ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 4.10-20
10 Եւ երբ առանձին մնաց, նրա շուրջը եղողները, աշակերտների հետ միասին, հարցրին նրան այս առակի մասին: 11 Եւ նրանց ասաց. «Ձեզ է տրուած իմանալ Աստծոյ արքայութեան խորհուրդները, բայց նրանց համար, որ ձեզնից դուրս են, ամէն ինչ առակներով կլինի, 12 որպէսզի նայելով հանդերձ չտեսնեն եւ լսելով հանդերձ չիմանան, որ միգուցէ երբեւէ դարձի գան, եւ իրենց ներուի»: 13 Եւ ասաց նրանց. «Այս առակը չէ՞ք հասկանում, հապա ինչպէ՞ս պիտի հասկանաք բոլոր առակները: 14 Նա, որ սերմանում է, Աստծոյ խօսքն է սերմանում: 15 Ճանապարհի եզերքին սերմանուածները այն մարդիկ են, որոնք լսում են խօսքը, եւ սատանան գալիս է եւ դուրս է հանում նրանց սրտերի մէջ սերմանուած խօսքը: 16 Ապառաժի վրայ սերմանուածները այն մարդիկ են, որ երբ լսում են խօսքը, իսկոյն ուրախութեամբ ընդունում են այն, 17 եւ որովհետեւ իրենց մէջ արմատներ չունեն, այլ մի որոշ ժամանակի համար են, երբ խօսքի պատճառով նեղութիւն կամ հալածանք է վրայ հասնում, իսկոյն գայթակղւում են: 18 Իսկ նրանք, որ սերմանուեցին փշերի մէջ, այն մարդիկ են, որ լսում են խօսքը, 19 սակայն այս աշխարհի հոգսերը եւ հարստութեան պատրանքները ներխուժում եւ խեղդում են խօսքը, եւ այն անպտուղ է լինում: 20 Եւ լաւ հողի մէջ սերմանուածները այն մարդիկ են, որ լսում են խօսքը եւ ընդունում ու պտուղ են տալիս. մէկի դիմաց՝ երեսուն, մէկի դիմաց՝ վաթսուն եւ մէկի դիմաց՝ հարիւր»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Ուրախ եմ կրկին ուղիղ եթերով ձեզ միանալու, և միասին խորհելու օրվա պատգամի մասին, հատկապես, որ Ավետարնը շատ հաճախ է մեզ հիշեցնում, թե՝ ով որ լսելու ականջ ունի, թող լսի: Լսելու ականջ բոլորս ունենք, և մեր ականջները Մկրտության Խորհրդի Դրոշմի ժամանակ ևս այսպիսի մի պատգամ են լսել, թե՝ թող այսուհետ քո ականջները՝ Աստծո պատվիրանները և դեպի երկնքի արքայություն երանավետ կանչի ձայնը լսեն:
Տէր Հիսուս Մարկոսի ավետարանում աշակերտներին ասում է,- ձեզ է տրված իմանալ Աստծո Արքայության խորհուրդները: Այսինքն՝ Աստծո Արքայության խորհուրդները ամեն մարդ չի կարող իմանալ, այլ նրանք, որոնք լսում են Աստծու խոսքը և պահում: Հետևաբար՝ ինչ որ մեր ականջները լսում են, մեր միտքն այդ ուղղությամբ մտածում է, մեր ոտքերը այդ ուղղությամբ էլ գնում են:
Երբեք պետք չէ դժգոհել կյանքից, քանի որ մենք ենք ընտրում, թե՝ ինչ լսենք, ինչ կարդանք և ինչ խոսենք, և ուր գնանք:
Քրիստոս աշակերտներին ասում է ձեզ է տրված, բայց նաև շեշտում է, որ մարդկանց մի ուրիշ խավ է կար, որին տրված չէ հասկանալու Աստծու արքայության խորհուրդները, քանի որ նրանք նայելով պիտի չտեսնեն, լսելով պիտի չիմանան: Հիմա մի փոքր անդրադարձ ունենանք և հասկանանք, թե մեր հասարակությունը այս խավերից որի՞ն է պատկանում, առաջի՞ն, թե՞ երկրորդ՝ որը պիտի լսի ու չհասկանա, նայի ու չտեսնի: Բազմամյա քահանայական իմ ծառայության տարիներին շատ եմ լսել հարց այն մասին, թե՝ ինչպե՞ս հասկանանք, Տեր Հայր, թե ո՞րն է Աստծու կամքը մեր կյանքում:
Սիրելիներ, երբեմն ոչ թե չգիտենք, թե Աստծու կամքը որն է մեր գործերի մեջ, այլ՝ ուղղակի ձեռնտու չէ իմանալը...
