ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 17:12
Եւ մինչ նա դէպի Երուսաղէմ էր գնում, անցնում էր Սամարիայի եւ Գալիլիայի միջով։ 13Եւ երբ մի գիւղ էր մտնում, նրան հանդիպեցին տասը բորոտներ, որոնք հեռու կանգնեցին, 14բարձրացրին իրենց ձայնը եւ ասացին. «Յիսո՛ւս վարդապետ, ողորմի՛ր մեզ»։ 15Եւ երբ նրանց տեսաւ, ասաց նրանց. «Գնացէ՛ք դուք ձեզ քահանաներին ցոյց տուէք»։ Երբ գնում էին, նոյն ժամին մաքրուեցին։ 16Նրանցից մէկը, երբ տեսաւ, թէ բժշկուեց, վերադարձաւ եւ բարձր ձայնով փառաւորում էր Աստծուն. 17երեսի վրայ ընկաւ Յիսուսի ոտքերի առաջ եւ շնորհակալութիւն էր յայտնում նրան. եւ ինքը սամարացի էր։ 18Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Սրանք տասն էլ չմաքրուեցի՞ն. իսկ արդ, իննը ո՞ւր են, 19որ չվերադարձան՝ փառք տալու համար Աստծուն, բացի միայն այս օտարազգի մարդուց»։ 20Եւ ասաց նրան. «Վե՛ր կաց գնա, որովհետեւ քո հաւատը քեզ փրկեց»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն սիրելի ունկնդիրներ, ուրախ եմ կրկին եթերով ձեզ միանալու համար: Այսօր կիրակի է, կիրակին Տերունական օր է, կարող ենք այսօր խոսել Տերունական օրվա հանդեպ ունեցած մեր իրավունքների և պարտականությունների մասի ըստ այսօրվա Ավետարանի հարցի:
Ահա շուտով կավարտվի նաև 2020թ, բայց այդ նույն հարցը օդում կախված է մնացել նաև այս տարի:
«Սրանք տասն էլ չմաքրուեցի՞ն իսկ արդ, իննը ո՞ւր են: Այս հարցը ամեն կիրակի հնչում է բոլոր կիսադատարկ եկեղեցիներում:
Գլորվում են տարիները մեկը մյուսի հետևից, սակայն հարցը չի գտնում իր հիմնավոր պատասխանը: Ճիշտ է, մեր օրերի համար հարցը փոքր ինչ ձևափոխվել է, բայց չի կորցրել իր արդիականությունը, ինչպես որ բորոտների ժամանակ: Հիմա հարցը այլ կերպ է հնչում. «Սրանք տասն էլ չմկրտվեցի՞ն, իսկ արդ, իննը ո՞ւր են»: Ամեն տարի հարցին ևս մեկ հարց է ավելանում, թե՝ «Սրանք տասն էլ չպսակվեցի՞ն, իսկ արդ, իննը ո՞ւր են»:
Երբ մկրտվեցիք Սուրբ Երրորդության անունով,- ասում է Տէրը, Իմ անունը կրելու և Ինձ հետևելու պայմանով, հրաժարվեցիք սատանայից, ուրեմն ինչու ես ձեզ չեմ տեսնում Պատարագի Խորհրդի ժամանակ, որպեսզի հաղորդակցվենք միմյանց հետ: Բայց սատանան ձեզ տեսնում է ամենուր, որից հրաժարվել էիք... Դուք պսակվեցիք Իմ սուրբ խորանի առջև,- ասում է Տէրը, խոստացաք, որ ձեր խորհրդին վկա են Սուրբ Խաչն ու Ավետարանը, ապա խոստացաք միմյանց մինչև ի մահ միասին լինել: Ի՞նչ պատահեց, որ մոռացաք ձեր խոստումը: Ես ձեզ չեմ տեսնում ոչ մի տեղ աղոթքի կանգնած:
Իսկ դուք, ննջեցյալների հարազատներ, որ ամեն անգամ բաժակ բարձրացնելիս ասում էիք Աստված մարդու վերջը բարի անի, ինչո՞ւ չէիք լսում, որ ասում էի, թե որն է բարին մարդու համար՝ թե սկզբում, թե վերջում:
«Սրանք տասն էլ չհղիացա՞ն, իսկ արդ, իննը ո՞ւր են»:
Խնդրեցիք, ստացաք, ինչո՞ւ չգոհացաք Տվողից...
