ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթևոսի 26:36
Այն ժամանակ Յիսուս նրանց հետ եկաւ մի տեղ, որի անունը Գեթսեմանի էր, եւ նրանց ասաց. «Նստեցէ՛ք այդտեղ, մինչեւ որ գնամ աղօթեմ»։ Եւ իր հետ վերցնելով Պետրոսին եւ Զեբեդէոսի երկու որդիներին՝ սկսեց տրտմել եւ տագնապել։ Այն ժամանակ նրանց ասաց. «Հոգիս տխուր է մահու չափ. այստե՛ղ մնացէք եւ ինձ հետ հսկեցէ՛ք»։ Եւ մի փոքր առաջ գնալով՝ ընկաւ իր երեսի վրայ, աղօթեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպէս ես եմ կամենում, այլ՝ ինչպէս դու»։ Նա եկաւ աշակերտների մօտ եւ նրանց քնի մէջ գտաւ ու Պետրոսին ասաց. «Այդպէ՜ս, չկարողացա՞ք մէկ ժամ արթուն մնալ ինձ հետ։ Արթո՛ւն մնացէք եւ աղօ՛թք արէք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք. հոգիս յօժար է, բայց մարմինս՝ տկար»։ Դարձեալ, երկրորդ անգամ, Յիսուս գնաց աղօթքի կանգնեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի չէ, որ այս բաժակը ինձնից հեռու անցնի, ապա այն կը խմեմ. քո կա՛մքը թող լինի»։ Եւ գալով՝ դարձեալ նրանց քնի մէջ գտաւ, որովհետեւ նրանց աչքերը ծանրացել էին։ Թողեց նրանց ու երրորդ անգամ գնաց աղօթքի կանգնեց. եւ դարձեալ նոյն խօսքն ասաց։ Այն ժամանակ եկաւ աշակերտների մօտ ու նրանց ասաց. «Ննջեցէ՛ք այսուհետեւ ու հանգստացէ՛ք, քանի որ ահա ժամը հասել է, եւ մարդու Որդին մեղաւորների ձեռքն է մատնւում։ Վե՛ր կացէք գնանք այստեղից. որովհետեւ ահա հասաւ նա, ով ինձ մատնելու է»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի քույրեր և եղբայրներ, Քրիստոսի սիրո սեղանից մշտապես օգտվող և օրհնվողներ:
Բոլորս միասին գոհություն և փառք տանք Աստծուն՝ այս օրերի համար, որ խաղաղ պայմաններում խոսում և լսում ենք միմյանց: Չկա դեռևս այն տագնապը և տրտմությունը, որ ունեցավ Հիսուս Քրիստոս Գեթսեմանի պարտեզում՝ մատնության օրը:
Քրիստոս իր աշակերտների համար զատկական սեղան պատրաստել տվեց, հավաքեց տասներկուսին, որպեսզի տեղեկացնի նրանց այն սարսափելի լուրի մասին, որը պետք է պատահեր ժամեր հետո; Ջերմ մթնոլորտ ստեղծեց նրանց համար, հացի սեղանին հավաքեց և օրհներգեցին միասին, որպեսզի աշակերտները կարողանան տանել այդ ծանր լուրը և չգայթակղվեն: Եվ հենց հաց ուտելու պահին էլ ասաց,- ձեզնից մեկը ինձ մատնելու է: Աշակերտները սթափվեցին և ամեն մեկը հարց էր տալիս.- Մի՞թե ես եմ, Տէր:
Մեր Տէր Հիսուս այստեղ աշակերտներին տվեց վերջին հնարավորությունը, փորձությունից զերծ մնալու համար, ասելով,- Մարդու Որդին կգնա այս աշխարհից, որովհետև գրված է, բայց վայ նրան, ում ձեռքով կլինի դա: Շատ զարմանալի է, որ Հուդան նույնպես տվեց նույն հարցը,- մի՞թե ես եմ, Վարդապետ, և Հիսուս ասաց նրան,- դու ասացիր: Մինչդեռ մյուս աշակերտների նույն հարցին՝ Տէրը այս պատասխանը չտվեց:
Ծանր ժամեր են ապրում ինչպես Հիսուս, այնպես էլ աշակերտները, և կարծում եմ նույնպես և մենք, որ լսում ենք այս պատմությունը՝ կատարված երկու հազար տարի առաջ և ինչու չէ նաև մեր օրերում: Այստեղ էր, որ պետք է հարվածեին հովվին և հոտը ցրվեր:
