ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 1.17-21
17 Արդ, Աբրահամից մինչեւ Դաւիթը բոլոր սերունդները՝ տասնչորս սերունդ. եւ Դաւթից մինչեւ Բաբելոնի մէջ գերութիւնը՝ տասնչորս սերունդ. Բաբելոնի մէջ գերութիւնից մինչեւ Քրիստոս՝ տասնչորս սերունդ: 18 Յիսուս Քրիստոսի ծնունդը այսպէս եղաւ. նրա մայրը՝ Մարիամը, որ Յովսէփի նշանածն էր, նախքան նրանց իրար մօտենալը՝ Սուրբ Հոգուց յղիացած գտնուեց: 19 Եւ Յովսէփը՝ նրա մարդը, քանի որ արդար էր եւ չէր կամենում նրան խայտառակել, մտածեց առանց աղմուկի արձակել նրան: 20 Եւ մինչ նա այս բանի մասին էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երազում երեւաց նրան եւ ասաց. «Յովսէ՛փ, Դաւթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մօտ առնել Մարիամին՝ քո կնոջը, որովհետեւ նրա մէջ Ծնուածը Սուրբ Հոգուց է: 21 Նա մի Որդի պիտի ծնի, եւ նրա անունը Յիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին իր մեղքերից»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույսը բացվեց կրկին Աստծու հրամանով: Նրա երևելի լույսը ուրախացնում է մեր աչքերը, իսկ Նրա իմանալի լույսը պայծառ է պահում մեր միտքը, և ուրախ՝ մեր սիրտը՝ Իրեն հետևելու համար:
Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդեց նրա բարեպաշտ ծնողներ՝ Հովակիմի և Աննայի հիշատակության օրը, որոնց հետ հիշատակվում են նաև յուղաբեր կանայք:
Սուրբ Հովակիմի և Աննայի անուններն անմիջապես կապվում են Հիսուսի հետ` լինելով Աստվածամոր ծնողները: Ըստ ավանդության՝ բարեպաշտ և մեծահարուստ Հովակիմը Դավթի ցեղից էր` թագավորական տնից, իսկ Աննան` քահանայական տնից: Մի օր, տաճարում ընծա մատուցելիս, քահանան Հովակիմին պատվիրում է վերջում կանգնել, ըստ սովորության, քանի որ նա անզավակ էր: Սրանից վշտացած` Հովակիմը դուրս է գալիս և անմիջապես լեռը բարձրանում` երդվելով չիջնել այնտեղից մինչև Աստծո այցելությունը: Նրա օրինակով Աննան էլ տանն աղոթում և ապաշխարելու է նվիրվում: Եվ մի օր, երբ Աննան պարտեզում տեսնում է իրենց ձագերի հետ խաղացող թռչուններին, տխրում և լաց է լինում, քանզի ինքը զրկված էր մայրանալու շնորհից: Այդ պահին հայտնվում է Աստծո հրեշտակը և ավետում, որ զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Նույն տեսիլքը երևում է նաև Հովակիմին, ով ուրախությունից սկսում է ողորմություն բաժանել աղքատներին: Աննան հղիանում է, և ծնված հրեշտականման մանկանն անվանում են Մարիամ, որ նշանակում է լուսավորյալ: Յուղաբեր կանայք Հիսուսի չարչարանքների, թաղման և խաչելության ականատեսներն են: Նրանք Տիրոջ Հարության առաջին ավետաբերներն են: Յուղաբեր կանայք Քրիստոսին հետևեցին Իր ողջ երկրային առաքելության իրագործման ընթացքում: Եկեղեցու կողմից նրանք կոչվում են «Յուղաբեր», որովհետև Կիրակի առավոտ գերեզման գնացին` Հիսուսի մարմինն իրենց պատրաստած անուշահոտ յուղերով օծելու: Իրենց անձնվիրության շնորհիվ նրանք առաջինը տեսան Հարուցյալ Փրկչին և այդ մասին հայտնեցին առաքյալներին: Նրանք նաև խմբովին ներկա էին Վերնատանը` Հոգեգալստին և առաքյալների հետ ստացան Սուրբ Հոգու շնորհները:
Սիրելիներ, այսօր ընթերցվում է Մատթևոսի Ավետարանի առաջին գլուխը, որտեղ նկարագրվում է Հիսուս Քրիստոսի ազգաբանությունը: Հրեական սովորության համաձայն ազգաբանության մեջ հիշատակվում է միայն տղամարդկանց անուններ, իսկ Հիսւոս Քրիստոսի ազգաբանության մեջ զարմանալիորեն հանդիպում ենք չորս կանանց, որոնցից երեքի անունը գրված է, իսկ մեկինը՝ ոչ: Այդ կանայք են Թամարը, Ռաքաբը, Հռութը և Ուրիայի անանուն կինը, որի մասին հետագայում իմանում ենք, որ Սողոմոն Իմաստունի մայր՝ Բերսաբեն է: Այս կանայք հեթանոս լինելով հանդերձ հայտնվել են Հիսուս Քրիստոսի ազգաբանության մեջ, յուրաքանչյուրը մի նպատակով: Աստվածաշնչում որևէ անուն չկա, որ նպատակով գրված չլինի, նույնպես և այս կանայք: Վերջում համարում հիշատակվում է նաև Մարիամի անունը՝ որպես Հովսեփի նշանած, որից և ծնվեց Հիսուս Քրիստոս: Ազգաբանության նկարագրության մեջ տեսնում ենք նաև, որ երեք անգամ տասնչորս սերունդ փոխվեց, մինչև ծնվեց Հիսուս Քրիստոս: Այնուհետև ավետարանիչը նկարագրում է Հիսուսի ծննդյան մանրամասները: Մատթևոսը, որ իր Ավետարանը գրել է հրեաների համար, հանգամանալից ներկայացրել է Հիսուսի՝ Սուրբ Կույսից ծնվելու հանագամանքը, փաստելով, որ Հիսուս ծնվել է Աբրահամի և Դավթի սերնդից: Աստված պատահական չէր ընտրել նաև Հովսեփին, քանի որ նա խոհեմ մարդ էր, իսկ մի զայրացկոտ մարդ կարող էր խայտառակ անել Մարիամին: Հովսեփի անունը Ավետարանում շատ չի հիշատակվում, բայց Հովսեփը այն գլխավոր դեմքերից էր, որի հետ Աստված բազմիցս խոսեց Իր Հրեշտակի միջոցով: Երբ Հովսեփը տարակուսանքի մեջ է Մարիամի հղության պատճառով, Տիրոջ Հրեշտակը երևաց նրան և ասաց,- Հովսեփ, Դավթի որդի, մի վախեցիր, քեզ մոտ առնելու Մարիամին,՝ քո կնոջը, որովհետև նրա մեջ ծնվածը Սուրբ Հոգուց է: Նա մի որդի պիտի ծնի, նրա անունը Հիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին իր մեղքերից: Մարդկության փրկության ծրագրի բարի լուրը Իրենից առաջ եկավ Հրեշտակի միջոցով, Մարիամի հնազանդության շնորհիվ:
Ահավորը, Անմահը, Երկնայինը բնակվեց կույսի արգանդում, և Մարիամը այդ լուրը պահում էր իր սրտում:
Մեծ Արքան կամեցավ առաքել Իր Որդուն՝ աշխարհը չարի գերությունից և կռապաշտության մոլորությունից փրկելու համար:
Աստված տեսավ, որ աշխարհը տկարանում է, իսկ թշնամին զորանում է, Իր Միածնին ուղարկեց կորուստը վերականգնելու:
Կանանց մեջ օրհնեալ է Մարիամը, ով քննեց և հրեշտակից սովորեց կատարյալ ճշմարտությունը: Առանց հարցման չէր լինի պատասխան և առանց քննողի չէր լինի մեկնությունը: Երբ հարցրեց, - ինչպես կլինի ինձ այդ, և լսեց պատասխանը, թեէ Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի Զորություն հովանի կլինի քեզ:
Սիրելիներ ավետարանական այս հատվածի վերաբերյալ Եփրեմ Ասորին մի գեղեցիկ նկարագրություն ունի, որով պատասխանում է հակառակվողներին և անհավատներին:
Տեսե՛ք, քննողնե՛ր,- ասում է Եփրեմ Ասորին,- հարցում կա, որ օգտակար է, հարցում էլ կա, որ չարիքի պատճառ է դառնում: Մարդ կա, որ քննում է, և չի տկարանում, քանզի ճշմարիտ է, և մարդ կա, որ քննում է և նրա գործը տարակուսանքի է մատնում: Հարցումների խոսքերը երկու պատկեր են ներկայացնում.
