ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 4.26-34
26 Եւ ասում էր. «Այսպէս է Աստծոյ արքայութիւնը. որպէս թէ մի մարդ հողի մէջ սերմեր ցանի. 27 եւ նա ննջի թէ վեր կենայ, գիշեր եւ ցերեկ սերմերը կբուսնեն ու կաճեն, 28 եւ նա չի իմանայ, թէ հողը ինքն իրենից բերք է տալիս. նախ՝ խոտը, ապա՝ հասկը, եւ ապա՝ ատոք ցորենը հասկի մէջ: 29 Սակայն երբ սերմն իր պտուղը տայ, իսկոյն մանգաղ է ուղարկում, որովհետեւ հնձի ժամանակը հասել է»: 30 Եւ ասում էր. «Ինչի՞ նմանեցնենք Աստծոյ արքայութիւնը կամ ի՞նչ օրինակով ներկայացնենք այն. 31 նման է մանանեխի հատիկին, որը երբ սերմանւում է հողի մէջ, աւելի մանր է լինում, քան երկրի վրայի բոլոր սերմերը. 32 իսկ երբ սերմանուի, բուսնում եւ լինում է աւելի մեծ, քան ամէն տունկ, եւ արձակում է մեծ ճիւղեր՝ այնքան, որ երկնքի թռչունները նրա հովանու տակ կարող են բնակուել»: 33 Եւ այնպիսի առակներով էր նրանց ասում խօսքը, որ կարողանային հասկանալ: 34 Եւ առանց առակի նրանց հետ ոչինչ չէր խօսում, բայց իր աշակերտների համար առանձին ամէն ինչ մեկնում էր:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ, սիրելի ունկնդիրներ: Այսօրվա հանապազօրյա հացի պատգամը վերցված է Մարկոսի Ավետարանից: Նախորդ գլխում կարդացինք, որ Տէր Հիսուս աշակերտներին հանգամանալից բացատրեց սերմնացանի առակը և կամեցավ աշակերտներին հասկացել, որ մարդկության մեկ չորրորդ մասն է միայն, որ պարարտ հող է: Ոչ միայն աշակերտներին, այլ առավել մեզ, որ այսքան տարի լսում ենք, ու չենք պարարտացնում մեր հողը: Մինչդեռ մենք այսօր պետք է աղաղակեինք, ասելով, այո, Տէր, գինենք, որ դու ես Բարի Սերմնացանը, գիտենք որ Դու ես մեր Փրկիչը և գալիս ենք Քո ճշմարիտ ճանապարհով: Սա է քրիստոնյա հավատացյալի հույսով և ուրախությամբ արտահայտած բարի լուրը ամենքին:
Հիսուս Քրիստոս շատ կկամենար, որ այսօր, ամեն քրիստոնյա հավատացյալ մեկական վառվող ճրագ լիներ բարձր տեղում և լուսավորեր իր շուրջը: Մեկական իմաստուն կույսեր լինեին՝ պահեստային յուղով: Կամ քանքարը գործի մեջ դրած մեկական բարի ծառա լինեին: Բայց մենք դեռ քրիստոնյա ենք միայն անունով:
Նույն գլխի նախորդ համարում Հիսուս աշակերտներին ասում է. «Զգո՛յշ եղէք, թէ ինչ էք լսում, եւ ինչ որ լսում էք, աւելին կը տրուի ձեզ. ինչ չափով, որ չափում էք, նոյնով Աստուած պիտի չափի ձեզ համար։ Ով որ ունի, նրան պիտի տրուի. իսկ ով որ չունի, նրանից պիտի վերցուի, ինչ էլ որ նա ունի»։
Գանք մեր օրեր, որպեսզի օրինակը ավելի ցայտուն լինի և մեզ համար ավելի առարկայական՝ հասկանալու համար:
Մենք կիրակի օրը եկեղեցում լսում ենք Ավետարանի խոսքերը, ևս առավել ճաշակում ենք մեր Տիրոջ Սուրբ Մարմինն ու Արյունը, այսինքն Քրիստոս հայտնվեց մեր մեջ և մենք դուր եկանք եկեղեցուց: Ժողովրդի հոծ բազմությունը Սերը վերցրեց իր մեջ ու դուս եկավ քաղաք: Այս Խորհուրդը կատարվում է ամեն կիրակի, ամեն եկեղեցում, ուրեմն Սեր ունենալով ինչո՞ւ չենք կարողանում մեր շուրջ որևէ բան փոխել: Մի՞թե Ավետարանի խոսքերը չլսեցինք: Մի՞թե Քրիստոսին մեր սրտի մեջ չառանք: Մի՞թե դուրս եկանք ու մոռացանք լսածն ու ճաշակածը: Մի՞թե մեր սրտերը չճմլվեց, երբ մեզ մայր ու քույր, եղբայր անվանեց մեր Տերը, ոչ թե ինչ որ մի պաշտոնյա: Չէ՞ որ մեզ ասվեց զգույշ եղեք, թե ինչ եք լսում, որպեսզի ձեզ ավելիով տրվի: Հիմա հարց տանք մեզ. մենք մայր, քույր, եղբայր կոչմանը արժանացա՞նք, թե՞ ոչ: Մեզ կտրվի՞, թե հակառակը՝ կվերցվի ինչ էլ որ ունենք: Սրանք շատ կարևոր նրբություններ են, որ քրիստոնյան ամեն օր պետք է մտածի այս մասին: Մեր առաջադիմության գլխավոր պայմանը մեր ժամանակի կանոնավոր օրտագործումն է: Բարոյական օրենքը պահանջում է, որ մենք մեր ժամանակը տրամադրենք մեր պարտքերը փակելու և հոգով կատարելագործվելու համար:
Այլապես եկեղեցում անցկացրած երկու կամ երեք ժամը ժամանակի վատնում է, եթե ինչպես մտանք եկեղեցի, այնպես էլ դուրս եկանք:
Հաջորդ համարի մեջ, որ քիջ առաջ ընթերցեցի, Հիսուս Քրիստոս աշակերտներին ներկայացնում է Երկնքի արքայությունը, այս անգամ մեկ ուրի օրինակով: Մարդը սերմը ցանում է հողի մեջ, նա քնած լինի թե արթուն, հողը իր գործն անում է և բերքը հասնում է մինչև հնձի ժամանակը: Բոլորս էլ մեր կյանքում առիթ ունեցել ենք գոնե մեկ անգամ հողի մեջ սերմ գցելու: Ամենքս էլ առիթ ունեցել ենք զարմանալու և հիանալու Աստծու հրաշագործությունների վրա, որ հողի մեջ դնում ես սերմը և հողը այդ սերմը դարձնում է ծաղիկ, կամ բանջարեղեն, կամ ծառ, կամ որևէ այլ պտուղ: Փաքրիկ կորիզից մեծ ու քաղցրահամ ձմերուկ է դուս գալիս: Ինչ էլ որ հողը բուսցնի՝ մարդկությանը պիտանի է, միայն թե մարդը ջանք թափի, սերմը հողի մեջ դնի, մշակի և Աստված նրա բերքին առատություն կտա: Մի՞թե առանց սերմի որևէ բան կարող է բուսնել ու աճել: Նույնը, դեռ տասն անգամ ավելիով մարդը կարող է ստանալ աստվածային առաքինություններ՝ Աստծու խոսքի սերմից: Այստեղ է, որ Տէրն ասում է, ով ունի, նրան պիտի տրվի, և Աստված նույնով պիտի չափի նրա համար:
Սիրելի հավատացյալներ, այսօր մեզ առատորեն տրված է Աստծո խոսքի սերմը, տրված է թանկագին ժամանակը, որևէ խաչնդոտ չկա վարելու, ցանելու, և առատ բերք ստանալու համար: Միակ խոչնդոտը սատանայի մատուցած գայթակղություններն են ամենատարբեր ոլորտներում, ամենատարբեր մարդկանց միջոցով: Տէր Հիսուս ասում է,- զգույշ եղեք, թե ինչ եք լսում: Որովհետև մեղքը մտնում է ականջի միջոցով: Սատանան Եվայի ասաց, որ պտուղը կարող եք ուտել: Եվան լսեց, հետո մոտեցավ պտղին: Բայց չհիշեց, որ զգույշ պետք է լինել, թե ի՞նչ ես լսում, ումի՞ց ես լսում: Օտար մտքեր լսելուց մենք կարող ենք կորցնել այն ինչ ունենք: Պողոս Առաքյալն ասում է. Եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, նա Նրանը չէ: Ավելի մեծ ողբերգություն կա՞, քան մարդն իմանա, որ ինքը Քրիստոսինը չէ: Առանց Քրիստոսի չի կարելի քրիստոնյա լինել, ինչպես որ իզուր ճգնում են համոզել մեր ժամանակներում ոմանք, որոնք նյութական աշխարհի գիտությամբ հպարտացած են: Իսկ քրիստոնյաներս պարտավոր ենք հեզ ու խոնարհ սրտով կրել Քրիստոսի քաղցր ու թեթև լուծը:
Քրիստոնեական դաստիարակության ազդեցության թուլությունից է, որ մենք այժմ տուժում ենք ժամանակի խստասրտություններից ու անարդարություններից:
Դրա համար պարտք կա յուրաքանչյուր հավատացյալի վրա, ոչ միայն գոհ լինել նրանով, որ ինքը հաստատ և ճշմարտապես Քրիստոսինն է, այլև անտարբեր չլինել այն մարդկանց նկատմամբ, որոնք մոլորված են հին հեթանոսների նման և փարիսեցիների նման ասում են, մենք խղճի և գիտության օրենքով ենք ապրում;
Կյանքը կարճատև է, ժամանակը վաղանցուկ է, պետք է խելացի կերպով օգտվել ժամանակից: Ամեն րոպե մեռնում ենք, մեր անցած օրը արդեն մահինն է: Այսօր եթե ճիշտ գործենք, վաղվա խնդրից քիչ կախում կունենանք: Շատ բան կարելի է վերականգնել, միայն ժամանակի կորուստն է անդառնալի: 2020 տարի է սպասում է մեր Տէրը, իսկ մենք վատնել ենք այդ ժամանակը: Շատ մարդիկ ժամանակի արժեքը չեն գնահատում, և շատերն էլ չեն իմանում, թե ինչպես սպանեն ժամանակը: Բայց նաև գանգատվում են, որ կյանքը երկրի վրա կարճատև է: Ահա այս մտքերն էին, սիրելիներ, որ կամեցա այսօր ձեր ականջին հասցնել: Հետևությունը թողնում եմ ձեզ, թե ինչպե՞ս լսեցիք, ի՞նչ լսեցիք, ի՞նչ կմնա ձեր մտքում՝ ձեր գործերը իրականացնելու ժամանկ: Մնացեք սիրով, միշտ բաց ականջով, մաքուր սրտով: Մենք Քրիստոսինը պետք է լինենք անպայման, և մերժենք Քրիստոսի հակառակորդին:
Աղօթենք միասին
Սաղմոս. 57
Եթէ դուք արդարութեամբ խօսէիք, ուղիղ կը լինէին ձեր դատաստանները, մարդկա՛նց որդիներ։ Չէ՞ որ այժմ իսկ ձեր սրտում անօրէնութիւն էք գործում երկրի երեսին, եւ ձեր ձեռքերն անիրաւութիւն են նիւթում։ Մեղաւորներն իրենց ծննդեան օրից իսկ խոտորուեցին, արգանդից մոլորուեցին եւ սուտ խօսեցին։ Նրանց կատաղութիւնը նման է օձի թոյնի, վիշապ օձի թոյնի, որ խցել է իր ականջները, որպէսզի ճարտար օձահմայի ձայնը չլսի եւ դեղ չառնի իմաստուն դեղատուից։ Արդարը պիտի ուրախանայ՝ տեսնելով հատուցումը, եւ ձեռքերն իր պիտի լուայ մեղաւորի արեան մէջ։ Ու մարդ պիտի ասի, թէ իսկապէս արդարի համար վարձատրութիւն կայ, եւ կայ Աստուած, որ երկրի վրայ դատում է նրանց։ Ամեն.