Այս, և նմանատիպ հարցերի շուրջ կարելի է մտածել, ջանք թափել, զղջալ. թողություն խնդրել, ողորմություն անել և ապաշխարել քանի տարին չի վերջացել:
Ժամանակակից եկեղեցականի գլխավոր գործը քնած քրիստոնյային արթնացնելն է խորը թմբիրից:
Մկրտված քրիստոնյա ընտանիքը Պատարագի չի մասնակցում: Մկրտվում են, հեռանում են, պսակվում են, հեռանում են, մահանում են, հեռանում են առանց աղոթքի:
Այս հարաբերությունները պետք է սրբագրվի, մարդը դուրս է մնացել ուշադրությունից, հայտնվել է կյանքի ծովում և նրան հանդիպողը ակուլան է լինելու, կամ էլ հոգեորսը, եթե կարգված դետը չասի և չզգուշացնի այդ մասին:
Ոչ ոք չի բացառում, որ մեղքը բնակություն է հաստատել ամեն տեղ: Ոչ ոք չի հերքում, որ անօրենություն կա ամեն ոլորտում:
Ոչ ոք չի ժխտում, որ սխալ օրենքներ են ընդունվում:
Այո, դա այդպես է. բայց դա քեզ չի վնասի, եթե դու զերծ ես այդ մեղքերից: Մեղքը մարդու ներսում է ապրում:
Քեզ ինչ օգուտ լավ օրենքներից, եթե դու մեղքի մեջ ես ապրում քո ազատ կամքով: Դու քեզ ազատազրկում ես ազատությունից:
Կալանավայրից մարդը դուրս է գալիս իր պատիժը կրելուց հետո, բայց բերդը դուրս չի գալիս մարդու միջից:
Մարդը ազատ չէ, թեկուզ դրսում, ամեն տեղ տեսախցիկները նկարում եմ, խանութ, բանկ, եկեղեցի, փողոց: Ուրեմն ինչ տարբերություն թե մենք որտեղ ենք, եթե ներքին ազատություն չունենք:
Մարդը ողջ կյանքը առատորեն նվիրաբերում է մեղքին, կյանքը աննկատ դառնում է անտանելի, միտքը՝ ցրված, սիրտը՝ կասկած ու վախ, հոգին խռովված, Աստծուց երես դարձրած:
Առաջինը ո՞ւմ ենք տեսնում արթնանալիս: Աստծուն, որը արթնացրեց մեզ, հետո լույսը, որ ստեղծել է Տէրը, հետո մեր ոտքերը, որով տեղաշարժվում ենք, մեր խոսելու կարողությունը, որով փառաբանում ենք Աստծուն: Ամեն քրիստոնյա իր կյանքում ունի վերելքի և անկման պահեր, ուրեմն ամեն հավատացյալ իր կյանքում ունի Հայր Հակոբի սանդուխքից՝ երկինքը երկրին կապող:
Ամեն քրիստոնյա իր կյանքում պետք է գինի ունենա, որ ուրախ լինի, բայց այդ գինին Քրիստոս պետք է ջրից դարձրած լինի, որ ուրախություն պատճառի մարդուն:
Բանական քրիստոնյա հավատացյալը իրավունք չունի չվերացնելու իր տխրության պատճառը: Իր վախերն ու կասկածները: Քրիստոնյան իրավունք չունի անվերջ մնալ կենցաղային ծանր բեռի տակ, որը իրեն կտրում է եկեղեցուց, Աստվածաշնչից, Պատարագից ու ժամերգությունից և առհասարակ հոգևոր կյանքից:
Բոլորս լսել ենք եկեղեցու ժամերգության մասին, սակայն ոչ բոլորիս է հետաքրքիր, թե ինչ բան այդ ժամերգությունը:
Առաքելական եկեղեցում հաստատված է ընդհանրական աղոթքի ինը ժամերգություն՝ բոլոր ժամերի համար: Հասկանալի պատճառներով դրանք միացվել և դարձել են երկուսը՝ առավոտյան և երեկոյան:
Մեզ միշտ թվում է որ ժամերգությունը, պատարագը, խորհուրդների ժամանակ կատարվող աղոթքը խորհրդակատար քահանայի պատրականությունն է, ինքն էլ պետք է աղոթի: Երևի մեր այս անգիտությունն է պատճառը, որ ակտիվ չենք մասնակցում եկեղեցական կյանքին: Ժաներգությունը Տերունական աղոթքից հետո սկսվում է այս սաղմոսով.