Մեկը՝ սիրո, մյուսը՝ հակառակության: Մարիամը, ով հարցրեց սիրով, չմեղադրվեց, քանզի իմաստությամբ կամեցավ ճշմարտությունն ուսանել, իսկ Զաքարիան, ով հարցրեց երկմտությամբ, պապանձվելով՝ ընդունեց իր դատապարտությունը: Երկուսը միապես հարցրին նույն վարդապետին, և նա երկուսի նույն պատասխանը չտվեց:
Ընդունեց Հովսեփը Մարիամին և բնակվում էր սրբուհու հետ՝ պահպանելով նրան, հնազանդվում, հավանում, պատվում, երկրպագում, մեծացնում, սպասավորում, երկնչում և հսկում էր նրան մեծ դողությամբ: Սուրբ էր անձով և մաքուր սրտով ու մտքով: Ո՞վ կհամարձակվի քննել Նրան, Ով անծանոթ է բնությամբ և ճշմարիտ մարդեղությամբ: Ո՞վ կհամարձակվի քննել Նրան, Ով լույս է հագել և դրվել խանձարութում:
Մարիամը, ով կրում էր Թագավորին գնում է թագավորների քաղաք, որ այնտեղ ծնի Նրան, Ով Իր հայտնությամբ մարդկանց գրելու էր կյանքի գրքում:
Այս էր այսօրվա խորհուրդը, որը կամեցա ձեզ ներկայացնել մեր բոլորի շատ սիրելի, և մեր հավերժ Սուրբ բարեխոս Մարիամ Աստվածածնի, իր ծնողների և յուղաբեր կանանց պատմությունը: Թող բոլոր սրբերը բարեխոս լինեն մեր ազգի զավակների համար մեր Տիրոջ առջև, մեր քրիստոնեական կյանքի, մեր հավատքի և մեր անձերի փրկության համար: Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, որ օրհնեց մեզ ի Քրիստոս ամենայն հոգեւոր օրհնութեամբ: Մնացեք սիրով, Մարիամ Աստվածանի և յուղաբեր կանանց խոնարհությամբ և հնազանդությամբ:
Աղօթենք միասին
Սաղմոս. 51
Ինչո՞ւ է հզօրը պարծենում չարութեամբ ու անօրէնութեամբ։ Գիշեր-ցերեկ նա անիրաւութիւն նիւթեց իր լեզուով, սուր ածելու նման նենգութիւն գործեց։ Բարութիւնից աւելի չարութիւն սիրեց եւ արդար խօսքից աւելի՝ անօրէնութիւն։ Սիրեց նա ամէն տեսակ կործանարար խօսքեր եւ նենգ լեզուներ։ Դրա համար Աստուած կը կործանի նրան իսպառ, կը խլի ու կը հանի նրան իր օթեւանից, եւ նրա արմատները՝ ողջերի երկրից։ Արդարները կը տեսնեն ու կը վախենան եւ կը ծաղրեն նրան՝ ասելով. «Սա է այն մարդը, որն Աստծու օգնութեանը չապաւինեց, այլ յոյսը դրեց իր մեծ հարստութեան վրայ եւ զօրացաւ իր ունայնութեամբ»։ Իսկ ես Աստծու տան պտղաբեր ձիթենու նման եմ. յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից յոյսս դրի Աստծու ողորմութեան վրայ։ Քեզ յաւիտեան գոհութիւն պիտի մատուցեմ արածիդ համար եւ յոյսս պիտի դնեմ քո անուան վրայ, քանզի բարի ես սրբերիդ հանդէպ։ Ամեն.