Ով որ Աստվածաշնչի հետ է ապրում, նա գիտե, որ ամեն օր կարդալով՝ Աստվածաշնունչը բացահայտվում է մեր իրական դեմքը, մեղքի հանդեպ ունեցած մեր թուլությունը, գայթակղության հանդեպ՝ մեր անզորությունը, երբեմն էլ դերասանական մեր փայլուն տվյալներն ու իրական դեմքը թաքցնելու վարպետությունը: Այսինքն՝ Սուրբ Գիրքը առավել խիստ է մեր հանդեպ, քան մեր ծնողը, ավելին գիտի մեր մասին, քան մեր ծնողը, ավելի շիտակ է վարվում մեզ հետ, քան մեր ծնողը: Սակայն մենք չենք հրաժարվում Աստվածաշունչը ամեն օր կարդալուց, որովհետև Աստված է, որ ամենախիստ կերպով բացահայտում է մեր մարդկային ճղճիմությունները, բայց ոչ խայտառակելու, այլ՝ փրկելու համար վերահաս վտանգից:
Աշակերտները պատկանում էին այն խմբին, որոնց տրված էր իմանալու Աստծու խորհուրդները, քանի որ նրանք հաստատված էին Որթատունկի վրա և անմիջապես սնվում էին Նրանից: Իրենք էին Կենդանի Ավետարանները:
Մեզանում էլ անշուշտ կան շատ քրիստոնյաներ, որոնք իրենք կյանքը հաստատել են Քրիստոսի ճշմարիտ վարդապետության վրա, ամուր կապով կապված են եկեղեցուն, և տեսնում են Աստծու կամքը՝ իրենց գործերի մեջ: Չնայած, որ ապրում են ժամանակակից աղմկոտ աշխարհում և անարդարության ու կեղծիքի վկաներն են:
Աշխարհի լրատվամիջոցները միմյանց հերթ չեն տալիս հանրությանը իրազեկելու տեղի ունեցող արհավիրքների, պատերազմների, ջրհեղեղների երկրաշարժերի, հրդեհների, վթարների և այլ կործանարար աղետնենի մասին: Այս լուրերը հանրությանը պահում է ընկճված և ահաբեկված վիճակում: Աշխարհի խոսափողը ում ձեռքին հայտնվում է, նա էլ իրազեկում է մարդկանց սարսափազդու լուրերով, մարդկության միտքը պահելով տագնապի զարկերակի վրա:
Սակայն կա մի վայր, ուր ամեն օր ուրախություն է լինում, բայց այդ ուրախությունը դուրս է մնացել աշխարհի լրատվամիջոցների ուշադրությունից, որովհետև նրանց նպատակը մարդկությանը այդ ուրախությունից հեռացնելն: Այդ ուրախության մասին քչերը գիտեն, որովհետև այն չի լուսաբանվում: Գիտեն միայն նրանք, որոց միջոցով տեղի է ունենում այդ ուրախությունը: Գիտե՞ք որն է այդ ուրախությունը: Այդ ուրախությունը տեղի է ունենում երկնքում, մեկ ապաշխարող մեղավորի համար, որը տեսնում են երկնքի հրեշտակները, և ուրախանում, իսկ նրանք՝ լրատվամիջոց չունեն: Գովազդով չեն զբաղվում: Երկնքի ուրախության մասին գրված է Սուրբ Գրքում, որը շատ հին է, և այսօր էլ ցավոք սրտի կարդալը մոդա չէ...Մինչդեռ կարող էին բոլորը վայելել այդ ուրախությունը, եթե կամենայինք կարդալ այդ հին, բայց Սուրբ Գիրքը:
Երկրորդ խավի մարդիկ նրանք են, որոնք տարուբերվում են աշխարհի ծովի ալեկոծության մեջ և չեն հասնում խաղաղ նավահանգիստ: Ժողովուրդը այսօր հոգևոր առումով գտնվում է ծայրաստիճան անապահով վիճակում, սակայն ամենուրեք բարձրաձայնվում է միայն սոցիալական անապահովության մասին: Ինչո՞ւ: Հոգևոր անապահով վիճակը մարդու համար ավելի ծանր է, քան` սոցիալականը: Բոլորս էլ նկատել ենք, որ մարմնավոր մարդը ավելի ծանր է տանում իր սոցիալական անապահովությունը, քան հոգևոր մարդը, որը նույնպես անապահով է: Երբ չունևորը հաշտ է իր չունևորության հետ, Աստված նրան ուղարկում է մի ունևոր, որ հոգա նրա կարիքները:
Իսկ մարմնավոր մարդը դառնում է անհամբեր, դյուրագրգիռ, նեղացկոտ կռվարար, քանի որ չգիտի, որ համբերությունը աստվածային առաքինություն է: Համբերությունը աստվածային շնորհ է, որը տրվում է աստվածպաշտության և պատվիրանապահության մեջ կայուններին:
Մեր հասարակության մեջ չարին չարով պատասխանելը դարձել է մնայուն ներկայություն՝ օրվա վատ լուրերի տեղատարափի և Աստվածաշնչի գիտությունից հեռու մնալու պատճառով: Հայհոյությունը կարծես սովորական դարձած երևույթ լինի: Նույն անձը, որը հոգևոր նյութի տակ ՙՙամեն՚՚ է գրում, քաղաքական նյութի տակ հայհոյանք է գրում: Երբ մարդը տեղյակ չէ իրեն տված Աստծու պատվիրանից, վարվում է այնպես, ինչպես ինքն է պատկերացնում: Իսկ մարդու պատկերացումը հինկտակարանյան է՝ աչքի դիմաց աչք:
Այս տեսակի համար է մեր Տէրը ասում, թե նայելով չեն տեսի, լսելով չեն հասկանա: Որովհետև նրանց պատմում էր Սերմնացանի առակը:
Իսկ մենք արդեն գիտեն, թե երբ սերմը պարարտ հողի մեջ է ընկնում, այդ ժամանակ է պտուղ տալիս: Իսկ ճամփեզրին ու ապառաժի վրա ընկած սերմերը այն մարդիկ են, որոնք լսում են խոսքը և սատանան գալիս ու հանում է նրանց սրտից՝ նեղության, հալածանքի և դժվարությունների հանդիպելիս: Հետևաբար, սիրելիներ, Քրիստոսի խոսքի զենքը ունեցեք այսօրվա հոգևոր պատերազմում, որովհետև ձեր ունեցած զենքը շատ թույլ կարող է լինել ձեզ չարից պաշտպանելու համար: Չարին հակադարձել Աստծո պատվիրանի և հավատքի մեջ կայուն մնալով, բայց ոչ երբեք չարին` չարով, որովհետև եթե չարով պատասխանես, չարը կկրկնապատկվի և դու խլած կլինես Աստծո իրավունքը, որին է պատկանում ամեն վրեժխնդրություն:
Մի իրական և խրատական պատմություն կա, որ պատահել է Սուրբ Հովհան Ոսկեբերանի հետ՝ Աստծու խոսքի մեջ հավատարիմ լինելու պատճառով: Պատմում են, որ,