«Տէ՛ր, եթէ շրթներս բացես, բերանն իմ կ՚երգի օրհնութիւնը քո»։
Այնուհետև շարունակվում է սաղմոսներով և աղոթքներով, որոնց ժամանակ շնորհակալություն ենք հայտնում խաղաղ գիշերվա, և առաջիկա օրը անփորձանք անցկացնելու համար:
Խաղաղության համար ենք խնդրում, մեր մեղքերի քավության և թողության, միաբան լինելու, եկեղեցու անսասանության, մեր ննջեցյալների համար ենք խնդրում: Այսինքն ինչ որ մեզ պետք է մեր կյանքի որակի համար, դա ենք խնդրում, որ Տիրոջ կամքով կատարվի: Այս բոլոր ուղեկցվում է գոհությամ և փառաբանությամբ:
Խնդրում ենք, որ Աստված մեր աղոթքը լսի ճշմարտությամբ և դատաստանի մեջ չմտնի մեր անձերի հետ, քանի որ արդար մեկը չի գտնվի: Այս բոլորի հետ միասին Սուրբ Մարիամ Աստվածածնի և բոլոր սրբերի բարեխոսությունն ենք հայցում Աստծո Միածին որդու առջև՝ մեղավորներիս համար:
Հիմա տեսանք, որ ժամերգության մասնակցելու պարտականությունը հասարակաց է, ոչ անհատի գործ, քանի որ բոլորս ունենք ներման, քավության և թողության կարիք:
Նույնիսկ պատշաճ չէ, առավել ևս ամոթ է, երբ մեզ համար եկեղեցում աղոթում են, մենք ներկա չենք: Սա է պատճառը, որ մենք անհաղորդ ենք աղոթքին, նույնիսկ երբ մեր հարազատների համար որևէ ծես է կատարվում, անկախ նրանից, ուրախ, թե տխուր առիթով:
Սքանչելի է քրիստոնեական կրոնը իր գեղեցկությամբ: Ինչո՞ւ մենք ամբողջությամբ չվայելենք այն մեր ապրած տարիների ժամանակ, որպեսզի հանդերձյալում Տիրոջ Առջև կանգնենք պարզ երեսով, առանց վախերի ու տագնապների:
Ակնթարթային փոփոխություն է տեղի ունենում մարդու կյանքում՝ մեղքից ազատվելուց հետո: Այն, որ ճանաչված պոռնիկը ներվեց մի ակնթարթում: Վաստակավոր ավազակը` նույնպես : Անառակ որդին` ինչպիսի ներման արժանացավ:
Քրիստոնեությունը կյանքի որակը բարելավող կրոն է, որովհետև նրա հիմնադիրը Հիսուս Քրիստոսն է՝ Միակ ճշմարիտ Ճանապարը, Կյանքը, Լույսը, Հարությունն ու Հավիտենական Կյանքը: Սիրելիներ, քրիստոնյաներիս ավելի շատ իրավունք է տրված, քան պարտականություն:
Մեզ ցմահ տրված է Ազատ կամք, և դիմացը պահանջվում է խոնարհություն: Ամեն ինչ թույլատրված է, փոխարենը պահանջվում է չափավորություն՝ չվնասվելու համար:
Երբ ծովի վրա նավը խորտակվում է, դժվար թե ներկաներից մեկը մտածի մի այլ նպատակի մասին, քան` փրկության… Ուրեմն զարմանալի մարդիկ ենք մենք, որ տեսնում ենք մեր նավի խորտակումը և լռում ենք, չենք մտածում մեր Փրկչի մասին, Նրան աղաղակով կանչելու մասին:
Որքան որ մեր Տերը` Հիսուս Քրիստոս փորձում է մարդկությանը լեռան գագաթը բարձրացնել, այնքան մարդկությունը ձգտում է դեպի ձորը:
Սիրելիներ, այսօր այս մասին էր, որ ուզեցի ձեզ հետ խոսել, քանի որ ամեն ինչ իր կարգ ու կանոնն ունի, քրիստոնյան՝ նույնպես: Մնացեք սիրով, Քրիստոնյա պատվավոր անունը նպատակային վայելելու համար, ինչպես այս կյանքում, նույնպես և հանդերձյալում:
Աղօթենք միասին
Սաղմոս.42
Դատի՛ր ինձ, Աստուա՛ծ, եւ դատաստանիս ժամին արդարացրո՛ւ ինձ։ Անսուրբ ազգից, մեղսագործ ու նենգ մարդուց փրկի՛ր ինձ։
Դու ինձ ուժ տուողն ես, Աստուա՛ծ, ինչո՞ւ ինձ մոռացար, ինչո՞ւ տխուր լինեմ,երբ թշնամիս ինձ հալածի։
Առաքի՛ր, Տէ՛ր, քո լոյսն ու ճշմարտութիւնը, որ ինձ առաջնորդեն եւ հասցնեն քո սուրբ լեռն ու օթեւանը։
Ես կը մօտենամ Աստծու սեղանին, Աստծուն, որ երջանկացնում է իմ երիտասարդութիւնը։
Գոհութիւն կը մատուցեմ քեզ օրհներգերով, Աստուա՛ծ, Աստուա՛ծ իմ։
Արդ, ինչո՞ւ ես տրտմում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում, յոյսդ դի՛ր Աստծու վրայ, օրհներգի՛ր նրան, նա իմ փրկիչ Աստուածն է։