ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթևոսի 11: 22-30
22Բայց ասում եմ ձեզ, Տիւրոսի եւ Սիդոնի երկրի համար աւելի տանելի կը լինի դատաստանի օրը, քան ձեզ համար։ 23Եւ դո՛ւ, Կափառնայո՛ւմ, միթէ մինչեւ երկի՞նք պիտի բարձրանաս. ո՛չ, պիտի իջնես մինչեւ դժոխք. որովհետեւ եթէ Սոդոմում եղած լինէին այս զօրաւոր գործերը, որ եղան քո մէջ, արդարեւ մինչեւ այսօր նրանք կանգուն կը լինէին։ 24Բայց ասում եմ ձեզ, որ սոդոմացիների երկրի համար դատաստանի օրը աւելի տանելի կը լինի, քան քեզ համար»։ 25Այն ժամանակ Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Գոհութիւն եմ յայտնում քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից եւ գիտուններից ու յայտնեցիր մանուկներին։ 26Այո՛, Հա՛յր, քանի որ այսպէս հաճելի եղաւ քեզ։ 27Ամենայն ինչ տրուեց ինձ իմ Հօրից. եւ ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթէ ոչ՝ Հայրը. եւ ոչ ոք չի ճանաչում Հօրը, եթէ ոչ՝ Որդին, եւ նա, ում Որդին ուզենայ յայտնել։ 28Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ, եւ ես ձեզ կը հանգստացնեմ։ 29Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք եւ սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք, 30որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը՝ թեթեւ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի քույրեր և եղբայրներ, մեր հաղորդաշարի մշտական ունկնդիրներ:
Վստահ եմ, ամենքդ էլ համոզված եք նրանում, որ վաղ առավոտից օրը Աստծու խոսքի տրամաբանությամբ սկսելը մեկնարկ է օրվա բարեհաջող ընթացքի: Մենք չգիտենք վաղվա օրվա մասին ոչինչ: Գուցե ժամանակները այնպես փոխվեն, որ մենք հնարավորություն չունենանք մեր ձեռքը վերցնել Աստվածաշունչը՝ կարդալ համար հնարովի խոչնդոտների պատճառով: Բայց ոչ ոք չի կարող մեր մտքից ու սրտից հանել այն, ինչ մենք արդեն գիտենք Հիսուս Քրիստոսի մասին: Ո՞վ կարող է մեր սրտից հանել այն հուսադրող բարի, քաջալերող ավետիսը, թե՝ Քրիստոս Հարություն է առել մեռելներից և գերեզմանը թափուր է: Դա նշանակում է սատանայի պարտություն և բարեպաշտության հաստատում նրա համար, որը փրկության համար ապավինում է Քրիստոսի կատարած գործին: Ուրեմն երբ Աստված Կենդանի Աստված է, դա մեր հույսի և գլխավոր ուրախության պատճառն է:
Մենք բոլորս շվարած, իրար դեմ կանգնած նայում ենք ու չգիտենք, ի՞նչ ասենք: Մեր լեզուները կարկամած են, մեր աչքերը քարացած, սրտները դատարկված: Մեզնից ամեն մեկը կարոտ է մխիթարանքի, կարեկից խոսքի, մեզնից յուրաքանչյուրը խորը հավատ ներշնչող, հուսադրող խոսքի ծարավ ունի:
Չ՞է որ տառապանքը շա՜տ է մեծ ու ահավոր, որ առանց հուսո հավատի այն տանել չի լինի: Ու երբ շվարած չորս կողմ ենք նայում, միայն մխիթարանքի տենչացող դեմքեր ենք տեսնում, միայն սփոփանքի կարոտ հայացքների ենք հանդիպում:
Լքման, շվարման այդ ծանր ժամին միայն տառապանքներից մեծագույնը կրող` Փրկչի դեմքն է կանգնում մեր առաջ, Իր լուսավոր հայացքով, սփոփիչ խոսքով, կարեկցող սրտով Քրիստոս կանչում է` «Եկեք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ»:
Երբ մեկը ջանում է լուծել մի խնդիր, որի էությունը ինքը չի հասկանում, դա նման է խավարի մեջ թափառելուն, երբ հույսդ դնում ես պատահականությունների վրա և անհնար է այդ հարցը լուծել, որովհետև այդ խնդրի պատվիրատուները այլ մարդիկ են, իրագործողները՝ այլ, իսկ մեզ ներկայացնում են այլ ֆորմատով: Մենք մեր ապրած ժամանակներում հայտնվել ենք բազում այսպիսի խնդիրների առջև, որոնց լուծման ձևը մեզ հայտնի չէ: Քրիստոնյաներիս միակ անելիքն այն է, որ մենք խոսենք մեր Աստծու հետ, ինչպես Հովնանի մարգարեությունում է գրված. «Ելիր, և քո Աստծուն աղաղակիր, թերևս Աստված մեզ հիշի»:
Հովնանի հետ եղող մարդիկ, որ նավի մեջ էին, և իրենց տգիտության պատճառով յուրաքանչյուրն իր աստծուն էր կանչում, հույս ունենալով, որ դրանցից մեկն ու մեկը կարող է օգնել իրենց: Բայց Աստծուն այդպես գտնելն անհնար է: Անհրաժեշտ է ճշգրիտ կողմնորոշում: այդ կողմնորոշումը կարելի է գտնել միայն Աստծու խոսքում՝ Աստվածաշնչում: Նրանք, որոնքճանաչեցին Հիսուս Քրիստոսին, այլևս կարիք չունեն խավարի մեջ թափառելու, որովհետև ճանաչում են Ճշմարիտ Ճանապարհը:
Մեր ժամանակը բնութագրվում է կյանքի արագ տեմպով: Ամեն օր մենք բախվում ենք բազմաթիվ նորությունների հետ: Մասսայական լրատվամիջոցները մեր աշխարհը դարձնում են վատ լուրերի տեղատարափ: Ինֆորմացիայի հոսքն աճում է տառացիորեն ամեն օր: Նախորդ սերունդները չեն լսել այսքան ինֆորմացիա, որքան ստիպված ենք տեսնել ու լսել մենք: Նորությունները փոխանցվում են միմյանց և մենք չենք կարող յուրացնել ստացվող ամբողջ տեղեկատվությունը: Որոշ բաներ մոռանում ենք, որոշ բաներ հետաձգում ենք, քանի որ ընդունակ չենք մեր մեջ տեղավորել ողջ լրատվությունը, որ թափվում է մեր գլխին: Այս պայմաններում ո՞վ կարող է ժամանակ գտնել Աստվածաշունչ կարդալու համար: Կա՞ արդյոք նրա մեջ այն, ինչը կարող է մեր ուշադրությունը գրավել: Կարո՞ղ է արդյոք այն արդիական լինել մեր ժամանակի մարտահրավերների դիմաց:
Այս հարցերը առաջանում են այն մարդկանց մոտ, ովքեր իրենց համար կարևոր են համարում ընթացիկ լուրերը:
Այո, Աստվածաշունչը արդիական է նաև մեր օրերում, քանի որ բացատրում է Աստծո խոսքը: Աստծու խոսքը ժամանակի խոսքից անկախ է, որովհետև Աստված է խոսում մեզ հետ: Յուրաքանչյուրը, ով Աստվածաշունչը կարդում է անկեղծորեն, այնտեղ նա գտնում է իր համար կենսական կարևորություն ունեցող տեղեկություններ, որոնք չեն հնանում երբեք:
Աստված չի կարող խոսել մեզ հետ, երբ մենք անհանգիստ ենք և անհնազանդ: Այս է պատճառը, որ Հիսուս Քրիստոս՝ Աստծու որդին ամենուրեք հանդիպում էր մարդկանց հակազդեցությանը: Մարդիկ հակառակվում էին Նրան՝ Իր օրերում, հակառակվում են նաև հիմա, մեր օրերում: Մեծ մասն էլ ուղղակի անտարբեր են Նրա խոսքի նկատմամբ: Այս վատ երևույթը հաճախ հանդիպում է քրիստոնյաների շրջանում: Ինչ որ մեկը կարող է Աստվածաշունչը մի կողմ դնել, որպեսզի չմերկացվի իր գործերը, բայց խնդիրները մնում և կուտակվում ենք առանց լուծելու: Բայց Աստված հաղորդագրություն ունի ամենքի համար գրված, թե
«Իմ խոսքը լսողն ու ինձ ուղարկողին հավատացողն ունի հավիտենական կյանք և դատաստանի ենթական չէ»:
Ավետարանի սկզբում Տէր Հիսուս մեղադրում է Կափառնայում քաղաքի մարդկանց այն բանի համար, որ իրենց մեջ այդքան զորավոր գործեր արեց և նրանք մնացին իրենց մեղքի մեջ, նույնիսկ այդ գործերը տեսնելուց հետա: Հանդիմանում է նրանց, որ դատաստանի օրը նույնիսկ սոդամացիների երկրի համար ավելի տանելի է լինելու քան իրենք:
Սիրելիներ այս խոսքերը կվերաբերեն նաև մեզ, եթե մենք էլ այսօր ժամանակի հրապուրանքներից զմայլված, անտեսենք այնքան զորավոր գործերը, որ արել մեր Տէրը մեր երկրի համար: Զգույշ լինենք, որ Տէր -Տէր կանչելիս, չարժանանաք նույն պատասխանին, թե՝ չեմ ճանաչում ձեզ… Ահա այսքանն էր, որ ուզեցի տեղեկացնել ձեզ, սիրելի հավատացյալներ, մեր արագ անցնող ժամանակի և գերհագեցած տեղեկատվության վնասների մասին:
Մնացեք սիրով, թող Ավետարանը լինի ձեր սեղանի բաց գիրքը, քանի դեռ ժամանակ և հնարավորություն ունենք:
Աղօթենք միասին
Սաղմոս. 35
Անօրէնն ասում է իր մտքում մեղանչելիս, թէ իր աչքերի առջեւ Աստծու վախ չկայ։ Նա խորամանկութիւն է գործում նրա իսկ հանդէպ, որ չտեսնի իր անօրէնութիւնն ու չատի այն։ Նրա բերանի խօսքերն անարդար ու նենգամիտ են, նա չկամեցաւ հասկանալ բարին։ Անօրէնութիւն խորհեց իր անկողնում, կանգնեց այն բոլոր ուղիների վրայ, որոնք բարի չեն, եւ չարից չձանձրացաւ։
Տէ՛ր, երկնքում է քո ողորմութիւնը, իսկ ճշմարտութիւնդ՝ մինչեւ ամպերը։ Արդարութիւնդ, Աստուա՛ծ, լեռների պէս է, իրաւունքդ՝ խոր անդունդի պէս. մարդ ու անասուն դու ես ապրեցնում, Տէ՛ր։ Որքա՜ն առատ է քո ողորմութիւնն, Աստուա՛ծ, մարդկանց որդիները թեւերիդ հովանուն պիտի ապաւինեն։ Նրանք պիտի յագենան քո տան լիութիւնից, եւ նրանց պիտի խմեցնես քո գրգանքի գետերից։ Տէ՛ր, քեզնից է կեանքի աղբիւրը, եւ երեսիդ լոյսով ենք լոյսը տեսնում։ Ողորմութիւնդ շնորհի՛ր քեզ ճանաչողներին, եւ արդարութիւնդ՝ սրտով ուղիղներին։ Թող ամբարտաւանների ոտքը մեզ չհասնի, եւ մեղաւորների ձեռքը չդողացնի մեզ։ Այնտեղ բոլոր անօրէնութիւն գործողները պիտի ընկնեն,մերժուեն ու չկարողանան այլեւս ոտքի կանգնել։