ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 2.16-18
16 Այն ժամանակ, երբ Հերովդէսը տեսաւ, որ մոգերից խաբուեց, սաստիկ բարկացաւ եւ մարդ ուղարկեց ու կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթղեհէմում եւ նրա սահմաններում էին գտնւում եւ երկու տարեկան ու դրանից ցած էին՝ ըստ այն ժամանակի, որը ստուգել էր մոգերից: 17 Այն ժամանակ կատարուեց Երեմիա մարգարէի բերանով ասուածը, թէ՝ «Ռամայում մի ձայն գուժեց. ողբ ու լաց ու սաստիկ կոծ. 18 Ռաքէլը լալիս էր իր զաւակների վրայ եւ չէր ուզում մխիթարուել, քանի որ նրանք այլեւս չկային»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, Հանապազօրյա հացին սպասով սիրելի ունկնդիրներ: Այս հաղորդաշարի նպատակն է աշխարհասփյուռ հայությանը հավաքել Քրիստոսի խորհրդավոր ընթրիքի սեղանի շուրջ՝ միասին խորհելու մեր Տիրոջ պատգամների մասին, նրանց կատարման հնարավոր տարբերակների մասին, և ապաշխարության գիտակցությանը գալու կարևորության մասին: Իսկ այժմ տեսնենք, թե ինչ է հուշում մեզ այսօրվա ավետարանի պատգամը:
Ասում է. այն ժամանակ, երբ Հերովդեսը տեսավ….
Որպեսզի իմանանք, թե ո՞ր ժամանակին է վերաբերում Մատթևոս Ավետարանչի խոսքը, վերհիշենք նախորդ համարները, որտեղ նկարագրվում է Հիսուսի ծնունդը՝ Բեթղեհեմ քաղաքում և արևելքից եկած մոգերի երկրպագությունը՝ հրեաների Արքային՝ Մանուկ Հիսուսին: Ինչը և պատճառ դարձավ Հերովդես արքայի վայրագություններին, որովհետև խաբվել էր մոգերից: Խաբվեց Հերովդես արքան այնպես, ինչպես խաբվում է ամեն մի երեսպաշտ, որը սրտում ատելություն ունի, իսկ երեսին ժպիտ է: Մարդկային բոլոր մեղքեը ունի իր մեջ, մինչև իսկ մանկասպանություն, բայց ձևանում է, թե ինքը ևս կամենում է մանկանը երկրպագել: Հերովդեսը չգիտեր Աստծու ծրագիրը, քանի որ մանկան ծնվելու բարի լուրը Աստծո հրեշտակի միջոցով հայտնվեց նախ միամիտ հովիվներին, իսկ արքայից ու քահանայապետից թաքցրեց մոգերի միջոցով:
Հերովդեսը սիրալիր վերաբերմունքով խորամանկությամբ կամեցավ մոգերից իմանալ Հիսուս Մանկան ծննդյան վայրը, որպեսի սպանի Նրան, քանի որ կարծում էր, թե Հիսուսն աշխարհ է եկել որպես իրեն մրցակից Արքա, քանի որ մոգերը ասացին, որ ծնվել է հերաների Արքան: Ավետարանը մեզ մոգերի թվի մասին ոչինչ չի ասում, չնայած ավանդության մեջ երեք մոգերի մասին է պատմվում: Բայց միթե հրեաների արքան կարող էր այդքան խուճապի մեջ հայտնվել ընդամենը երեք մոգերի ներկայությունից: Անհավանական է, որ երեք անծանոթ մարդու մուտքը քաղաք այդպիսի աղմուկ բարձրացներ, որ լուրը հասներ մինչև արքա: Գուցե Հերովդեսին էլ մոգերի բազմություն էր այցելել, որ այդչափ սարսափած էր:
Հերովդեսը իր անհանգիստ վիճակից հավաքում է քահանայապետներին ու օրենսգետներին, ճշտելու համար թե որտե՞ղ պետք է ծնվեր Քրիստոս: Իսկ նրանք, որ գրքերին լավատեղյակ էին ու անգիր գիտեին, անմիջապես ասացին՝ Հրեսատանի Բեթլեհեմ քաղաքում: Հերովդես արքայի սրտի նենգ խորհուրդը հակասում է մանկանը երկրպագելու իր կեղծ ցանկությանը: Քահանայապետների սուրբգրային իմացությունը հակասում է նրանց անհավատությունը:
Երբ սրտի խորհուրդը և ձեռքի գործը հակասում են միմյանց, այդ ժամանակ սարսափելի ավերներ է լինում, ինչպես որ եղավ Բեթղեհեմում և նրա սահմաններից դուրս՝ բոլոր երկու տարեկան մանուկների կոտորածը Հերովդեսի հրամանով:
Տիրոջ Հրեշտակը երևաց բաց դաշտում բնակվող հովիվներին և նրանք վախեցան Տիրոջ փառքից: Հրեշտակը բարի լուրը տվեց նախ հովիվներին, ասելով,- «Մի՛ վախեցէք, որովհետեւ ահա ձեզ մեծ ուրախութիւն եմ աւետում, որը ամբողջ ժողովրդինը կը լինի. որովհետեւ այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է։ Եւ սա՛ ձեզ համար նշան կը լինի. խանձարուրով փաթաթած եւ մսուրի մէջ դրուած մի մանուկ կը գտնէք»։ Եւ յանկարծակի այդ հրեշտակի հետ երեւաց երկնային զօրքերի մի բազմութիւն, որ օրհնում էր Աստծուն ու ասում. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, եւ երկրի վրայ խաղաղութի՜ւն եւ հաճութի՜ւն՝ մարդկանց մէջ»։ Հիշեցնեմ, որ սա այն փառաբանությունն է, որ ամեն օր եկեղեցիներում առավոտյան ժամերգության ժամանակ երգվում է:
Տիրոջ հրեշտակը ասում է, որ այս ուրախությունը ամբողջ ժողովրդինը կլինի, որովհետև ձեզ համար ծնվեց Փրկիչ:
Նորածին Փրկիչը հրեշտակների միջոցով ազդարարում է մխիթարական խոսքով, թե՝ «Մի վախեցեք, այլ ուրախացեք»:
Ինչո՞ւ անմիջապես դավադրություն կազմակերպվեց, և Նորածնի մահը կամեցան՝ ուրախանալու փոխարեն:
Եթե Հերովդեսը անտեղյակ էր մանկան ծնվելուց, ապա քահանայապետները հաստակ գիտեին նույնիսկ ծնվելու վայրը, ինչո՞ւ հանցավոր համաձայնության եկան Հերովդեսի հետ և մինչև հասուն տարիք հետապնդեցին Նրան և խաչը հանել տվեցին: Ինչուները չեն դադարել մինչև մեր օրերը, և կշարունակվեն մինչև աշխարհի վախճանը:
Քաջ Հովվապետը գալիս էր ժողովելու Իր ցրված բանական հոտը, բռնակալի ձեռքից պիտի հափշտակեր գերվածներին, և պիտի ազատեր խավարային կապանքներով կապվածներին;
Փառասիրությունը ամենից առաջ կարող է կուրացնել մարդու աչքերը, լռեցնել խիղճը, մթագնել սիրտը և արյունոտել ձեռքերը: Եթե զուգահեռ տանենք մեր օրերի հետ, մի՞թե նմանություն չենք գտնի: Կգտնվի՞ այսօր մի երկրի ղեկավար, որն իր երկրի ղեկը սիրով կհանձնի պատահաբար աշխարհ եկած Հիսուս Քրիստոսին: Կասկածելի է: Մի՞թե այսօր աշխարհի կրոնական առաջնորդները անձնուրաց նախանձախնդրությամբ Քրիստոսի անունն են բարձրաձայնում աշխարհի բարձրախոսներով: Իհարկե ոչ: Ուրեմն ինչ տարբերություն կա 2000 տարիների միջև, բացի նրանից, որ այն ժամանակ փոխադրամիջոցը էշն ու ձին էին, իսկ հիմա ինքնաթիռն ու շքեզ ավտոմեքենան: Միևնույն է մարդու սիրտը փոփոխության չի ենթարկվել: Չի ազատվել իր փառասիրությունից, ագահությունից, ընչասիրությունից, կռապաշտությունից և մենաշնորհից:
Նույնիսկ տարակուսանքով կարելի է մտածել, որ, եթե այսօր գա Հիսուս Քրիստոս, ինչպես կդիմավորեն Նրան երկրների քաղաքական ու հոգևոր իշխանությունները: Կարծում եմ նույն կերպ.