Մենք երբեմն իրավիճակը մեղմացնելու համար ասում ենք, դե գրված էր, որ այդպես պետք է լինի, մեկը պետք է մատնի, մյուսը պետք է խաչի, երրորդը պետք է ուրանա: Բայց մոռանում ենք, որ ամենասկզբից նախ ասվեց,- չուտեք այս պտղից:
Հիմա մենք գիտենք այս պատմությունը ամբողջությամբ, բայց մեր օրերում էլ մատնողը էլի մատնում է՝ դրամի դիմաց, ուրացողը էլի ուրանում է իր փառքի համար, ժողովուրդը էլի քնած աշակերտների պես: Եթե մենք չլինեիք գայթակղությունը բերողները, գուցե Աստծու ծրագիրը այլ կերպ ընթանար, և մենք մեղքի մեջ չէինք մնա:
Ինչևէ, գնացին Գեթսեմանի պարտեզ, Հիսուս սկսեց տրտմել և տագնապել, ու բարձրաձայն ասաց,- Հոգիս տխուր է մահու չափ, հսկեցեք և աղոթեցեք ինձ հետ: Դիմելով Հորը, այսպես աղոթեց,- «Հա՛յր իմ, եթէ կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպէս ես եմ կամենում, այլ՝ ինչպէս դու»։ Մենք կարդում ենք այս տողերը, և ժամանակ անց մոռանում ենք դրա մասին: Բայց որպեսզի հիշենք, և այն լավ տպավորվի մեր մեջ, պետք է պատկերացնենք մի զավակի, որը խնդրում է իր հորը՝ ասելով պարզ մարդկային խնդրանք,- ես չեմ ուզում մեռնել: Ինձ համար մեռնելը սարսափելի է, ցավոտ է, և վիրավորական է, ամոթ է: (Սովորության համաձայն խաչվողին մերկացնում էին): Պապա, եթե կարելի է թույլ մի տուր, որ դա պատահի: Ես գիտեմ, որ դու ծրագիր ունես, բայց դա թող չպատահի ինձ հետ: Ինչպես որ մենք ենք խնդրում Աստծուն մեր կյանքի տարիների համար, որպեսզի տեսնենք կյանքի շարունակությունը, զավակներ, թոռներ և այլն: Խնդրում ենք, որ բուժի մեր այս կամ այն հիվանդությունը, որովհետև ապրել ենք ուզում, և չենք ուզում մեռնել: Խնդրում ենք, որ հազարից գոնե մեկ շանս տա մեզ ապրելու համար:
Նույնպես և Հիսուս էր աղոթքով խնդրում Հորը՝ երեսնիվայր ընկած: Մարկոսը իր Ավետարանում ներկայացնում է ավելի սրտաճմլիկ տեսարան: Հիսուս ասում է,- «Աբբա՛, Հա՛յր, ամէն ինչ քեզ կարելի է. այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թէ ինչպէս ե՛ս եմ կամենում, այլ՝ ինչպէս դո՛ւ ես կամենում»։ Եթե Մատթևոսի Ավետարանում ասում է,- եթե կարելի է, այս բաժակը հեռացրու, ապա Մարկոսի Ավետարանում ասում է,- Հայր, ամեն ինչ քեզ համար կարելի է: Չմեռնելու ցանկությունը չէր լքում Նրան: Նա ուզում էր ապրել, բարություն անել, հրաշքներ գործեր, մարդկանց բժշկել: Մենք պետք է Հիսուսի Աստված լինելը չմոռանալով, հիշենք որ Նա մարդացավ առանց մեղքի: Ամեն տառապանք զգաց առանց մեղանչելու: Այս ամենը եղավ մեզ համար: Անձամբ ինձ համար, քեզ համար, որ այս պահին լսում ես Ավետարանի այս հատվածը, որը եղավ մարդկության հաղթական փրկությունը: Իսկ մարդիկ քնած էին, քնած են նաև այսօր:
Մեր Տէրը այսօր էլ է հարցնում, միթե չկարողացաք մեկ ժամ արթուն մնալ ինձ հետ: Համարենք, որ այդ մեկ ժամը մեր կյանքի տևողությունն է, որ քնած ու անտարբեր է անցնում: Հակառակ Աստծուն մարդը կարող է իջնել մինչև մեղքի ամենացածր աստիճանը՝ իր հաճույքի համար: Մարդ արարածը միշտ էլ ճանապարհ ունի մեղքից խուսափելու համար: Հեռու մնալ գայթակղությունից, կամ տրվել ու պարտվել:
Այս սթափեցնող իրականության մասին մենք ամեն կիրակի լսում ենք Պատարագի ժամանակ: Ամեն կիրակի ստանում ենք մեր Տիրոջ Մարմնի և Արյան Սուրբ Հաղորդությունը, որը հաստատվեց հենց այդ օրը: Ի՞նչ զգացողություն ենք ունենում Հաղորդությանը մոտենալիս: Հիշո՞ւմ ենք աշակերտների հարցը՝ մի՞թե ես եմ, Վարդապետ: Սրանք հարցեր են, որոնք չպետք է լքեն մեր միտքը, որպեսզի մենք կարողանանք հիմնավորել մեղք չգործելը: Իմանանք, թե ինչ՞ի համար ենք հրաժարվում մեղքից, ինչքան էլ որ այն մեզ քաղցր թվա, կամ հաճելի լինի: Անկարելի է լինել հավատացյալ՝ սովորույթի ուժով, և որպես պարտականություն աղոթել, կամ պատարագի մասնակցել, կամ հաղորդվել:
Խաչը մեզ համար անձնագիր է երկնքի արքայություն գնալու համար, Վերին Երուսաղեմ հասնելու համար:
Ոչ թե որևէ մեկը պետք է մեզ ասի, որ Աստված կա, այլ ինքներս պետք է տեսնենք: Իսկ մենք չենք տեսնում, որովհետև մեր միտքը ծանրաբեռնված է դատարկ նյութերով, մեր սիրտը լիքն է ստով, կեղծիքով ու խամբկանքներով, մեր լեզուն խոսում է ոչ թե Աստծու մասին, այլ աշխարհի լուրերի և քաղաքական կռիվների մասին: Իսկ մեր Տէրը գալով՝ մեզ դարձյալ քնի մեջ է գտնելու:
Մեր սրտերը մեկական դժոխք են մեզ համար, որը տեսնում է Աստված, դրա համար է ասում հաղորդվեք, որ կյանք ունենաք ձեր մեջ:
Եթե լսենք Ատսծու ամեն խոսք, մի օր կտեսնենք, որ այլևս նախկին նենգը չենք, այն ստախոսը չենք, նկատում ենք մեր կողքի կարիքավորին ու հիվանդին, աղոթում ենք մեկի համար, որ նախկինում չէինք անում: Մարդու համար ամեն բան հնարավոր է: Չկա այնպիսի լավ բան, որ մարդը չկարողանա անել իր սիրելիի համար, իր հարազատի համար և Աստծու համար: Նույնպես և չկա այնպիսի ստոր քայլ, որը մարդը չկարողանա անել իր հոգեվիճակից ելնելով և հանգամանքների բերումով: Ահա այսպիսին ենք մենք, և Աստված սիրում է մեզ: Բայց ամեն ինչ սահման ունի:
Այս հուսադրող խոսքերով ավարտում եմ միտքս՝ վաղը հանդիպելու ակնկալիքով: Մնացեք սիրով՝ սրտով, արթուն՝ մտքով, աղոթող՝ շրթներով:
Աղօթենք միասին
Սաղմոս. 38
Ասացի՝ «Զգուշանամ իմ ճանապարհին, որ լեզուովս չմեղանչեմ»։ Բերանիս պահպանակ դրի, երբ մեղաւորը հակառակուեց ինձ։
Խուլ եղայ եւ խոնարհ դարձայ, բարիքս լռութեան մատնեցի, եւ ցաւերս նորոգուեցին իմ մէջ։ Սիրտս կրակ կտրեց իմ ներսում, եւ մտքիս մէջ հուր բորբոքուեց։ Խօսեցի լեզուովս եւ ասացի. «Տէր, ցո՛յց տուր ինձ, թէ ե՞րբ է իմ վախճանը, եւ որքան է կեանքիս օրերի թիւը, որպէսզի իմանամ, թէ ինչքան կորուստ եմ ունեցել»։ Ահա սահման դրիր իմ օրերին, եւ կարողութիւնս ոչինչ է իմ աչքում, բոլորովին ոչնչութիւն է ամէն մարդ, որ մարմին ունի։ Արդարեւ, մարդ շրջում է ինչպէս մի ուրուական. բայց իզուր է նա տագնապում, գանձ կուտակում՝ չիմանալով, թէ ում համար։ Իսկ արդ, ո՞վ է իմ համբերութիւնը, եթէ ոչ դու, Տէ՛ր, կամ իմ ուժն ու կարողութիւնը քեզնից չէ՞ միթէ։