ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթևոսի 20:1 -16
«Երկնքի արքայութիւնը նման է մի տանուտէրի, որ առաւօտեան ելաւ իր այգու համար մշակներ վարձելու։ 2Եւ մշակների օրավարձը մէկ դահեկան սակարկելով՝ նրանց ուղարկեց իր այգին։ 3Եւ առաւօտեան ժամը իննի մօտ դուրս ելնելով՝ տեսաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին հրապարակում։ 4Նրանց էլ ասաց. «Դո՛ւք էլ գնացէք իմ այգին, եւ ինչ որ արժան է, կը տամ ձեզ»։ 5Նրանք եւս գնացին։ Եւ դարձեալ դուրս ելնելով կէսօրին ու կէսօրից յետոյ ժամը երեքի մօտ՝ նոյն ձեւով արեց։ 6Եւ ժամը հինգի մօտ դուրս ելնելով՝ գտաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին. նրանց ասաց. «Ինչո՞ւ էք այստեղ ամբողջ օրը պարապ կանգնել»։ 7Նրան ասացին. «Որովհետեւ մեզ ոչ ոք չվարձեց»։ Նրանց ասաց. «Դո՛ւք էլ գնացէք այգին, եւ ինչ որ արժան է, կը ստանաք»։ 8Եւ երբ երեկոյ եղաւ, այգու տէրը իր գործավարին ասաց. «Կանչի՛ր մշակներին եւ տո՛ւր նրանց վարձը՝ սկսած վերջիններից մինչեւ առաջինները»։ 9Երբ եկան ժամը հինգի մօտ վարձուածները, իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացաւ։ 10Առաջիններն էլ գալով՝ կարծում էին, թէ աւելի կը ստանան, բայց նրանք էլ իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացան։ 11Երբ առան, տրտնջում էին տանտիրոջից ու ասում. 12«Դրանք՝ այդ վերջինները, մէկ ժամ գործ արեցին, իսկ դու դրանց հաւասար արեցիր մեզ, որ տարանք օրուայ ծանրութիւնը եւ տօթը»։ 13Նա պատասխանեց նրանցից մէկին եւ ասաց. «Ընկե՛ր, քեզ չեմ զրկում. չէ՞ որ ինձ հետ մէկ դահեկանի սակարկեցիր. 14ստացի՛ր քոնը եւ գնա՛. այս վերջիններին կամենում եմ տալ որքան եւ քեզ. 15միթէ իրաւունք չունե՞մ իմ ունեցածի հետ վարուելու, ինչպէս կամենում եմ։ Կամ թէ՝ նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ»։ 16Այսպէս, վերջինները առաջին պիտի լինեն, եւ առաջինները՝ վերջին. որովհետեւ բազում են կանչուածները, բայց սակաւ են ընտրեալները»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս բոլոր նրանց, որոնք այս պահին միացած են մեր եթերաժամին և հետևում են Աստծո խոսքի սերտողությանը:
Մենք էլ նմանվենք այն մշակներին, որոնք վաղ առավոտից աշխատում են Տիրոջ այգում: Բայց մենք չլինենք սակարկող, այլ խոնարհությամբ վերցնենք այն, ինչը հասնում է մեզ: Մենք առակների մասին խոսել ենք նախորդ հաղորդումների ժամանակ, և գիտենք, որ առակները ընդլայնում են մեր մտահորիզոնը, հնարավորություն են տալիս տարբեր տեսանկյունից նայել հարցին: Նաև ասեմ ձեզ, որ առակների բացատրությունը միամշանակ չէ; Յուրաքանչյուր ոք կարող է մի շեշտ դնել առակի մի տողի վրա և ըստ այդ մտքի մեկնաբանել: Կոնկրետ այս առակի մեջ կան՝ տանուտեր, ժամեր ու ժամանակներ, մշակներ, դահեկան, ուրիշ մշակներ, որոնց դեռ չեն վարձել և այլն:
Նաև կարելի է առակը տեղափոխել մեր ժամանակներ ու վերլուծել ըստ մեր ժամանակի և իրադարձությւոնների համընթաց: Մեկը կարող է առակի մեկնության համար որպես բացատրություն վերցնել վարձու մշակներին, մյուսը կարող է վերցնել տանուտերին, մեկ ուրիշը՝ ժամանակներին անդրադառնալ:
Բայց քանի որ երկնքի արքայությունը նմանեցնում է մի տանուտերի, ուրեմն մեր Տերը ավելի վերին արժեքների մասին կարող էր մեզ տեղեկություն տալ, քան մարդկանց տեսակների:
Աստված կանչում է մարդկանց բոլոր տեսակներին Իր այգում աշխատելու համար: Բոլորին էլ վարձատրում է Իր շռայլության համեմատ: Միայն թե մարդը մի բան անի, մի քայլ անի, մի ջանք թափի: Այստեղ հավանաբար այնքան վարձու մշակների մասին չէ խոսքը, որքան որ մեր Աստծու շռայլության մասին է: Նրա Էության մասին է, որ Իրենն էլ է տալիս քեզ, քոնն էլ է տալիս քեզ: Բայց մարդը մնում է չբավարարված, դժգոհ և նախանձ՝ մյուսի ստացածի վրա: Այս առակի մեջ առավել կարելի է շեշտը դնել խոնարհության առաքինության վրա: Մենք պետք է խոնարհություն գտնենք այնտեղ, որտեղ մեզ վարձատրում են, ոչ թե նախանձ ցուցաբերենք այնտեղ՝ երբ ուրիշին են վարձատրում: Աստծո անսահման առատաձեռնությանը այս առակի գլխավոր իմաստն է և այն կոչվում է երկնքի արքայություն:
Այս առակում կարելի է գտնել նաև ողջ մարդկության էությունը, բայց առավելապես Աստծո առատաձեռնությունն ու շռայլությունը Իր այգում ծառայող մշակների հանդեպ:
Մեր մարդկային տրամաբանությամբ և պատկերացմամբ այս առակի մեջ տանուտերի արածը անարդար երևույթ է:
Բայց քանի որ մենք մարդ ենք և այդ ագահությունն ու նախանձը մեր էության մեջ է, մենք կարծում ենք որ անարդար է:
Մեկը կարող է տարիներով հոգ տանել իր փրկության և հավիատենական կյանքը ժառանգելու համար:
Մեկ ուրիշը կարող է իր փրկությունն ու հավիտենական կյանքը ձեռք բերել մեկ ժամում, վերջին պահին, որի վառ օրինակը Ավետարանից գիտենք աջակողմյան ավազակի մասին: Միթե ավազակը երբևէ կարող էր պատկերացնել, որ իր հետ խաչի վրա գամված արյունաքամ եղած մեկը կարող է թագավորություն ունենալ, որ խնդրում էր Նրան՝ հիշել Իր թագավորության մեջ; Շռայլ ու կամեցող Աստված էր, որ ավազակին վերջին պահից ցույց տվեց արքայությունը՝ որպեսզի նրա կյանքը կորստյան չմատնվի: Եթե ավազակին տրված չլիներ տեսնելու այդ ամենը, ապա դժվար թե մեկը այդ սոսկալի ցավերի մեջ, խոստովաներ մեկ ուրիշ խաչյալի՝ որպես Աստված: Հասկանալի է, որ ավազակը Աստծուց ու Իր օրենքից հեռու մեկն էր եղել: Տէր Հիսուս տալիս է հավասար պարգևներ ինչպես մեկ ժամ ծառայածին, այնպես էլ մինչև երեկո ծառայածին: Միայն թե մարդը իր օգտակարությունը բերի ծառայության մեջ, իր պատրաստակամությունը հայտնի: Աստված ուզում է, որ մարդը անպայման մասնակից լինի իր փրկությանը՝ առանց նախանձի, բավարարվելով իր ունեցածով, աչք չդնելով այլոց ստացածի վրա և այլն;
Իսկ մարդիկ այլ կերպ են մտածում: Այսօրվա գործատուները, սեփականատերերը բոլորովին նման չեն այս տանուտերին և նրա տրամաբանությանը: Երբեմն մեծահարուստ գործատերեր կան որ ասում են,- իմը իմն է, քոնն էլ իմը: Բայց մեր Տերը ասում է,- քոնն էլ է քոնը, իմն էլ է քոնը: Ինչպես որ Անառակ որդու առակի մեջ ավագ եղբորն ասում է հայրը,- ինչ որ իմն է, քոնն է որդիս:
Ուրեմն որքան կարևոր է ամեն ոլորտում Աստծուն ճանաչել ինչպես որ կա իրականում, ոչ թե այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում;