Օրենսգետներին ու հոգևոր առաջնորդներին պակասում էր հավատքը՝ իրենց ունեցած գիտելիքի նկատմամբ: Մրցակցություն չհանդուրժող Հերովդեսին պակասում էր ազնվությունը: Այնպես էլ այսօր մեզ է պակասում հույսը, հավատը և սերը մեր Փրկչի Երկրոր Գալուստի նկատմամբ: Ապրում ենք այնպես, կարծես Աստված չէ Տիեզերքի Արարիչը, Հիսուս Քրիստոս չէ մեր Փրկիչը:
Մենք մոռացել ենք, որ բոլոր ժամանակներում Աստված Իր համար ընտրել է առաջնորդներ՝ Իր ծրագիրը իրագործելու համար, ընդ որում ընտրել է դեռ նրա մոր որովայնում չստեղծած, և սրբացրել է դեռ արգանդից դուրս չեկած, որպեսզի Իր խոսքը հասցնեն հեթանոսներին, և մինչև մեր օրերը և մեզ: Այսպիսի մի մարգարե էր Երեմիան, որի բերանով ասվել էր Ռամայում կատարված Ռաքելի ողբ ու լացի մասին: Սա այն Երեմիան էր, որին գուբը գցեցին, բայց նա չդադարեց խոսել Աստծու պատգամները՝ դուրս գալուց հետո: Նույնը անում էին առաքյալները, որոնց քարկոծում էին, իսկ նրանք քարոզում էին: Բոլոր դարերում էլ մարգարեները ապաշխարության կոչ են արել մեղավոր իշխաններին, որոնք սխալ օրենքներ են ընդունել: Ուղղակի հիմա մի տեսակ ընդունված չէ իշխանավորներին ապաշխարության կանչելու սովորությունը, որոնց ձեռքով է ստորագրվում երբեմնի կործանարար փաստաթղթեր:
Ոչ մի իշխան չի կամենում Քրիստոսից սովորել Նրա բացարձակ հեղինակության գաղտնիքը, որը կայանում էր խոնարհ ծառայության մեջ: Աստծու հետ խոսում ենք առաջին դեմքով, իսկ իշխանավորին անկարելի է մոտենալ իր անձեռնմխելիության պատճառով: Հերովդեսների պակաս չունենք նաև այսօր, անտարբեր փարիսեցիների պակաս չունենք նաև այսօր: Տէրը գիտէ աստուածապաշտներին փրկել փորձութիւնից, իսկ անիրաւներին՝ պահել դատաստանի օրուայ համար՝ տանջանքների մատնելու նրանց, մանաւանդ՝ մարմնի պիղծ ցանկութիւնների յետեւից գնացողներին, Աստծոյ իշխանութիւնն արհամարհողներին, ինքնահաւաններին, յանդուգններին:
Հետևաբար, սիրելիներ, մեր պարտքն է, մեր լսած քարոզը կյանքի կոչել, ոչ թե սպասել հաջորդ քարոզը լսելուն, այլ ամեն օրվա լսածը ամեն օր կյանքի կոչել: Թող մեր սիրտը, միտքը, լեզուն և ձեռքերը միաբան լինեն Քրիստոսի խոսքի կատարման մեջ: Մնացեք սիրով, և ձեր ոտքերը թող ամրանան խաղաղության Ավետարանի պատրաստությամբ:
Աղօթենք միասին
Սաղմոս. 56
Ողորմի՛ր ինձ, Աստուա՛ծ, ողորմի՛ր ինձ, քանզի յոյսս դրի քեզ վրայ. քո թեւերի հովանուն պիտի ապաւինեմ, մինչեւ անօրէնութիւնն անցնի։ Աղաղակեցի բարձրեալ Աստծուն՝ իմ բարերար Աստծուն։ Նա օգնութիւն ուղարկեց երկնքից եւ փրկեց ինձ, նախատելի դարձրեց ինձ ոտնահարողներին։ Աստուած իր ողորմութիւնն ու ճշմարտութիւնն ուղարկեց։ Գազանների միջից ազատեց ինձ, քանզի ես խռովուած ննջում էի։ Մարդկանց որդիների ատամները զէնք եւ նետ են, իսկ նրանց լեզուները՝ ինչպէս սուր սուսեր։ Դու երկինք ես բարձրացել, Աստուա՛ծ, եւ ողջ աշխարհն է բռնել փառքը քո։ Որոգայթ պատրաստեցին ոտքերիս համար, ընկճեցին ինձ, առջեւս փոս փորեցին, բայց նրա մէջ իրե՛նք ընկան։ Պատրաստ է սիրտն իմ, Աստուա՛ծ, պատրաստ է սիրտն իմ՝ օրհնելու եւ սաղմոսերգելու քեզ իմ փառաբանութեամբ։ Արթնացի՛ր, փա՛ռք իմ, արթնացի՛ր սաղմոսներով եւ օրհներգութեամբ, եւ ես կ՚արթնանամ առաւօտեան։ Գոհութիւն կը մատուցեմ քեզ ժողովուրդների մէջ, Տէ՛ր, եւ ազգերի մէջ քեզ սաղմոս կ՚երգեմ։
Քո ողորմութեան մեծութիւնը հասաւ մինչեւ երկինք, եւ քո ճշմարտութիւնը՝ մինչեւ ամպերը։ Դու երկինք ես բարձրացել, Աստուա՛ծ, եւ ողջ աշխարհն է բռնել փառքը քո։ Ամեն.