ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթևոսի 16:24
Այն ժամանակ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Եթէ մէկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից. 24որովհետեւ ով կամենայ իր անձը փրկել, այն կը կորցնի. եւ ով ինձ համար իր անձը կորցնի, կը գտնի այն։ 25Ի՛նչ օգուտ կ՚ունենայ մարդ, եթէ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի։ Կամ՝ մարդ իր անձի փոխարէն ի՞նչ փրկանք պիտի տայ. 26քանի որ մարդու Որդին գալու է իր Հօր փառքով՝ իր հրեշտակների հետ միասին. եւ այն ժամանակ իւրաքանչիւրին կը հատուցի ըստ իր գործերի։ 27Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի, մինչեւ որ չտեսնեն մարդու Որդուն՝ եկած իր արքայութեամբ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրեր, որ սպասում եք ձեր հոգևոր հացին: Բոլորս միասին գոհանանք մեր Տէր Աստծուց, որ հակառակ մեր ապրած կյանքի, հակառակ մեր թերահավատության, մենք այսօր նորից արթնացանք և ունեցանք ևս մեկ օր՝ Իրեն ծառայելու համար: Իսկ Աստծուն բերած ամեն ծառայություն իր պայմանն ունի: Մենք չենք կարող մեր կատարած ամեն ծառայություն համարել Աստծու փառքի համար, եթե կատարելու նպատակը դա չէ: Երբ մենք որևէ բարեգործություն կատարում ենք հանրությանը հաճոյանալու համար, դա Աստծուն բերած ծառայություն չէ: Երբ մենք ցուցադրաբար կարիքավորին ու աղքատին օգնում ենք և նկարահանում ենք՝ հենց օգնությունը տալու պահը՝ նսեմացնելով վերցնողի արժանապատվությունը, դա ծառայություն չէ Աստծուն, որովհետև նպատակը այլ է: Մեր Տերը ասում է, եթե իմ փառքի համար ես անում, փող մի հնչեցրու, այլ՝ աջ ձեռքդ թող չիմանա, թե ձախը ինչ արեց: Կամ ասում է, - կամենում ես ինձ հետևել,- ուրացիր անձդ: Ո՞վ կարող է ուրանալ իր անձը, կամ ի՞նչ է նշանակում ուրանալ անձը: Իսկ հաջորդ մտքի մեջ ասում է,- ով կամենա իր անձը փրկել, նա կկորցնի: Բոլորս ենք ուզում մեր անձը փրկել: Մի՞թե կա մի մարդ, որ չի կամենա իր անձը փրկել: Ուրեմն ինչպե՞ս վարվել:
Որպեսզի հասկանալի դառնա, թե ի՞նչ է նշանակում անձը ուրանալ, կամ անձը կորցնել, հետևենք աշխարհի իրադարձություններին: Կամ մեր երկրում տեղի ունեցող անցուդարձին: Այսինքն, ոչ աշխարհին հետևենք, ոչ էլ երկրին, ամենքս հետևենք մեր ընտանիքում տեղի ունեցող իրավիճակին: Քանի որ մեր ընտանիքների խաղաղությամբ և ներդաշնակությամբ է պայմանավորված հասարակության դեմքը՝ երկրի ներքին անդորրը: Բոլորը պայքարում են բոլորի դեմ, յուրաքանչյուրը իր պայքարը համարելով առաջնային, կամ ճիշտ: Եթե նույնիսկ ավելի անձնական դարձնենք երևույթը, հետևենք մեր ապրած վերջին մեկ շաբաթվա կյանքը: Ի՞նչ իրադարձություններ են պատահել, քանի՞ մարդուց ենք նեղացել, քանի՞ մարդու ենք նեղացրել, քանիսից ենք երես շրջել իր սխալի ու մեղքի համար, քանիսի համար ենք դաստիարակ եղել վնասելով նրա հոգին՝ հանուն մեր ճշմարտության: Օրինակները շատ շատ են, ինչպես որ մարդկանց տեսակներն ու մոտեցումները:
Ո՞րն է այս պայքարի ու անհամաձայնության նպատակը, եթե ոչ անձը բարձր դասել, անձը փրկել, անձը ապահովել վտանգից: Պայքարի միջոցով հաղթող ճանաչվել, հայտնվել վերևում հաղթանակած, բայց մենակ: Հաղթանակած, բայց խաղաղությունը կորցրած, մտերիմին կորցրած և ամենակարևորը՝ ուրախությունը կորցրած: Սա է մարդկային հաղթանակը՝ անպայման վնասելով դիմացինի հոգին, ինքնասիրությունը, ներաշխարհը և տրամադրությունը:
Առհասարակ մարդկությունը չորս կերպով է անկում ունեցել և ընկել իր մարդ բարձրունքից: Առաջինը կորցրել է ներդաշնակությունը Աստծո հետ, հետո արարչագործության հետ, հետո իր նմանի հետ և վերջում՝ մարդը կորցրել է ներդաշնակությունը իր սեփական անձի հետ: Ընտանիքներում բոլոր վեճերի գլխավոր պատճառը անհանդուրժողականությունն է, միմյանց կարծիքը չհարգելն է, սեփական տեսակետը պնդելն է: Բոլոր վեճերը, կռիվները և դրանց արդյունքում տարած հաղթանակները փաստում են որ մարդը ուզում է դիրք գրավել, հեղինակություն վաստակել և աշխարհը շահել: Առանց հաշվի առնելու, որ բոլորը հավասարապես պատկանում են Աստծուն և կրում են Աստծու պատկերն ու նմանությունը: Իսկ մեր Տէրն ասում է,- երանի խաղաղարարներին, քանի որ նրան Աստծու որդի պիտի կոչվեն: Կամ ինչ օգուտ է քեզ, եթե աշխարհը շահեց, բայց անձդ կործանես:
Սիրելիներ, մեր հարստությունը մեր ուրախությունն է, մեր խաղաղությունն է: Ցանկացած բանավեճի, կամ երկխոսության մեջ եթե արդյունքում մենք չենք կորցրել մեր խաղաղությունն ու ուրախությունը, ուրեմն մեր նպատակը հաղթելը չէ, այլ մեր նմանին շահելը: Մեր նպատակը հաղթանակը չէ, այլ հարգել այլոց կարծիքը ևս: Եթե մենք որևէ զրույցի ժամանակ չենք վնասել մեկի հոգին, արդար երևալու պատճառով, այլ պահել ենք խաղաղությունն ու ներդաշնակությունը՝ չընդունելով առկա սխալը, ուրեմն այդ խոսակցությունը արդարացված է: Անկարելի վիրավորանքով վնասել մեկի հոգին, եթե նույնիսկ այդ մարդը մեղավոր է, որովհետև մեղավոր մարդու համար կրկնակի ցավ կլինի նաև մեր վիրավորանքը: Առակաց գիրքն ասում է.- Ով յոյսը դնում է իր սրտի յանդգնութեան վրայ, նա անզգամ է, բայց իմաստութեամբ վարուողը կը փրկուի։
Եթե ամփոփելու լինենք մեր միտքը, կհասկանանք, որ այն քրիստոնյան, որը կամենում է հետևել Քրիստոսին իր անձը երբեք չի գերադասում, իր փառքը չի փնտրում, հաղթանակ չի ակնկալում, որովհետև նրա սրտում Քրիստոսի սերն է, և այդ սիրուց բխած սերն է մերձավորի նկատմամբ, եթե նունիսկ նա մեղավոր է: Քրիստոս խաչվել է նրա նրա համար: Մեր արդարությունը չի փրկի մեղավորին, բայց մեր հանդուրժողականությունը կարող է մեղավորին ուղղորդել դեպի Քրիստոս և դեպի փրկություն: Իսկ երբ Տէր Հիսուս ասում է, ինչ օգուտ քեզ, եթե աշխարհը շահես և անձդ կորցնես, նկատի ունի այն, որ կռվով հաղթանակ շահելով գուցե հայտնվենք վերևւոմ, բայց մենակ կլինենք և Աստված մեզ հետ չի լինի: Աստված արդարացրեց մաքսավորին և մեղադրեց փարիսեցուն:
Ավետարանի վերջում Քրիստոս Իր աշակերտներին ասում է ձեր մեջ կան ոմանք, որոնք մահ չեն ճաշակի մինև չտեսնեն Մարդու Որդուն՝ եկած Իր Արքայությամբ: Սիրելիներ մեր մեջ էլ կարող են լինել ոմանք, որ իրենց մեջ ունենալով Քրիստոսին՝ տեսնեն այդ Արքայությունը այստեղ՝ երկրի վրա: Արևը միշտ երկնքում է, երբեք չի բացակայում, ուղղակի մենք երբեմն չենք տեսնում ամպի, մառախուղի և մեր անուշադրության պատճառով: Աստծուն հետևելը պայման ունի, և այդ պայմանը հնարավոր է կատարել նրա համար, ով մաքուր սիրտ ունի, փառք չի փնտրում, ամոթ չի համարում Աստծու խոսքը բարձրաձայնել, և իր անձը վեր չի դասում ամենքից՝ ի սեր Աստծու և ի փրկություն մերձավորի:
Լսենք Աստծուն խաղաղ մտքով, մաքուր սրտով, խոնարհ ականջով և հոժար կամքով: Երկնքից երկու անգամ լսվեց Հայր Աստծու ձայնը, թե՝ Դրան լսեցեք, Դա է իմ սիրելի որդին, որն ունի Իմ ամբողջ բարեհաճությունը: Մարիամ Աստվածածինը Կանայի հարսանիքում աշակերտներին ասաց,- ինչ որ կասի, Նրան լեսք: Սա պատվիրան է, որ անկարելի է անտեսել: Մենք ուրիշ մեկը չունենք, որին լսենք և փրկվենք՝ բացի Բարձրյալն Աստծո Միածին Որդուց՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսից, որին վայել է փառքը, իշխանությունը, պատիվը՝ Հոր և Սուրբ Հոգու հետ միասին հավիտյաններում: Մնացեք սիրով և Տիրոջ պատվիրանների նկատմամբ համակ ուշադրությամբ: Վաղը՝ կիարկի օրը հանդիպելու ակնկալիքով:
Աղօթենք միասին
Սաղմոս. 39
Համբերութեամբ սպասեցի Տիրոջը, եւ նա նայեց ինձ ու լսեց իմ աղօթքը։ Նա ինձ հանեց տառապանքի փոսից, ցեխից ու տիղմից. ոտքերս ժայռի վրայ հաստատեց եւ ուղղեց իմ քայլերը։ Բերանս դրեց մի նոր օրհներգ՝ օրհներգը մեր Տէր Աստծու։ Շատերը պիտի տեսնեն ու վախենան եւ իրենց յոյսը դնեն Տիրոջ վրայ։ Երանի այն մարդուն, որի յոյսը Տիրոջ անունն է, եւ որը ունայնութեանն ու սուտ մոլորութեանն ուշ չի դարձրել։ Բազում են քո սքանչելիքները, Տէ՛ր իմ Աստուած, քո խորհուրդներում ոչ ոք նման չէ քեզ։ Պատմեցի ու խօսեցի դրանց մասին, բայց դրանք անթիւ են։ Մեծ հաւաքներում ես քո արդարութիւնն աւետեցի, եւ արդ շրթունքներս չեմ կտրում քեզնից։ Տէ՛ր, դու գիտես, որ քո արդարութիւնը, քո ճշմարտութիւնն ու փրկութիւնը ծածուկ չեմ պահել իմ սրտում, պատմել եմ եւ մեծ հաւաքներից չեմ թաքցրել քո ողորմութիւնն ու ճշմարտութիւնը։ Իսկ դու, Տէ՛ր, գթութիւնդ հեռու մի՛ պահիր ինձնից, քո ողորմութիւնն ու ճշմարտութիւնը միշտ պահապան լինի ինձ։ Կամեցի՛ր փրկել ինձ, Տէ՛ր, նայի՛ր, որ օգնես ինձ, Տէ՛ր։ Թող քեզանով ցնծան ու ուրախանան բոլոր նրանք, որ փնտռում են քեզ, Տէ՛ր։ Քո տուած փրկութիւնը սիրողներն ամէն ժամ թող ասեն՝ «Մեծ է Աստուած»։ Ես աղքատ եմ եւ տնանկ, Աստուա՛ծ, հո՛գ տար իմ մասին. իմ օգնականն ու պաշտպանը դու ես. Աստուած իմ, մի՛ ուշացիր։ Ամեն.