Աստված գիտե մարդու ագահության չափը, նախանձի առկայությունը, մեղքի նկատմամբ՝ թուլությունը: Դրա համար գրվեց բազում պատվիրաններ: Այլապես ինչի՞ համար էր մեզ պետք պատվիրանը, եթե մենք ագահ ու գոռոզ չլինեինք, նախանձ ու որկրամոլ չլինեինք, ծույլ ու բղջախոհ չլինեինք:
Աստված մեր կյանքի բոլոր ժամանակներում կանչում է մեզ փրկության տանելու համար, բայց ոչ թե բռնի, այլ մեր ցանկությամբ և մեր ազատ կամքի համաձայն:
Հիսուս Քրիստոս երբ եկավ այս երկիր, նույպես ցանկանում էր, որ մարդիկ կարողանան հասկանալ Իրեն:
Ինքը Հավիտենական Խոսքն էր՝ ուղարկված Հայր Աստծո կողմից նրա համար, որպեսզի մարդիկ կարողանան ճանաչել Իր կամքը: Այսպիսին էր Աստծո նպատակը, բայց մարդիկ ավելի շատ մտածում են երկրային բարիքների մասին և չեն ձգտում ճանաչել երկնայինը և հավիտենականը: Իրականում ամեն ինչ տրվեց մարդուն՝ բարիք ստեղծելու համար, սակայն մարդը անմտորեն իրեն վերագրեց այդ բոլորը և ընդվզեց Աստծու դեմ: Միայն բանականությունը, որ տրվեց մարդուն՝ որպես իրեն իշխան, որպեսզի բանականությամբ քայլի իր ճանապարհը, դա արդեն մեծ գանձ է: Մարդ արարածի անշնորհակալ կարգավիճակը ամեն օր նրան մղում է դեպի հետ, դեպի փակուղի: Չնայած որ մարդը ստեղծված էր սավառնելու համար, ոչ թե կապանքների: Այս առումով մի գեղեցիկ առակ կա:
Կենդանաբանական այգում՝ վանդակի մեջ զրուցում են արծիվն ու իր ձագը:
- Ինչի՞ համար են մեր այսքան մեծ թևերը, հարցնում է արծվի ձագը:
- Որպեսզի կարողանանք բարձր ճախրել երկնքում:
- Իսկ ինչի՞ համար է մեր կտուցը այսքան կեռ.
- Որպեսզի մեր կերը հեշտությամբ ծամենք.
- Իսկ մեր մագիլները ինչի՞ համար են.
- Որպեսզի որսը հեշտությամբ բռնենք և քաղցած չմնանք:
- Այդ դեպքում,- մայրիկ,- ինչո՞ւ ենք մենք վանդակում:
Հիմա հարց տանք մեզ՝ քրիոտոնյաներիս: Այսքան բան տրվեց մեզ՝ ազատ կամք, բանականություն, լեզու, ոտքեր, ձեռքեր և այլն, ապա ինչո՞ւ ենք մենք վանդակում դժգոհում կարծես ոչինչ չունենք: Խորհենք այսօր այս մասին, սիրելիներ, որովհետև մենք գիտենք դեպքեր, երբ ունեցածը չգնահատելու դեպքում վերցվում է այն մարդուց:
Մնացեք սիրով, խաղաղությամբ, և առավել խորանհությամբ ըստ վարձու մշակների առակի՝ գոհանանք մեր ստացածով և երբեք չնախանձենք ուրիշի ունեցվածքով:
Աղօթենք միասին
Սաղմոս 36
Մի՛ նախանձիր չարամիտներին եւ ոչ էլ նրանց, ովքեր անօրէնութիւն են գործում, քանզի նրանք խոտի պէս իսկոյն կը չորանան, դալար խոտի պէս արագ կ՚անցնեն։ Յոյսդ դի՛ր Տիրոջ վրայ ու բարութի՛ւն գործիր, բնակուի՛ր երկրում եւ արածի՛ր նրա ընդարձակութեան մէջ։ Պաղատի՛ր Տիրոջը, եւ նա քեզ կը տայ սրտիդ ուզածները։ Յայտնի՛ դարձրու քո ճանապարհները Տիրոջըեւ դի՛ր յոյսդ նրա վրայ։ Նա այնպէս կ՚անի, որ արդարութիւնդ երեւայ ինչպէս լոյս, եւ իրաւունքդ՝ ինչպէս ցերեկ։ Հնազա՛նդ եղիր Տիրոջն ու ծառայի՛ր նրան. մի՛ նախանձիր նրանց, որոնց ճանապարհը նշաւակելի է, ոչ էլ այն մարդուն, որ անօրէնութիւն է գործում։ Դադարի՛ր բարկանալուց, հանդարտուի՛ր սրտմտութիւնիցեւ մի՛ նախանձիր չարամիտներին։ Չարագործները շուտով կը վերանան, իսկ Տիրոջն սպասողները կը ժառանգեն երկիրը։ Ամեն.