Ողջույն ձեզ մեր հանապազօրյա հացը ճաշակող սիրելի ունկնդիրներ:
Նախքան թեմային անցնելը, պիտի խնդրեմ չզլանաք, հանապազօրյա այս հացը կիսել նաև ձեր ընկերների, ծանոթների և բարեկամների հետ, քանի որ Աստծո ամեն մի խոսք կարող է հրաշքներ գործել, մարդկանց կարծրացած սրտերը կակղեցնել, և որ ամենակարևորն է՝ առաջնորդել մարդկանց դեպի փրկություն: Իսկ եթե մեկ հոգի ձեր միջոցով փրկվի, վստահ եղեք, որ դա պատճառ կհանդիսանա ձեր բազում մեղքերը ներվելուն և ձեր անունը կյանքի գրքում գրվելուն:
Այսօր Աստվածածնի վերափոխման տոնի երկրորդ օրն է, որը նաև մեռելոց հիշատակության օր է:
Հիշեցման կարգով տեղեկացնեմ ձեզ, որ յուրաքանչյուր տաղավար տոնին հաջորդող երկուշաբթին մեռելոց հիշատակության օր է: Մեր ննջեցյալների հոգու համար աղոթելու և ողորմություն անելու օր է: Եկեղեցիներում մատուցվում է Պատարագ և կատարվում է հոգեհանգստյան կարգ համայն ննջեցյալների հարմար:
Այսօրվա Ավետարանը պատմում է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան դեպքերի մասին, նպատակ ունենալով ներկայացնել Սուրբ կույսի ծննդաբերության մանրամասները, այն դժվարության ու աղքատության վիճակը, որին դիմացավ նա մինչև Փրկչի ծնունդը:
Չգիտեմ ինչու այս վերնագիրը ընտրեցի այսօրվա հաղորդման համար, սակայն ասեմ, որ շատ դիպուկ նախադասություն է, որը խորհրդանշում է ոչ միայն Սուրբ Կույսի ծննդաբերության օրերը, այլ նաև հոգևոր իմաստով խորհրդանշում է նաև աշխարհի վախճանը:
Մեր Տէրը՝ Հիսուս Քրիստոս աշխարհի վախճանի մասին խոսելով, ցավերն ու տառապանքները նմանեցում է կնոջ ծննդաբերության ցավերին: Այնքան ժամանակ, քանի դեռ կնոջ ծննդաբերության օրերը լրացած չեն, կինը ոչ մի ցավ չի զգում, սակայն երբ լրանում է ժամանակը, ցավերը սկսում են հետզհետե սաստկանալ, մինչև հասնի գագաթնակետին, որից հետո տեղի է ունենում մանկան ծնունդը: Միևնույնն է լինելու նաև աշխարհի վախճանը և մեղավոր մարդկանց դատապարտությունը, որին բոլորս սպասում ենք որպես քրիստոնյաներ: Այս հույսով է, որ ապրում ենք հավատքով ու բարի գործերով:
Գաղտնիք չէ, սիրելիներ, որ պետք է հայտնեմ ձեզ այն մասին, որ աշխարհի վախճանը բոլոր ժամանակներից ավելի մոտ է մեզ այսօր: Որևէ հոգևոր մարդ, որը դեպքերը մեկնաբանում է հոգևոր աչքերով, չի կարող չնկատել այս իրողությունը: Աշխարհի մեջ տեղեի ունեցող այսօրվա ցավերն ու տառապանքները, աղետներն ու հիվանդությունները, վիրուսներն ու մահտարաժամերը, ավելի են քան մարդկության պատմության մեջ եղածները: Միշտ էլ պատմության մեջ տարբեր ժամանակահատվածներում առանձին վայրերեւմ դեպքեր եղել են, սակայն այս բոլորը միասին միևնույն ժամանակահատվածում պատահելը կարող է փաստել, որ ծննդաբերության ժամանակը մոտենում է:
Աշխարհի մեջ տիրող այս անօրենություններն ու անբարոյականությունները հասել են այն աստիճան, որ նույնիսկ երկրագուդը կամենում է փսխել մարդուն իր մակերեսից, էլ ո՜ւր մնաց Աստված, որ ամեն ինչը սուրբ ստեղծեց և դարեր շարունակ փորձեց սուրբ պահել Իր ուղարկած մարգարեներով և առաքյալներով, իսկ ժամանակի լրումին արդեն Իր Միածին Որդու միջոցով: Սակայն՝ Ձայն բարբառո անապատի:
Մարդիկ հակառակ այս բոլոր ցավերին ու նեղություններին ավելի ու ավելի են չարանում, ինչ պատճառով մեղքը ահագնացել ու հասել է չափազանց ծայրահեղության:
Նպատակս է, այսօր ձեր ուշադրությունը հրավիրել այդ ծննդաբերության օրերի վրա առավել քան երբեք: Նաև կամենում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ձեր ամենօրյա աղոթքների, խոկումների և ինքնաքննության ժամանակ մտաբերեք աշխարհի մեջ կատարվող ամենօրյա դեպքերը, կապեք դրանք ծննդաբերության օրերի հետ, որպեսզի հանկարծ անակնկալի չգաք, այլ հակառակը պատրաստ լինեք ծննդաբերության ցավերին դիմանալով հանդերձ, ուրախությամբ դիմավորել մեր Փրկչի Երկրորդ Գալուստը:
Հաճախ հիշեք ավետարանական հատվածներ մեր Տիրոջ երկրորդ գալուստի վերաբերյալ, հիշեք տաս կույսերի առակը, և ինչպես որ սուրբ Եփրեմ Ասորին է ասում,- ավարտվել է ճրագի ձեթը, և մոտեցել է նավը ընկղմվելու ժամանակը: Ավետարանը մեզ սովորեցնում է, որ մենք տանջանքները չենք կարող շրջանցել, պետք է դրանց միջով անցնենք, քանի որ ամենուր փորձություն է, և տանջանք: Տանջանք ասելով չենք հասկանում միայն հիվանդանոց, ցավ կամ աղքատություն: Տեսեք, թե ինչքան ցավ ու տրտմություն ու տառապանք կա նաև սեր բառի մեջ: Քրիստոս սիրում է մարդկանց, իսկ մարդիկ չեն սիրում նրան:
Նույնիսկ մի իմաստուն ասել է,- Քրիստոսի դժոխքը Նրա սերն է: Ինքը սիրում է բոլորին, իսկ իրեն՝ ոչ:
Աշխարհը շարժման մեջ է, սիրելիներ,- և գնում է այն ուղղությամբ, որ ուղղությամբ որ իրեն տանում են մութ ուժերը:
Քրիստոնեական կյանքը կարելի է հանգիստ ու խաղաղ ապրել միայն այն դեպքում, երբ հույսդ ամբողջությամբ Աստծու վրա է, ոչ թե որևէ մեկի, կամ պաշտոնի ու հարստության: Ուրիշ ճանապարհ և ելք չկա:
Նույնիսկ այս դեպքում Աստված արտոնում է, որ հավատացյալը որոշ ժամանակ նեղություն կրի Իր ծրագրի իրագործման համար: Մենք պետք է հավատանք Աստծո ծրագրին այնպես, ինչպես Հայր Հակոբի որդի Հովսեփը հավատաց, որ իր կյանքում պատահածը Աստծո ծրագիրն էր, ոչ թե իր եղբայրների նենգ դավադրությունը իր հանդեպ:
Իսկ ժամանակակից կյանքը մեզ առաջարկում է բաժանվել մասերի: Ոչինչ չհասցնել, ամեն ինչ անելով: Ոչնչի չհասնել, ամեն ինչի ձեռք գցելով, ձեռք բերելով միայն անհամբերություն: Իսկ Տէր Հիսուս ասում է,- ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի:
Աշխարհի պաշտոնյաների մաքուր ու նուրբ ձեռքերը արհավիրքներ են գործել, ստորագրելով ամեն տեսակ նենգ գործարքների փաստաթղթեր ու պայմանագրեր, աշխարհը հասցնելով անդունդի եզրին:
Մինչդեռ փոշոտ, ու կոշտացած ձեռքերը, որ մազոլներով է պատված, քրտինք է թափել, հող է մշակել, ծառ է տնկել, հանրօգուտ աշխատանք է արել, ստեղծել է՝ հավատարիմ մնալով իր կոչմանը և առաքելությանը:
Ամեն ոք կքաղի իր սերմանած պտուղը, երբ որ գա աշխարհի Արդար Դատավորը, մարդկության միակ Փրկիչը:
Աշխարհը այնքան է փչացել, որ անհնար է փոխել: Պետք է ամեն ոք ջանա իր սեփական փրկության մասին:
Գուցե աշխարհի վախճանի մասին լուրերը շտապողական են, բայց չափազանց անհրաժեշտ են ու ճշմարիտ: Եթե մեր աչքի առջև չունենանք ավետարանական առաջին պատգամը ապաշխարության վերաբերյալ, ամենքս էլ կորստյան կմատնվենք վերջին օրը:
Թող սուրբ Հոգին շնորհի մեզ միշտ ճիշտը խոսել ամենավճռական պահերին, և Տիրոջ սերն ու խաղաղությունը բոլորիս հետ լինի: Ամեն: