանուն Քրիստոսի սիրուն: Աշակերտներից յուրաքանչյուրի արարքից կարելի դաս առնել այսօր: Եվ այս բոլորը գրվեց հենց այդ պատճառով, որպեսզի դարերի պատմության մեջ մարդիկ կարդան և կրթվեն, կարդան և տեսնեն իրենց ու հասկանան Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու նպատակը: Աստված կամեցավ մարդու մեջ ապրել, մարդացավ և ծնվեց Սուրբ Հոգու միջոցով՝ Կույս Մարիամից: Կամեցավ, որ մարդը իր մեջ Քրիստոսին ունենա դարձյալ Սուրբ Հոգու միջոցով՝ Մկրտությամբ: Ասաց,- մնացեք իմ մեջ և ես ձեր մեջ:
Պատվիրեց աշակերտներին, որ գնան ու քարոզեն Արքայության Ավետարանը, մկրտեն մարդկանց Սուրբ երրորդության անունով, բացատրեն մարդկանց, որ առանց Աստված մարդը չի կարող շիտակ ապրել: Հիսուս Քրիստոսի համար Իր հոտի մեկ գառը հավասար է ինսունիննին և նա խաչվեց ամեն մեկ հոգու համար:
Հրեական ավանդությունն ասում է,- եթե մի հոգի փրկես, փրկած կլինես ամբողջ աշխարհը: Եթե մի հոգի կործանես, կործանած կլինես ամբողջ աշխարհը: Նոյը փրկվեց և նպաստեց համայն մարդկության զարգացմանը: Եթե Աբրահամը մեռներ անզավակ, ապա ազգերը չէին լինի ավազի չափ: Հետևաբար Աստծու համար մեկ անձը հավասար է ողջ աշխարհին:
Աստված միշտ փնտրում է անհատներ, որոնց միջոցով մարդկությանը առաջնորդի դեպի փրկություն, որովհետև մահկանացու մարդու մտքերը անստույգ են, գիտելիքները մարմնավոր ու անհաստատ: Տկար մարմինը ծանրացնում է անմահ հոգուն, և մարդը չի կարողանում քննել Աստծու խորհուրդները, եթե Աստծուց շնորհ չստանա և Սուրբ Հոգին չբնակվի նրա մեջ:
Սիրելի հավատացյալներ, այսօրվա Ավետարանի պատգամը մեզ սովորեցնում է անկեղծ զղջում ունենալ Պետրոսի պես, միամիտ սրտով կասկած ունենալ Թովմայի պես, յուղաբեր կանաց պես հավատարիմ լինել, բայց ոչ երբեք Հուդայի պես, որը թեպետ խոստովանեց իր մեղքը, բայց դա դեռ իրական զղջում չէր: Բավական չէ ասել մեղավոր մարդ եմ, պետք է զղջալ Պետրոսի պես: Բայց այս բոլոր կարող ենք ունենալ միայն մեկ դեպքում, երբ մեր Տիրոջ խոսքերը մեր մեջ լինի և մենք մեր Տիրոջ մեջ լինենք, որպեսզի փորձության պահին չմոլորվենք ինչպես աշակերտները: Մնացեք սիրով և Աստծու խոսքի մեջ հավատարիմ զավակներ:
Աղօթենք միասին
Սաղմոս.
Աստուա՛ծ, Աստուա՛ծ իմ, ես առաւօտից քեզ եմ դիմում. հոգիս ծարաւ է քեզ, առաւել եւս մարմինն իմ, ինչպէս մի անապատ եւ անջուր երկիր, ուր ճամփայ չկայ։ Այդպէս էլ պիտի երեւամ քո սրբարանում՝ տեսնելու փառքդ եւ զօրութիւնդ, քանզի ինձ համար քո ողորմութիւնն աւելի լաւ է, քան կեանքս, եւ շրթունքներն իմ պիտի գովեն քեզ։ Այսպէս իմ կեանքում քեզ պիտի օրհնեմ եւ քո անունով ձեռքս բարձրացնեմ։ Ասես պարարտ ճարպով պիտի յագենայ իմ հոգին, եւ բերանս ցնծալից շրթունքներով քե՛զ պիտի օրհնի։ Երբ քեզ յիշում էի իմ անկողնում, առաւօտեան կանուխ խօսում էի քեզ հետ։ Քանի որ դո՛ւ եղար իմ օգնականը, քո թեւերի հովանու տակ ես պիտի ցնծամ։ Քեզ հետեւեց իմ հոգին, եւ աջդ ընդունեց ինձ։ Ամեն.