ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 15.1-8
1 «Ես եմ ճշմարիտ որթատունկը, եւ իմ Հայրը մշակն է: 2 Ամէն ճիւղ, որ ինձ վրայ է եւ պտուղ չի տալիս, նա կտրում է այն. եւ այն ամէնը, որ պտուղ է տալիս, էտում է, որպէսզի առաւել եւս պտղաբեր լինի: 3 Դուք արդէն իսկ մաքուր էք այն խօսքի համար, որ ձեզ ասացի: 4 Մնացէ՛ք իմ մէջ, եւ ես՝ ձեր մէջ. ինչպէս ճիւղը, որ ինքնիրեն չի կարող պտուղ տալ, եթէ որթատունկի վրայ հաստատուած չլինի, նոյնպէս եւ՝ դուք, եթէ ինձ վրայ հաստատուած չլինէք: 5 Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճիւղերը: Ով բնակւում է իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետեւ առանց ինձ ոչինչ անել չէք կարող: 6 Եթէ մէկը ինձ վրայ հաստատուած չէ, նա ճիւղի նման դուրս կնետուի ու կչորանայ, եւ այն կհաւաքեն ու կրակը կնետեն, եւ կայրուի: 7 Եթէ իմ մէջ մնաք, եւ իմ խօսքերն էլ մնան ձեր մէջ, ինչ որ ուզէք, խնդրեցէ՛ք Աստծուց, եւ ձեզ կտրուի: 8 Իմ Հայրը փառաւորուած կլինի նրանով, որ դուք շատ պտուղ տաք եւ իմ աշակերտները լինէք:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի ունկնդիրներ: Հանապազորյա Հացի սեղանի շուրջ հավաքված քրիստոսասեր բարեկամներ: Փառք Աստծուն նաև այս առավոտի համար, այս հանդիպման համար և օրեցօր ավելացող մեր հավատացյալների համար: Օրը սկսենք Տիրոջ խոսքով:
Մենք Աստծուն պետք է մոտենանք ոչ այնպես, ինչպես, օրինակ՝ բժշկին՝(կարիքի դեպում), կամ քննիչին՝(հարկադրված),այլ ինչպես գնում ենք հացի խանութ՝ ամեն օր, կամ ինչպես շնչում ենք թթվածին՝ ամեն վայրկյան: Եթե մենք Աստվածաշունչը վերածենք մի բարդ նախադասության, ապա այն կլինի մոտավորապես այս բովանդակությամբ մի հարց՝ «Ով մարդ, Աստված քեզ ստեղծեց ոչնչից, և դրեց իր կատարյալ արարչագործության մեջ, որպեսզի ինքդ ձգտելով դառնաս տաճար, և այնտեղ բնակվի Աստծո Սուրբ Հոգին, ինչո՞ւ ես դու ձգտում միշտ մնալ կավի կարգավիճակում»: Եթնադրենք այս հարցը տվել է մեզ մեր Տերը: Մենք ինչպես կպատասխանենք:
Ավետարաններում մենք հանդիպել ենք Հիսուս Քրիստոսին վերաբերող շատ տարբեր անունների, որոնք Ինքն է Իրեն անվանում: Օրինակ՝ Ճանապարհ, Ճշմարտություն, Կյանք, Լույս, Ջուր, Հաց, Բարի Հովիվ, և այլն:
Այսօրվա Ավետարանի մեջ մեր Տերը իրեն անվանում է Ճշմարիտ որթատունկ, իսկ Հայր Աստծուն՝ Մշակ:
Ես վստահ եմ, որ ձեզնից շատերը անձամբ տեսել են, թե ինչպես են խաղողի այգին էտում: Նախ հեռացնում են չոր ճյուղերը, հետո սկսում են մշակել պտղատու ճյուղերը՝ ըստ պտղատվության սահմանված կարգի: Նաև, եթե հիշում եք, ամեն ճյուղի կտրած հատվածից արցունք է գալիս առաջին պահին: Էտելուց հետո խաղողի այգին ամբողջությամբ նոր տեսք է ստանում և պատրաստվում է ծաղկելուն և բերքին:
Այսօր մեր Տէրը ասում է, որ ինքն է ճշմարիտ Որթատունկը և իր վրա հաստատված ամեն ճյուղ, որ բերք չի տալիս, կտրում գցում է Հայրը, իսկ պտուղ տվողներին էտում է, որ առավել պտղատու լինեն: Այս տողերը չափազանց ճշգրտությամբ է բնութագրում մեր քրիստոնեական կյանքի սկիզբը, ընթացքը և ավարտը: Մենք առաքելական մկրտությամբ հաստատվեցինք քրիստոնեության մեջ, և կրում ենք Քրիստոսի անունը, ասել է թե հաստատվեցինք Ճշմարիը Որթատունկի վրա: Բայց որթատունկի վրա հաստատվելը դեռևս մեզ երաշխիք չէ այնտեղ երկար մնալու, մենք պետք է պտուղ տանք: Որպեսզի պտուղ տանք, պետք է սվենք որթատունկից ամեն օր: Չսնվելու դեպքում կչորանանք և կկտվենք որպես չոր ճյուղ, որը օգտագործում են որպես վառելիք:
Իսկ եթե սնվենք ամեն օր, պտուղ կտանք, ասել է թե առաքինություններ ձեռք կբերենք, բարի գործեր կունենանք, բայց էտումը մեր կյանքում անխուսափելի է առատ պտղուղ տալու համար: Հիշո՞ւմ եք սերմնացանի առակում նույնիսկ մեկին հարյուր պտուղ էր ակնկալում մեր Տէրը: Էտելը հոգևոր իմաստով կարելի է համեմատել փորձությունների հետ, որոնք հավատացյալին կոփում, ամրացնում և հաստատում ենք հավատքի մեջ՝ ապահովելով նրա կյանքում հոգևոր աճ: Տարբեր են քրիստոնյաները, տարբեր են փորձությունները, և տարբեր են դրանց դիմակայելու ձևերն ու պատվով դուրս գալու եղանակները: Երբ մենք հաստատ ենք մեր հավատքի մեջ, Տէր Հիսուս թույլ է տալիս, որ փորձվենք, միայն այն բանի համար, որպեսզի մենք ճանաչենք մեր տկար տեղը և շտկենք այն: Մարդը նույնպես փորձում է մեզ, բայց մարդու փորձությունը մեզ հաղթելու համար է, մեր բացը ցույց տալու համար է, մեզնից լավը երևալու համար է: Մեզ փորձում է նաև սատանան ամենուրեք: Սատանան ամեն ինչ կարող է անել մեզ համար, բացի սիրելուց: Կարող է օգնել ամեն հարցում, նույնիսկ բժշկության, բայց առանց սիրելու, քանի որ նրա նպատակն միայն մարդուն շեղել Աստծուն փնտրելու ցանկությունից:
Այս բոլորը մեր կյաքի ճանապարհին պատահող երևույթներ են, անխուսափելի են, սակայն հաղթանակած դուրս կգա այն հավատացյալը, որը միշտ հաստատված է մնում Ճշմարիտ Որթատունկի վրա: Ինչպես որ Տէր Հիսուսն է ասում,- մնացեք իմ մեջ, և ես ձեր մեջ: Որովհետև առանց ինձ ոչինչ անել չեք կարող, եթե ինձնից հեռանաք: Միակ գաղտնիքը քրիստոնյաներիս համար ամփոփած է վերջին մտքի մեջ, որտեղ Հիսուս Քրիստոս ասում է.,- Եթէ իմ մէջ մնաք, եւ իմ խօսքերն էլ մնան ձեր մէջ, ինչ որ ուզէք, խնդրեցէ՛ք Աստծուց, եւ ձեզ կտրուի: Իմ Հայրը փառաւորուած կլինի նրանով, որ դուք շատ պտուղ տաք եւ իմ աշակերտները լինէք:
Երբ մենք հաստատված ենք Որթատունկի վրա, և Նրա խոսքերն էլ մեր կյանքի ուղեցույցերն են, մեր աղոթքն էլ պտղաբեր կլինի, մեր կյանքն էլ ուրախ կլինի, մեր սիրտն էլ խաղաղ կլինի: Մենք կապրենք ներդաշնակ՝ թե մեր սեփական անձի հետ, թե Աստծու հետ: Իսկ երբ Աստված միայն մեր լեզվի վրա է և մեր սիրտը դատարկ հոգևոր գանձերից, անիմաստ է անկնալել երջանիկ կյանք, որովհետև երբ Աստված մեր սրտում է, մեր լեզուն խոսում է բարոյական նորմերից, փորձում ենք ապրել մեր խոսքերի համեմատ: Աստված միակն է, որ գիտի մարդու տկար բնությունը, դրա համար էլ ասում է,- առանց ինձ ոչին անել չեք կարող: Մարդը հանելուկ է, և ամեն անգամ այդ հանելուկը լուծելիս ուրախություն է, և կարելի է անվերջ սովորել, կարելի է սովորել մրջյունից, մեղվից, ինչպես որ իմաստունն է ասում: Մնացեք սիրով, մնացեք Որթատունկի վրա հաստատված, և թող Հայր Աստծու կատարած էտումը ձեզ առավել պտղաբեր դարձնի Տիրոջ որթատունկի այգում:
Աղօթենք միասին
Սաղմոս 33
Ամէն ժամ Տիրոջն օրհներգեմ, նրա օրհնութիւնն ամէն ժամ բերանումս լինի։ Անձս Տիրոջով թող պարծենայ, հեզերը թող լսեն եւ ուրախանան։ Մեծարեցէ՛ք Տիրոջն ինձ հետ մէկտեղ, բարձրացնենք նրա անունը միասին։ Խնդրեցի Տիրոջն, ու նա լսեց ինձ եւ իմ բոլոր նեղութիւններից փրկեց ինձ։ Մօտեցէ՛ք Տիրոջն ու լո՛յս առէք, եւ թող ձեր երեսը չամաչի։ Աղքատն այս Տիրոջը դիմեց, եւ Տէրը նրան լսեց ու իր բոլոր նեղութիւններից փրկեց նրան։ Տիրոջ հրեշտակների բանակն իր երկիւղածների շուրջն է եւ պահպանում է նրանց։ Ճաշակեցէ՛ք եւ տեսէ՛ք, թէ որքան քաղցր է Տէրը. երանելի է այն մարդը, որ յոյսը դրել է նրա վրայ։ Վախեցէ՛ք Տիրոջից, բոլոր սրբե՛րդ նրա, քանզի նրանից վախեցողները ոչ մի պակասութիւն չեն ունենայ։ Մեծամեծներն աղքատացան ու սովի մատնուեցին, բայց ովքեր Տիրոջն են փնտռում, նրանցից ոչ մի բարիք չի պակասելու։ Եկէ՛ք, իմ որդինե՛ր, եւ լսեցէ՛ք ինձ.ես կը սովորեցնեմ ձեզ Տիրոջ երկիւղը։ Ո՞վ է մարդն այն, որ սիրում է կեանքը, եւ ուզում է իր օրերը բարութեան մէջ տեսնել։ Լեզուդ պահի՛ր չարութիւնից, եւ շրթներդ թող նենգութիւն չխօսեն։ Խուսափի՛ր չարից ու բարի՛ք գործիր, խաղաղութիւն փնտռիր եւ դրա՛ն հետեւիր։ Տիրոջ աչքերն ուղղուած են արդարներին, իսկ ականջները՝ նրանց աղօթքին։ Տիրոջ հայեացքը չարագործների վրայ է՝ նրանց յիշատակն աշխարհից ջնջելու համար։ Արդարները Տիրոջը աղօթեցին, եւ Տէրը լսեց նրանց ու փրկեց նրանց իրենց բոլոր նեղութիւններից։ Տէրը նրանց կողքին է, ովքեր սրտամաշ են եղել, եւ նա փրկում է հոգով խոնարհներին։ Արդարների նեղութիւնները շատ են, Տէրն ազատում է նրանց այդ բոլորից։ Պահպանում է նրանց բոլոր ոսկորները, եւ դրանցից ոչ մէկը չի փշրուելու։ Մեղաւորի մահը չարաչար է, իսկ արդարին ատողը կը զղջայ։ Տէրը փրկում է իր ծառաներին, եւ բոլոր նրանք, որ յոյս են դնում Նրա վրայ, չպիտի զղջան։