Հովհան Ոսկեբերան Հայրապետը պարսավում է կայսրին և նա վրեժխնդիր է լինում ընտրելով տարբեր պատժամիջոցներ, և պալատականները նրան առաջարկում են չորս պատժամիջոց՝ աքսոր, շղթայակապ բանտ, զրկել հարստությունից, կամ մահապատիժ:
Այդ պահին Աստծու նախախնամությամբ գտնվում է մի իմաստուն պալատական և բացատրում է այդ պատիժներից յուրաքանչյուրի բերած օգուտի մասին:
Աքսորը,- ասում է նա,- կնպաստի, որ Ոսկեբերանը Քրիստոսին քարոզի այն երկրում, ուր որ ուղարկեք նրան, և երջանիկ կլինի նա դրանով:
Բանտը,- առավել կուրախացնի նրան, քանի որ Քրիստոսի խոսքի համար շղթայված կլինի բանտում և կմխիթարվի դրանով:
Հարստության բռնագրավումով դուք զրկած կլինեք մեր հասարակության կարիքավոր խավին, որոնք ձեր կայսրության մեջ են:
Իսկ եթե մահվան դատապարտեք,- ասում է պալատականը,- Նրա դեմ կբացվի երկնքի Արքայության դռները, ինչի համար որ նա ապրում է և գործում: Մի խոսքով ձեզ չի հաջողվի նրան վնաս հասցնել: Ոսկեբերան Հայրապետը միայն մի բանից է վախենում՝ մեղք գործելուց և մեղքի համար պատժվելուց, որի մեջ չեք կարող նրան գտնել ու պատժել:
Ինչպես որ Առակաց գիրքն է ասում,- սիրելի ունկնդիրներ, արդարները հեծում են անբարիշտների իշխանության տակ:
Ամուր մնանք մեր Տիրոջ խոսքի մեջ, մեր ականջները թող խոնարհ լինեն Նրա պատվիրանի առջև, և մեր սրտերը սիրով թող ընդունեն բոլոր այն պատգամները, որ տվել է մեզ մեր Տէրը, որպեսզի մենք էլ իրավունք ունենանք իմանալու Աստծո Արքայության խորհուրդները: Իսկ երբ մոտենա տնտեսության հաշիվը պահանջելու օրը, Տէրը պիտի ասի,- փոքրի մեջ հավատարիմ եղաք, ձեզ կտրվի նաև մեծը:
Մնացեք սիրով, հավատարմությամբ, և միշտ լսելու ականջ ունեցեք:
Աղօթենք միասին
Սաղմոս.51
Ինչո՞ւ է հզօրը պարծենում չարութեամբ ու անօրէնութեամբ։ Գիշեր-ցերեկ նա անիրաւութիւն նիւթեց իր լեզուով, սուր ածելու նման նենգութիւն գործեց։ Բարութիւնից աւելի չարութիւն սիրեց եւ արդար խօսքից աւելի՝ անօրէնութիւն։ Սիրեց նա ամէն տեսակ կործանարար խօսքեր եւ նենգ լեզուներ։ Դրա համար Աստուած կը կործանի նրան իսպառ, կը խլի ու կը հանի նրան իր օթեւանից, եւ նրա արմատները՝ ողջերի երկրից։ Արդարները կը տեսնեն ու կը վախենան եւ կը ծաղրեն նրան՝ ասելով. «Սա է այն մարդը, որն Աստծու օգնութեանը չապաւինեց, այլ յոյսը դրեց իր մեծ հարստութեան վրայ եւ զօրացաւ իր ունայնութեամբ»։ Իսկ ես Աստծու տան պտղաբեր ձիթենու նման եմ. յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից յոյսս դրի Աստծու ողորմութեան վրայ։ Քեզ յաւիտեան գոհութիւն պիտի մատուցեմ արածիդ համար եւ յոյսս պիտի դնեմ քո անուան վրայ, քանզի բարի ես սրբերիդ հանդէպ։ Ամեն.